Մեքսիկայի ազգային պալատ (իսպ.՝ Palacio Nacional), դաշնային գործադիր մարմնի նստավայրը Մեքսիկայում։ Տեղակայված է Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ Սահմանադրության հրապարակում («Սոկալո»)։ Այս վայրը Մեքսիկայի իշխող դասի համար պալատ է եղել դեռևս ացտեկական կայսրության ժամանակաշրջանից և պահպանել է Մոնթեսումա II-ին պատկանող շենքի բնօրինակ կառույցի շինանյութերը։

Ազգային պալատ
Տեսակպալատ և political institution?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
Ճարտարապետական ոճբարոկկո
Շինանյութcantera?, tezontle? և կրաքար
ԲնակիչՄեքսիկայի նախագահ
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Հիմնադրված է1522
Քարտեզ
Քարտեզ

Ներկայիս համալիր խմբագրել

Ազգային պալատը կառավարական շենք է[1], զբաղեցնում է Սոկալոյի արևելյան հատվածի 200 մետր 2 տարածք[2][3],: Այս շենքում են գտնվում նաև Մեքսիկայի դաշնային գանձարանը և Մեքսիկայի ազգային արխիվը[2]։

Նկարագրություն խմբագրել

Շենքի ճակատային հատվածը հյուսիսից և հարավից եզրապատված է երկու աշտարակներով, ունի երեք հիմնական դռներ, որոնցից յուրաքանչյուրը տանում է շենքի տարբեր հատվածներ[1]։ Հարավային դուռը տանում է դեպի Patio of Honor և նախագահական գրասենյակներ (հանրային մուտքն արգելված է)[2], հյուսիսային դուռը հայտնի է որպես Մարիանոյի դուռ, անվանվել է ի պատիվ մեքսիկացի ռազմական և քաղաքական գործիչ Մարիանո Արիստայի, ով կառուցել է այն 1850 թվականին։ Այս դռանը կից գտնվում է հին դատական բանտը՝ դատական և խոշտանգումների սենյակներով։ Ներկայումս սենյակը զբաղեցնում է ֆինանսների նախարարը։ Այստեղ է գտնվում գանձապետարանը, որը նախագծել է ճարտարապետ Մանուել Օրտիս Մոնաստերիոն և Վիսենտե Մենդիոլան։ Երկաթե և բրոնզե դռան հեղինակն է Ավգուստո Պետրիչիոլին[1]։

 
Ազգային պալատը գիշերով

Դեպի Սոկալո հրապարակ նայող կենտրոնական դռան վերևում է գտնվում հիմնական պատշգամբը, որտեղից սեպտեմբերի 15-ին մինչև ժամը 23.00 Մեքսիկայի նախագահը իրականացնում է «Դոլորեսի կանչը» արարողակարգը՝ ի հիշատակ Մեքսիկայի անկախության պատերազմի։ Արարողակարգի մաս է կազմում պատշգամբի վերևում կախված զանգերի ղողանջը։ Սա հենց այն զանգն է, որով Միգել Իդալգո ի Կոստիլյան հնչեցրել է Իսպանիայի դեմ ապստամբության կոչը։ Ի սկզբանե զանգը եղել է Գուանախուատոյի Դոլորես Իդալգո եկեղեցում, որտեղից էլ տեղափոխվել է պալատ։ Խորշում, որտեղ գտնվում է զանգը, պատկերված է Մեքսիկայի զինանշանը, որի յուրաքանչյուր կողմում ացտեկական արծիվ ասպետն է իր իսպանական կրկնորդի հետ։ Այն հեղինակել է Մանուել Սենտուրիոն և խորհրդանշում է մեքսիկական և իսպանական մշակույթների սինթեզը[1]։

 
Պատշգամբը, որտեղից Մեքսիկայի նախագահն անկախության օրը հանդես է գալիս ամենամյա Grito de Dolores կոչով, և Գուանախուատոյի Դոլորես Իդալգո եկեղեցու զանգը

