Ալկատրաս (անգլ.՝ Alcatraz ˈælkəˌtræz[1]), իսպաներենից թարգմանաբար նշանակում է հավալուսն։ Հայտնի է նաև Ռոք (անգլ.՝ The Rock-ժայռ)[2] անունով։ Կղզին, որ գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում, վարչականորեն պատկանում է Կալիֆոռնիա նահանգին։

Բնակավայր
Ալկատրաս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես0,085 կմ²
ԲԾՄ41 մետր
Բնակչություն0 մարդ (2000)
Ժամային գոտիUTC-8
Պաշտոնական կայքnps.gov/alca/index.htm(անգլ.)
Ալկատրաս (ԱՄՆ)##
Ալկատրաս (ԱՄՆ)

Կղզու տարածքը օգտագործվել է որպես պաշտպանական ամրոց, հետագայում ռազմական բանտ, ապա՝ որպես խիստ պաշտպանության բանտ՝ վտանգավոր հանցագործների և նրանց համար, ովքեր փորձել են փախչել նախկին կալանավայրերից։ Ներկայումս այդ բանտը չի գործում, կղզին վերածվել է թանգարանի։

Կղզու պատմություն խմբագրել

Կղզու հայտնաբերում և անվան պատմություն խմբագրել

1775 թվականին իսպանական նավը՝ Խուան Մանուել դե Այալայի գլխավորությամբ, մտավ Սան Ֆրանցիսկոյի ծովածոց։ Նավի անձնակազմը կազմում է ծովախորշի քարտեզը։ Կղզուն տալիս են Լա Իսլա դե լոս Ալկատրասես անունը (իսպ.՝ La Isla de los Alcatraces : Այն կոչվում է նաև «Հավալուսնների կղզի»՝ կղզում այդ թռչունների մեծ քանակի պատճառով[3][4]։ Թռչնաբանների հաշվետվությունների համաձայն՝ ո՛չ կղզում, ո՛չ էլ կղզու հարևանությամբ չկան հավալուսններ[5], բայց այստեղ կան տարբեր տեսակի բազմաթիվ թռչուններ, ինչպես նաև ջրագռավներ։ Կղզին հայտնի է հատկապես որպես կալանավայր՝ «Island Alcatrazes» անունով։ 1851 թվականին ԱՄՆ-ի գվարդիականները կրճատում են կղզու անունը և դարձնում Ալկատրաս[6]։

Փարոսի պատմություն խմբագրել

Կալիֆոռնիայում ոսկու հայտնաբերումը 1848 թվականին բազմաթիվ նավեր բերեց Սան Ֆրանցիսկո։ Փարոս կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ 1853 թվականի գարնանը Ալկատրասում կառուցվում է առաջին փարոսը։ 1856 թվականին փարոսի վրա տեղադրվում է զանգ՝ մառախուղի ժամանակ կողմնորոշվելու համար։

1909 թվականին՝ բանտի կառուցման ընթացքում, 56 տարի օգտագործելուց հետո, առաջին փարոսը ապասարքավորվում է։ Երկրորդ փարոսը կառուցվում է 1909 թվականի դեկտեմբերի 1-ին՝ բանտի շենքի կողքին։ 1963 թվականին փարոսը փոխում են և դարձնում ավտոմատ, և այն այլևս շուրջօրյա հսկողություն չէր պահանջում։

Պաշտպանական ամրոց խմբագրել

Ոսկու հայտնաբերումը անհրաժեշտություն առաջացրեց պաշտպանել ծովածոցը։ 1850 թվականին ԱՄՆ նախագահի հրամանով՝ կղզու վրա սկսվում է ամրոցի կառուցումը, որտեղ տեղադրվում է ավելի քան 110 հեռահար թնդանոթ։ Հետագայում բերդը օգտագործվում էր բանտարկյալների համար։ 1909 թվականին բանակը քանդեց այն՝ թողնելով միայն հիմքը, իսկ 1912 թվականին բանտարկյալների համար կառուցվեց նոր շենք։

