Ազատ ժամանակ, ոչ աշխատանքային և ոչ ուսումնական ժամանակի մաս, որը մարդու մոտ մնում է տարբեր տեսակի պարտականությունների կատարումից հետո, այնպիսիք, ինչպիսիք են՝ աշխատանքը, առօրյա-կենցաղային գործերը, ինքնասպասարկումը։ Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեությունը[1]։ Այս կերպ, ազատ ժամանակը ներկայանում է որպես անձի ինքնարժեք վարքի տարածություն։ Ազատ ժամանակի ընթացքում հնարավոր է սեփական Ես-ի, ներքին ազատության զգալի իրացում։ Ազատ ժամանակի ընթացքում մարդն իրացնում է իր ընդունակությունը՝ կազմակերպելու իր սոցիալական տարածությունն իր անհատականությանը համապատասխան։ Ժամանակն իրապես ազատ է այն դեպքում, երբ թույլ է տալիս մարդուն՝ մտածելու և ստեղծելու իր անհատականության համաձայն, այլ ոչ թե արտաքին անհրաժեշտությունից ելնելով[2]։

Ազատ ժամանակի կազմակերպում

Ազատ ժամանակը հանդես է գալիս որպես միջբնագավառային ուսումնասիրության առարկա՝ հետաքրքրություն առաջացնելով սոցիալական-հումանիտար տարբեր գիտությունների ներկայացուցիչների մոտ, մյուս կողմից՝ ազատ ժամանակը տարբեր սոցիալական հանրույթների և անձանց կենսագործունեության կարևորագույն ոլորտներից մեկն է, քանի որ հենց կենսագործունեության այս ոլորտին է բնորոշ անձի ազատությունը՝ դրսևորվելով ազատ ժամանակի անցկացման ձևերի, վայրի և ժամանակի ընտրության մեջ։ Ազատ ժամանակի ուսումնասիրությունը հետաքրքիր է, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական միջավայրն առաջարկում է ազատ ժամանակի անցկացման լայն հնարավորություններ[3]։

Ազատ ժամանակի ճանաչողության մեթոդաբանությունը ներառում է նրա կառուցվածքի, տևականության և գործունեության տարրերի հաջորդականության առանձնահատկությունը։ Ազատ ժամանակը հանդես է գալիս որպես անսահմանափակ հնարավորությունների տարածություն, որոնց ընտրությունն ու իրացումը ազատվում է ժամանակի առարկայանցման ինստիտուցիոնալ ձևերի ճնշումից՝ զուգակցվելով մարդու կամքի ազատ արտահայտման հետ։

Հասկացության պատմություն խմբագրել

Ազատ ժամանակը՝ որպես հասարակության և անձնական կյանքի կարևորագույն կողմ, մտածողների կողմից դիտարկվել է 16-րդ դարից սկսած՝ արդյունաբերական հասարակության զարգացմանը զուգահեռ։ Գիտական շրջանառության մեջ հասկացությունը ներմուծվել է 20-րդ դարի սկզբին, երբ սկսել են զարգանալ ժամանակի բյուջեի և կենսակերպի սոցիոլոգիական-վիճակագրական ուսումնասիրությունները։ Անկախ տերմինի ծագումից՝ երևույթին անդրադարձը կատարվել է շատ ավելի վաղ։

Արիստոտել խմբագրել

Ազատ ժամանակի, ժամանցի կազմակերպման հիմնախնդիրը բավական խորը դիտարկել է Արիստոտելը։ Ազատ ժամանակը նա սահմանել է որպես քաղաքացիական կարգավիճակի անքակտելի առանձնահատկություն, ժամանակ, որն ազատ է ամեն տեսակ նյութական զբաղմունքներից։

Ըստ Արիստոտելի՝ «մարդկային ողջ կյանքը բաժանվում է զբաղմունքի և ժամանցի, իսկ մարդու ամբողջ գործունեությունը մի մասով ուղղված է անհրաժեշտին և օգտակարին, իսկ մի մասով էլ՝ հիանալիին։ Չէ՞ որ, կարևոր է, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան զբաղվելու գործերով և պատերազմ վարելու, բայց և առավել նախընտրելի է՝ աշխարհով հիանալը և ժամանակ անցկացնելը։ Ժամանցը կյանքի անբաժանելի մասն է՝ կապված բարիքների օգտագործման, բավարարվածության զգացման, երջանկության և այլնի հետ։ Ժամանցը միայն ազատ ժամանակ չէ, այլ տարբեր զբաղմունքներով լցված ժամանակ է՝ խաղերով, երաժշտությամբ, արվեստով, շփմամբ, զրույցներով։ Ժամանցը պահանջում է շատ առարկաների լայն օգտագործում, դրա համար էլ ստրուկները ժամանց չունեն։ Ժամանցի քանակը և որակը կախված է պետական կառույցի ձևերից»[4]։

Հույները քանդակագործի կամ նկարչի աշխատանքը համարել են ժամանցի գործառույթ, քանի որ ստեղծագործականորեն աշխատել կարող էր միայն ազատ քաղաքացին, բայց ոչ ստրուկը, իսկ ժամանակակից քաղաքակրթությունը ժամանցը հասկանում է որպես աշխատանքի բացակայություն։ Դա վկայում է տարբեր քաղաքակրթություններում մշակութային շեշտադրումների տրամագծային դրվածքի մասին։ Աթենքում ժամանցն առանջնային էր, իսկ աշխատանքը՝ երկրորդային[5]։

Թոմաս Մոր խմբագրել

Թոմաս Մորն իր «Ուտոպիա» աշխատության մեջ նշում է, որ արդյունավետ աշխատանքային օրը կազմում է է վեց ժամ։ Դրանով իսկ, չսահմանելով ազատ ժամանակ հասկացությունը՝ նա հստակորեն անվանում է այն։ Ըստ Մորի՝ աշխատանքի, քնի և սննդի ընդունման ժամերի միջև մնացած ժամանակը յուրաքանչյուրի հայեցողության տակ է, բայց ոչ նրա համար, որ չարաշահել այն և ծուլանալ, այլ որպեսզի արհեստից ազատ՝ արդյունավետ օգտագործել այդ ժամանակն այլ զբաղմունքի համար[6]։