Կենտրոնական դուռը տանում է դեպի հիմնական ներքին բակ՝ շրջապատված բարոկկո ոճի կամարներով։ Այստեղ ձևափոխվել է ճաղաշարքը, պահպանվել են Դիեգո Ռիվերայի ստեղծած որմնանկարները, որոնք զարդարում են հիմնական աստիճանավանդակը և երկրորդ հարկի պատերը։ Աստիճանավանդակի մոտ պատկերված է 1521-1930-ական թվականների Մեքսիկայի պատմություններից որմնանկարներ[1], որոնք զբաղեցնում են 450 մ2 տարածք[3]։ Որմնանկարները ստեղծվել են 1929 և 1935 թվականներին, միասին կոչվում են «Մեքսիկական ժողովրդի դյուցազներգությունը»[1]։ Աշխատանքներից յուրաքանչյուրն առանձին գործ է։ Աջ կողմի պատի որմնանկարներն արտացոլում են նախաիսպանական Մեքսիկան, կենտրոնանում ացտեկական Կետզալկոատլ աստծո վրա, ով որմնանկարում պատկերված է որպես աստղ, աստված, անմարդկային էակ։ Ստեղծվելով սողուններից՝ նա նավարկում է տիեզերքում որպես գիշերով արևին ուղեկցող աստղ։ Մարդկային կերպար ստանալով՝ նա հանդես է գալիս որպես ացտեկների թագավոր։ Վերջում, երբ նա իր արյունը թափում է հանուն մարդկանց, վերադառնում է երկինք՝ կատարելով իր երկրային պտույտը։ Երկինք վերադառնալով՝ Կետզալկոատլն ստանում է առավոտյան Tlahuizcalpantecuhtli աստղի տեսք։ Նրա անցած պտույտը կյանքի շարունակական պտույտն է։ Ռիվերայի ստեղծած մեքսիկական ինքնությունը օգնում են շարունակելու 1910 թվականի Մեքսիկական հեղափոխության ժամանակ սկսված բարեփոխումները։ Նախքան սա ցանկացած հնդկական անհատականություն չէր խրախուսվում, ինչպես նաև ացտեկական ծագման ցանկացած ակնարկ։ Որմնանկարի նպատակն է վանել թերարժեքության ցանկացած գաղափար[4]։

Մեջտեղի ամենամեծ վահանակին պատկերված է իսպանական նվաճումը՝ տգեղ տեսարաններով, ինչպիսիք են բռնաբարության և խոշտանգումների, նաև բնիկների իրավունքները քահանաների պատկերներ։ Անկախության պատերազմը պատկերված է կամարի վահանակի ամենաբարձր հատվածում, որից ներքև ներկայացված են Մեքսիկա-ամերիկյան պատերազմը, ֆրանսիական արշավանքները, բարեփոխումների շրջանը և հեղափոխությունը։

Ձախ կողմի վահանակը նվիրված է 20-րդ դարի սկզբներին և կեսերին՝ քննադատելով ստատուս քվոն, ներկայացնելով ուտոպիայի մարքսիստական բնույթը՝ առանձնացնելով Պլուտարկո Էլիաս Կալեսին, Ջոն Դևիսոն Ռոքֆելլերին, Հարի Ֆորդ Սինկլերին, Ուիլյամ Ջեյմս Դյուրանտին, Ջոն Պիրպոնտ Մորգանին, Կոռնելիուս Վանդերբիլտին, Էնդրյու Ուիլյամ Մելոնին և Կառլ Մարքսին։ Որմնանկարի այս հատվածում ներգրավվել է նաև Դիեգոյի կինը՝ Ֆրիդա Կալոն[1]։ Որմնանկարն արտացոլում է Դիեգոյի սեփական տեսակետները Մեքսիկայի պատմության և երկրի բնիկների վերաբերյալ[3]։

 
Դոլորես եկեղեցու զանգը
 
Ազգային պալատի կենտրոնական պատշգամբը

Դիեգոն նկարազարդել է նաև միջնահարկի 11 վահանակները, այդ թվում «Տլատելոլկոյի շուկան» ("Tianguis of Tlatelolco") և «Էռնան Կորտեսի ժամանումը Վերակրուս»։ Սրանք նախաիսպանական դարաշրջանի շարքի նկարազարդումներից են. շարքն անավարտ է[2]։

