«Ամենհոտեպ I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ամենհոտեպ I''' ({{lang-en|Amenhotep I}}, {{IPAc-en|ˌ|æ|m|ɛ|n|ˈ|h|əʊ|t|ɛ|p}}<ref name="Collins">{{cite web|url=http://www.collinsdictionary.com/dictionary/english/amenhotep-iii?showCookiePolicy=true|title=Amenhotep III or Amenhotpe III|date=n.d.|publisher=Collins Dictionary|access-date=24 September 2014}}</ref>) ({{lang-egy|jmn-ḥtp(w)}} /jaˌmanuwˈħatpaw/ «<nowiki/>Ամոնը գոհ է», Էլ–Ամառնա|Ամառ...»:
(Տարբերություն չկա)

10:51, 21 հունվարի 2022-ի տարբերակ

Ամենհոտեպ I (անգլ.՝ Amenhotep I, /ˌæmɛnˈhtɛp/[1]) (եգիպ.՝ jmn-ḥtp(w) /jaˌmanuwˈħatpaw/ «Ամոնը գոհ է», Ամառնա սեպագրում՝ a-ma-an-ha-at-pe or -at-pa), Ամենոթես I[2] կամ Ամենոֆիս I (/əˈmɛnfɪs/,[3]) հին հունարեն Ἀμένωφις [4], երբեմն նաև՝ թագավոր Ջեսերկերե (գրադարձություն՝ Ḏsr-k3-R`)[5], եգիպտական տասնութերորդ արքայատոհմի երկրորդ փարավոն։ Նրա գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1526 -1506 թվականներով։ Եղել է Ահմոս I փարավոնի և Ահմոս-Նեֆերտարի թագուհու որդին, ունեցել է իրենից մեծ երկու ավագ եղբայրներ՝ Ահմոս-Անխը և Ահմոս Սապաիրը, և չի ակնկալվել, որ կժառանգի գահը։ Սակայն Ահմոս I-ի գահակալության 17-րդ տարվա և մահվան միջև ընկած ժամանակահատվածի 8-րդ տարում վերջինիս ժառանգորդը մահացել է և Ամենհոտեպը դարձել է թագաժառանգ[4], որից հետո նա գահ է բարձրացել ու իշխել 21 տարի[6]։ Թեև նրա թագավորությունը վատ է վավերագրված, հնարավոր է հիմնական պատմությունը հավաքել առկա ապացույցներից։ Նա ժառանգել է հոր ռազմական նվաճումներով ձևավորված թագավորություն և պահպանել է գերիշխանությունը Նուբիայի և Նեղոսի դելտայի նկատմամբ, սակայն հավանաբար չի փորձել պահպանել Եգիպտոսի իշխանությունը Լևանտում: Նա շարունակել է Վերին Եգիպտոսում տաճարների վերակառուցումը և նորարարություն է մտցրել մահվան համալիրի նախագծման մեջ՝ առանձնացնելով իր դամբարանը մահվան տաճարից, որով արքայական թաղման տաճարների նախագծման մեջ միտում է ձևավորել, որը պահպանվել է ողջ Նոր Թագավորության ընթացքում։ Մահից հետո աստվածացվել է՝ որպես Դեյր էլ-Մեդինայի հովանավոր աստված[7]։

Ընտանիք

Ամենհոտեպ I-ը փարավոն Ահմոս I-ի ու թագուհի Ահմոս-Նեֆերտարիի որդին էր։ Նրա ավագ եղբայրները՝ գահաժառանգ Ահմոս-Սապաիրն ու Ահմոս-Անխը մահացել են նրանից առաջ՝ այսպիսով նրա համար ճանապարհ հարթելով դեպի գահը[8]։ Ամենհոտեպը գահ է բարձրացել հավանաբար դեռևս մանուկ հասակում, և նրա մայրը՝ Ահմոս-Նեֆերտարին, ըստ երևույթին, որոշ ժամանակով եղել է նրա ռեգենտը[9]։ Այս ռեգենտության ապացույցն այն է, որ և՛ նրան, և՛ նրա մորն է վերագրվում Դեյր էլ-Մեդինայի թեբեյան նեկրոպոլիսում աշխատողների համար բնակավայրի հիմնումը[9]։ Ամենհոտեպն ամուսնացել է իր քրոջ՝ Ահմոս-Մերիտամոնի հետ ու նրան դարձրել իր մեծ թագուհին [10]։ Նրա մեկ այլ կնոջ՝ Սիտկամոսի անունն արձանագրված է տասնիններորդ արքայատոհմի մի ստելայի վրա[11]։