Բանտի պատմություն խմբագրել

Ռազմական բանտ խմբագրել

Սառը ջուրը և ուժեղ ծովային ալիքները ապահովում են կղզու մեկուսացումը։ Այդ պատճառով ԱՄՆ կառավարությունը Ալկատրասը համարեց իդեալական վայր՝ ռազմագերիներին պահելու համար։ 1861 թվականին կղզի բերվեցին առաջին ռազմագերիները, ովքերք մասնակցել էին Ամերիկայի քաղաքացիական պատերազմին, իսկ 1898 թվականին՝ իսպանաամերիկյան պատերազմի արդյունքում, ռազմագերիների թիվը 26-ից հասել է ավելի քան 450-ի։ 1906 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից հետո, երբ ավերվել էր քաղաքի մեծ մասը, հարյուրավոր քաղբանտարկյալների տեղափոխում են կղզի։ 1920 թվականին երեքհարկանի շենքը ամբողջությամբ լցվում է բանտարկյալներով։

Ալկատրասի բանտը կարողացավ մեծ հեղինակություն ձեռք բերել իր խստապահանջ լինելու և կարգապահության շնորհիվ։ Բանտում կարգուկանոնը խախտողները պատժվում էին։ Նրանց ստիպում էին ծանր աշխատանքներ կատարել, ուղարկում էին մեկուսարաններ, սահմանափակ քանակով էին տալիս հաց, ջուր և այլն։

Ձերբակալված զինծառայողների միջին տարիքը 24 տարեկանն էր։ Մեծամասնությունը ձերբակալվել էր դասալքումների կամ ավելի փոքր հանցանքների համար։ Կային այնպիսի զինծառայողներ, ովքեր ձերբակալվել էին հրամանատարների հրամանները չկատարելու, գողության, սպանության, ֆիզիկական բռնություն կատարելու համար։

Չնայած հանցագործների հանդեպ իրականացվող ծանր կարգապահական միջոցներին՝ բանտային ռեժիմը այդքան էլ խիստ չէր։ Բազմաթիվ ձերբակալվածներ աշխատանքներ էին կատարում կղզու բնակիչների տներում, երբեմն էլ բանտարկյալներ էին ընտրվում երեխաներին հսկելու համար։ Ոմանք էլ օգտագործում էին առիթը՝ բանտից փախչելու համար, սակայն հասնելով ափ՝ նրանք կրկին հետ էին վերադառնում՝ սառը ջրից խուսափելու համար, որոշներն էլ փորձում էին անցնել սառը ջրի միջով և մեռնում էին ցրտահարությունից։

Աստիճանաբար մեղմանում է բանտի կարգուկանոնը։ 1920-ական թվականների վերջերին արդեն բանտարկյալներին թույլատրում են կառուցել բեյսբոլի դաշտ, և բանտարկյալներն էլ իրավունք ունեին հագնելու բեյսբոլի հագուստ։ Ուրբաթ երեկոյան կազմակերպվում էին բռնցքամարտի մրցույթներ։ Այդ մրցույթները շատ հետաքրքիր էին, և նույնիսկ Սան Ֆրանցիսկոյից մարդիկ էին գալիս՝ մրցույթներին մասնակցելու համար։ 1934 թվականին որոշվեց Ալկատրասը այլևս չօգտագործել որպես ռազմական բանտ։ Բանտի շենքը անցնում է կառավարությանը։