Վերնահարկում մի ժամանակ եղել է փոխարքաների թատերական սենյակը, որը 1829 թվականի օգոստոսի 22-ից մինչև 1872 թվական եղել է Մեքսիկայի պատգամավորների պալատը, սակայն սենյակն ավերվել է հրդեհից[1]։ Հենց այս պառլամենտական պալատում է գրվել1857 թվականի սահմանադրական բարեփոխումը (La Reforma)։ Այստեղ ցուցադրվում են այս և 1917 թվականի սահմանադրությունը[3]։

Պալատն ունի 14 բակ, սակայն սրանցից միայն մի քանիսն են բաց հանրության համար, այդ թվում նաև «Grand Courtyard»-ը։ Ազգային պալատում է գտնվում նաև Պետական արխիվը, որտեղ պահվում են բազմաթիվ հետաքրքիր պատմական փաստաթղթեր և մեքսիկացի պետական գործիչ Միգել Լերդո դե Տեխադայի գրադարանը, որը համարվում է երկրի ամենամեծ և կարևոր գրադարաններից մեկը[3]։

Շենքի հյուսիսային հատվածում է գտնվում Գանձապետական սենյակը և Բենիտո Խուրասի թանգարանը։ Այս երկուսի միջև է գտնվում կայսրուհու աստիճանավանդակը, որը կառուցել են Խուան և Ռամոն Ախեա եղբայրները։ Երբ նրանց ասացին, որ իրենց կառուցած սանդուղքն անկայուն է և կփլուզվի, նրանք մի ամբողջ գումարտակ տեղավորեցին սանդուղքին՝ իրենք մնալով կանգնած սանդուղքի ներքևում։ Գանձապետական սենյակն այլևս չի օգտագործվում։ Համալիրի թանգարանային հատվածում, որ եղել է Ֆինանսների նախարարություն, տեղադրված է քանդակագործ Միգել Նորնեյայի կերտած Բենիտո Խուարեսի արձանը։ Ֆինանսների նախարարության հատվածում Բենիտո Խուարեսի սենյակն է, որտեղ նախագահն ապրել է իր կառավարման վերջին փուլում և որտեղ նա մահացել է 1872 թվականի հուլիսի 18-ին։ Ննջասենյակը, հյուրասենյակը, աշխատասենյակը պահպանվել են, պահպանվել են նաև նախագահին պատկանող մի շարք առարկաներ ու իրեր[1]։

Պատմություն խմբագրել

Մոնթեսումայի «Նոր տները» խմբագրել

Շենքի վայրը, ներկայիս կառույցի շինանյութերը համարվել են Մոնթեսումայի «Նոր տները»։ Պալատը գործարկվել է որպես ացտեկ տլատոանի նստավայր, ինչպես նաև այստեղ իրականացվել են մի շարք այլ գործառույթներ։

Շենքը բաժանված է եղել երկու մասերի՝ զարդարված մարմարե և ներկված ստուկկոներով։ Հիմնական ճակատի վրա պատկերված է եղել միապետության վահանը՝արծիվը օձը ճանկերում։ Ունեցել է երեք ներքնաբակ՝ շրջապատված սյունասրահներով, ներքին սանհանգույցներով, շատրվաններով և այգիներով։ Հատակը հղկված է՝ ծածկված կենդանիների մորթով և մանր հյուսված գորգերով։ Նախատեսված են եղել սենյակներ ծառայողների, վարչական անձնակազմի և ռազմական հսկիչների համար, ինչպես նաև ճաշասենյակներ, մառաններ և պահեստային սենյակներ։ Պալատի հարստությունը զարմացրել է Կորտեսին, ով այդ մասին հայտնել է Կառլոս V կայսրին նամակով[5]։