Այսքանից բացի Ամենհոտեպի և ընտանիքի այլ անդամների միջև հարաբերությունների մասին հայտնի չէ։ Ահհոտեպ II-ը սովորաբար համարվում է նրա կինն ու քույրը[10], թեև կա այն տեսակետը, որ վերջինս եղել է նրա տատիկը[11]։ Ենթադրվում է, որ Ահհոտեպ II-ից Ամենեմհատ անունով որդի է ունեցել, որը մահացել է մանուկ հասակում[10]։ Այս մասին միակարծություն կա, թեև այդ հարաբերությունների դեմ փաստարկներ նույնպես կան[11]։ Կենդանի ժառանգներ չունենալու պատճառով Ամենհոտեպին հաջորդել է Թութմոս I-ը, որին նա ամուսնացրել է իր քույր Ահմոսի հետ[10], սակայն քանի որ որևէ արձանագրության մեջ վերջինս երբևէ չի հիշատակվում որպես «արքայադուստր», որոշ գիտնականներ կասկածում են, որ նա եղել է Ամենհոտեպ I-ի քույրը[11]։

Տարեթվեր ու գահակալության տևողություն

 
Ամենհոտեպ I-ի արձանը, որը ներկայումս գտնվում է Բրիտանական թանգարանում

Ամենհոտեպ I-ի գահակալության իններորդ տարում ամռան երրորդ ամսի իններորդ օրը դիտարկվել է Սիրիուսի ծագումն արևից առաջ[12]։ Ժամանակակից աստղագետները հաշվարկել են, որ եթե դիտարկումն արված լիներ Մեմֆիսից կամ Հելիոպոլիսից, ապա այն կարող էր տեղի ունենալ միայն մ․թ․ա․ 1537 թվականի այդ օրը։ Սակայն եթե դիտարկումն արվել է Թեբեում, ապա այն կարող էր տեղի ունեցած լինել միայն մ․թ․ա․ 1517 թվականին[13]։ Վերջին տարբերակն է սովորաբար ընդունվում որպես ճիշտ, քանի որ Թեբեն է եղել մայրաքաղաքը 18-րդ արքայատոհմի գահակալության սկզբնահատվածում, այսպիսով՝ Ամենհոտեպ I-ի գահակալության սկիզբը համարվում է մ․թ․ա․ 1526 թվականը[12], թեև ամբողջովին չի բացառվում նաև մ․թ․ա․ 1546 թվականը։

Մանեթոնի «Epitome» գրքում նշված է, որ Ամենհոտեպ I-ը Եգիպտոսը ղեկավարել է քսան տարի ու յոթ ամիս, իսկ այլ աղբյուրներում՝ քսանմեկ տարի[14]։ Մանեթոնի պնդումը հաստատվում է Ամենեմհեթ անունով մի հրաշագործի դամբարանի ինքնակենսագրականի մի հատվածով, որտեղ վերջինս պնդում է, որ ինքն Ամենհոտեպ I-ին ծառայել է քսանմեկ տարի[15]։ Այսպիսով՝ բարձր ժամանակագրության մեջ Ամենհոտեպ I-ին վերագրվում է մ․թ․ա․ մոտավորապես 1546 - 1526 թվականներն ընկած գահակալություն, իսկ ցածր ժամանակագրության մեջ՝ մ․թ․ա․ մոտավորապես 1526 - 1506 կամ 1525 - 1504 թվականներն ընկած գահակալություն[16], թեև առանձին գիտնականներ նրան կարող են վերոնշյալներից մի քանի տարով տարբերվող գահակալություն վերագրել։

Արտաքին քաղաքականություն

 
Ամենհոտեպ I-ի հարթաքանդակ Կառնակից

Ամենհոտեպ I-ի արքայական տիտղոսները՝ «Հողեր նվաճող ցուլ» և «Մեծ սարսափ ներշնչող», ընդհանուր առմամբ մեկնաբանվում են այնպես, որ Ամենհոտեպ I-ը մտադիր էր տիրել շրջակա ազգերին[12]։ Դամբարանային երկու տեքստում գրված է, որ նա արշավանքներ է ղեկավարել դեպի Նուբիա։ Էբանայի որդի Ահմոսի դամբարանագրերի համաձայն՝ ավելի ուշ Ամենհոտեպը ձգտել է ընդլայնել Եգիպտոսի սահմանը դեպի հարավ՝ դեպի Նուբիա, և բանակ է գլխավորել, որը ջախջախել է նուբիական բանակը[17]։ Մեկ այլ արձանագրության մեջ նշված է, որ նա նաև կռվել է Քուշում[18], սակայն հնարավոր է, որ դա Էբանայի որդի Ահմոսի նշած նույն արշավը եղած լինի[12]։ Սաի կղզում տաճար է կառուցել, որով ցույց է տվել, որ նա եգիպտական բնակավայրեր է հիմնել գրեթե մինչև Նեղոսի երրորդ կատարակտը[9]։