 
Ազատ ժամանակը որպես ինքնակրթության ժամանակ

Կառլ Մարքս խմբագրել

Ազատ ժամանակի վերաբերյալ առաջին հայեցակարգերից մեկը մշակել է Կառլ Մարքսը։ Նա այս կատեգորիային անդրադառնում է պատմականության դիրքից՝ դիտարկելով բուրժուական հասարակության օրինակով։ Իդեալական հասարակության առաջնային արժեքները սահմանելիս Մարքսը հիմնական արժեքներից մեկն անվանել է ազատ ժամանակը։ Ըստ նրա՝ իրական հարստություն է ոչ թե ավելցուկային աշխատանքային ժամանակի տնօրինումը, այլ այնպիսի ժամանակը, որը կարելի է ազատորեն տնօրինել անմիջական արտադրության համար ծախսվող ժամանակի սահմանաններից դուրս. ազատ ժամանակը ժամանակ է յուրաքանչյուր անհատի և ամբողջ հասարակության համար։

Այսպիսով, Մարքսը հստակ սահմանում է ազատ ժամանակի էական կողմը՝ որպես ազատ գործունեության ժամանակ, իսկ այդ էության դրսևորումը սեփական հայեցողությամբ այդ ժամանակի օգտագործման հնարավորությունն է։

Մարքսն անդրադարձել է նաև ազատ ժամանակի կառուցվածքային առանձնահատկություններին։ Ըստ նրա՝ «ազատ ժամանակն, իրենից ներկայացնելով պարապ ժամանակ և ավելի վեհ գործունեության ժամանակ, բնականաբար վերափոխում է նրան, ով տիրապետում է այդ ժամանակին…»[7]։ Հետևաբար ազատ ժամանակի կառուցվածքում կարելի է առանձնացնել երկու հիմնական կառուցվածքային բաղադրիչներ՝ անզբաղ ժամանակ և ավելի վեհ գործունեության ժամանակ։ Եթե անզբաղ ժամանակը կատարում է առավելապես հանգստի, զվարճության, ընտանեկան և ընկերական շփման գործառույթներ, ապա ավելի վեհ գործունեության ժամանակն ունի ֆունկցոնալ ծանրաբեռնվածություն՝ կապված մարդու զարգացման, նրա ընդունակությունների բացահայտման հետ արժեքների սպառման և ստեղծման ընթացքում։

Ուսումնասիրության ուղղություններ խմբագրել

Ներկայում գիտության մեջ միասնական մոտեցում չկա ազատ ժամանակի ուսումնասիրման հիմնական հարցերի ուղղությամբ։ Դժվարությունը հասկացության բովանդակային և ֆունկցիոնալ սահմանների նշանակումն է հենց սոցիալական ժամանակի հայեցակարգում։ Ժամանակակից գրականության մեջ կարելի է առանձնացնել այս խնդրի վերաբերյալ մի քանի հետազոտական մոտեցումներ՝ պայմանականորեն բաժանելով երեք խմբերի.

  1. Գլխավորապես տնտեսագետներ, ովքեր ազատ ժամանակը դիտարկում են որպես ոչ աշխատանքային ժամանակի մաս՝ առավելապես կապված աշխատուժի, նոր տեսակի աշխատողի ձևավորման հետ։
  2. Հետազոտողների երկրորդ խումբը, որպես կանոն, սոցիոլոգներն ու փիլիսոփաներն են, ովքեր նույնպես ազատ ժամանակը դիտարկում են որպես ոչ աշխատանքային ժամանակի մաս, բայց ուղղված ոչ թե մարդու՝ որպես աշխատողի կատարելագործմանը, այլ նրա համակողմանի զարգացմանը։
  3. Երրորդ խումբը ազատ ժամանակը դիտարկում է աշխատանքի սահմաններից դուրս՝ հանգեցնելով այն ոչ աշխատանքային ժամանակին՝ նախատեսված հանգստի և աշխատողների զարգացման համար։

Ազատ ժամանակի վերլուծության տարբեր մոտեցումների առկայությունը վկայում է ազատ ժամանակի բովանդակային բնութագրերի բազմազանության մասին, որը ներառում է սոցիալ-հոգեբանական, սոցիոմշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ասպեկտներ։

Ազատ ժամանակի գործառույթներ խմբագրել

Ազատ ժամանակի գործառույթների սահմանման դեպքում նպատակահարմար է որպես չափանիշ առանձնացնել մարդկանց և սոցիալական հանրույթների գործունեության ուղղվածության աստիճանը իրենց ազատ ժամանակի կազմակերպման ընթացքում։ Դրան համապատասխան՝ կարելի է առանձնացնել ազատ ժամանակի հետևյալ գործառույթները.

  1. Կրթական-զարգացնող (մշակութային արժեքների յուրացում սոցիալական հանրույթների մեջ մտնող անհատների սոցիալականացման գործընթացում)։
  2. Վերափոխող-ստեղծարար (սոցիալական հանրույթների ներառումը մշակութային արժեքների, գեղարվեստական, տեխնիկական ստեղծագործության տարբեր ձևերի ստեղծման գործընթացի մեջ)։
  3. Վերականգնողական-խաղային (զվարճալի հանգստի, հոգեբանական լիցքաթափման ապահովում)։
  4. Տեղեկատվական-հաղորդակցական (գիտելիքների, մշակութային փորձի կուտակում և փոխանցում)։
  5. Հանգստի գործառույթ (մարդու ազատումը հոգնածությունից, նյարդային և ֆիզիկական լարվածությունից)։
 
Ազատ ժամանակը որպես հանգստի ժամանակ
  1. Կարգավորող (մարդկանց միջև հարաբերությունների կարգավորում սոցիալական արգելքների, նորմերի միջոցով)[3]։

Ազատ ժամանակի կառուցվածք խմբագրել

Ազատ ժամանակի կառուցվածքի վերլուծությունը նույնքան դժվարին է, որքան սահմանման խնդիրը։ Պայմանականորեն կարելի է առանձնացնել մի քանի մոտեցումներ.

  • Ազատ ժամանակի վերլուծության առաջին մոտեցումը կապված է նրա բովանդակությունը կազմող գործունեության տեսակների հետ։ Դրա հետ մեկտեղ, գործունեությունները բազմաթիվ են (գիրք կարդալ, թանգարանների, կինոթատրոնների հաճախում և այլն)։
  • Երկրորդ մոտեցումը շեշտադրում է ազատ ժամանակի օգտագործման բնույթը։ Այս չափանիշին համապատասխան՝ կարելի է իրականացնել ազատ ժամանակի կառուցվածքավորում անձնականի և հասարակականի, անհատականի և կոլեկտիվայինի, ակտիվի և պասիվի։
  • Երրորդ մոտեցումը կապված է այնպիսի չափանիշի հետ, ինչպիսին է նրա օգտագործման և նպատակադրման ուղղվածությունը։ Որպես նպատակ՝ կարելի է առանձնացնել զվարճանքը, հանգիստը, կրթական, մշակութային և ընտանեկան համախմբվածության մակարդակի, ֆիզիկական վիճակի բարձրացումը։

