Ալբիգոյցիներ (ֆր.՝ Albigeois)՝ աղանդավորներ հարավային Ֆրանսիայում 12-13-րդ դարերում։ Հարում էին կաթարների և վալդենսների աղանդներին։ Ալբիգոյցիների անվան առաջացումը վիճելի է։ Սովորաբար այն կապում են Ալբի (լատին․՝ Albiga) քաղաքի անվան հետ, որտեղ, ըստ ենթադրության սկիզբ է առել այս շարժումը։ Որոշ պատմաբաններ բխեցնում են ալբանացիներ (Albanenses) բառից քանի որ կաթարների հերձվածը տարածվել է Բալկանյան թերակղզուց։ Ենթադրվում է, որ Ալբիգոյցիների վրա ներգործել է Թոնդրակեցիների աղանդը։ Ալբիոյցիները աշխարհը, ներառյալ կաթոլիկ եկեղեցին, համարում էին սատանայի ստեղծածը, ժխտում էին կրոնական հիմնական դոգմաները, պահանջում վերացնել եկեղեցական հողատիրությունն ու տասանորդը։ Նրանց հիմնական զանգվածը արհեստավորներ ու գյուղացիներ էին։ Շարժմանը հարում էր նաև տեղական ազնվականության մի մասը՝ եկեղեցու հարստությանը տիրանալու ակնկալիքով։ Աբիգոյցիներին ջախջախեցին և գրեթե ոչնչացրին պապության նախաձեռնած խաչակրաց արշավանքների ժամանակ (1209-1229 թթ.)։ Ալբիգոյցիները վերացան 14-րդ դարում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148