Ազատ ծրագրային ապահովում

Ազատ ծրագրակազմը (free software կամ software libre) այն ծրագրակազմն է, որը կարելի է առանց սահմանափակման օգտագործել, հետազոտել ու ձևափոխել, որը կարելի է պատճենել և տարածել ձևափոխված կամ չձևափոխված վիճակում առանց սահմանափակման կամ նվազագույն սահմանափակմամբ, որի միակ նպատակն է նույն հնարավորությունն ապահովել հետագա օգտվողներին և թույլ չտալ սարքակազմ արտադրողներին զրկելու գործածողներին իրենց սարքակազմը ձևափոխության ենթարկելու հնարավորութունից։ Ազատ ծրագրակազմը հիմնականում լինում է անվճար։

Գործնականում՝ ծրագրակազմն ազատ կերպով տարածելու համար օգտվողը պետք է ստանա նաև ծրագրի՝ մարդու համար ընթերցելի տարբերակը (ելակոդը)՝ վերոհիշյալ թույլտվությունը տրամադրող ծանուցման հետ միասին։ Ծանուցումը կարող է ունենալ «ազատ ծրագրակազմի արտոնագիր» տեսքը, կամ էլ այնտեղ նշվի, որ ելակետային կոդը տեղադրված է հանրային տիրույթում (public domain)։

Ազատ ծրագրակազմի հիմնադրամի պատկերանիշ

Ազատ ծրագրակազմի շարժումը 1983 թ. նախաձեռնել է Ռիչարդ Սթոլմանը՝ համակարգիչ գործածողների «ծրագրակազմային ազատության» պահանջը բավարարելու և նրանց այդ արտոնությունից օգտվելու հնարավորություն տալու նպատակով[1]։ 1985 թ. հիմնվել է Ազատ ծրագրակազմի հիմնադրամը՝ ապահովելու այն կազմակերպական կառույցը, որը, Սթոլմանի իրականացած կանխատեսմամբ՝ անհրաժեշտ էր լինելու ազատ ծրագրակազմի նրա գաղափարներն առաջ տանելու համար։

1998 թվականից կիրառվում են ազատ ծրագրակազմի այլընտրանքային կանոնները։ Առավել տարածված են «ազատ ծրագրակազմի» ("software libre"), «ազատ և բաց աղբյուրի ծրագրակազմի» ("free and open source software" ("FOSS")) and «ազատ, ձրի և բաց աղբյուրի ծրագրակազմի» ("free, libre and open source software" ("FLOSS")) համակարգերը։ 2005 թ. հիմնվել է Ազատ ծրագրակազմի իրավական կենտրոնը՝ FLOSS-ը պաշտպանելու և առաջ տանելու նպատակով[2]։ Ազատ ծրագրակազմի հականիշը «արտոնագրված ծրագրակազմ» ("proprietary software") կամ «անազատ ծրագրակազմն» է։

Ռիչարդ Սթոլմանը

Ազատ ծրագրակազմը, որը կարող է տարածվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով, տարբերվում է «ձրի ծրագրակազմից» ("freeware"), որն իր սահմանմամբ օգտագործման համար վճար չի ենթադրում։ Ձրի ծրագրակազմի հեղինակները կամ սեփականատերերը, որպես կանոն, բոլոր այլ իրավունքները վերապահում են ծրագրակազմին։ Ձրի ծրագրակազմ գործածողները, ընդհանուր առմամբ, չեն կարող հետազոտել, ձևափոխել կամ վերաբաշխել այն[3][4]։

Քանի որ ազատ ծրագրակազմը կարելի է ազատորեն վերաբաշխել, այն, ընդհանուր առմամբ, մատչելի է փոքր վճարով կամ անվճար։ Ազատ ծրագրակազմի բիզնես մոդելները հիմնվում են այնպիսի ավելացված արժեքների վրա, ինչպիսին են աշխատածրագրերը (applications), աջակցումը, վերապատրաստումը, ընտրակայումը (customization), ինտեգրումը կամ արտոնագրումը։ Միաժամանակ որոշ բիզնես մոդելներ, որոնք գործ ունեն «արտոնագրված ծրագրակազմի» հետ, անհամատեղելի են ազատ ծրագրակազմի հետ։ Այդպիսին են այն մոդելները, որոնց պարագայում գործածողը պետք է վճարի արտոնագրի համար, որպեսզի կարողանա օրինականորեն օգտվել ծրագրակազմից։

Ազատ ծրագրակազմի արտոնագրեր խմբագրել

Բոլոր ազատ ծրագրակազմերի արտոնագրերը պետք է գործածողի համար ապահովեն վերոհիշյալ բոլոր ազատությունները։ Սակայն եթե աշխատածրագրերի արտոնագրերը համատեղելի չլինեն, ծրագրերի միավորումը՝ ելակետային կոդը միախառնելով կամ ուղղակիորեն կապակցելով երկուականները, խնդրահարույց է արտոնագրերի տեխնիկական սահմանափակումների պատճառով։ Անուղղակիորեն միմյանց միացված ծրագրերը կարող են խուսափել այս խնդրից։ Ազատ ծրագրակազմերի մեծ մասն օգտվում է փոքր թվով արտոնագրերից։ Դրանցից առավել տարածված են հետևյալները.