Պետք է հաշվի առնել, որ ազատ ժամանակի կառուցվածքն անփոփոխ չի կարող լինել։ Այն կախված է մարդու գործունեության տեսակների և բնույթի տարբերությունից, որոշվում է սոցիալական ժամանակում մարդու անհատական գործունեության բովանդակությամբ և նպատակներով, որը հասարակության զարգացմանը զուգահեռ կրում է որակական փոփոխություններ, չորրորդ՝ պայմանավորված է հոգեբանական ժամանակի ընթացքում ընթացող հոգեկան զարգացման դինամիկայով։

Ազատ ժամանակ և ժամանց խմբագրել

Ստուգաբանական վերլուծություն խմբագրել

Ազատ ժամանակի հասկացումը պատմականորեն արտացոլված է «ժամանց» բառային կատեգորիայի ձևավորման գործընթացում։ Անգլերեն Leisure տերմինը ծագել է լատիներեն Ligere բառից, որ բառացի նշանակում է «ազատ լինել»։ Լատիներենից ֆրանսերեն լեզվին է անցել Loisir բառը, որը նշանակում է «թույլատրված լինել»։ Այս բոլոր բառերը կապված են միմյանց հետ՝ ենթադրելով ընտրություն և պարտադրանքի բացակայություն։ Հին Հունաստանում Schole՝ ժամանց բառը նշանակել է լուրջ գործունեություն՝ առանց ճնշման անհրաժեշտության։ Անտիկ մշակույթում, օրինակ, ժամանցի ժամանակը կապված է եղել փիլիսոփայության ձևավորման հետ։ Տարբեր լեզուներում, ինչպես տեսնում ենք, նույն տերմինը ներառում է և′ աշխատանք, և′ հանգիստ։

Տերմինի նման բացատրություն հանդիպում է նաև ռուսերենում։ Վլադիմիր Դալի բառարանում նշվում է «Досуг՝ ազատ, ոչ զբաղված ժամանակ, զբոսանք, խնջույք»։ Դրա հետ մեկտեղ այսպիսի ժամանակի ոլորտում մարդուն բնութագրում են երկու նշանակություններով. «Досужный՝ գործերից, զբաղմունքներից» և «Досужий՝ գործի նկատմամբ ընդունակ, ճկուն»[8]։

 
ժամանցի կազմակերպման գրավիչ տարբերակ

Արդի հայերենի բացատրական բառարանում հանդիպում ենք «ժամանց» բառին, որը նշանակում է ժամանակ անցկացնել, ժամանակ անցկացնելու միջոց, թեթև, հաճելի զբաղմունք, հաճույք, վայելք[9]։

Այս կերպ, տերմինը կարելի է հասկանալ մի կողմից որպես ժամանակի անզբաղ անցկացում, մյուս կողմից՝ որպես հնարավորություն՝ գործելու, ստեղծելու, փնտրելու։ Կոնկրետ պատմական պայմաններ յուրահատուկ առանձնահատկություն են հաղորդում ժամանցի հասկացման համար։ Նախնադարյան ցեղերի համար այն նշանակել է մի բան, հին հույների համար՝ մեկ ուրիշ բան, Վերածննդի ներկայացուցիչների համար՝ ուրիշ, ժամանակակիցների համար՝ բոլորովին այլ։ Հնարավոր է, որ նախնադարյան մարդիկ խիստ տարբերություն չեն դրել աշխատանքի և ժամանցի միջև, քանի որ, բավարարելով իրենց տարրական պահանջմունքները, ժամանակի մեծ մասն անցկացրել են հանգստի մեջ, խաղերում, սրբազան ծիսակատարություններում։

Ժամանց տերմինի ժամանակակից հասկացությունը ձևավորվել է հասարակության արդյունաբերական զարգացման ընթացքում։ Միայն արդյունաբերական հասարակության ի հայտ գալով՝ ժամանցը և աշխատանքը, ժամանցը և ուսումը հստակ տարանջատվեցին։ Այս տեսանկյունից կարևոր է դառնում ժամանց և ազատ ժամանակ հասկացությունների հարաբերակցությունը։

Ազատ ժամանակի և ժամանցի տարբեր մեկնաբանություններից կարելի է առանձնացնել նրանց դիտարկման երկու հիմնական մոտեցումներ. նրանց նույնականացում և տարանջատում[10]։

Ազատ ժամանակի և ժամանցի հարաբերման և փոխկապվածության դիալեկտիկան կարող է հասկացվել և իմաստավորվել գործունեության տարբեր տեսակների մեջ անձի ներառման առանձնահատկությունների միջոցով։ Ազատ ժամանակը պայման է, նախադրյալ անձի գործունեության համար։ Ժամանցն իրացնում է ազատ ժամանակի հնարավորությունները սոցիո-մշակութային գործունեության մեջ անձի գործնական ներգրավման միջոցով։

 
Ժամանց

Ազատ ժամանակն անձի ժամանակային բյուջեի մասն է, որն ազատված է պարտադիր ժամանակային ծախսերից, ընտանեկան, հասարարական պարտականություններից, կենցաղային հոգսերից և անհրաժեշտ ֆիզիոլոգիական կենսագործունեությունից՝ համարվելով անձի զարգացման պայմաններից մեկն ու միաժամանակ տարածությունը։ Ժամանցն ազատ ժամանակի մասն է, զբաղմունքների համագումար, որոնք կատարում են մարդու ֆիզիկական և հոգեկան ուժերի վերականգնման գործառույթ, գործունեություն՝ կատարելագործման, սեփական հաճույքի համար։ Ժամանցի հիմնական բնութագրերն են խիստ սոցիալական պահանջներից ազատությունը, ընտրության հնարավորությունը, ժամանցային վարքի հեդոնիստական բնույթը, կոմպենսացիոն հնարավորությունը, քանի որ ակտիվությունն ուղղված է այն բանի փոխհատուցմանը, ինչը մարդիկ չեն ստանում կենսագործունեության այլ ոլորտներում[11]։

Ժամանց և ազատ ժամանակ հասկացությունները փոխկապակցված են։ Իհարկե, նրանք նույնական չեն։ Ընդ որում, այս հասկացությունների նույնականացումը նպատակահարմար չէ, քանի որ ազատ ժամանակն ավելի լայն է, քան ժամանցը։ Ժամանցը ազատ ժամանակի կառուցվածքային մասն է. անկասկած, նրանք ունեն շատ նմանություններ, բայց կան նաև տարբերություններ, որոնցից գլխավորն այն է, որ եթե ազատ ժամանակը կարող է լինել ինչպես գործունեական, այնպես էլ անզբաղ, ապա «ժամանցը միշտ գործունեություն է։

