Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք


Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք, տեղի է ունեցել մ․թ․ա․ 335 թվականին Մակեդոնիայի և նրա ապստամբ հպատակների միջև։ Ալեքսանդրը հաջողությամբ խաղաղեցնում է նրանց՝ սկսելով պատրաստվել երկար պլանավորված ներխուժմանը դեպի Աքեմենյան տերություն։ Մ․թ․ա 336 թվականին Ալեքսանդրի քրոջ՝ Օլիմպիադայի հարսանիքի ժամանակ սեփական թիկնապահի՝ Պավսանիասի ձեռքով սպանվում է Փիլիպոս II արքան։ Փիլիպոսի որդին՝ նրա ժառանգ Ալեքսանդրը, Մակեդոնիայի ազնավականության և զորքի կողմից հռչակվել է արքա։

Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ

Հունաստանը մ․թ․ա․ 336 թվականին
Թվական Մ․թ․ա․ 335 թվական
Վայր Հին Հունաստան, Իլլիրիա, Թրակիա, Դակիա
Արդյունք Մակեդոնիան վերականգնում է իր իշխանությունը Բալկաններում
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա Հին Մակեդոնիա թրակիացիներ,
իլլիրիացիներ,
գետեր,
թեբեացիներ
Հրամանատարներ
Հին Մակեդոնիա Ալեքսանդր Մակեդոնացի Կլիտոս,
Գլավկիոս,
Սիրմոս
Կողմերի ուժեր
12,000 ծանրազեն հետևակ, 8,000 թեթևազեն հետևակ, 3,000 հեծելազոր 14,000 զինվոր (գետեր)
Արտաքին տեսաֆայլեր
Բալկանյան արշավանքներ

Փիլիպոսի մահվան լուրը բորբոքում է մակեդոնական տիրապետության տակ գտնվող մի շարք իշխանությունների, որոնց թվում էին Թեբեն, Աթենքը, Թեսալիան և թրակիական ցեղերը Մակեդոնիայի հյուսիսում։ Երբ Ալեքսանդրը իմանում է ապստամբությունների մասին, նա շատ արագ է գործում։ Չնայած իր խորհրդականների խորհուրդներին՝ նա դիվանագիտորեն չի գործում, այլ հավաքում է մակեդոնական 3-հազարանոց հեծելազորը և ուղևորվում հարավ՝ դեպի Թեսալիա, որը անմիջապես սահմանակցում էր Մակեդոնիային։ Ալեքսանդրը հաղթանակի է հասնում նրանց նկատմաբ և ուղևորվում դեպի Պելեպոնես, որտեղ Կորինթոսում ստեղծվում է հունական միություն (բացի սպարտացիներից

Կորինթոսում Ալեքսանդրը իմանում է իր տիրույթներում բարձրացված ապստամբությունների մասին, ինչից հետո ուղևորվում է հյուսիս, հաղթանակի հասնում նախ թրակիացների, ապա նաև իլլիրիացիների նկատմամբ։ Թեբեացիները կարծում էին, որ Ալեքսանդրը զոհվել է այս արշավանքների ժամանակ, ինչի պատճառով էլ նրանք նույնպես ապստամբում են՝ ունենալով Աթենքի հովանավորությունը։ Շուտով Ալեքսանդրը գրավում է նաև Թեբեն, ավերում այն, իսկ բնակչությանը գերևավարում։

