Աբու Ղրայբ բանտի բանտարկյալների տանջանքներ

Աբու Ղրայբ բանտի բանտարկյալների տանջանքներ, ամերիկացի զինծառայողների կողմից իրականացված գործողություններ, որի ընթացքում բանտարկյալները ենթարկվել են բռնությունների, բռնաբարությունների, կտտանքների, ծեծի և ծաղրի։

Անհարմար դիրքով տանջանք․ Բանտարկյալին կանգնեցնում են փոքր արկղի վրա, ձեռքերին և առնանդամին միացնում են էլեկտրալարեր։ Ցանկացած շարժի կամ արկղից ընկնելու պարագայում անձը էլեկտրահարվում է։
Ամերիկացի զինվորականները լուսանկարվում են մերկ բանտարկյալների «բուրգի» մոտ

2004 թվականի ապրիլին ամերիկյան «CBS» հեռուստաընկերությունը ցուցադրել է սյուժե, որտեղ ներկայացվում էր բանտարկյալների տանջանքները Աբու Ղրայբ բանտում։ Տեսանյութը մեծ ցնցում է առաջացրել Միացյալ Նահանգներում և դարձել միջազգային սկանդալի պատճառ։ Տանջանքների մասին նորությունները բացասաբար են ընդունվել Իրաքի բնակչության կողմից։ Իրաքի կառավարող ժամանակավոր խորհուրդը տանջանքները անվանել է «անթույլատրելի քայլ, որն ուղղված է Իրաքի քաղաքացու արժանապատվության ոտնահարմանը»[1]։

Մի շարք բանտարկյալների տված ցուցմունքների համաձայն, ամերիկացի զինվորականները բռնաբարել են իրենց, քայլել իրենց վրայով, ստիպել են ուտել սնունդ, որը լցված է եղել զուգարանակոնքի մեջ։ Մասնավորապես, բանտարկյալներից մեկը նշել է․ «Նրանք ստիպել են մեզ քայլել քառոտն և հաչել, ինչպես շները։ Մենք շան նման պետք է հաչեինք, իսկ եթե չանեիր, նրանք քեզ ծեծում էին, առանց խղճի խայթի։ Դրանից հետո նրանք մեզ շպրտում էին խցեր, վերցնում ներքնակները, ստիպում քնել հատակին, առանց հանելու գլխաշորերը։ Նրանք գործընթացը միշտ լուսանկարում էին։ Մի ամերիկացի ինձ ասաց՝ ես կբռնաբարեմ քեզ։ Նա կնոջ պատկեր նկարեց իմ մարմնին, ստիպեց ինձ իրեն հարմար դիրք ընդունել և բռնել սեփական ամորձապարկը».[2]։

2005 թվականի փետրվարին «Associated Press» գործակալությունը, հիմնվելով բանտում տեղի ունեցած քննության նյութերի վրա, հայտարարեց, որ բանտարկյալներից մեկը մահացել է՝ ԿՀՎ-ի կողմից իրականացված հարցաքննության ժամանակ։ Սպանված Մանադել ալ Ջամադիի լուսանկարը, որի ֆոնին լուսանկարվել են ամերիկացի զինծառայողներ Չարլզ Գրեյները և Սաբրինա Հարմանը, հրապարակվել է 2004 թվականի նոյեմբերին։ Այդ պահից սկսած, սակայն, ԱՄՆ պաշտպանության նախարարության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ջամադին ինքնասպանություն է գործել՝ չբացահայտելով գործի մանրամասնությունները։ Associated Press-ի նյութում նշված էր, որ բանտարկյալը մահացել է այն բանից հետո, երբ նրան՝ կապված ձեռքերով, կախել են պատից։ Զինվորական դատական բժշկի եզրակացությամբ, բանտարկյալը խեղդամահ է եղել՝ կրծքին ստացած ճնշման արդյունքում[3]։

Մեղադրանքներ հրամանատարական կազմի հասցեին խմբագրել

 
Ամերիկացի զինվորականը նստել է բանտարկյալի վրա, ով գտնվում է երկու պատգարակների միջև

Ամերիկացի իրավապաշտպանները հայտարարել են, որ տանջանքները ղեկավարվել են հրամանատարական կազմի կողմից։ 2005 թվականին «Քաղաքացիական ազատության ամերիկյան միությունը» հրապարակել է Իրաքում կոալիցիոն ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ռիկարդո Սանչեսի ծառայողական փաստաթղթերից մեկը, որը գրվել է 2003 թվականի սեպտեմբերի 14-ին։ Փաստաթղթում գեներալը թույլատրել է օգտագործել հարցաքննության որոշ մեթոդներ, որոնք Ամերիկյան իրավաբանների միության կարծիքով, հակասում են Ժնևյան կոնվենցիաներին[4]։