Դաշնային բանտ խմբագրել

1920-1930-ական թվականներին բարձրացել էր հանցագործությունների մակարդակը, և սկսվել էին կազմակերպված հանցագործությունները։ Քաղաքներում գանգստերները և մաֆիոզները մեծ իշխանություններ ունեին։ Շատ պաշտոնյաներ կաշառք էին վերցնում և աչք փակում կատարված հանցագործությունների վրա։ Ի պատասխան գանգստերների հանցագործություններին՝ որոշվում է վերաբացել Ալկատրաս բանտը, բայց արդեն որպես դաշնային բանտ։ Հիմնական նպատակն էր վտանգավոր հանցագործներին հասարակությունից մեկուսացնելն ու վախեցնել այն հանցագործներին, ովքեր դեռևս գտնվում էին ազատության մեջ։ Սանֆորդ Բեյթսը և գլխավոր դատախազ Հոմեր Քամինգսը նախաձեռնում են բանտային նոր ծրագիր։ Բանտի վերափոխման համար հրավիրվում է Ռոբերտ Բուրջը՝ այդ տարիների անվտանգության լավագույն մասնագետներից մեկը։ Վերակառուցման ընթացքում հիմքը մնաց, սակայն շենքի տեսքը ամբողջությամբ փոխվեց։ 1934 թվականին ռազմական բանտը ամբողջությամբ փոխվում է։ Շենքն ամբոջությամբ բետոնապատվում է, էլեկտրականությամբ ապահովվում են բոլոր խցերը, փակվում են բոլոր թունելները՝ հանցագործների փախուստը կանխելու համար։ Բանտի ճաշարանը հանդիսանում էր ամենախոցելի տեղը կռիվների համար։ Դռները աշխատում էին էլեկտրական սենսորներով։ Բանտում կային 600 խցեր, որոնք բաժանված էին А, B, C և D բլոկների։ Մինչև բանտի վերակառուցումը՝ բանտարկյալների թիվը այդքան էլ շատ չէր։ D բլոկը ամենավտանգավոր բլոկն էր համարվում, որովհետև այստեղ էին գտնվում առավել վտանգավոր հանցագործները։ Նոր կանոնների ստեղծումը, Սան Ֆրանցիսկո ծովածոցի սառը ջրերը, կառուցված արգելապատերը խոչընդոտում էին բանտարկյալների փախուստը։

Բանտի ղեկավար խմբագրել

Նոր բանտը ղեկավարելու համար անհրաժեշտ էր նոր ղեկավար։ Դատապարտյալների դաշնային բյուրոն ընտրում է Ջեյմս Ջոնսթոնին (անգլ.՝ James A. Johnston): Ջոնսթոնը ընտրվում է իր խստության և մարդասիրական վերաբերմունքի շնորհիվ։ Նա ամեն կերպ ցանկանում էր փոխել բանտարկյալների մտածելակերպը և նրանց վերադարձնել հասարակություն։ Նա հայտնի էր նաև բանտարկյալների օգտին կատարած բարեփոխումների շնորհիվ։ Ջոնսթոնը մտածում էր, որ բոլոր հանցագործներին պետք է տալ որոշ աշխատանքներ և նրանց պարգևատրել դրա համար։ Որոշ բանտարկյալներ՝ Ջոնսթոնի գլխավորությամբ, մասնակցում էին Կալիֆոռնիայի մայրուղիների վերակառուցման աշխատանքներին։ Ճիշտ է, նրանք այդ աշխատանքների համար գումար չէին ստանում, բայց ցուցաբերած ջանասիրության համար կրճատվում էր նրանց՝ բանտում մնալու ժամանակամիջոցը։

Մինչև Ալկատրասի ղեկավար դառնալը՝ Ջոնսթոնը աշխատել էր Սան-Կվենտին բանտում։ Այդ ամենի հետ մեկտեղ Ջոնսթոնը խիստ կարգապահության կողմնակից էր։ Նրա կանոնները ամենաբարդն էին, իսկ պատիժները՝ ամենախիստը։ Ջոնսթոնը գիտեր, թե ինչպես պետք է վարվել նույնիսկ ամենավտանգավոր հանցագործների հետ։

Փախուստներ Ալկատրասից խմբագրել

 
Ալկատրասի տեսքը ուղղաթիռից

Բանտի 29 տարվա գործունեության ժամանակ, ենթադրաբար, ոչ մի հաջող փախուստ չի կատարվել։ Սակայն այդպես էլ չեն գտնվել բանտից փախած հինգ բանտարկյալները (ոչ կենդանի, ոչ էլ մահացած)։ Ընդհանուր առմամբ, եղել է 14 փախուստի փորձ, որին մասնակցել են 34 բանտարկյալներ՝ երկուսը փորձել են երկու անգամ փախչել, յոթին գնդակահարել են, երկուսը խեղդվել են, հինգը կորած են համարվում, մնացածներին հաջողվել է կրկին բանտ վերադարձնել, ոմանք, չկարողանալով մայրցամաք լողալու միջոց գտնել, վերադարձել են և հանձնվել։ Երկու բանտարկյալներ փորձել են լողալով հեռանալ կղզուց, բայց բռնվել են՝ մեկը՝ 1945 թվականին, մյուսը՝ 1962 թվականին։ Ամենահուսահատ փախուստի փորձը, որը ստացել է «Ճակատամարտ Ալկատրասի համար» անվանումը, կատարվել է 1946 թվականին։ Այդ ժամանակ սպանվել են երեք բանտարկյալներ, երկու պահակներ, իսկ երկու բանտարկյալների ավելի ուշ մահապատժի են ենթարկել՝ անկարգություններին մասնակցելու համար։