Հունական քաղաք-պետությունների հնազանդեցում խմբագրել

Փիլիպոս II-ի մահից հետո հունական Թեբե, Աթենք, Թեսալիա քաղաք-պետություններն ապստամբեցին և չճանաչեցին Ալեքսանդրի իշխանությունն իրենց վրա։ Նրանք սկսեցին վտարել մակեդոնական կայազորները և թուլացնել մակեդոնական ազդեցությունն իրենց երկրներում։ Երբ այս ապստամբությունների վերաբերյալ տեղեկությունները հասան Մակեդոնիա, Ալեքսանդրը շատ արագ գործեց։ Չանսալով մի շարք քաղաքական գործիչների հորդորների, որոնք առաջարկում էին խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ Ալեքսանդրը հավաքում է 3000-անոց հեծելազոր և արագորեն շարժվում դեպի հարավ, որտեղ գտնվում էր ապստամբած ամենամոտ իշխանությունը՝ Թեսալիան։ Վերջինիս զինվորները փակել էին անցումը, որը գտնվում էր Օլիմպոս և Օսա լեռների միջև։ Մակեդոնիայի արքան իր զորքին հրամայում է մագլցել Օսա լեռն ի վեր, ինչից հետո, երբ թեսալիացիներն արթնանում են, նրանք Ալեքսանդրին գտնում են իրենց թիկունքում և ստիպված անձնատուր լինում։ Նրանք Ալեքսանդրի տրամադրության տակ դնում են նաև սեփական հեծելազորը, ինչից հետո վերջինս ճանապարհ է ընկնում դեպի Պելոպոնես[1][2][3][4][5]։

 
Ալեքսանդրի և Դիոգենեսի հանդիպումը Կորինթոսում․ երբ Ալեքսանդր մոտենում է փիլիսոփային և հարցնում է, թե ինչ է ցանկանում իրենից, ի պատասխան՝ վերջինից լսում է խնդրանք՝ չփակել իր արևը։ Շատերը հետագայում Ալեքսանդրի աշխարհակալությունը կապում են այս միջադեպի հետ։

Ալեքսանդրը հասնում է Թերմոպիլե, որտեղ նա ճանչվում է Ամֆիկտոնյան միության առաջնորդ, ապա ուղևորվում դեպի Կորիոնթոս։ Կորոնթոսում նա հրավիրում է ժողով, որին մասնակցում էին բոլոր հելլենները։ Ալեքսանդրը դիմում է նրանց՝ խնդրելով իրեն վստահել Աքեմենյան Պարսկաստանի դեմ սպասվող պատերազմի ղեկավարությունը, որը մինչև իր հոր մահը վստահված էր նրան[6]։ Բոլոր հելլենական իշխանություններն ընդառաջում են Ալեքսանդրին, բացի Սպարտայից․ նրանք, դիմելով Ալեքսանդրին, ասում են․

  Մենք՝ լակեդեմոնացիներս, անդրդվելի ենք։ Այն, ինչ որ հիմա մենք ունենք, մեր նախնինների արիության և խիզախության արդյունքն է, իսկ մեր նախնինները մեզ ավանդ են թողել ոչ թե գնալ ուրիշների հետևից, այլ լինել առաջնորդներ։ Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ հայրենանյաց այս ուխտին։
- Արիանոս Փլաբիոս, «Ալեքսանդրի արշավանքը», գիրք 1, գլուխ 1
 

Ստեղծվում է Կորնթոսյան միությունը[7], որի մեջ եղած բոլոր քաղաք-պետություններն ունեին ներքին կատարյալ ինքնիշխանություն, սակայն ռազմական առումով միավորված էին․ նրանց միացյալ զորքերը ղեկավարվում էր Հելլենյան գերիշխանը՝ այս դեպքում Ալեքսանդրը։ Ստեղծվում էր հելլենների ծերակույտ, որը նստում էր Կորինթոսում։ Միությունը ձեռնարկում էր նաև այնպիսի գործողություններ, որոնք նպատակաուղղված էին միության անդամ պետությունների դեմ ուղղված ագրեսիայի, ցանկացած ակտի կամ դիվերսիոն գործողությունների կանխարգելմանը։

Որոշ ապստամբական հուզումներ են տեղի ունենում Աթենքում, սակայն, ինչպես նշում է Արիանոսը, «աթենացիք մահու չափ սարսափեցին, երբ Ալեքսանդրը մի փոքր մոտեցավ նրանց, և որպես Ալեքսանդրի նկատմամբ տածած հարգանքի նշան, համաձայնեցին էլ ավելիին, քան տրված էր Փիլիպոսին»[8]։ Հենց այստեղ գտնվելու ժամանակ էլ Ալեքսանդրին լուրեր հասան թրակիացիների և իլլիրիացիների ապստամբությունների վերաբերյալ[3][9]։