Ազատ ծրագրակազմի հիմնադրամը (ԱԾՀ) և Բաց աղբյուրների նախաձեռնությունը (ԲԱՆ) հրապարակում են այն արտոնագրերի ցուցակը, որոնք, նրանց կարծիքով, համապատասխանում են ազատ ծրագրակազմի և բաց աղբյուրի նրանց սեփական սահմանմանը։

ԱԾՀ ցուցակը համապարփակ չէ, կարող են լինել ազատ արտոնագրեր, որոնց մասին ԱԾՀ-ն չի լսել կամ բավականաչափ չի կարևորել։ Ուստի կարող են լինել ազատ, սակայն ԱԾՀ ցուցակից դուրս մնացած արտոնագրեր։ Մինչդեռ ԲԱՆ ցուցակը համապարփակ է։ Նրանք ընդգրկում են այն արտոնագրերը, որոնք ներկայացված, քննարկված և հաստատված են։ Հաստատման այս ձևական գործընթացով է սահմանվում արտոնագրի բաց աղբյուր լինելը։ Այսպիսով, հնարավոր չէ, որ արտոնագիրը լինի բաց աղբյուրի տեսակի և ընդգրկված չլինի ԲԱՆ-ի հաստատած ցուցակում։

Բացի այս երկու կազմակերպություններից, ոմանց կարծիքով, Դեբիան նախագիծը նույնպես օգտակար խորհուրդներ է տալիս այն մասին, թե արդյոք այս կամ այն արտոնագիր համապատասխանում է Դեբիանի ազատ ծրագրակազմի ուղենիշներին (Debian Free Software Guidelines)։ Դեբիանը հավանության արժանացած արտոնագրերի ցուցակ չի հրապարակում, ուստի նրա կարծիքն իմանալու համար անհրաժեշտ է պարզել, թե նրանք ինչ ծրագրակազմեր են ընդգրկել ծրագրակազմերի իրենց արխիվում։ Այդ նյութերն ամփոփված են Debian-ի ցանցակայքում[5]։

Սակայն հազվադեպ է լինում, որ հայտարարվի, թե որևէ արտոնագիր համատեղելի է ԱԾՀ չափանիշներին, իսկ ԲԱՆ-ի չափանիշներին՝ ոչ, և հակառակը (միակ բացառությունը Նեթսքեյփի Հանրական Արտոնագրի կիրառած Մոզիլա-ի վաղ տարբերակներն էին), ուստի այս եզրերի հստակ սահմանումները վիճաբանությունների նյութ չեն դարձել։

Թույլատրող և copyleft արտոնագրեր խմբագրել

 
copyleft-ի պատկերանիշ

ԱԾՀ-ն հետևյալ կերպ է դասակարգում արտոնագրերը.

  • Հանրային տիրույթի ծրագրակազմեր (Public domain software), հեղինակային իրավունքի ժամկետն անցել է, աշխատանքը հեղինակային իրավունք չի ստացել, կամ էլ հեղինակը հրաժարվել է հեղինակային իրավունքից։ Քանի որ հանրային տիրույթի ծրագրակազմերը հեղինակային իրավունքի պաշտպանություն չունեն, դրանք կարող են հեշտությամբ ներառվել ցանկացած աշխատանքի մեջ՝ արտոնագրված թե ազատ։
  • Թույլատրող արտոնագրերը նաև կոչվում են BSD-ոճի արտոնագրեր, քանի որ դրանք չափազանց լայնորեն են կիրառվում BSD օպերացիոն համակարգերի ծրագրակազմերում։ Հեղինակն ունի հեղինակային իրավունք, որը վերաբերում է միայն երաշխիքներից հրաժարվելուն և ձևափոխված աշխատանքների պատշաճ կիրառում պահանջելուն։ Թույլ է տալիս վերաբաշխում և ցանկացած ձևափոխում, նույնիսկ՝ արտոնագրային։
  • Copyleft արտոնագրեր, որոնցից ամենակարևորը GNU հանրային արտոնագիրն է։ Հեղինակը պահպանում է հեղինակային իրավունքը և թույլ է տալիս վերաբաշխում և ձևափոխություն՝ պայմանով, որ դրանք բոլորն էլ արտոնագրված լինեն նույն արտոնագրի պայմաններով։ Ուրիշների կատարած հավելումներն ու ձևափոխումները նույնպես պետք է արտոնագրվեն նույն copyleft արտոնագրի պայմաններով, երբ դրանք վերաբաշխվում են նախնական արտոնագրված արտադրանքի մի մասի հետ միասին։

Աղբյուրներ խմբագրել

  1. «GNU նախագծի սկզբնական հայտարարություն (անգլերեն)».
  2. «Ծրագրակազմի Ազատության Օրենքի Կենտրոն (անգլերեն)».
  3. Դիքսոն, Ռոդ (2004). M1 Բաց Կոդով Ծրագրակազմի Օրենք (անգլերեն). Artech House. էջ 4. ISBN 9781580537193. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  4. Գրահամ, Լավրենս Դ. (1999). Օրինական պատերազմները, որոնք ձևավորեցին համակարգչային արդյունաբերությունը (անգլերեն). Greenwood Publishing Group. էջ 175. ISBN 9781567201789.
  5. «Դեբիան -- Արտոնագրի տեղեկություն (անգլերեն)».

Արտաքին հղումներ խմբագրել