Ազատ ժամանակի մասին խոսելիս շեշտադրվում է այն փոփոխական օգտագործելու պոտենցիալ հնարավորությունը։ Այս ընթացքում մարդը կարող է զբաղվել ինչով ուզում է, ընդ որում, որոշ մարդիկ այն անցկացնում են արդյունավետ կամ ի վնաս իրենց սեփական առողջությանը կամ խախտելով հասարակական կարգը, շրջապատողների ժամանցը։

Ցանկացած մշակույթում ձևավորված պատկերացումը ժամանցի նախատեսվածության մասին, առավել կոնկրետ է և ամենակարևորը կապված է նրա դրական գնահատման հետ՝ հաշվի առնելով նրա կարևորությունը և կառուցվածքային բովանդակությունը։ Հասարակությունը ելնում է նրանից, որ մարդը պետք է այս ժամանակն օգտագործի սեփական առողջության և ներքին զարգացման համար[12]։

Ժամանցի ուսումնասիրման մոտեցումներ խմբագրել

Ազատ ժամանակ և ժամանց կատեգորիաները կարող են դիտարկվել սոցիոլոգիական, տնտեսական, փիլիսոփայական, հոգեբանական և մշակութային տեսանկյուններից։

  • Ժամանցի հումանիստական կոնցեպտուալ մոդելը դիտարկվում է որպես կյանքի նպատակ և իդեալ. ժամանցը որպես հաճույք, մտահայեցում, ազատության զգացում, մարդու գոյության պայման։ Առանձնահատուկ ընդգծվում է, որ ժամանցն ուրախության և երջանկության աղբյուր է։ Այսպիսի բնորոշումը մոտ է ժամանցի հունական իդեալին՝ որպես ազատ լինելու հոգու ընդունակություն։
  • Թերապևտիկ մոդելը այն դիտարկում է որպես ֆիզիկական վերականգնման և մարդու հոգեկանի վրա ազդեցության միջոց։
  • Քանակական մոդելը այն սահմանում է որպես աշխատանքից հետո մնացած ժամանակ։ Այս մոդելը բավական երկար գերակայել է ինչպես արևմտյան, այնպես էլ խորհրդային հետազոտողների մոտ։
 
Ընտանեկան հանգիստ
  • Էքզիստենցիալ մոդելը ժամանցը դիտարկում է որպես շրջապատող միջավայրում հնարավորությունների գործողություն. ժամանցը միակ ոլորտն է, որտեղ մարդը կարող է հասնել հաճույքի, ինքնաիրացման և բավարարման։ Այս մոդելը հաշվի է առնում նաև կյանքի ոճի և արժեքային կողմնորոշիչների վրա սոցիալական գործոների ազդեցությունը, որոնք պայմանավորում են անհատների զարգացումը։
  • Սոցիալական մոդելը շեշտադրում է ժամանցային տարբեր միջոցառումներին սոցիալական խմբերի մասնակցության ձևերը և նրանց մասնակիցների վարքային բնութագրերը։

Բոլոր մոտեցումներում ժամանցի հիմնական հատկանիշ դառնում է հետաքրքիր գործունեության «ազատությունը», այլ ոչ թե «ազատությունը» մարդկային գոյության կանոններից։ Երկրորդը զբաղմունքների որոշակի հավաքն է՝ նախատեսված հանգստի, զվարճանքների, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար[13]։

Ժոֆր Ռոժե Դյումազեդյե. Ժամանցի քաղաքակրթություն խմբագրել

Ֆրանսիացի սոցիոլոգ Ժոֆր Ռոժե Դյումազեդյեն ներմուծել է «սոցիոմշակութային գործունեություն» հասկացությունը՝ որպես անձի գիտակցական, կանխամտածված, կազմակերպված գործունեություն ազատ ժամանակի ոլորտում։ Ժամանցն, ըստ նրա, աշխատանքից, ընտանիքից, հասարակությունից անկախ գործունեություն է, որին մարդը դիմում է իր ցանկությամբ՝ թուլանալու, իր ճանաչողական ոլորտն ու հասարակական կյանքին մասնակցությունը բազմազանելու և ընդլայնելու, իր ստեղծագործական հնարավորությունները դրսևորելու համար։ Հեղինակը ժամանցը սահմանում է չորս հոգեբանական որակներով. մարդն ազատված է, անշահախնդիր է, հեդոնիստական է, անհատական է։ Ազատված է, քանի որ մարդու ինքնուրույն ընտրության արդյունք է՝ ազատելով նրան պարտականություններից։ Անշահախնդիր է, քանի որ կախված չէ որևէ նյութական և սոցիալական պայմաններից, չի հետապնդում գաղափարական, քաղաքական, կրոնական նպատակներ, քանի որ ինքն է համարվում նպատակ և ուղղված է ինքն իրեն։ Հեդոնիստական է, քանի որ կապված է ուրախության որոնման հետ։ Անհատական է, քանի որ ենթադրում է անձնական պահանջմունքների բավարարում՝ հիմնված հետաքրքրության վրա և կախված չէ մարդկանց հետ գործնական հարաբերություններից։

«Ժամանցի քաղաքակրթություն» տեսության համատեքստում ժամանցի բովանդակությունը, թեև պայմանավորված է մարդու ընտրությամբ, հակումներով և բնավորությամբ, բավական խիստ պատճառավորված է նրա շրջապատող միջավայրի բնույթով։ Եթե հասարակությունը չի կարգավորում, ուղղորդում մարդկանց ակտիվությունն ազատ ժամանակի ընթացքում, չի օգնում ազատ գործունեության զարգացմանը, ապա նրանց ազատությունը դրանից ոչ թե ավելանում է, այլ պակասում։ Այս առումով ժամանցը սերտ կապված է սոցիալականացման հետ։

Սոցիալականացումը՝ որպես անձի կայացում շրջապատող միջավայրի հետ փոխազդեցության գործընթացում և տվյալ հասարակությանը հատուկ արժեքների, նորմերի, վարքի օրինակների, դիրքորոշումների յուրացման և ակտիվ վերարտադրման արդյունքում, ենթադրում է երկու փոխկապված կողմերի առկայություն։ Մի կողմից, սոցիալականացման գործընթացում մարդը յուրացնում է սոցիալական փորձը, մտնում սոցիալական միջավայր, մյուս կողմից՝ նա ակտիվորեն վերարտադրում է սոցիալական կապերի համակարգը՝ իրացնելով իրեն որպես անձ, ազդելով կյանքի պայմանների, շրջապատող մարդկանց և սոցիալական միջավայրի վրա։ Բացի այդ, սոցիալականացման գործընթացը պետք է դիտարկել որպես երկկողմանի գործընթաց ոչ միայն սոցիալական փորձի յուրացման և վերարտադրման դիալեկտիկական միասնության, այլև մարդու՝ որպես հասարակական հարաբերությունների սուբյեկտի, կայացման գործընթացների վրա տարերային և նպատակաուղղված ազդեցության միասնության համար։ Այս առումով, շատ կարևոր է այն, թե ինչ պայմաններ է ստեղծում հասարակությունը գործունեության, մասնավորապես ժամանցի համար՝ այն անձի դրական զարգացման ոլորտի վերածելու ուղղությամբ։