Կորտեսի պալատ խմբագրել

 
Ազգային պալատի այգին

Էռնան Կորտեսի պահանջով ճարտարապետներ Ռոդրիգո դե Պոնտոսիլյոսը և Խուան Ռոդրիգեսը վերակառուցել են պալատը մինչ Կորտեսը բնակվել է «Հին տներում» (այժմ՝ Nacional Monte de Piedad-ի շենք)[1][2]։

Կորտեսի պալատը հսկայական բերդ էր՝ հրանոթի համար որմնանցքով։ Ճակատային հատվածն ուներ կամարներով երկու դուռ, ուներ երկու ներքնաբակ, երրորդը կառուցվել է 1554 թվականից հետո, չորրորդը՝ ավելի ուշ։ Ընդարձակ այգին զբաղեցնում էր տարածքի հարավային և հարավարևմտյան հատվածները։ Պալատն ուներ բնակելի սենյակներ, գրասենյակներ, ունկնդիրների երկու լսարան, աշտարակ վառոդի համար։ Հիմնական կառույցի հետևի երկրորդական կառույցը ճակատային հատվածում ուներ 19 պատուհան։ Ուներ նաև հողապատնեշ, որի վերևում ժամացույցն էր ու զանգը[1][2][5]։

Իսպանացի թագավորը Կորտեսների ընտանիքից պալատը գնել է 1562 թվականին Viceregal պալատի համար. շինությունն անփոփոխ է մնացել մինչև 1820-ական թվականների Մեքսիկայի անկախությունը[1][2]։

Փոխարքայի պալատ խմբագրել

 
Արքայական մատուռ

1562 թվականին արքայական ընտանիքը Էռնան Կորտեսի որդուց՝ Մարտին Կորտեսից գնել է պալատն ու հողատարածքը[5]։ Փոխարքայի և արքեպիսկոպոսի միջև լարվածության պատճառով արքեպիսկոպոսի կողմնակիցները 1624 թվականին շենքը հրդեհել են։ 1692 թվականի հունիսի 8-ին պալատը գրեթե ամբողջովին ավերվել է։ Փոխարքա Գասպար դե Սանդովալի հրամանով Ֆրիար Դիեգո Վալվերդեն վերակառուցել է պալատը[5]։ Պատմաբան Մանուել Ռիվերա Կամբասը նշում է, որ վերակառուցումից հետո պալատը կորցրել է իր բերդանման արտաքին տեսքը[1]՝ ձեռքբերելով արտաքին բարոկկո ոճ, ատամնավոր պարիսպները փոխարինվել են ճաղավանդակներ ունեցող պատուհաններով, որոնց վերնամասում փորագրվել են արձանագրություններ և զինանշանը։ Կառույցի հյուսիսային եզրում ավելացվել է երրորդ դուռը, ներքին, երկրորդական կառույցում՝ պատշգամբով փոքրիկ պատուհան։ Հարավային դուռը տանում էր դեպի "Patio of Honor" կոչվող վայր. այս հատվածում փոխարքայի սենյակներն էին։ Միջնահարկում էր գտնվում քարտուղարի գրասենյակը և փոխարքայության արխիվը, ներքևի հարկում՝ ծառայողների և սակրատեգավորների սենյակները, ինչպես նաև սնդիկի պահեստավորման ամբարը։ Patio of Honor-ը դեպի պարտեզ մուտք է ունեցել, որից օգտվել են փոխարքան և իր պալատականները։ 18-րդ դարում այն վերածվել է բուսաբանական այգու[5]։

Կենտրոնական գլխավոր բակն ունեցել է կամարակապ բարոկկո ոճի սյունաշար, որտեղից մուտք է եղել դեպի հանդիսատեսի լսարան, հարկահավաքի սենյակ, հյուպատոսական սենյակ, հանքարդյունաբերության կարգավորման գրասենյակ, գլխավոր գանձապետարան, թագավորական մատուռ և գահասենյակ[5]։

Հյուսիսային դուռը տանում է դեպի փոքրիկ բակ, որտեղ տեղավորված էին բանտը և հսկիչների սենյակները։ Պալատն անփոփոխ է մնացել մինչև 1830-ական թվականների անկախությունը[5]։