Ապստամբությունների ճնշում խմբագրել

Թրակիա խմբագրել

 
Մակեդոնական փաղանգի հակագրոհը ընդդեմ թրակիացիների

Ալեքսանդրը չէր ցանկանում Աքեմենյան Պարսկաստանի դեմ պատերազմի ժամանակ ունենալ թույլ և անվստահ թիկունք, այս պատճառով նա իլլիրիացիների և թրակիացիների դեմ սկսում է ռազմական գործողություններ, որպեսզի ճնշի նրանց խռովությունները։ Նա Ամֆիպոլիսից ներխուժում է թրակիացիների երկիր, անցնում Նեստոս գետը և տաս օր հետ մոտենում Հեմուս լեռանը։ Թրակիացիները վերցրել էին լեռան գագաթը, ինչն արգելք էր հանդիսանում Ալեքսանդրի անցման համար։ Նրանք լեռան գագաթ էին բարձրացրել մի շարք սայլեր, որոնք լեռան բարձունքից պատրաստվում էին բաց թողնել մակեդոնական զորքի վրա։ Քանի որ դեպի գագաթ տանող միակ ճանապարհը հենց դա էր, Ալեքսանդրը հանձնարարում է իր զինվորներին, որ եթե հակառակորդները գործի մեջ դնեն սայլերը, նրանք ցրվեն դեպի ճանապարհի ավելի լայն մասեր՝ թողնելով զինաշարքը, իսկ եթե այդ հատվածում ճանապարհը նեղ լինի, պառկեն գետնին և ծածկվեն վահաններով, ինչը փոքրացնում է զոհվելու հավանականությունը։ Ալեքսանդրի պլանն աշխատում է, ինչից հետո գրավվում է Հեմուս լեռան գագաթը, իսկ թեթևազեն հակառակորդը փախուստի է դիմում՝ ճակատամարտի ընթացքում տալով 500 զոհ։ Քանի որ տեղացիները ծանոթ էի տեղանքին, հեշտությամբ կարողանում են փախուստի դիմել[8][10]։

Անցնելով Հեմուս լեռը՝ Ալեքսանդրն սկսեց շարժվել տրիբալների վրա։ Հեմուսն անցնելուց 3 օր անց նա հասնում է Լիգին գետ։ Տրիբալների արքա Սիրմոսը կանանց և երեխաներին նախօրոք ուղարկել էր ապահով վայր, ինչից հետո ինքը նույնպես փախել այնտեղ, իսկ տրիբալների մեծամասնությունը շարժվում էր ընդդեմ Ալեքսանդրի։ Ալեքսանդրը շրջափակում է նրանց, երբ նրանք ճամբար էին խփում։ Տեղի ունեցած ճակատամարտում տրիբալները պարտություն են կրում՝ տալով 3000 զոհ[11]։ Ճակատամարտից 3 օր անց Ալեքսանդրը հասնում է Դանուբ գետին և հարձակվում դրա հակառակ ափին ապրող գեթերի վրա, որոնք իրենք էին պատրաստվում նախահարձակ լինել[12]։ Սակայն Ալեքսանդրի ուժերը հետապնդում են նրանց, որոնք փախուստի են դիմում՝ անպաշտպան թողնելով քաղաքը։ Ալեքսանդրը գրավում և ավերում է քաղաքը[13], ապա զոհեր մատուցում աստվածներին այդ հաղթության համար։ Քիչ անց տարածաշրջանի բոլոր կողմերից առաջնորդներ են գալիս Ալեքսանդրի մոտ։ Դեսպաններ էր ուղարկել նաև տրիբալների արքա Սիրմոսը։ Նրանք բոլորն իրենց խաղաղասիրությունը և հպատակությունն են հայտնում Ալեքսանդրին և դաշինք կնքում նրա հետ[14]։