Քիչ հայտնի փախուստի փորձեր խմբագրել

1936 թվականի ապրիլի 23-ին Ջո Բաուէրսը (անգլ.՝ Joe Bowers), որը հետևում էր վառարանների աշխատանքներին, հանկարծակի բարձրանում է պարիսպների վրա։ Արևմտյան աշտարակի պահակը նախազգուշական կրակ է արձակում։ Ջոն անտեսում է նրան և վիրավորվում հաջորդ կրակոցից։ Նա ցատկում է պարիսպներից 15-30մ և մահանում ստացած վերքերի պատճառով։

1937 թվականի դեկտեմբերի 16-ին Թեոդոր Կոուլը (անգլ.՝ Theodore Cole) և Ռալֆ Ռոուն (անգլ.՝ Ralph Roe), որոնք աշխատում էին երկաթի մշակման արհեստանոցում, գործիքներ են պատրաստում։ Երբ պահակը հեռանում է, նրանք այդ գործիքներով կոտրում են պատուհանի շրջանակը և փախչում։ Սակայն նրանց բախտը չի բերում։ Այդ օրը ուժեղ մառախուղ էր և փոթորիկ։ Շատերի կարծիոքվ նրանք մահացել են Սան Ֆրանցիսկոյի փոթորկոտ ջրերի մեջ։ Քիչ հավանական է նաև, որ նրանք կարողացել են լողալով ափ հասնել։ Մինչև այսօր նրանք համարվում են անհայտ կորածներ։

1938 թվականի մայիսի 23-ին Ջեյմս Լիմերիկը (անգլ.՝ James Limerick), Ջիմմի Լուկասը (անգլ.՝ Jimmy Lucas) և Ռուֆուս Ֆրենկլինը (անգլ.՝ Rufus Franklin), որոնք աշխատում էին փայտամշակման գործամասում, մուրճով մահացու հարված են հասցնում անզեն պահակներից մեկին՝ Ռոյ Քլայնին (անգլ.՝ Royal Cline)՝ հարվածելով նրա գլխին։ Դրանից հետո նրանք բարձրանում են տանիքը և փորձում վնասազերծել աշտարակում հերթապահություն իրականացնող պահակին։ Պահակը՝ Հարոլդ Սթայթսը (անգլ.՝ Harold Stites), նրանց վրա կրակ է բացում։ Լիմերիկը մահացու վիրավորվում է և անմիջապես մահանում։ Լուկասը և Ֆրանկլինը ձերբակալվում են, իսկ ավելի ուշ ցմահ ազատազրկման են դատապարտվում՝ պահակի սպանության համար։

1939 թվականի հունվարի 13-ին «Դոկը»՝ Արթուր Բարկերը (անգլ.՝ Arthur «Doc» Barker), Դեյլ Սթեմֆիլը (անգլ.՝ Dale Stamphill), Ուիլյամ Մարտինը (անգլ.՝ William Martin), Հենրի Յանգը (անգլ.՝ Henry Young) Ռուֆուս Մակքեյնը (անգլ.՝ Rufus McCain) գտնվում էին D բլոկում։ Բարկերը նկատում է, որ այդ բլոկի համար գումարը չի հերիքել ավելի ամուր ձողեր տեղադրելու համար։ Նա ձեռնասղոց է պատրաստում, կտրում երկու ձողերը և ամեն գիշեր դուրս գալիս բանտախցից՝ իր հետ իջեցնելով դրանք։ Երբ պահակը մոտենում էր, Բարկերը կրկին հետ էր վերադառնում իր բանտախուցը, որպեսզի պահակները չիմանային փախուստի մասին։ Նա պատուհանի վանդակացանցերը հատուկ գործիքով հեռացնում է իրարից , հետո կտրում է վանդակացանցերը։ Հունվարի 13-ի երեկոյան նա դուրս է գալիս իր բանտախցից և ազատում իր հանցակիցներին։ Բոլոր հինգ բանտարկյալները փախչում են դեպի ափամերձ գոտիները՝ ճանապարհին իրենց հետ փայտի կտորներ և այլ առարկաներ վերցնելով։ Լողափին նրանք սկսում են լաստանավ կառուցել։ Երբ այն համարյա պատրաստ էր, բանտի պահակներից մեկը գտնում է կտրած ձողերը։ Սկսվում են փախստականների որոնման աշխատանքները։ Արևմտյան ափի պահակը գտնում է նրանց։ Մարտինը, Յանգը և Մակքեյնը հանձնվում են, Բարկերը փորձում է լողալով փախչել, բայց պահակը կրակում է նրա մեջքին։ Սթեմֆիլը կողք է վազում, բայց հրացանից արձակված գնդակը դիպչում է նրա ոտքին։ Ծանր վիրավորում ստացած Բարկերը երկու օր անց մահանում է հիվանդանոցում։

