Ադափազար (թուրքերեն՝ Adapazarı), քաղաք է Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում, Սաքարյայի մարզում, Բոսֆորից մոտ 120 կմ արևելք, Սաքարիա գետի ձախ ափին։ Ըստ 2008 թ.-ի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 377 683 մարդ։ Ադափազարում կա Տոյոտա ավտոապրանքանիշի գործարան։

Քաղաք
Ադափազար
թուրքերեն՝ Adapazarı
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՍաքարյայի մարզ
Մակերես562 կմ²
ԲԾՄ31±1 մետր
Բնակչություն281 489 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0264
Փոստային դասիչ54100
Ավտոմոբիլային կոդ54
Պաշտոնական կայքadapazari.bel.tr(թուրքերեն)
Ադափազար (Թուրքիա)##
Ադափազար (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Սկզբնապես Ադափազարը եղել է փոքրիկ գյուղ, որ հիմնադրել էին XIV դարում Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Սեբաստիայից գաղթած հայերը, ցամաքած լճի տեղում՝ կոչելով Տոնիկաշեն (գյուղի առաջնորդի անունով)։ Հետագայում հայեր են եկել Ակնից, Թոքաթից, Պարսկաստանից և Եվրոպայից, ավելի ուշ՝ Կեսարիայից, Պարտիզակից և այլն։ Թուրքերը Ադափազարում բնակություն են հաստատել, երբ այդ հայկական բնակավայրը շեն գյուղաքաղաք է դարձել, այնուհետև շրջակա վայրերից եկել են հույներ։ Կ. Պոլսի գրավումից հետո թուրքերը երկրի վարչական բաժանումը որոշելիս գյուղաքաղաքն անվանել են «Ադա» (կղզի), իսկ որոշ ժամանակ նաև՝ «Սամըրսագ Ադասը» («Սխտորի կղզի», շատ սխտոր արտադրելու համար)։ Ավելի ուշ, որպես բանուկ շուկա, անվանել են Ադաբազար։

Ադափազարը Մեծ եղեռնի ժամանակ խմբագրել

Մեծ եղեռնի նախօրեին Ադափազարն ուներ 30.000 բնակիչ, կեսից ավելին՝ հայեր, որոնք զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, պտղաբուծությամբ և շերամապահությամբ։ Ունեին հատուկ խոսվածք։

Հայերը կենտրոնացել էին եկեղեցիների անուն կրող չորս թաղամասերում՝ Ս. Հրեշտակապետի, Ս. Կարապետի, Ս. Լուսավորչի և Ս. Ստեփանոսի։ Յուրաքանչյուր եկեղեցի ուներ տղաների և աղջիկների նախակրթարաններ և մանկապարտեզներ՝ Արամյան-Գայանյան, Ներսեսյան-Սանդուխտյան, Ռուբինյան-Հռիփսիմյան և Մեսրոպյան-Նունյան։ 1909 թվականին բացվեց կենտրոնական երկրորդական վարժարանը՝ տղաների համար, իսկ 1912 թվականին՝ աղջիկների լրացուցիչ դասընթացը։ Գործում էր նաև «Մանուշակ» մանկապարտեզ-նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը։ Յուրաքանչյուր թաղ ուներ թաղական խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա-ում հայերն ունեին իրենց հասարակական կազմակերպությունները. Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը։

Գործում էին նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910 թվականից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, որը 1911 թվականից տպագրվում էր Կ. Պոլսում։ Ադափազարի բարբառի «Ատրուշան» տպարանում, 1912 թվականին տպագրվել է «Բութանիա» շաբաթաթերթը։ 1915 թվականին Ադափազարի հայ բնակչությունը տեղահանվեց և կոտորվեց։ 1918 թվականի զինադադարից հետո շուրջ 4000 հայեր վերադարձան, և հայկական կյանքն սկսեց վերակենդանանալ։ Սակայն 1921 թվականի ամռանը՝ հունական բանակի նահանջի ժամանակ, բոլոր հայերը հեռացան Զմյուռնիա, Հունաստան և այլ երկրներ։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
2016 274 898 մարդ
2018 271 515 մարդ
2022 281 489 մարդ


Քույր քաղաքներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 62