Իլլիրիա խմբագրել

Շուտով Ալեքսանդրը, դաշնակցելով ագրիանացիների արքայի՝ Լանգարոսի հետ, ռազմական գործողություններ է սկսում նաև ընդդեմ ավտարիատների դեմ և հաղթանակ տանում։ Ցույց տված օգնության համար Ալեքսանդրը խոստանում է իր քրոջը՝ Կինանային, կնության տալ Լագարոսին, սակայն վերջինս շուտով հիվանդանում և մահանում է։ Այդ ժամանակ Ալեքսանդրը ուղղվում է դեպի Էրիգոն գետը և մոտենում տավլանտների արքա Գլավկիոսի և դարդանիացիների արքա Կլիտոսի տիրույթներին։ Նա սպասում էր, որ այդ երկու ապստամբ արքաները կներկայանան իրեն և կհայտնեն իրենց հավատարմությունն իրեն, սակայն դա տեղի չի ունենում[15]։ Մինչև մակեդոնացիների հետ բախման գնալը Կիլտոսը 3 տղա, 3 աղջիկ և 3 սև ոչխար է զոհաբերում։ Ալեքսանդրը պաշարում է Պելիոնը, որը գտնվում է ժամանակակից Ալբանիայում[16][17]։

Նա որոշում է Փիլոտեսին ուղարկել պարեն բերելու, սակայն Գլավկիոսն իմանում է այդ արշավախմբի մասին և հետապնդում սկսում։ Նա զբաղեցնում է սրերով շրջափակված այն արոտավայրը, որտեղից մակեդոնացի զորավարը պատրաստվում էր պարեն հայթայթել։ Ալեքսանդրն իմանում է, որ Փիլոտեսին վտանգ է սպառնում և շտապում նրան օգնության՝ իր հետ վերցնելով վահանակիրներին, նետաձիգներին, ագրիանացիներին և 400 հեծյալների, իսկ զորքի մնացած մասը շարունակել է պաշարումը, որպեսզի թույլ չտրվի քաղաքի զորքերի միացում Գլավկիոսի ուժերի հետ։ Գլավկիոսը և Կլիտոսը պատրաստվում էին գերեվարել Ալեքսանդրին, ինչի համար բարձրադիր դիրք են բռնում։

Ալեքսանդրի զորքի անցումը շատ նեղ էր․ այն մի կողմից կտրված էր գետով, իսկ մյուս կողմից վեր էր խոյանում վիհապատ լեռ։ Այն այնքան նեղ էր, որ Ալեքսանդրի զինվորները չէին կարողանում 4 հոգի իրար կողք կողքի անցնել[18], սակայն Ալեքսանդրը կարողանում է անցումն այնպիսի կարգապահությամբ կազմակերպել, որ հակառակորդը զարմացնքից չիմացավ, թե ինչ անի, և նահանջեց դեպի քաղաք։ Այն բարձունքը, որն Ալեքսանդրը ցանկանում էր գրավել, զբաղեցված էր փոքրաթիվ հակառակորդի կողմից։ Տեսնելով դա՝ Ալեքսանդրն իր ուժերով հարձակվում է դրա վրա և հակառակորդին փախուստի մատնում։

Երեք օր անց Ալեքսանդրն իմանում է, որ հակառակորդի ճամբարում կարծում են, որ «Ալեքսանդրը սարսափահար փախել է»[19], ինչի հետևանքով էլ ճամբարում տիրում էր անփութություն և անպատրաստություն։ Ալեքսանդրը գիշերով անցնում է գետը և հարձակվում հանկարծակիի եկած հակառակորդի վրա՝ փախուստի մատնելով նրանց[20][21]։