1941 թվականի, մայիսի 21-ին Ջո Կրետցերը (անգլ.՝ Joe Cretzer), Սեմ Շոկլեյը (անգլ.՝ Sam Shockley), Առնոլդ Քայլը (անգլ.՝ Arnold Kyle) և Լլոյդ Բարկդոլը (անգլ.՝ Lloyd Barkdoll) ուղղիչ աշխատանքի ժամանակ գերի են վերցնում մի քանի պահակների։ Պահակները, այդ թվում Պոլ Մեդիգանը (անգլ.՝ Paul Madigan) (որը հետագայում դարձել է Ալկատրասի երրորդ տնօրենը), կարողանում են բանտարկյալներին համոզել, որ նրանք չեն կարող կղզուց դուրս գալ։ Բանտարկյալները հավատում են նրանց և հանձնվում։

1941 թվականի սեպտեմբերի 15-ին՝ տարածքի մաքրման ժամանակ, Ջոն Բեյլեսը փորձում է փախչել։ Նա հաջողությամբ հասնում է ջրերին, բայց չի կարողանում ափից շատ հեռանալ։ Սառած ջուրը նրան ստիպում է կղզի վերադառնալ։ Ավելի ուշ նրան տեղափոխում են Սան Ֆրանցիսկո՝ դատավարության համար։ Այդտեղ Բեյլեսը նորից փորձում է փախչել, բայց կրկին չի կարողանում։

1943 թվականի ապրիլի 14-ին Ջեյմս Բորմանը (անգլ.՝ James Boarman), Հարոլդ Բրեստը (անգլ.՝ Harold Brest), Ֆլոյդ Համիլթոնը (անգլ.՝ Floyd Hamilton) և Ֆրեդ Հանթերը (անգլ.՝ Fred Hunter) բանտի աշխատանքային տարածքում բռնում են երկու պահակների։ Այնուհետև չորսն էլ դուրս են գալիս պատուհանից և շարժվում դեպի ափամերձ գոտի։ Պահակներից մեկին հաջողվում է ազատվել և տագնապ բարձրացնել։ Պահակները վազում են փախչողների հետևից, բայց այդ ժամանակ նրանք արդեն հեռանում էին կղզուց։ Մի քանի պահակներ կրակում են բանտարկյալների ուղղությամբ, մյուսներն էլ փորձում են լողալով բռնել նրանց։ Հանթերին և Բրեստին բռնում են։ Բորմանին կրակում են, և նա խեղդվում է։ Համիլթոնին չեն գտնում և խեղդված են համարում։ Սակայն նա չէր խեղդվել, այլ կղզու ափ էր դուրս եկել։ Երկու օր նա թաքնվում է ծովափին գտնվող կիրճում։ Համիլթոնին բռնում են այն ժամանակ, երբ նա հետ է վերադառնում այն տարածք, որտեղ աշխատում էին բանտարկյալները։

1943 թվականի օգոստոսի 7-ին Հարոն Ուոլթերսը (անգլ.՝ Huron «Ted» Walters) անհետանում է բանտային լվացքատնից։ Նրան բռնում են ծովափին՝ նախքան ջուր մտնելը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկատրաս» հոդվածին։