Անկախությունից հետո խմբագրել

 
Պալատը գիշերով
 
Պառլամենտական

Մեքսիկայի շատ առաջնորդներ անկախությունից հետո փոփոխություններ են կատարել փոխարքայական պալատում, այդ թվում, այն վերանվանել են «ազգային պալատ»։ Այս շենքում են տեղավորվել Մեքսիկայի առաջին նախարարությունները՝ Գույքի նախարարություն (ներքին եկամուտներ), Պատերազմական գործողությունների նախարարություն, Արդարադատության նախարարության, Ներքին և Արտաքին հարաբերությունների նախարարություններ, ինչպես նաև Գերագույն դատարանը։ Նախագահի Անաստասիո Բուստամանտեի դեմ Վալենտին Գոմես Ֆարիասի գլխավորած ապստամբության ընթացքում տասներկուօրյա պաշարման ժամանակ հարավարևմտյան ճաղաշարքը լրջորեն վնասվել է։ 1845 թվականին կառուցվել է պատգամավորական պալատը, որի հարավային հատվածի վերնահարկում եղել է Սենատը։ 1850 թվականին Մարիանո Արիստան հին հյուսիսային բանտի դուռը փակել է և կառուցել ներկայիս հյուսիսային դուռը։ Հյուսիսային թևը նա վերափոխել է զորանոցի՝ Գերագույն տերերի համար հսկիչների գումարտակի (Batallón de Guardia de Supremos Poderes)։ 1864 թվականին Մաքսիմիլիան I-ը երեք գլխավոր դռների վրա տեղադրել է դրոշակափողեր։ Կենտրոնական դռան վրա Մեքսիկայի դրոշն էր, հյուսիսային վրա՝ Ավստրիայի դրոշը, հարավայինի վրա՝ Ֆրանսիայի դրոշը։ Նրա հանձնարարությամբ Լորենցո դե լա Իդալգան կառուցել է մեծ մարմարե սանդուղք, որը գտնվում է հարավային հատվածի Պատվո բակում, ինչպես նաև հանրային սենյակները ծածկել է առաստաղով, կահավորել նկարներով, աշտանակներով։ Ի տարբերություն նրա՝ Բենիտո Խուարեսը ընտրել է պալատի հյուսիսային հատվածը և ոչ թե ավանդական հարավայինը[5]։

1877 թվականին Ներքին եկամուտների և ֆինանսների քարտուղարը՝ (Secretaría de Hacienda y Credito Público) Խոսե Լիմատուրը, գրասենյակները տեղափոխել է շենքի հյուսիսային հատված։ 1896 թվականին Գուանախուատոյի Դոլորես եկեղեցու զանգը տեղափոխվել է պալատ[5]։

 
Դիեգո Ռիվերայի ստեղծած Մեքսիկայի պատմությունն արտացոլող որմնանկարի մի մասը հիմնական աստիճանասանդուղքի մոտ
 
Ռիվերայի ստեղծած Մեքսիկայի պատմությունն արտացոլող որմնանկարի ձախ վահանակը

Մի շարք փոփոխություններ են կատարվել Պորֆիրիո Դիասի օրոք։ Անգլիացիների պատրաստած ժամացույցը ցածրիկ եզրապատից տեղափոխվել է Սամտո Դոմինգո եկեղեցու աշտարակի վրա։ Ճակատային հատվածը ցեմենտապատվել է, վերնահարկի պատուհանների մոտ տեղադրվել են շորե ծածկեր, հիմնական դռան պատվանդանի մոտ՝ կնոջ կերպարանքով արձանիկներ։ Վերակահավորվել են դեսպանի սենյակը, ճաշասենյակը, խոհանոցը, հանգստի սենյակը, ավտոտնակները և ախոռները։ Այս ամենը կատարվել է այն ժամանակ, երբ Մեքսիկայում գերիշխում էր ֆրանսիական ոճը[5]։

