«Ագնես» (գերմ.՝ Agnes), շվեյցարացի գրող Պետեր Շտամի գերմաներեն վեպը, որը գրվել է 1998 թվականին և նրա գրական դեբյուտն է[1]։ Գիրքն առաջին անգամ գերմաներեն հրատարակվել է 1998 թվականի օգոստոսի 1-ին, պատմում է անանուն հասակավոր մարդու և նրա կես տարիքն ունեցող երիտասարդ Ագնեսի սիրո մասին[2][3]։

Ագնես
գերմ.՝ Agnes
Վեպի հայերեն թարգմանության շապիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՊետեր Շտամ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել էօգոստոսի 1, 1998

2012 թվականին գիրքը հարմարեցվել է ռադիոներկայացման համար, «Ագնես» վեպը թատերական պիես է դարձրել Քրիստիան Պապկը[4][5]։ Գիրքը թարգմանվել է 23 լեզվով։

Հայերեն տպագրվել է 2017 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Գայանե Գինոյան[6]։ Վեպի թարգմանությունը 2017 թվականի օգոստոսին Հայաստանում ամենավաճառված գրքերից է եղել[7]։

Դիպաշար խմբագրել

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Չիկագոյում, ներկայացվում է պատմողի աչքերով, որին անուն տրված չէ և սկսում է իր պատմությունը նրանով, որ Ագնեսը մահացել է։ Այնուհետև նա շարադրում է, թե ինչպես է առաջին անգամ ապրիլին հանդիպել Ագնեսին Չիկագոյի հանրային գրադարանում՝ վեպն սկսելուց ինն ամիս առաջ։ Նրանք հարաբերություն են ունենում, Ագնեսն ասում է, որ դա իր առաջին անգամն էր։ Պատմողը և Ագնեսն ապրում են առօրեական կյանքով, երբ մի օր պարզվում է, որ աղջիկը հղի է։ Պատմողը երեխա չի ուզում և առաջարկում է աբորտ անել, ինչին Ագնեսը համաձայն չէր։ Աղջիկը լքում է նրան, սակայն կորցնում է երեխային, և կրկին վերամիավորվում են, սակայն կորուստը մեծ ազդեցություն է թողնում նրանց հարաբերությունների վրա։ Այս ամենին զուգահեռ վեպի հիմնական թեմաներից է պատմությունը, որը Ագնեսը խնդրում է գրել հեղինակին։ Նա սկսում է իր պատմությունը սկզբից՝ ինչպես են հանդիպել, ինչպես են սիրահարվել և այլն։ Բայց երբ հասնում է ներկային, նա շարունակում է գրել։ Նա որոշում է, թե Ագնեսը ինչ պետք է կրի, ինչ ուտի և ինչ ասի։ Ագնեսն սկզբում է խաղում է՝ անելով պատմողի գրած «իրենց պատմությունը»։ Սակայն երբ Ագնեսն ասում է իր հղիության մասին, իրականությունը և պատմողի պատմությունն սկսում են հակասել իրար։ Պատմողն իրապես ցանկանում է «ուղղել իրականությունը» իր գրելով։ Սա վերջնականապես ավարտին է հասցնում հարաբերությունը, ինչից հետո պատմողը հոգեբանական անկում է ունենում, թե ինչ է պատահում Ագնեսին, անհայտ է մնում[8]։

Կարծիքներ խմբագրել

  Պետեր Շտամը նկարագրում է ռեալ և միաժամանակ ֆանտաստիկ պատմություն։ Կարճ երկխոսությունները ձևավորվում են ըստ առօրյայի։ Մի լեզվով, որ իր սառնությամբ համարյա գիտնականի զեկուցում է հիշեցնում, ով խոշորացույցի տակ միջատ է դիտում։ Վերջում գիտնականը ափսոսանքով մի կողմ է դնում խոշորացույցը։ Միջատը մահացած է։
- Դեր Շպիգել, 19.10.1998
 
  Վեպի իսկական արտահայտչականությունը և կառուցվածքը առաջանում են հաշվեկշռից, որը Պետեր Շտամը ստեղծել է գրականության ու կյանքի միջև փոխազդեցությամբ։ Վեպի «ասիմետրիկ» կերպարները ձգտում են իդեալական զույգ դառնալու, բայց, «որպես կանոն», բնական բյուրեղները համարյա միշտ առաջացող խախտումների պատճառով կատարյալ և կանոնավոր չեն ստեղծվում։
- Զյուդոյչե ցայթունգ, 06.03.1999
 
  Պետեր Շտամի վեպը գրականության զորության մասին հուզիչ այլաբանություն է։ «Առեղծվածայինը կենտրոնի դատարկությունն է». այսպես է նկարագրում ֆիզիկա ուսանող Ագնեսը իր սիրելի բյուրեղյա ցանցերը և դրանով միաժամանակ բնութագրում է իր սեփական կյանքը, որտեղ սերն ընդամենը գրական պատրանք է։
- Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե ցայթունգ, 24.04.1999
 

Մրցանակներ խմբագրել

  • 1999 Rauriser Literaturpreis[9]
  • 2000` «Ռայնգաուի» գրական մրցանակ
  • 2017՝ «Կոտա» գրական մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harris, Nigel; Sayner, Joanne (2008). The Text and Its Context: Studies in Modern German Literature and Society. Peter Lang. էջեր 263–264. ISBN 978-3-03910-928-9.
  2. Komorowsk, Dariusz (2008). Jenseits von Frisch und Dürrenmatt: Raumgestaltung in der gegenwärtigen. Königshausen & Neumann. էջեր 95–105. ISBN 978-3-8260-3913-3.
  3. Schmid, Birgit (2004). Die literarische Identität des Drehbuchs: Untersucht am Fallbeispiel "Agnes. Peter Lang. ISBN 978-3-03910-246-4.
  4. «Agnes: nach dem Roman von Peter Stamm». Staats Theater. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Der Schweizer Schriftsteller Peter Stamm ist eine Woche lang in der Stadt». SWP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Agnes». Zangak (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Երևանյան բեսթսելեր 4/78. Պետեր Շտամի և Գի դը Մոպասանի գրքերը մեր ցանկում են». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  8. Vollmer, Hartmut (2008). «"Glück malt man mit Punkten, Unglück mit Strichen": Peter Stamms Roman Agnes». Monatshefte. 100 (2): 266–281. doi:10.1353/mon.0.0026.
  9. Steinwendtner, Brita; Holl, Hildemar (2000). 30 Jahre Rauriser Literaturtage. Kulturverein "Forum Rauris". էջ 136.

Արտաքին հղումներ խմբագրել