Հետարդյունաբերական հասարակությունում ազատ ժամանակի քանակությունն աճում է, իսկ սոցիալականության զարգացման վեկտորն ուղղված է «հասարակական դոմինանտի» ճնշումից դեպի կյանքի անհատական հուզաիմաստային նշանակություններին, դրա հետ կապված ժամանակակից հասարակությունում անձի սոցիալականության ձևավորումը միջնորդավորված է նրա ժամանցի որակով, որը ներկայացված է բավական լայն սպեկտրով՝ մարգինալ ձևերից մինչև ինտելեկտուալ-ստեղծագործական գործունեություն։ Այս կերպ, անձի սոցիալականացման նպատակներն ու կողմնորոշիչները որոշակի են, ազատ ժամանակի ոլորտում անձի դրական ակտիվությունը կարող է և պետք է նպատակաուղղված ձևավորվի հասարակության կողմից։

 
Ազատ ժամանակի անցկացում բնության գրկում

Վերջին տասնամյակում, ազատ ժամանակի ոլորտում անձի դրական սոցիալականցմանն ուղղված մասնագիտական գործունեությունը սոցիալական տեսության և պրակտիկայի մեջ կապվում է «սոցիոմշակութային անիմացիա» կատեգորիայի հետ։ «Անիմացիա» տերմինն առաջին անգամ ազատ ժամանակի ոլորտի նկատմամբ կիրառվել է 20-րդ դարի կեսին Դյումազեդյեի կողմից։ Ստեղծագործականության նկատմամբ անձի ձգտումը, մշակութային, հոգևոր գործունեության նկատմամբ պահանջմունքը ինքնաբերաբար չեն ծագում կյանքի որոշակի պահին։ Այս որակները ծագում և զարգանում են աստիճանաբար անձի սոցիալական հասունացման գործընթացում։ Դյումազեդյեի համար կարևոր է հանգամանքը, որ բարձրագույն հոգևոր արժեքները հանգստի և զվարճանքի անբաժանելի մասն են, բայց հասունացող անձն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել կործանարար ժամանցը։ Անձը հատուկ «միջնորդների» կարիք ունի, ովքեր պետք է դառնան ժամանցի մշակույթի դաստիարակողներ։

Դիմելով ժամանցի կազմակերպման ոլորտում լիդերիի ֆենոմենին՝ Դյումազեդյեն օգտագործում է «սոցիոմշակութային լիդերություն» հասկացությունը, որն ավելի ուշ փոխարինել է «անիմացիա» տերմինով։ Տերմինն օժտված է լեզվաբանական բավական լայն սահմաններով, օգտագործվում է ժամանակակից մի շարք լեզվական մշակույթներում։

Ժամանակակից սոցիոմշակութային անիմացիան սահմնավում է որպես «3D».

  • Delassiment-թուլացում
  • Divertissement-զվարճանք
  • Developpement-զարգացում։

Այլ կերպ ասած, անիմատորային գործունեության նպատակը մարդու հանգստի ուղեկցումն է ֆիզիկական վերականգնումից մինչև ստեղծագործական գործունեության, պահանջմունքների բավարարում հաճույքի և ուրախության ապրման միջոցով[14]։

Սոցոմշակութային ոլորտում անիմացիայի տարբեր հայեցակարգերի վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնելու հասկացության սահմանման երեք հիմնական մոտեցումներ.

  • Ժամանցի ոլորտը ներկայանում է որպես անձի սոցիալականացման օրինաչափ գործոն և պայման, որի ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ մարդու վրա։
  • Երկրորդ մոտեցումը կողմնորոշված է ժամանցի հոգեբանական բնույթի վրա, որը կապված է ազատ ժամանակի ոլորտում անձի պահանջմունքների բավարարման հետ։ Այս մոտեցման շրջանակներում մեծապես ուսումնասիրվում են ազատ ժամանակի անցկացման ձևափոխող ազդեցության գործընթացներն ու արդյունքները, քանի որ ժամանցի տարբեր տեսակներ հոգեբանորեն պայմանավորված են մարդու համար իրենց հուզական գրավչությամբ։
  • Երրորդ մոտեցումը բացահայտում է ժամանցային ոլորտի զարգացնող միտումը, նրա իմաստային, սոցիալական և անձնային արժեքավոր ասպեկտները։

Ռոբերտ Ստեբբինս. Լուրջ ժամանց խմբագրել

Ազատ ժամանակը վերափոխելու, ժամանցի օպտիմալ անցկացման բավական հետաքրքրիր մոտեցում է առաջադրել կանադացի սոցիոլոգ Ռոբերտ Ստեբբինսը՝ առանձնացնելով սովորական և լուրջ ժամանց հասկացությունները։ Լուրջ ժամանցը ոչ մասնագետի (amateur, hobbist) կամ հասարակական գործունեության մասնակցի՝ կամավորի (Volunteer), կայուն զբաղմունքներն են, հոբբիները, որոնք մարդուն գրավում են բազմաթիվ և բազմազան հնարավորություններով։ Ժամանցի այս տեսակը տարբերվում է «պատահական» կամ «սովորական» ժամանցից, որը սովորաբար առաջարկում է ավելի քիչ հնարավորություն՝ ավելի պարզ կառուցվածքով և կատարյալ իրականացման քիչ պահանջով։

Լուրջ ժամանցի առանձնահատուկ որակներից է պահանջմունքը՝ շարունակելու այդ զբաղմունքը։ Այն իր մասնակիցներին առաջարկում է յուրահատուկ կենսաձև և ինքնություն՝ թույլ տալով նրանց՝ փոխհատուցելու այն, ինչ երբևէ գտել են իրենց աշխատանքում։ Լուրջ ժամանցային գործունեության մասնակիցների կենսաձևը ապահովում է նրանց անձնական և հասարակական ինքնությունը։ Ապագայում լուրջ ժամանցը կմնա կյանքի միակ ոլորտը, որտեղ նրանք կարող են գտնել իրենց յուրահատուկ անձնային որակների հետ կապված ինքնությունը՝ պահպանելով այս կերպ իրենց սեփական արժանապատվության զգացումը։

