Ագրեսիա (քաղաքականություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագրեսիա (այլ կիրառումներ)

Ագրեսիա[1] (ծագում է՝ լատին․՝ aggressio - հարձակում բառից), մեկ կամ մի քանի երկրների զինված հարձակում այլ երկրի կամ երկրների վրա նվաճողական նպատակներով[2]։

ժամանակակից միջազգային իրավունքի հասկացություն, որի բովանդակությունը որևէ պետության կողմից այլ պետության կամ ժողովրդի (ազգի) տերիտորիալ ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի գործադրումն է։ ՄԱԿ֊ի կանոնադրությամբ Ագրեսիա ապօրինի ակտ է։ Նրա առավել վտանգավոր ձևը զինված ագրեսիա է։ Ագրեսոր է համարվում այն պետությունը, որն առաջինն է դիմում ուժի։ Հարձակման ենթարկված պետության կամ պետությունների ինքնապաշտպանական գործողությունները չեն կարող դիտվել որպես ագրեսիաի ակտ։ Ագրեսիա վերաբերում է միայն միջազգային կոնֆլիկտներին և չի տարածվում քաղաքացիական պատերազմների վրա։ Ագրեսիայի սուբյեկտներ և օբյեկտներ կարող են լինել միայն պետությունները։ ժամանակակից միջազգային իրավունքն արգելում է ագրեսիաի ամեն մի ակտ և սահմանում ագրեսոր պետության միջազգային֊իրավական պատասխանատվություն։ Ագրեսիայի արգելումը այժմ ունի հանրաճանաչ և համապարտադիր սկզբունքի նշանակություն, որը օրինականացված է ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ, ինչպես նաև Նյուրնբերգի (1945–46) և Տոկիոյի (1946–48) միջազգային զինվորական տրիբունալների կանոնադրություններում։

Ագրեսիա հասկացությունը սահմանելու նախաձեռնությունը պատկանում է ԽՍՀՄ֊ին։ 1933-ի փետրվարի 6-ին, Զինաթափման կոնֆերանսում (Ժնև) սովետական պատվիրակությունն առաջարկեց ընդունել հարձակվող կողմին (ագրեսորին) բնորոշող համընդհանուր դեկլարացիայի նախագիծ։ Առաջարկությունն արժանացավ կոնֆերանսի Անվտանգության հարցերի կոմիտեի հավանությանը։ Չնայած այն ի վերջո մերժվեց իմպերիալիստական տերությունների դիմադրության պատճառով, բայց և այնպես հիմք ծառայեց 1933-ի հուլիսի 3–5 Լոնդոնում 11 պետությունների հետ ԽՍՀՄ֊ի ստորագրած կոնվենցիաներին։ Ագրեսիայի սովետական սահմանումը մտավ միջազգային գործող իրավունքի մեջ, ըստ որի, ագրեսոր է ճանաչվում այն պետությունը, որն առաջինն է կատարում հետևյալ գործողություններից թեկուզև մեկը, հարձակվում է մի այլ պետության վրա իր զինված ուժերով, թեկուզ առանց պատերազմ հայտարարելու, ներխուժում է ուրիշի տերիտորիան, իր ցամաքային, ծովային կամ օդային ուժերով ռմբակոծում է այն, կամ գիտակցաբար գրոհում նավերն ու ինքնաթիռները, իր ռազմական ուժերն ափ է հանում մի այլ պետության հողում, մտցնում տերիտորիան առանց նրա կառավարության թույլտվության, կամ խախտում է թույլտվության սահմանները՝ մասնավորապես այդ պետության տերիտորիայում գտնվելու ժամանակի կամ շրջանի ընդլայնման վերաբերյալ, ծովից պաշարում է մի այլ պետության ափերն ու նավահանգիստները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 50-ական թթ., ԽՍՀՄ այդ սահմանումը լրացրեց հետևյալ կետով․ ագրեսոր է այն պետությունը, որն աջակցում է իր տերիտորիայում կազմակերպված զինված բանդաներին, որոնք ներխուժում են ուրիշի տերիտորիան, և, անտեսելով տվյալ երկրի պահանջը, հրաժարվում է ձեռնարկել հիշյալ բանդաներին ամեն տեսակ օգնությունից ու հովանավորությունից զրկելու՝ իրենից կախված բոլոր միջոցները։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային լարվածության պայմաններում Ա֊ի որոշակի, հստակ և աներկմիտ սահմանման հարցը նորից դարձավ հրատապ խնդիր։ 1950-ին ԽՍՀՄ ՄԱԿ֊ին նախագիծ ներկայացրեց, որը և պարբերաբար քննարկվեց ՄԱԿ֊ի V (1950), VI (1951–52), VII (1953), IX (1954) և XII (1957) նստաշրջաններում և 1953-ին, 1956-ին, 1959-ին ստեղծված հատուկ կոմիտեներում։ Հաշվի առնելով ասիական, արաբական և լատինա֊ամերիկյան մի շարք երկրների ցանկությունները՝ ՍՍՀՄ 1953-ին ներկայացրեց նոր նախագիծ, ըստ որի ագրեսոր է նաև այն պետությունը, որը քաջալերում է մի այլ պետության դեմ ուղղված քայքայիչ գործողությունները (տեռորիստական ակտեր, դիվերսիաներ), նպաստում է այնտեղ քաղաքացիական պատերազմին, ներքին հեղաշրջմանը և քաղաքականության՝ իր օգտին կատարվող շրջադարձին (անուղղակի ագրեսիա), որը գործադրում է տնտեսական ճնշում, խախտում է մի այլ պետության ինքնուրույնությունն ու տնտեսական անկախությունը, սպառնում է նրա տնտեսական կյանքի հիմքերին, խոչընդոտում է բնական հարստությունների շահագործմանը կամ հարստությունների ազգայնացմանը, ենթարկում է տնտեսական պաշարման (տնտեսական ագրեսիա), որը պրոպագանդում է պատերազմ, ատոմային, մանրէաբանական, քիմիական և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների գործադրում, ֆաշիստա֊նացիստական հայացքներ, ռասայական ու ազգային բացառիկության և ուրիշ ժողովուրդների նկատմամբ ատելության ու արհամարհանքի գաղափարներ (գաղափարական ագրեսիա)։

Գլխավոր ասամբլեայի IX նստաշրջանը (1954) այդ սահմանումը լրացրեց մի նոր կետով, որով Ա. են համարվում նաև Անվտանգության խորհրդի կողմից որպես այդպիսին ճանաչված բոլոր կոնկրետ դեպքերը։

Ագրեսիայի բնորոշմամբ զբաղվող ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայի նորաստեղծ Հատուկ կոմիտեն (1967) ունեցել է 2 նստաշրջան (1968 և 1969), որոնց ընթացքում ԽՍՀՄ առաջարկել է զինված Ա֊ի բնորոշումը լրացնել 2 էական տարրով՝ համարել անթույլատրելի հարձակման համար զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը և ճանաչել ինքնորոշման համար գաղութային ժողովուրդների զինված պայքարի իրավունքը։

ՄԱԿ֊ի կանոնադրությամբ նախատեսվում է կոլեկտիվ միջոցներ՝ «ագրեսիայի ակտերը կամ խաղաղության այլ կարգի խախտումները ճնշելու համար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Համբարձում Ա. Գրիգորյան (1982). Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան. Երևան: Լույս. էջ 6.
  2. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 58