«Ռոստովէներգոյի» շենք

շենք Դոնի Ռոստովում

«Ռոստովէներգոյի» շենք (ռուս.՝ Здание «Ростовэнерго»), վարչական շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ տեղակայված են Ռոստովի մարզի մի քանի խոշոր ընկերություններ։ Կառուցվել է 1952 թվականին ճարտարապետ Լև Էբերգի նախագծով[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։ Գտնվում է Բոլշայա Սադովա փողոց, 49/42 հասցեով։

«Ռոստովէներգոյի» շենք
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ներկայիս շենքի տեղում նախկինում եղել է քառահարկ շենք, որը քանդվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ «Ռոստովէներգոյի» ներկայիս շենքը կառուցվել է 1952 թվականին ճարտարապետ Լև Լեոնիդովիչ Էբերգի նախագծով՝ քաղաքի հետպատերազմյան վերակառուցման ընթացքում[1]։

Ռոստովի մարզի մշակույթի նախարարության 2015 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 488 հրամանով «Ռոստովէներգոյի» շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[3]։ 2010-ական թվականներին շենքի մաշվածության աստիճանը հասել էր 35 տոկոսի, ինչի պատճառով 2016 թվականին սկսվեց վերականգնումը։ Աշխատանքները նախատեսել էին ավարտել մինչև 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկը[2]։

Ճարտարապետություն խմբագրել

«Ռոստովէներգոյի» շենքը կառուցվել է խորհրդային նեոդասականության ոգով[2]։ Հիմնական և կողմնային ճակատների ձևավորման մեջ նկատվում են իտալական Վերածննդի տարրեր[1]։ Միջանցքային տիպի L-աձև շենքն ունի 5 հարկ։ Գլխավոր և կողմնային ճակատները երկու հարկի բարձրությամբ զարդարված են խոշոր կոպիտ սվաղով։ Բոլշայա Սադովայա փողոցին նայող հիմնական ճակատի կենտրոնական հատվածն ընդգծվում է երկու առաջին հարկերի բարձրությամբ կեղծ կամարաշարով, 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում խորշապատշգամբներով և պսակվում է ձեղնահարկի լուսամուտ ունեցող աստիճանավոր ատտիկոսով։ 3-րդ և 4-րդ հարկերի խորշապատշգամբները զարդարված են որմնասյուներով, 5-րդ հարկի դուրս ցցված պատշգամբով խորշապատշգամբը զարդարված է կիսաշրջանաձև կենտրոնական կամարով[1]։

Հարդարելիս օգտագործվել է ծեփածո և սվաղային դեկոր։ Երկրորդ հարկի պատուհանների տակ տեղադրված են խորհրդային խորհրդանիշներով մեդալիոններ։ Երրորդ հարկի պատուհանները զարդարված են բազմապրոֆիլ երեսկալներով և կողպեքային քարերով[1]։ Ճակատների հորիզոնական բաժանումն ընդգծվում է լայն պրոֆիլավորված գոտիով[2]։ Շենքի կլորացված անկյունը պսակված է ծեփածո անվանագիր ունեցող կլորացրած ճակտոնով[1]։

Գտնվելու վայր խմբագրել

«Ռոստովէներգոյի» շենքը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում՝ քաղաքի վարչական շենքի դիմաց (Բոլշայա Սադովայա, 49 / Սեմաշկոյի փողոց, 42)։ Հասնել կարելի է ավտոբուսով (թիվ 3, 3ա, 7, 67, 33, 70, 80), տրոլեյբուսով (թիվ 1, 2, 9, 22), «Սեմաշկո (Բոլշայա Սադովայա փողոց)» կանգառ։

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Здание Ростовэнерго в Ростовской области». www.rostovgid.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 МРСК Юга отреставрирует к ЧМ-2018 объект культурного наследия Ростова-на-Дону — здание «Ростовэнерго»
  3. Список объектов культурного наследия регионального значения(չաշխատող հղում)