Լուրջ ժամանցն առանձնանում է ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր երկարատև առավելություններով. ինքնաիրացում, հոգևոր աճ, ինքնարտահայտում, անձի վերաիմաստավորում և վերաարժեվորում, ձեռքբերելու զգացում, ինքնագնահատականի բարձրացում, մասնակցություն սոցիալական փոխազդեցությանը և հանրույթին պատկանելիության զգացում։ Եվս մեկ առավելություն է ինքնապարգևատրումը, որը միակն է առավելություններից, որից օգտվում են նաև սովորական ժամանցի մասնակիցները։ Այսպիսի առավելությունների գիտակցման հնարավորությունը կարևոր նպատակ է լուրջ ժամանցում։ Լուրջ ժամանցի մասնակիցները ոչ միայն մեծ ներդրում ունեն իրենց զարգացման մեջ, այլև շատ բան են անում ուրիշների համար՝ նպաստելով միաժամանակ սոցիալական ինտեգրմանը։

 
Ազատ ժամանակ կարելի է պարել

Սովորական ժամանցը տարբերվում է լուրջ ժամանցից. այն միանգամից հաճույք է պատճառում ինքն իրենով՝ չպահանջելով հատուկ ներդրում։ Այն ընդգրկում է սիրողական տարբեր խաղեր, թուլացում, պասիվ զվարճանք՝ հեռուստատեսություն, գրքեր, երաժշտություն, կենդանի զրույցներ։ Ի տարբերություն վերջինիս՝ լուրջ ժամանցը պահանջում է նշանակալից էներգիա և կենտրոնացում։

Եթե մարդն ունենում է որոշակի ազատ ժամանակ, ապա սովորական ժամանցի այս կամ այն ձևն անկասկած կգտնվի։ Սովորական ժամանցը ապահովում է հետաձգում, թարմացնում մասնակցին ավելի լուրջ ժամանցի կամ պարտադիր գործունեության համար և նույնիսկ կարող է ակտիվացնել ստեղծագործական պոտենցիալը։ Այն պետք է դիտարկվի որպես ժամանցային օպտիմալ կենսաձևի անբաժանելի մաս։ Ընդհանուր առմամբ, հավասարակշռված կենսաձևը ժամանցի ընթացքում նշանակալից չափով կօգնի մարդկությանն արդյունավետորեն հարմարվել երրորդ արդյունաբերական հեղափոխությանը և տեղեկատվական դարաշրջանին[15]։

Ազատ ժամանակ. ժամանցի մշակույթ խմբագրել

Անձի կողմից իր ազատ ժամանակի օգտագործման առանձնահատկությունների ուսումնասիրումը հանգեցնում է «ազատ ժամանակի մշակույթ» հասկացության դիտարկմանը։ Ազատ ժամանակի մշակույթը բավական ընդգրկուն և բարդ հասկացություն է։ Այն մշակույթի յուրացման և զարգացման առանձնահատկությունն է, ինչպես նաև այդ գործընթացի արդյունավետությունը անձի զարգացման տեսանկյունից։ Հասկացությունը ներառում է ժամանակի մեջ մարդկանց որոշակի գործունեության համագումար, մարդու վերաբերմունքը նրա նկատմամբ, կարողությունը՝ հետևելու չափաբաժիններին և ռացիոնալ կազմակերպելու այն։ Ազատ ժամանակի մշակույթ տերմինը ցույց է տալիս ժամանակի օգտագործման որոշակի մակարդակը՝ ներառելով ոչ միայն մեծությունն ու կառուցվածքը, այլև բովանդակությունը և էությունը՝ արժեքներ, նորմեր, կենսագործունեության օրինակներ։ Ազատ ժամանակի մշակույթը նրա օգտագործման որակական մակարդակն է, որը դրսևորվում է ակտիվ ստեղծագործական գործունեության մեջ՝ ուղղված սեփական անձի զարգացմանը գիտելիքների, արժեքների, նորմերի և օրինակների որոշակի համակարգի յուրացման միջոցով։ Այն նպաստում է դրական «Ես կոնցեպցիայի» ստեղծմանը՝ ընդգրկելով ինքնագիտակցության գնահատողական ասպեկտը։

Ընդհանուր իմաստով՝ ազատ ժամանակի մշակույթը մարդու կարողությունն է արժևորելու, պլանավորելու, կանխատեսելու և օպտիմալացնելու, այսինքն՝ ըստ հնարավորության մտածված և ռացիոնալ օգտագործելու իր ազատ ժամանակը։ Ազատ ժամանակի արժեքը պայման է առողջ կենսաձևի համար, որի դեպքում տեղի է ունենում մարդու ֆիզիկական, հոգեկան, սոցիալական ինքնազարգացման գործընթացը՝ թույլ տալով առավել հեշտ հարմարվելու բնական և սոցիալական միջավայրի անընդհատ փոփոխություններին[16]։

Ժամանցի՝ որպես ազատ ժամանակի կառուցվածքային բաղադրիչի, տարբեր կողմերի ուսումնասիրումն ու իմաստավորումը կախված է կոնկրետ տարածաշրջանի, կոնկրետ սոցիումի սոցիոմշակութային իրավիճակից, որոշակի մշակութային սոցիումի մարդու հաղորդակցման աստիճանից, նրա արժեքային կողմնորոշիչներից։ Արժեքային կողմնորոշիչների կառուցվածքը առաջադրում է մշակութային-ժամանցային գործունեության ուղղվածությունը։

 
Ազատ ժամանակը որպես սպորտի ժամանակ

Ժամանցային գործունեության մակարդակը որոշվում է անձի զարգացման մակարդակով և բաժանվում է երեք տեսակների՝ կախված այդ գործունեության նկատմամբ մարդու վերաբերմունքից՝ սպառում, ստեղծագործում, էքստերիորիզացիա։ Ժամանցի ընթացքում հիմնական զբաղմունքը մշակութային բարիքների սպառումն է, որը կարող է լինել պասիվ, ակտիվ և նպատակաուղղված-ակտիվ։ Այնուհետև աստիճանաբար տեղի է ունենում անցում ստեղծագործման և էքստերիորիզացիայի մակարդակներին, ընդ որում այս մակարդակները փոխկապակցված են և փոխպայմանավորված։

Հարկ է նշել, որ ժամանցի բովանդակությունն ու բնույթը որոշվում են անձի առանձնահատկություններով՝ կախված նրա տարիքից, սեռից, հետաքրքրություններից, պահանջմունքներից, ընդ որում ժամանցի ընտրությունը կախված է ոչ միայն կրթությունից և տնտեսական հնարավորություններից, այլև բնակության վայրից և բնակչության կատեգորիայից[17]։

