Ազգանվան մասին օրենք (թուրք․՝ Soyadı Kanunu), թիվ 2525 օրենք, ըստ որի՝ յուրաքանչյուր թուրք քաղաքացի պետք է ունենա ազգանուն։ Օրենքն ընդունվել է 1934 թվականի հունիսի 21-ին[1], 1934 թվականի հուլիսի 2-ին հրատարակվել է Պաշտոնական թերթում (Resmi Gazete) և 1935 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ է մտել։ Այս օրենքի ընդունումից հետո Թուրքիայում ազգանունը դարձել է մարդկանց ինքնության կարևոր և անբաժան մասը։ Ազգանվան մասին օրենքը քեմալական բարեփոխումներից մեկն էր։

Աթաթուրքի անձնագիրը Ազգանվան մասին օրենքի ընդունումից հետո

Համաձայն օրենքի՝

  • գրելիս, ասելիս և ստորագրելիս նախ պետք է ասվեր անունը, ապա ազգանունը,
  • անթույլատրելի էին անպարկեշտ և ծիծաղելի ազգանունները, չէր թույալտրվում նաև օգտագործել ցեղերի, օտար ազգերի և էթնիկ խմբերի, կոչում և պաշտոն մատնանշող անունները որպես ազգանուն։ «Պատմական անունների» կիրառումն առանց ծագումնաբանական հստակ ապացույցների արգելված էր։

Ազգանուն ընտրելու իրավունք է ունեցել ընտանիքի ավագ տղամարդը, մինչև որ այս օրենքը չեղարկվել է 2013 թվականին։ Սակայն տղամարդու բացակայության, մահվան կամ մտավոր անկարողության պատճառով ազգանուն կարող էր ընտրել կինը[2]։

Օրենքի նպատակն էր վերացնել այն խտրականությունը, որն առաջանում էր մարդկանց կրոնական, սոցիալական կամ ընտանեկան կոչումներից, որոնք օգտագործվում էին ազգանվան փոխարեն, միևնույն ժամանակ՝ վերացնելով այն խառնաշփոթը, որն առաջանում էր զորակոչման, աշխատանքի, դպրոց ընդունվելու ժամանակ և այլ իրավիճակներում։ Այս օրենքին հաջորդած և նոյեմբերի 26-ին ընդունված թիվ 2590 օրենքով արգելվել է օգտագործել «աղա», «հաջի», «հաֆըզ», «հոջա», «էֆենդի», «բեյ», «բեյէֆենդի», «հանըմ», «հանըմէֆենդի», «փաշա», «հազրեթ» և այլ նմանատիպ կոչումներ և մականուններ[3]։

Ազգանվան մասին օրենքի ընդունումից 5 ամիս հետո՝ 1934 թվականի նոյեմբերի 24-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից միաձայն ընդունված թիվ 2587 օրենքով հանրապետության նախագահ Մուսթաֆա Քեմալին տրվել է «Աթաթյուրք» (թուրքերի հայր) ազգանունը[4]։ 1934 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված օրենքով արգելվել է ցանկացած ուրիշ անձի կրել այդ ազգանունը[5]։ Ուստի Մուսաթաֆա Քեմալի քույր Մաքբուլեն վերցրել է այլ ազգանուն՝ «Աթադան»։

Օրենքի՝ «օտարազգիների անունների» օգտագործումն արգելող 3-րդ հոդվածը վեճերի և դատական գործընթացների պատճառ է դարձել, քանի որ այն հակասում էր սահմանադրության 10-րդ հոդվածում հիշատակվող հավասարության սկզբունքին[6]։ Համաձայն այդ հոդվածի՝ հայկական -յան, -իան, սլավոնական -ոֆ, -ով, -վիչ, -իչ, հունական -իս, -դիս, -պուլոս, -ակի, պարսկական -զադե, արաբական -մահդումու, -վելեդ, -բին վերջածանցների գործածությունն անթույլատրելի էր։ Ավելին՝ միևնույն շրջանում նույն ազգանունից չպետք է լիներ, նման դեպքերում ազգանունը պահպանում էր այն ընտանիքը, որն առաջինն էր գրանցել այն[7]։

Արդյունքում շատ հույներ, բուլղարներ, ալբանացիներ, բոսնիացիներ, հրեաներ, արաբներ, հայեր, ասորիներ, վրացիներ և քրդեր ստիպված են մինչ օրս օգտագործել թուրքական ազգանուններ՝ հաճախ պարզապես թարգմանելով իրենց իրական ազգանունները կամ էլ փոխարինելով, օրինակ, պոնտական հունարեն «-իդես» (ինչ-որ մեկի որդի) ածանցը թուրքական «-օղլու»-ով (Մուրադօղլու, Միթրօղլու, Քազանցօղլու և այլն)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թուրքիայի Հանրապետության պատմություն. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. 2014. ISBN 9785808418912. OCLC 894200866.
  2. Turkoz, Meltem (2004). «The Social Life of the State's Fantasy: Memories and Documents on Turkey's Surname Law of 1934».
  3. «Mecliste büyük bir gün: Sınıf farkını gözeten unvanlar yıkıldı». Milliyet: 1. 27 Kasım 1934.
  4. Isteataturk.com sitesi. Erişim tarihi: 05.08.2011
  5. «Soyadı 'Atatürk'». Hürriyet. 27 Temmuz 2002. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 25 Temmuz 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |ad1= ignored (օգնություն); Unknown parameter |soyadı1= ignored (օգնություն)
  6. «Türkiye'de yabancı Soyadı Yasak, Demokrathaber.net sitesi. Erişim tarihi: 12.07.2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Turkoz, Meltem (2007). «Surname narratives and the state–society boundary: Memories of Turkey's family name law of 1934». Middle Eastern Studies. 43 (6): 893–908. doi:10.1080/00263200701568253.

Արտաքին հղումներ խմբագրել