Թեբե խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Թեբեի ճակատամարտ


Նույն պահին Թեբե քաղաք են վերադառնում այնտեղից աքսորված մի քանի մարդիկ, որոնք սկսում են քաղաքում խռովություններ հրահրել ընդդեմ Ալեքսանդրի։ Նրանք քաղաքում ժողովրդական ժողով էին հրավիրել և հայտարարել, որ Ալեքսանդրն սպանվել է դեպի Իլլիրիա կատարած իր արշավանքի ժամանակ։ Այդպիսի լուրերը տարածված էին ամբողջ Հունաստանով։ Իմանալով այս իրադարձությունների մասին՝ Ալեքսանդրն անցավ Էորդեան ու Էլիմեան և 7-րդ օրը հասավ Թեսալիայի Փելինոս քաղաք։ Այնտեղից դուրս գալուց 6 օր անց նա գրավեց Բեոտիան։ Թեբեացիները միայն այն ժամանակ իմացան, որ Ալեքսանդրն արշավում է իրենց վրա, երբ նա իր զորքով արդեն անցել էր Օնհեստեսը։ Այդ ժամանակ նրանք թեբեացիների մոտ հայտարարում են, որ զորքի առաջնորդը ոչ թե Ալեքսանդրն է, այլ Անտիպատրոսը։ Մեկ օր անց Մակեդոնիայի արքան մոտենում է Թեբեին, սակայն չի հարձակվում նրա վրա՝ մտածելու և իրեն հպատակությունը հայտնելու համար ժամանակ տալով[22], սակայն թեբեացիները ոչ միայն այդպես չեն վարվում, այլ իրենք են փոքր ջոկատներով նախահարձակ լինում։ Ալեքսանդրը հեշտությամբ հետ է մղում այդ գրոհները, սակայն դեռևս շարունակում է լուրջ գործողությունների չանցնել[23]։ Այդ ժամանակ Կադմեան՝ քաղաքի միջնաբերդը, գտնվում էր մակեդոնական կայազորի հսկողության տակ։

 
Ալեքսանդրը Թեբեում

Ապստամբներին զենք էր մատակարարում Աթենքը, որի նշանավոր քաղաքական գործիչը՝ Դեմոսթենեսը, նույնպես կողմ էր Ալեքսանդրի դեմ ապստամբությանը[24][25], սակայն իմանալով նրա արշավանքի մասին՝ հետ է կանգնում այդ մտքից։ Նրա օրինակին են հետևում նաև սպարտացիները։ Այդ ժամանակ թեբեացիները նորից հարձակման են անցնում Ալեքսանդրի ճամբարի վրա, ինչից հետո մարտի է նետվում Պերդիկան և վիրավորվում մարտում (հետագայում նա ապաքինվել է)։ Ալեքսանդրը հետ է մղել հակառակորդի հարձակումը և սկսել հետապնդել նրանց։ Թեբեացիները դիմադրության ժամանակ այնքան շփոթված և անկանոն են նահանջել, որ իրենց հետևից չեն փակել քաղաքի դարպասներից մեկը։ Ալեքսանդրը նկատել է դա և իր զորավարներից մեկին՝ Պերդիկային, ուղարկել այդ դարպասով քաղաք ներխուժելու[26]։ Նույն ժամանակ Կադմեայից՝ քաղաքի միջնաբերդից, դուրս է եկել մակեդոնական կայազորը, ինչից հետո թեբեացիները հայտնվել են երկու կողմից շրջափակման մեջ։ Մակեդոնական զորքի հետ միասին փոկեացիները, պլատեացիները և բեովտացիներն սկսում են կոտորած իրականացնել քաղաքում՝ սպանելով 6000 մարդու[27]՝ այդ թվում նաև կանանց և երեխաների։ Գերեվարվում է շուրջ 30 հազար բնակիչ, բացի Ալեքսանդրի ու Փիլիպոսի բարեկամները, քրմերն ու քրմուհիները[27]։ Չնայած սկզբում ցուցաբերած բարեհոգությանը՝ Ալեքսանդրն ավերում է քաղաքը, որպեսզի հունական մնացած քաղաք-պետությունները տեսնեն և դաս քաղեն դրանից[28]։ Քաղաքից կանգուն է մնում միայն սրբավայրերը և բանաստեղծ Պինդարոսի տունը, քանի որ Ալեքսանդրը շատ էր սիրում նրա ստեղծագործությունները[23]։