Վերը նշված սկզբունքներից պարզ է դառնում, որ ազատ ժամանակը կազմված է հասարակայնորեն և անձնապես կարգավորվող մասերից, ուստի համապատասխանաբար կարելի է խոսել կարգավորման և ինքնակարգավորման մասին։ Այս գործընթացները փոխկապակցված են՝ կազմելով սոցիալականի և անհատականի միասնական մեխանիզմ։ Ընդ որում, կարգավորումը պայմանավորված է հասարակական անհրաժեշտությամբ, իսկ ինքնակարգավորումը՝ անձնական ազատությամբ. նրանց դիալեկտիկական միասնությունը յուրաքանչյուր անհատականության կայացման և զարգացման պայմանն է։ Ժամանցի ոլոտում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել մի շարք գործոններով, ինչպիսիք են տարիքը, սեռը, էթնիկական ավանդույթները, առողջական վիճակը, էկոլոգիական պայմանները և այլն։ Բացի այդ, ոչ միշտ են համընկնում հասարակական և անհատական հետաքրքրությունները։ Ժամանակակից պայմաններում ազատ ժամանակի ոլորտում առավել մեծ նշանակություն է ձեռք բերում անձնական նախաձեռնողականությունը, անհատական ակտիվությունը, ինքնաիրացումը, ստեղծագործականությունը։

Կարգավորման և ինքնակարգավորման հետ կապված՝ կարելի է առանձնացնել ազատ ժամանակի այս խնդրի լուծման երկու ուղիներ.

  • Հասարակական կյանքի բոլոր ոլորտների, հասարակական ծառայությունների գործունեության կատարելագործում և կոորդինացում։
  • Անձնական ազատության և պատասխանատվության ընդլայնում ազատ ժամանակի օգտագործման մեջ, անձնական-մշակութային մակարդակի բարձրացում, սեփական անձնական ժամանակը ռացիոնալ օգտագործելու ընդունակության զարգացում։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ազատ ժամանակի ինքնակարգավորման հնարավորությունը՝ ենթադրելով մի շարք սկզբունքների հաշվի առնում։ Դրանցից մեկն օրգանիզմի և հոգեկանի ռեսուրսների առավելագույն օգտագործումն է՝ կենսագործունեության ռիթմերին համապատասխան։ Սակայն, չափազանց մեծ ջանքերը հանգեցնում են հոգնածության, հուզական, ինտելեկտուալ ակտիվության և ընկալունակության նվազմանը։ Ջանքերի համաչափությունը, ռիթմը, կարգավորվածությունը և օրգանիզմի պատրաստվածությունը գործունեության, զբաղմունքների բաշխման, կարևորագույն պայման է ազատ ժամանակի ռացիոնալ օգտագործման համար։ Իհարկե, դա հեշտ չէ, քանի որ մարդը ներառված է հասարակական համակարգի մեջ, որը նրանից պահանջում է այս կամ այն դերերի և գործառույթների կատարում։

Ազատ ժամանակի ռացիոնալացմանը նպաստում է կանխատեսումը և պլանավորումը։ Կարևոր է հնարավորինս կանխատեսել իրադարձությունները, որոնք կարող են խախտել ազատ ժամանակի բնականոն ռիթմը։ Պլանավորումը ենթադրում է նպատակին համապատասխան գործողությունների օպտիմալ հաջորդականություն։

 
Ուրախության, զվարճանքի ժամանակ

Ժամանակի որակի սկզբունքը կապված է ժամանակի յուրաքանչյուր փուլի եզակիության և անկրկնելիության հետ յուրաքանչյուր տարիքի համար։ Կարևոր է օգտագործել նրա առանձնահատկությունները, բաց թողած ժամանակն անհնարին է հետ վերադարձնել։ Յուրաքանչյուր տարիք այս տեսանկյունից եզակի է. մարդը սկսում է քայլել, խոսել, տեսնել և ճանաչել աշխարհը, սովորում է տրամաբանորեն մտածել, ձեռք է բերում գիտելիքներ, կարողություններ և մասնագիտություն, ընտանիք ստեղծում։ Առավելապես նշանակալից են ֆիզիկական, ինտելեկտուալ, հուզական ակտիվության փոփոխությունները։

Ազատ ժամանակի օգտագործման հաջորդ սկզբունքը նպատակների վերաձևակերպումն է, կենսական ծրագրերի վերակառուցումը կենսագործունեության յուրաքանչյուր փուլում. խնդիրը կյանքի յուրաքանչյուր պահի նորովի է հանդես գալիս։

Ազատ ժամանակի ռացիոնալացմանը նպաստում է նաև տնտեսման սկզբունքը։ Այն ենթադրում է զբաղմունքների համատեղում, հերթափոխում։ Տնտեսել ժամանակը նշանակում է այն անտեղի չծախսել, անգործության չմատնվել, անիմաստ չանցկացնել։ Իհարկե, ազատ ժամանակի ամբողջական ռացիոնալացումն անհնարին է և անցանկալի։ Այն խանգարում է բնական, սպոնտան, հուզական գործունեությանը։ Ազատ ժամանակի մի մասը պետք է ռացիոնալացված չլինի, կարևոր է «ռոմանտիզացիան», պլանավորումից, որակի գնահատումից հրաժարումը։ Դա կապված է այօրվա օրը, րոպեի արժեքն ամբողջությամբ օգտագործելու դիրքորոշման հետ։ Այս տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն է ստանում բավարարվածությունն ազատ ժամանակից[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Погрешаева Т. А. Ценность свободы деятельности человека
  2. Шульга И. И. Педагогическая анимациая-новая профессия организатора досуга. Вестник СГУТиКД, 2011, №3 (17)
  3. 3,0 3,1 Аминов С. Р. Свободное время как предмет социологического анализа / Секция 5. Социология образа жиьни. Проблемы и перспективы (IV Очередной Всероссийский социологический конгресс. Социология и общество: глобальные вызовы и региональное развитие)
  4. Аристотель. Сочинения в четырех томах. Т 4. Никомахова этика. Политика.-М.: «Мысль», 1984. (Пер. И. В. Брагинской)
  5. Кабадейцева О. В. Эволюция понятия «досуг молодежи» в истории социологических концепций. Журнал Современные исследования социальных проблем. №3, Т7/2011
  6. Томас Мор. Утопия, перевод с латинского и комментарии А. Малеина и Ф. Петровского. Вступительная статья В. Волгина. 2-е издание, дополненное. Изд. А. И. СССР. М., 1953
  7. Маркс К., Энгельс Ф. Сочинения. Т 46, Ч 2, 2-е издание, Издательство политической литературы, М., 1969
  8. Даль В. Толковый словарь великорусского языка, 1861
  9. Աղայան Բ. Է. Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976
  10. Силко В.Е. Теоретико-методологические подходы к пониманию категории «свободное время».
  11. Головина Г.В. Культура досуга как фактор формирования современного общества. Журнал Вестник АГУ. Серия 1, №4, 2010
  12. Жамсуева О. С. Свободное время: теоретический аспект. Журнал Вестник БГУ, №14/2013
  13. Батнасунов А.С. Досуг как сфера жизнедеательности современной российской молодежи [Электронный ресурс]: Дисс…Канд. социол. наук: 22.00.06.-М.: РГБ 2005 (Из фондов Российской Государственной бибилиотеки).
  14. Dumazedier J. Ambiqute du loisir et dynamique sociocullturelle // Cahiers internetionaux de sociologie. 1953. № 23.
  15. Стеббинс Р. А. Свободное время: К оптимальному стилю досуга (взгляды из Канады)/ Р. А. Стеббинс/ Социологические исследования.-2000.-№7.-с 64-72. (перевод Д. А. Кувардиной
  16. Михайлова Л. И. Социология культуры: Учебное пособие. - 2-е изд., доп. - М.: Издательско-торговая корпорация «Дашков и К0», 2004. - 344
  17. 17,0 17,1 Батуева Б. Б. Свободное время и культура досуга: теоретический аспект, Журнал Вестник, БГУ, №14, 2009