2004 թվականի մայիսին New Yorker ամսագիրը մեղադրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին, որ նա խրախուսել է հարցաքննության մեթոդների կիրառումը՝ պատանդներից ավելի շուտ տեղեկատվություն ստանալու համար։ «Human Rights Watch» կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը նշել է, որ ԱՄՆ-ն կորցրել է իր բարոյականությունը և ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը։ Ի պատասխան Պենտագոնը հայտարարել է, որ պաշտպանության նախարարության որևէ աշխատակից հավանություն չի տվել այնպիսի ծրագրի, ինչպիսին իրենք տեսել են տեսագրություններում և լուսանկարներում[5]։

2005 թվականին տեղի ունեցած դատավարության ժամանակ, մեղադրյալներից մեկի՝ ռազմական փորձագետ Չարլզ Գրեների փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը իրականացրել է իր աշխատանքը։ Նա հետևել է հրամաններին և դրանց կատարման համար արժանացել շնորհակալության։ Փաստաբանի խոսքերով, այն փաստը, որ բանտարկյալներին ստիպել են քայլել շնաթոկերով կամ ստիպել մերկ «բուրգ» կառուցել, դատապարտելի չէ։ Մեղադրյալը դատական գործընթացի ժամանակ միշտ կատակել է՝ ասելով, որ ինչ էլ, որ լինի, կավարտվի դրական նոտայի վրա և ինքը միշտ կժպտա[6]

 
Սաբրինա Հարմանի լուսանկարը՝ գազազած շների վանդակից հանված բանտարկյալի մարմնի մոտ

Տագուբայի զեկույցում, որը պատրաստվել է գեներալ Անտոնիո Տագուբայի կողմից, նշված էր, որ բանտում այսպիսի պայմանների ստեղծման ետևում կանգնած են ռազմական հետախուզությունը և դաշնային այլ մարմինները։

Կա տեսակետ, համաձայն որի զանգվածային տանջանքները իրականացվել են ոչ միայն տեղեկատվություն ստանալու, այլ նաև ճնշելու Իրաքի հասարակությանը։

Լուսանկարներ խմբագրել

 
Զինծառայողներ Սաբրինա Հարմանի և Չարլզ Գրեյների լուսանկարը մերկ բանտարկյալների ֆոնի վրա

Բանտարկյալներին ծաղրելու կամ տանջելու ժամանակ, ամերիկացի զինծառայողները լուսանկարվել են՝ իրենց զոհերի ֆոնին։

«The New York Times Magazine»-ում փիլիսոփա Սյուզն Զոնտագը նշել է, որ բանտի լուսանկարները հանդիսանում են ամերիկյան փոփ մշակույթի տիպիկ արտահայտումը, որտեղ համադրված են դաժան պորնոգրաֆիան, սադիստական ֆիլմերը և վիդեոխաղերը։ Նա գրել է, որ այդ լուսանկարները հանդիսանում են «Ամերիկայի իրական էությունը և սիրտը»։ Զոնգտագը նշել է․ «Զինվորները դիրք ընդունելով, միջնամատը պարզելով առաջ, մոռանում են, որ թողնում են իրենց գազանական վարքագծի հետքերը։ Նրանք այդ լուսանկարները ուղարկում են իրենց հարազատներին և ընկերներին։ Հիմա մեղադրյալին հրավիրում են թոք շոուի, որտեղ խնդրում են նրան պատմել իր անձնական կյանքի մասին, որը որոշ ժամանակ առաջ գաղտնի էր պահվում՝ ծառայողական նպատակներից ելնելով։ Այս լուսանկարները իրականում պատկերում են այն մշակույթը, որտեղ մենք ապրում ենք։ Այդ մշակույթը անամոթ է, դաժան և անառակ»[7]։

ՄԱԿ-ի ընդդեմ բռնությունների կոմիտեի անդամ Օլե Վեդել Ռասմուսսենը նշել է, որ խորապես ցնցված է լուսանկարներից։ Նրա խոսքերով, նա սարսափում է պատկերացնել, թե ինչ ապրումներ են ունեցել իրաքցի գերիները, ովքեր սեռական նվաստացումների են արժանացել ամերիկացի զինծառայողների կողմից։ Այն ամենը, ինչ նրանց հետ կատարվել է, ավելի վատ է, քան մահը։ Այդ նվաստացումները կհետապնդեն նրանց ամբողջ կյանքում։ ԱՄՆ-ն, ըստ կոմիտեի անդամների, խախտել է Ընդդեմ տանջանքների համաշխարհային կոնվենցիայի միանգամից մի քանի կետեր[8]։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրը նշել է, որ լուսանկարների հրապարակումը «խախտել է տաբուն այն բանի մասին, թե ինչ են անում երկրները, ովքեր փորձում են ժողովրդավարություն տարածել այլ երկրներում»[8]։

