Ազգային գեղարվեստական պատկերասրահ

Ազգային գեղարվեստական պատկերասրահ (ռուս.՝ Национальная художественная галерея), Կերպարվեստի հանրապետական թանգարանի կառուցվածքային ստորաբաժանում Յոշկար Օլա քաղաքում։ Բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին։ Մարի Էլի նկարիչների ստեղծագործությունների մշտական ցուցադրություններից բացի, այստեղ պարբերաբար անցկացվում են Ռուսաստանի և աշխարհի տարբեր երկրների թանգարանների, ինչպես նաև մասնավոր հավաքածուների ցուցահանդեսներ։

Ազգային գեղարվեստական պատկերասրահ
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրՅոշկար Օլա
Հիմնադրվել էնոյեմբերի 4, 2007
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պատկերասրահը բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին՝ «Ժամանակի դեմքերը» ցուցահանդեսով, որի ընթացքում հանրապետության խոշորագույն թանգարանների հավաքածուներից ներկայացվել է Մարի Էլի մշակութային ժառանգությունը։ Բացումը հարմարեցվել էր Ժողովրդական միասնության և Մարի Էլ հանրապետության օրվա տոնակատարությունների հետ։ 2007 թվականին պատկերասրահում անցկացվել է «Թանգարան։ Երաժշտություն։ Երեխաներ» համառուսաստանյան բարեգործական նախագիծը, որը նվիրված էր ծնողազուրկ երեխաներին։ 2008 թվականի վերջին պատկերասրահում անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի նախագահության ընդլայնված նիստը։ 2010 թվականի գարնանը պատկերասրահում իր աշխատանքներն է սկսել «Ռուսական թանգարան. վիրտուալ մասնաճյուղ» տեղեկատվական կրթական կենտրոնը։ 2011 թվականի աշնանը անցկացվել է «Քաղաքի պատկերը, կերպարանափոխված Յոշկար Օլա, Պովոլժիեի մարգարիտը» ստեղծագործական ակցիան։ Մասնակցել են 24 պրոֆեսիոնալ նկարիչներ Մոսկվայից, Պերմի երկրամասից և Մերձվոլգյան Դաշնային օկրուգից։ Մասնակիցները պատկերել են Յոշկար Օլայի ձևավորվող ճարտարապետական կերպարը։ Նախագծի արդյունքում կազմակերպվեց համանուն ցուցահանդես, և թանգարանային ֆոնդերը համալրվեցին շուրջ 100 միավորով։ Նույն թվականին գեղարվեստի ազգային պատկերասրահի բազայի վրա բացվել է տարբեր սոցիալական և ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների և պատանիների Ռեսուրսային կենտրոն, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Ռուսական պետական թանգարանի ծրագրերը հեռավար ձևաչափով։

Պատկերասրահում անցկացվել են ռուս-շվեյցարացի նկարիչ Ալեքսանդր Բենուա դի Ստետտոյի անհատական ցուցահանդեսը, Կալինինգրադի սաթի թանգարանի ֆոնդերի «Բալթիկայի ոսկին» ցուցահանդեսը, Զուրաբ Ծերեթելիի անհատական ցուցահանդեսը, Սալվադոր Դալիի ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Շենք խմբագրել

Պատկերասրահի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Օբոլենսկի-Նագոտկովի հրապարակում, որը կոչվել է առաջին վոյեվոդ Ցարեվոկոկշայսկու պատվին, որտեղ էլ տեղադրված է նրա ձիարձանը։ Կառուցվել է Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական ոճով 2007 թվականին։ Շենքի վրա գերիշխող դիրք է զբաղեցնում ժամացույցներով աշտարակը։ Ժամացույցի վերին ձախ անկյունում բացվող դռնակներից հայտնվում է Աստվածամոր պատկերը, այնուհետև ներքևի ձախ անկյունից շարժվում է ավանակը, որը խորհրդանշում է Աստվածամոր մուտքը մարիական երկիր։ Ավանակը մտնում է ներքևի աջ դարպասը, դրանք փակվում են, իսկ վերին աջ անկյունում նորից հայտնվում է Երկնային Թագուհու օրհնված կերպարը։

Պատկերասրահի ցուցասրահները համալրված են ահազանգման, ջեռուցման, հրդեհաշիջման և լուսավորության ժամանակակից համակարգերով։ Մշտական ցուցադրություններից բացի, պատկերասրահում պարբերաբար անցկացվում են տարբեր թանգարանների և մասնավոր հավաքածուների ցուցահանդեսներ։ Ժամանակակից սարքավորումների առկայության շնորհիվ պատկերասրահում համապատասխան պայմաններ են ստեղծվել աշխարհի և Ռուսաստանի լավագույն պատկերասրահների կտավների ցուցահանդեսների կազմակերպման համար։ Այստեղ ցուցադրվում էին Ռուսաստանի ամենախոշոր թանգարանների հավաքածուները՝ Պետական Էրմիտաժի, Ռուսական պետական թանգարանի, Կրոնի պատմության պետական թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի, Պետական պատմական թանգարանի, Ա. Ա. Բախրուշինի անվան թատերական պետական թանգարանի և այլն։ Պատկերասրահի այցելուները ծանոթանում էին Չինաստանի, Էստոնիայի, Ճապոնիայի արտասահմանյան արվեստի գործերին։ Այդ երկրների դեսպանությունների մասնակցության շնորհիվ կազմակերպվում էին ցուցահանդեսային նախագծեր՝ «Երկնային վիշապի արվեստը», «Վան Սյուլին։ Բնանկար», «Ճապոնական ավանդական տիկնիկներ և խաղալիքներ», «Ժամանակակից ճապոնացի վարպետների գեղեցիկ ստեղծագործությունների ցուցահանդես», «Գրիմ եղբայրների հեքիաթների նկարազարդումները էստոնացի նկարիչների կողմից», «Ունիվերսումի խորհրդանիշերը», «Ֆլորենցիա։ Կարոտ», «Bonjour, Paris»:

2010 թվականի ապրիլին պատկերասրահի հրապարակներից մեկում բացվեց Ռուսական թանգարանի վիրտուալ մասնաճյուղ, իսկ 2011 թվականին սկսեց տեղեկատվական կրթական գործունեություն իրականացնել Ռեսուրսային կենտրոնը։ Միավորելով տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող երեխաների՝ այն հնարավորություն է տալիս նրանց առանց տանից դուրս գալու դիտել և ուսումնասիրել Ռուսական թանգարանի ցուցադրությունները։

Ցուցադրություններ խմբագրել

Պատկերասրահում գործում է «Մարիական կոլորիտ» (մարիներեն՝ Марий тӱс) անվանումով մշտական ցուցադրությունը։ Ցուցադրությունում ներկայացվում են մարիական ասեղնագործական աշխատանքներ, զարդարանքի առարկաներ, ժողովրդական տարազ, Կերպարվեստի հանրապետական թանգարանի ֆոնդերի բնանկարներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Марий Тÿс» - «Марийский колорит»». Республиканский музей изобразительных искусств. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Афиша галереи. Сайт Республиканского музея изобразительных искусств.
  • Галерея. Сайт Республиканского музея изобразительных искусств.