Գրականություն խմբագրել

  • Фромм Э. Здоровое общество / Э. Фромм; пер. с англ. Т. Банкетовой. М.: АСТ: Хранитель, 2006.
  • Ямбург Е. А. Аристократизм как критерий качества образования // Народное образование. 2006. № 8.
  • Соколов Э. В. Свободное время и культура досуга. Л.: Лениздат, 1977.
  • Азарова Р. Н. Досуг современной молодежи // Внешкольник-2003.-№10. с 20.
  • Малинина Т. Б. Мера труда и потребления в условиях действия закона экономии рабочего времени. Журнал Общество, Среда. Развития. (Terra Humana). №2/2011.
  • Савенкова Е.В. Время в массовом сознании. Вестник самарской гуманитарной академии. Серия «Философия, Филология», №2/2007.
  • Артемев В. А. Социальное время-Новосибирск, 1987.
  • Зборовский Г. Е. Социология досуга и культура. М., 2006.
  • Зборовский Г. Е., Орлов Г. П. Досуг: действительность и иллюзии/ Свердловск, 1970.
  • Краткий словарь по социологии. Ред. Д. М. Гвишиани, Н. И. Лапина. Сост. Э. М. Коржева, Н. Ф. Наумова.- М. Политиздат, 1989.
  • Яковлев В. П. Социальное время/ Ростов н/Д, 1980.
  • Гордон, Л. А. Человек после работы. Социальные проблемы быта и внерабочего времени / Л. А. Гордон, Э. В. Клопов. – М. : Наука, 1972.
  • Пруденский, Г. А. Проблемы рабочего и внерабочего времени / Г. А. Пруденский. – М. : Наука, 1972. – С. 41.
  • Саркисова, И. В. Свободное время и духовное развитие молодежи : автореф. дис… канд. социол. наук / И. В. Саркисова. – СПб., 1992. – С. 8.
  • Ариарский, М. А. Прикладная культурология / М. А. Ариарский. – 2-е изд., испр. и доп. – СПб. : ЭГО, 2001. – С. 157.
  • Стрельцов, Ю. А. Культурология досуга : учеб. пособие / Ю. А. Стрельцов. – М. : МГУКИ, 2002. – С. 5.
  • Ядов, В. А. Социологические методы исследования клубной работы : метод. пособие / В. А. Ядов. – М., 1986. – С. 159.
  • Лотман, Ю. М. К проблеме типологии культуры / под ред. Е. В. Пермякова // Труды по знаковым системам. – Тарту, 1967. – Вып. 3. – С. 23.
  • Каган, М. С. Философия культуры : сб. тр. / М. С. Каган. – СПб., 1996. – С. 78.
  • Максютин, Н. Ф. Культурно-досуговая деятельность : конспект лекций, опорные занятия и определения : учеб. пособие / Н. Ф. Максютин. – Казань : Медицина, 1995. – С. 21.
  • Суртаев, В. Я. Социология молодежного досуга / В. Я. Суртаев. – СПб. – Ростов н/Д : Гефест, 1998. – С. 28.
  • Мищенко, Т. А. Гендерные аспекты организации досуга в структуре бюджета времени.
  • Болгов В. И. Бюджет времени при социализме. М., 1973.
  • Болгов В. И. Новые формы организации жизни на основе освоения современных методов адаптации и развития человека: опыт исследования среди населения г. Москвы // Организационные науки и проблемы государственного ре-гулирования рыночной экономики: тезисы докладов научной конференции. М., 1996.
  • Гордон Л. А., Клопов Э. В. Человек после работы: социальные проблемы быта и внерабочего времени (по материалам изучения бюджетов времени в крупных городах европейской части СССР). М., 1972
  • Кряжев В. Г. Внерабочее время и сфера обслуживания. М., 1966.
  • Жан Бодрийяр, Общество потребления, Республика; 2006.
  • Samuel N. The Future of Leisure Time. In: New Routes for Leisure. Lisbon, Portugal: Institute de Ciencia.s Sociales da Universidade de Lisboa, 1994. P. 45-57
  • Robinson J.P., Godhey S. Time for Life: The Surprising Ways Americans Use Their Time. University Park, PA: Pennsylvania State University Press, 1997, pp. 295, 298.
  • Zuzanek J. Canada, In: G. Cushman, A.J. Veal and J. Zuzanek (eds.) World Leisure Participation: Free Time in the Global Village. Wallingford, Oxon, Eng: CAB International, 1996, pp. 35–76.
  • Slebhins R.A. Amateurs, Professionals and Serious Leisure. Montreal, QC and Kingston, ON: McGillQueen's University Press, 1992.
  • Stebbins R.A. Toward a Social Psychology of Stage Fright. In: Sport in the Sociocultural Process, M. Hart and S. Birrell (eds.) - Dubuque, IA: W.C. Brown, 1981, pp. 156–163.
  • Dubin R. Central Life Interests: Creative Individualism in a Complex World. New Brunswick, NJ: Transaction Publishers, 1992.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ ժամանակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96