Դատավարություններ խմբագրել

 
Ամերիկացի զինծառայող Չարլզ Գրեյները ծեծում է կապված բանտարկյալներին

2004 թվականից մինչև 2007 թվականի օգոստոս ամիսը ռազմական տրիբունալը ուսումնասիրել է ամերիկացի զինվորականների 11 գործ։ Արդյունքում 11-ից 8-ը դատապարտվել են ազատազրկման։ Աբու Ղրայբի նախկին պարետ Ջենիս Կարպինսկին բրիգադի գեներալի զինվորական կոչումից աստիճանազրկվել է մինչև գնդապետի զինվորական կոչման, գնդապետ Թոմաս Պապպասը, ով ղեկավարել է բանտի ռազմական հետախուզության բաժինը, հեռացվել է աշխատանքից և տուգանվել 8000 $[9]։ Սաբրինա Հարմանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման։ Չարլզ Գրեյները 2005 թվականի հունվարի 15-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման[10]։ Ավագ սերժանտ Էյվան Ֆրեդերիկը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, վնասի փոխհատուցման, համակարգից հեռացման և զինվորական կոչումներից զրկման[11]։ Սերժանտ Ջավալ Դեյվիսը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման, իսկ Ջերեմի Սիվիթսը՝ 1 տարվա ազատազրկման։ Էրմին Քրուզը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման, Ռոման Քրոլը՝ 10 ամսվա ազատազրկման, իսկ Լինդի Ինգլանդը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Սերժանտ Սանդոս Կորդոնան դատապարտվել է 90 օր ուղղիչ պարտադիր աշխատանքի։ Միշել Սմիթը դատապարտվել է 179 օր ազատազրկման։

Իրավաբանական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ մասնակցություն է ունեցել Սթենֆորդի բանտային գիտափորձի կազմակերպիչ Ֆիլիպ Զիմբարդոն։ Նրա մտահոգությունը կայանում էր նրանում, որ ԱՄՆ պետական և ռազմական բարձրագույն իշխանությունը փորձում էր գտնել մեղավորներ «բանտի պատերից դուրս», փոխանակ ընդունելու ռազմական ոլորտում առկա համակարգային խնդիրները։

Ի վերջո, Զիմբարդոն հայտնվեց իրավաբանների խմբում, ովքեր պաշտպանում էին բանտի շտաբ- սերժանտ Այվեն «Չիպ» Ֆրեդերիկի շահերը։ Զիմբարդոն մուտք է ունեցել քննության բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա է եղել Ֆրեդերիկի դատական բոլոր լսումներին։

Զիմբարդոն Ֆրեդերիկի փորձը օգտագործել է իր «Լյուցիֆերի էֆեկտը» գիրքը գրելու ժամանակ, որտեղ նշում է, որ Սթենֆորդի բանտային գիտափորձի և Աբու Ղրայբի միջև շատ նմանություններ կան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пытки в тюрьме Абу-Грейб — ВУС Ирака требует расследования // NEWSru.com, 1 мая 2004
  2. Показания узников «Абу-Грейб»: военнослужащие США насиловали подростков // NEWSru.com, 21 мая 2004
  3. Установлен первый случай смерти от пыток в «Абу-Грейб» // NEWSru.com, 18 февраля 2005
  4. Терехов А. Новый скандал вокруг Пентагона // Независимая газета, 31 марта 2005
  5. New Yorker: пытки в «Абу-Грейб» — часть программы, одобренной Дональдом Рамсфельдом // NEWSru.com, 16 мая 2004
  6. Адвокат по делу «Абу Грейб»: «Разве это пытки?» // Русская служба Би-би-си, 11 января 2005
  7. Бурума Я. Призраки Արխիվացված 2009-04-30 Wayback Machine // The New York Review of Books, 2008 (перевод Иосифа Фридмана на russ.ru)
  8. 8,0 8,1 Сексуальное унижение — широко распространённая практика // Le Monde, 12 мая 2004
  9. Следователю Абу-Грейб смягчили жесткость // Коммерсантъ, № 150 (3726), 22 августа 2007
  10. Graner gets 10 years for Abu Ghraib abuse // MSNBC по сообщению Associated Press, 16 января 2005
  11. Court sentences England to 3 years Արխիվացված 2007-02-02 Wayback Machine //

Գրականություն խմբագրել

  • Зимбардо Ф. Эффект Люцифера. Почему хорошие люди превращаются в злодеев / Пер. с англ. А. Стативка. — М.: Альпина нон-фикшн, 2013. — 740 с. — ISBN 978-5-91671-106-6

Արտաքին հղումներ խմբագրել