1926-1929 թվականներին նախագահ Պլուտարքո Էլիաս Կալլեսի կառավարման ժամանակ ավելացվել է երրորդ հարկը[1][3]։ Աշտարակների և եզրապատերի վրա տեղադրվել են ատամնավոր պարիսպներ, երեք դռների վրա տեղադրվել են դեկորատիվ «գլխարկներ»։ Դոլորեսից բերված զանգն ամրացվել է կենտրոնական դռան վերևի պատշգամբի խորշում։ Շենքի արտաքին տեսքը պատված է tezontle քարով, դռները, պատուհանները, քիվերը ունեն քարե շրջանակներ։ Ներսում՝ կենտրոնական նախասրահում, տեղադրվել է մարմարե աստիճանասանդուղք, (որտեղ Դիեգո Ռիվերան հետագայում ստեղծել է «Մեքսիկայի պատմություն» որմնանկարը), կառուցվել են աստիճաններ դեպի ներքին եկամուտների բաժին և դեպի հյուսիսային հատվածում գտնվող գանձապետարան։ Պատգամավորների հին պալատը 1872 թվականի հրդեհից հետո լքվել է և վերակառուցումից հետո վերածվել է թանգարանի։ Հյուսիսային հատվածում տեղադրվել է Բենիտո Խուարեսի արձանը։ Արձանը ստեղծվել է պահպանողական բանակի թնդանոթների բրոնզից և Պուեբլայի ճակատամարտի արկերից[5]։

Պալատը որպես նախագահական նստավայր խմբագրել

Գաղութային ժամանակաշրջանում Նոր Իսպանիան ղեկավարած բոլոր փոխարքաները, բացառությամբ առաջին և վերջին փոխարքաների՝ Անտոնիո դե Մենդոսայի և Խուան Օ՛Դոնոխուի, ապրել են այս նստավայրում[6]։ Անկախությունից հետո պալատում են ապրել Մեքսիկան կարճ ժամանակահատված ղեկավարած երկու կայսրեր՝ Ագուստին I-ը և Մաքսիմիլան I-ը։ Առաջին նախագահը, ով ապրել է պալատում եղել է Մեքսիկայի առաջին նախագահ Գուադալուպե Վիկտորիան, իսկ վերջինը՝ Մանուլ Գոնսալես Ֆլորեսը, ով նախագահել է 1880-1884 թվականներին։ Ներկայիս նախագահական նստավայր է համարվում Լոս Պինոսը[1]։

2014 թվականի վնասներ խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 8-ին անարխիստները վնասել են պալատի ճակատային հատվածը և պատուհանները գրաֆիտիներով և կոտրելով պատուհանները, այրել են Մարիանոյի դռան հատվածը, այն կոտրելու անհաջող փորձից հետո։ Պատմության և մարդաբանության ազգային ինստիտուտը (INAH) ձեռնարկել է պալատի վերականգնումը և ներկայացրել է վնասների ծախսերը[7][8][9][10]։

Հնագիտական աշխատանքներ խմբագրել

Մեխիկոյի մետրոյի 2-րդ գծի շինարարության աշխատանքների, պատմական կենտրոնի շատ շենքերի խորտակման հետ կապված պալատի հիմնական կառուցվածքը տուժել է և պահանջվում է շենքի հիմքի ապահովման աշխատանք, մասնավորապես երրորդ հարկում, կենտրոնական նախասրահում, Պատվո սրահում։ Կատարվող աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են փոխարքայական պալատի հին սյուների հիմքերը, որոնցից երկուսը վերականգնվել են այն վայրում, որտեղ նրանք գտնվել են։ Հայտնաբերվել են նաև հին մայրու գերաններ, որոնք օգտագործվել են առաջին հարկի հիմքը ձևավորելու համար[5]։

Պալատի ներսում և նրան կից վերջին պեղումների ժամանակ հայտնաբերել են Մոնթեսումայի «Նոր տների» մասերը։ Հյուսիսային հատվածում պալատին կից ներկայիս մշակույթի թանգարանի տարածքի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են պատի հատվածներ և բազալտե հատակ։ Ենթադրվում է, որ պատը և հատակը պատկանել են Կասա դենեգրիդային, կամ Սև տանը, որը իսպանացի նվաճողները նկարագրվում էին որպես սև ներկված առանց պատուհանների տուն։ Այստեղ Մոնթեսուման խորհրդածում էր պայծառատեսների և շամանների պատմածների շուրջ[1][11]։

