Աերոզոլներ, գազային միջավայրում լողացող պինդ կամ հեղուկ մանր մասնիկներից բաղկացած համակարգեր։ Մասնիկները շատ փոքր են՝ 10-7-10-2 սմ։ Աերոզոլներն անկայուն են. ծանրության ուժի ազդեցությամբ մասնիկները նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար։ Դրանք կարող են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել։ Նույնանուն լիցքավորված մասնիկներով աերոզոլներն ավելի կայուն են։

Մառախուղ և ամպեր

Աերոզոլների տեսակներ խմբագրել

Բնական աերոզոլներ խմբագրել

Բնական աերոզոլներից են ծուխը, չոր մշուշը, մառախուղը, ամպը և այլն։ Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար հատկապես վտանգավոր է մուրը, որով հագեցած է խոշոր քաղաքների օդը. այն թափանցում է մարդկանց շնչառական օրգաններ, նստում հողի, ջրի, բույսերի վրա։ Մեծ է նաև շրջապատն աղտոտող սուլֆատների հասցրած վնասը, որոնք, անջատվելով մթնոլորտից, առաջացնում են թթվային անձրևներ և զանգվածային թունավորումների պատճառ դառնում։ Վտանգավոր աերոզոլներ են առաջացնում նաև գիպսը, ասբեստը, մետաղների (երկաթ, կապար, ցինկ, մոլիբդեն, սելեն, տելուր) օքսիդները։ Հատկապես վտանգավոր է կապարը։ Ավտոմոբիլային մեկ շարժիչը աերոզոլի ձևով տարեկան մթնոլորտ է արտանետում մոտ 1 կգ կապար։

 
Փոշի

Աերոզոլների պինդ մասնիկները, խառնվելով օդում եղած ջրի մանր կաթիլներին, հաճախ գոյացնում են մառախուղի հատուկ տեսակ՝ սմոգ։ Ուժեղ սմոգը մարդկանց մոտ առաջացնում է շնչահեղձություն, բրոնխային հեղձուկ, ալերգիա, աչքերի բորբոքում։ Օդում աերոզոլների առաջացումը վնասակար է մարդկանց և շրջակա միջավայրի համար, հատկապես՝ ցեմենտի, քիմիական և մանվածքների արտադրություններում։ Որոշ աերոզոլներ պայթուցիկ են, օրինակ՝ ածխի, ալյուրի և շաքարի փոշիները։ Միջուկային պայթյունները սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր ճառագայթաակտիվ աերոզոլներ։

Թունավոր աերոզոլների դեմ պայքարի հիմնական եղանակներն են զտումը, լվացումը, առաջացման պատճառների վերացումը, էլեկտրական դաշտի և ձայնային ալիքների կիրառումը։ Արհեստական անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և մառախուղների ցրումը նույնպես իրականացվում են աերոզոլները վերացնելով։

Արհեստական աերոզոլներ խմբագրել

Արհեստական աերոզոլներն օգտագործվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ, ինչպես նաև կենցաղում։ Մշակաբույսերի, անտառների վնասատուների և հիվանդությունների, կենցաղային վտանգավոր միջատների դեմ պայքարում են թունաքիմիկատային աերոզոլներով։

Արդյունաբերական և գյուղատնտեսական աերոզոլները ճիշտ չկիրառելու դեպքում կարող են առաջանալ թունավորումներ և հիվանդություններ։

Աերոզոլները բժշկության մեջ խմբագրել

 
Աերոզոլային ինհալատոր

Բժշկության մեջ մաշկի որոշակի վնասվածքների, վերքերի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման նպատակով առանձին դեղանյութեր օգտագործվում են աերոզոլների ձևով. դրանք ավելի արագ և արդյունավետ են ազդում։ Աերոզոլների շատ փոքր մասնիկները, թափանցելով բրոնխների ու թոքերի խորքը, անմիջապես նստում են լորձաթաղանթին և ներծծվում արյան մեջ։ Այդօրինակ դեղանյութերն ավելի արագ և արդյունավետ են ազդում։

Աերոզոլների ակտիվությունն ուժեղանում է նրանց էլեկտրական լիցք, հատկապես՝ բացասական (էլեկտրաաերոզոլեր), հաղորդելիս։ Աերոզոլային դեղանյութերի շնչառմամբ (ինհալացիա) բուժումը կոչվում է աերոզոլաբուժություն։ Դրանք օգտագործում են հիմնականում վարակիչ, վիրուսային (հատկապես՝գրիպի), շնչուղիների այլ հիվանդությունների, թեթև ընթացքով բրոնխային հեղձուկի կանխարգելման և բուժման ժամանակ։ Այդ նպատակով օգտագործում են հակաբիոտիկների տարբեր լուծույթներ, բրոնխալայնիչ դեղանյութեր, հիմնային, հիմնաաղային և այլ հանքային ջրեր, յուղեր և այլն։

Մշակվել և կիրառվում են անհատական ու խմբային օգտագործման տարբեր աերոզոլային ինհալատորներ։

  Ընթերցե՛ք «աերոզոլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 94  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։