Թեբեի անկումը շրջադարձային եղավ պայքարի համար։ Արկադացիները, որոնք շտապում էին թեբեացիներին օգնության, հետ վերադարձան և պատժեցին ապստամբություն հրահրողներին։ Էտոլական ցեղերը, որոնք թեբեացների հետ միասին ապստամբել էին, հատուկ դեսպանություն ուղարկեցին և ներում խնդրեցին Մակեդոնիայի արքայից։ Աթենացիները նույնպես դեսպանություն են ուղարկում Ալեքսանդրի մոտ, որը կազմված էր նրա հետ ամենասերտ հարաբերություններ ունեցողներից։ Այդ պատվիրակությունն արքային էր փոխանցելու աթենացիների խոսքը, որտեղ ասվում էր, որ աթենական ժողովուրդը ողջունում է նրա բարեհաջող վերադարձն իլլիրիացիների և տրիբալների դեմ մղված պատերազմից և ուրախ է, որ նա պատժել է թեբեացիներին ապստամբության համար։ Ալեքսանդրը սիրալիր է գտնվում նրանց հանդեպ, սակայն պահանջում է որ իրեն հանձնեն մի շարք աթենացիների, որոնք ապստամբության մասնակիցներ էին, այդ թվում նաև Դեմոսթենեսին։ Աթենացիները նորից են պատվիրակություն ուղարկում՝ աղերսելով գթասիրտ գտնվել այդ մարդկանց հանդեպ[29]։ Ալեքսանդրը, քաղաքի հանդեպ տածած հարգանքից ելնելով, ողորմած է գտնվում և շուտով վերադառնում Մակեդոնիա։

Հետագա դեպքեր խմբագրել

Հպատակեցնելով ամբողջ Բալկանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին իր զենքն ուղղում է դեպի արևելք՝ ընդդեմ Աքեմենյան տերության։ Նա ներխուժում է Փոքր Ասիա, գրավում այնտեղ գտնվող հունական բնակչություն ունեցող քաղաքները, ապա խորանում դեպի երկրի խորքեր։ Մ․թ․ա․ 333 թվականին Կիլիկիայում տեղի ունեցած Իսոսի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո Ալեքսանդրը շարժվում է առաջ, գրավում Տյուրոսը, արշավում դեպի Եգիպտոսը և հպատակեցնում այն։ Մ․թ․ա․ 331 թվականին Միջագետքում տեղի է ունենում Գավգամելայի ճակատամարտ, որտեղ մակեդոնական զորքերը հաղթանակի են հասնում, և ինչից հետո սկսվում է Աքեմենյան տերության անկումը։ Շուտով սպանվում է Դարեհ III-ը, իսկ Ալեքսանդրը իրեն հռչակում է վերջինիս իրավահաջորդ։ Ալեքսանդրը արշավանքներ է ձեռնարկել նաև ընդդեմ հնդկական ցեղերի, որոնց մի մասին հպատակեցրել է, ինչից հետո վերադարձել Շոշ՝ երկրի մայրաքաղաք, որտեղ էլ շուտով մահացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McCarty, Alexander the Great, p. 31.
  2. Plutarch, The Age of Alexander, p. 263
  3. 3,0 3,1 Renault, The Nature of Alexander the Great, p. 72
  4. Fox, The Search For Alexander, p. 104
  5. Bose, Alexander the Great's Art of Strategy, p. 95
  6. Шифман. 1988. էջեր с. 34-35.
  7. Buckley, Terry Aspects of Greek History 750–323BC: A Source-Based Approach. — 1 edition. — Routledge, 1996. — P. 289. — 560 p. — ISBN 978-0415099585
  8. 8,0 8,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 1.
  9. Bose, Alexander the Great's Art of Strategy, p. 96.
  10. Renault, The Nature of Alexander the Great, p. 73
  11. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 2.
  12. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 3.
  13. Renault, The Nature of Alexander the Great, p. 73-74
  14. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 4.
  15. Dodge, 201
  16. Hammond-Walbank, A History of Macedonia, pp. 39-48
  17. Ashley, The Macedonian Empire, pp. 171-175
  18. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 5.
  19. Dodge, 206
  20. Dodge, 208
  21. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 6.
  22. «Plutarch • Life of Alexander (Part 1 of 7)». penelope.uchicago.edu. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  23. 23,0 23,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 8.
  24. Alexander: A History of the Origin and Growth of the Art of War from Earliest Times to the Battle of Ipsus, Theodore Ayrault Dodge
  25. Habicht 1998, p. 33.
  26. «LacusCurtius • Diodorus Siculus — Book XVII Chapters 1‑16». penelope.uchicago.edu. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  27. 27,0 27,1 Alexander the Great of Macedon, by John J. Popovic
  28. Պլուտարքոս, «Ալեքսանդրի կյանքը», 11.6
  29. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 1, գլուխ 10.

Գրականություն խմբագրել