 
Ազգային պալատի շատրվանը

Շենքի նշանակություն խմբագրել

Նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոյի կայքէջում Կառլոս Ֆուենտեսն ազգային պալատն անվանել է «ճամփորդող և անշարժ շինություն»[12]։ Ճամփորդող բառը օգտագործել է, քանի որ շենքի ճարտարապետական ոճը իսպանական է և խորհրդանշում է իսպանական քաղաքակրթության տրանսպլանտացիան Նոր Աշխարհ։ Անշարժ է այն առումով, որ ացտեկների ժամանակներից եղել է երկրային քաղաքական իշխանության նստավայր, նախ որպես ացտեկ տլատոանի պալատ, այնուհետև՝ իսպանական փոխարքաների, ապա Մեքսիկայի պետության ղեկավարների[12]։

Շենքը ինքնին ներկայացնում է մեքսիկացի ժողովրդին որպես իսպանացիների և ացտեկների խառնուրդ։ Հին պալատն ավերվել է, որպեսզի կառուցվի նորը, բայց երկուսն էլ կառուցվել է հենց նույն քարից։ Ըստ Սեդիլյոյի՝ սա ներկայացնում է մի բան, որն այնքան էլ ացտեկական չէ, բայց ոչ էլ իսպանական է։ Այս նույն քարերը եղել են Մեքսիկայի բոլոր խոշոր պատմական իրադարձությունների ժամանակ և տեսել են՝ ինչպես են իրենց վրա ծածանվում օտարերկրյա դրոշներ[12]։

Մեքսիկայի Անկախության օրվա նախօրեին Ազգային պալատը հիմնական իրադարձության կենտրոնում է գտնվում։ Այստեղ գտնվող հայր Իդալգոյի հնչեցրած զանգով նախագահը պատշգամբից հնչեցնում է Grito de Dolores-ը։ Նա նաև հիշատակում է, որ Անկախության օրվա նման նախօրեներից մեկի ժամանակ 1964 թվականին գեներալ Շառլ դը Գոլը պալատից ժողովրդի հետ խոսել է իսպաներեն։ Նախագահը նշում է, որ սա հավաստում է, որ պալատը նաև երկրի բարեկամներին ողջունելու վայր է[12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Galindo, Carmen; Magdelena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. ISBN 968-5437-29-7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Noble, John (2000). Lonely Planet Mexico City. Oakland, California: Lonely Planet Publications. ISBN 1-86450-087-5.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Mexico City - National Palace». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Diego Rivera Mural Monumental Stairway in Mexico's National Palace Mexico City, D.F.». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Jose Rogelio Alvarez, ed. (1993). «Palacio Nacional». Enciclopedia de Mexico. Vol. 10. Mexico City: Encyclopædia Britannica. էջեր 6141–2. ISBN 968-457-180-1.
  6. Bueno de Ariztegui (ed), Patricia (1984). Guia Turística de Mexico – Distrito Federal Centro 3. Mexico City: Promexa. էջեր 50–54. ISBN 968-34-0319-0. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  7. Televisa, Noticieros (2014 թ․ նոյեմբերի 9). «Evalúa INAH daños a puerta de Palacio Nacional». Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  8. Televisa, Noticieros (2014 թ․ նոյեմբերի 9). «Prenden fuego a la puerta Mariana de Palacio Nacional». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Arde puerta principal de Palacio Nacional tras la marcha al Zócalo por normalistas - La Jornada». Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  10. «INAH presentará denuncia por puerta de Palacio Nacional». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  11. Siddique, Haroon (2008 թ․ հունիսի 10). «Archaeologists uncover Aztec palace in Mexico City». The Guardian. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «The National Palace: A Traveling, Unmovable structure». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել