Ալդերֆերի մոտիվացիոն տեսություն

Ալդերֆերի մոտիվացիոն տեսություն, մոտիվացիայի ամենատարածված բովանդակալից տեսություններից մեկը[1]։ Այս տեսությունները նկարագրում են պահանջմունքների կառուցվածքը, դրանց բովանդակությունը, մարդու մոտիվացիայի կապը գործունեության հետ։ Հեղինակը Եյլի համալսարանի հոգեբան Քլեյթոն Ալդերֆերն է։

Տեսության հիմք խմբագրել

 
Կապի (R), գոյության (E) և աճի (G) պահանջմունքների փոխադարձ կապը՝ ըստ Ալդերֆերի

Ալդերֆերը համաձայնվում է Մասլոուի տեսության հետ, սակայն առանձնացնում է միայն երեք պահանջմունք, որոնց համար մարդիկ հոգ են տանում․

  • գոյության պահանջմունք (Еxistence),
  • մարդկանց հետ շփվելու պահանջմունք (Relatedness),
  • աճի ու զարգացման պահանջմունք (Growth)։

Ալդերֆերը պնդում է, որ այդ երեք պահանջմունքները նման են Մասլոուի առանձնացրած պահանջմունքներին։ Գոյության պահանջմունքը նման է ֆիզիոլոգիական կարիքներին։ Ուրիշների հետ շփվելու պահանջմունքը սոցիալական տիպի կարիքն է։ Աճի պահանջմունքը ինքնաիրացման, հարգանքի անհրաժեշտությունն է։

Քլեյթոն Ալդերֆերը պնդում է, որ այսօրվա պահանջմունքները կարող են չբավարարվել նաև հինգ տարի անց, և այդ ժամանակ հնարավոր կլինի փոխել կողմնորոշիչները։ Լինելով երիտասարդ՝ մարդը կարող է ձգտել դառնալ ընկերության նախագահ։ Հասուն տարիքում նա կարող է այլևս չցանկանալ նախագահ դառնալ, քանի որ դա խլում է կյանքի չափազանց մեծ մասը։ Սա արդեն մեկ այլ հայացք է մարդու կարիքներին։

Ալդերֆերը փորձել է կապ հաստատել պահանջմունքների բավարարման և դրանց ակտիվացման միջև ու արդյունքում սահմանել է հետևյալ յոթ սկզբունքները․

1) Որքան քիչ են բավարարված գոյության պահանջմունքները (E), այնքան ուժեղ են դրանք արտահայտվում։

2) Որքան քիչ են բավարարված սոցիալական պահանջմունքները (R), այնքան ուժեղ է գոյության պահանջմունքի ազդեցությունը (E)։

3) Որքան ամբողջական են բավարարված գոյության պահանջմունքները (E), այնքան ակտիվ են արտահայտվում սոցիալական պահանջմունքները (R)։

4) Որքան քիչ են բավարարված սոցիալական պահանջմունքները (R), այնքան ավելի է ուժեղանում դրանց ազդեցությունը։

5) Որքան քիչ են բավարարված անձնական աճի ու ինքնաիրացման պահանջմունքները (G), այնքան ավելի ուժեղ են դառնում սոցիալական պահանջմունքները (R)։

6) Որքան ամբողջական են բավարարված սոցիալական պահանջմունքները (R), այնքան ավելի ուժեղ են արդիականացվում անձնական աճի պահանջմունքները (G)։

7) Որքան քիչ են բավարարված անձնական աճի պահանջմունքները (G), այնքան նրանք ավելի ակտիվ են արտահայտվում։ Որքան շատ է բավարարվում անձնական աճի պահանջմունքը, այնքան ավելի է ուժեղանում այն։

Այսպիսով, Ալդերֆերը ցույց է տվել, որ կարիքների արդիականացման կարգը կարող է լինել այլ կերպ, քան Մասլոուն նշել է, և կախված է ոչ միայն իր հիերարխիայի վայրից, այլև այդ պահանջմունքների բավարարման աստիճանից, ինչպես նաև մի շարք այլ պահանջներից։

Տարբերություն Մասլոուի տեսությունից խմբագրել

Ալդերֆերի տեսությունը ունի հիմնական տարբերություն Մասլոուի տեսությունից. հիերարխիայի շարժումը կարող է իրականացվել ինչպես ներքևից վերև, այնպես էլ վերևից ներքև, այն դեպքում, երբ վերին մակարդակի պահանջմունքը չի բավարարվում։ Գոյության պահանջմունքից հնարավոր է անցնել շփման պահանջմունքին։ Բայց կարիերայի աճը կարող է դանդաղել, և կարիերայի աստիճաններով աճի ձգտման փոխարեն մարդուն կհետաքրքրեն այլ մարդկանց հետ հարաբերությունները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Design in the Manufacturing Firm syllabus University of Washington Industrial Engineering course syllabus. Retrieved on 07-17-2011.

Գրականություն խմբագրել