Դամբարանային արձանագրություններից մեկում կա միայն մեկ հիշատակություն Կեհեկ երկրի վրա հարձակման մասին[19]։ Դժբախտաբար Կեհեկի գտնվելու վայրն անհայտ է։ Երկար ժամանակ համարվում էր, որ Կեհեկը լիբիական քեհեք ցեղի անվանումն է, այսպիսով, ենթադրվում էր, որ Լիբիայից եկած զավթիչները օգտվել են Ահմոսի մահից և շարժվել դեպի արևմտյան Նեղոսի դելտա[20]։ Սակայն ի հակադրություն այս տեսակետի՝ քեհեք ցեղը պատմության մեջ հայտնվել է ավելի ուշ ժամանակահատվածում, ու Կեհեկի ինքնությունը մնում է չպարզված։ Հնարավոր է, որ դա Նուբիան եղած լինի, քանի որ Ամենհոտեպն արշավել է այնտեղ, հավանական են նաև արևմտյան անապատն ու օազիսները, քանի որ դրանք նույնպես եղել են եգիպտական տիրապետության տակ[19]։

Եգիպտոսը կորցրել էր արևմտյան անապատը և օազիսները երկրորդ միջանկյալ ժամանակաշրջանում, իսկ հիքսոսների դեմ ապստամբության ժամանակ Կամոսն անհրաժեշտ է համարել այնտեղ կայազոր կարգել[21]։ Հստակ չէ, թե երբ են դրանք ամբողջությամբ վերցվել, սակայն մեկ ստելայի վրա օգտագործվել է «Օազիսների իշխան-կառավարիչ» տիտղոսը[22], որը նշանակում է, որ Ամենհոտեպի գահակալությունը ձևավորել է եգիպտական իշխանության վերադարձի վերջնակետը[21]։

Ամենհոտեպ I-ի գահակալության ընթացքում Սիրո-Պաղեստինի վրա արձանագրված արշավներ չկան։ Սակայն ինչպես նշել է նրա հաջորդ փարավոն Թութմոս I-ն իր թոմբոսյան արձանագրություններում, երբ վերջինս արշավել է դեպի Ասիա մինչև Եփրատ, նրա դեմ ոչ ոք չի կռվել[23]։ Եթե Թութմոսը դեպի Ասիա արշավ չի ղեկավարել մինչև այս արձանագրվածը, ապա դա նշանակում է, որ նախորդ փարավոնն է ստիպված եղել խաղաղեցնել Սիրիան[24], որն էլ իր հերթին ենթադրում է, որ Ամենհոտեպ I-ն ասիական արշավանք է կազմակերպել։ Հավանաբար նրա գահակալության օրոք գրված երկու արձանագրություն հնարավոր է այդ արշավի մասին վկայեն։ Ամենհոտեպի դամբարանի արձանագրություններից մեկը հիշատակում է Քեդմիին, որը գտնվում է ինչ-որ տեղ Քանանում կամ Անդրհորդանանում, իսկ Ամենեմհեթի դամբարանը պարունակում է թշնամական հիշատակում Միտաննիի մասին[25]։ Այնուամենայնիվ, այս հիշատակումներից ոչ մեկը պարտադիր կերպով չի վերաբերվում արշավանքին, ոչ էլ պարտադիր թվագրվում է Ամենհոտեփի թագավորության ժամանակաշրջանով: Ամենհոտեպի դամբարանի գտնվելու վայրը հստակ չէ, իսկ Ամենեմհեթն ապրել է մի քանի փարավոնների օրոք, որոնք, ինչպես հայտնի է, հարձակվել են Միտաննիի վրա[25]։ Ամենհոտեպի կառավարման ժամանակաշրջանի գրառումները պարզապես չափազանց սուղ են և չափազանց անորոշ՝ սիրիական որևէ արշավանքի մասին եզրակացության գալու համար:

Մշակութային և ինտելեկտուալ զարգացումներ

 
Ամենհոտեպ I-ին իր մոր՝ Ահմոս-Նեֆերտարիի հետ պատկերող ստելա

Հայտնաբերվել են Ամենհոտեպի մեծ թվով արձաններ, բայց դրանք հիմնականում Եգիպտոսի նոր թագավորության ժամանակաշրջանից են և վերաբերում են նրա շարունակվող պաշտամունքին[11] ու պատրաստվել են նրա հետմահու պաշտամունքի համար[22]։ Սա դժվարացնում է նրա թագավորության ժամանկահատվածի արվեստի ուսումնասիրությունը[22]։ Հիմնվելով նրա մի քանի իսկական արձանների վրա՝ թվում է, որ Ամենհոտեպը շարունակել է Միջին Թագավորության ոճերը կրկնօրինակելու պրակտիկան[26]։ 18-րդ արքայատոհմի սկզբի արվեստը հատկապես նման էր վաղ Միջին Թագավորության արվեստին[27] և Ամենհոտեպ I-ի ստեղծած արձանները հստակորեն կրկնօրինակել են Մենթուհոտեպ II-ի և Սենուսրեթ I-ի արձանները[28]։ Երկու տեսակի արձաններն այնքան նման են, որ ժամանակակից եգիպտագետները դժվարանում են տարբերել դրանք[26]։

Հավանաբար Ամենհոտեպ I-ն է հիմնադրել արհեստավորների ավանը Դեյր էլ-Մեդինայում, որի բնակիչների շնորհիվ են Նոր Թագավորության հաջորդ սերունդների տիրակալների և ազնվականների մեծ մասի թեբեական նեկրոպոլիսի դամբարանները զարդարված արվեստով[11]։ Այնտեղ հայտնաբերված առաջին անունը Թութմոս I-ն է, սակայն Ամենհոտեպն ակնհայտորեն կարևոր կերպար է եղել ավանի աշխատողների համար, քանի որ նա և իր մայրը երկուսն էլ այնտեղի հովանավոր աստվածներն էին[29]։

Ամենհոտեպի օրոք գրական զարգացումներ են գրանցվել։ Ենթադրվում է, որ Նոր թագավորությունում օգտագործված «Մեռյալների գիրքն» իր ավարտուն տեսքին է հասել Ամենհոտեպի գահկալության տարիներին, քանի որ այն առաջին անգամ հանդիպում է նրա հաջորդ Թութմոս I-ի դամբարանում[30]։ Հին եգիպտական բժշկության մասին տեղեկությունների գլխավոր աղբյուր Էբերսի պապիրուսը նույնպես թվագրվում է այս ժամանակահատվածով[30]։

Ամենհոտեպ I-ի գահակալության ժամանակ է ստեղծվել առաջին ջրի ժամացույցը[31]։ Ամենհոտեպի պալատական աստղագետ Ամենեմհեբը իր դամբարանի կենսագրության մեջ այս սարքի ստեղծումն իրեն է վերագրել, չնայած ամենահին պահպանված մեխանիզմը թվագրվում է Ամենհոտեպ III-ի թագավորության ժամանակահատվածով[32]։ Այս գյուտը մեծ օգուտ էր տալիս ժամանակի հաշվառման համար, քանի որ եգիպտական ժամը ֆիքսված ժամանակ չէր, այլ չափվում էր որպես գիշերվա 1/12 մաս[32]։ Երբ ամռանը գիշերներն ավելի կարճ էին, այս ջրային ժամացույցները կարող էին ճշգրտվել՝ ավելի կարճ ժամերը ճշգրիտ չափելու համար[32]։

Շինարարական նախագծեր

 
Ամենհոտեպ I-ի վերակառուցված ալաբաստե մատուռը Կառնակում

Ամենհոտեպը սկսել կամ շարունակել է մի շարք շինարարական ծրագրեր Վերին Եգիպտոսի տաճարների տեղանքներում, բայց նրա կառուցած շինությունների մեծ մասը հետագայում ապամոնտաժվել կամ վերացվել նրա հաջորդների կողմից։ Գրավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ նա ճարտարապետ Ինենիին հանձնարարել է ընդարձակել Կառնակի տաճարը[33]։ Ինենիի դամբարանային կենսագրությունը ցույց է տալիս, որ նա Կառնակի հարավային կողմում կառուցել է 20 կանգուն կրաքարից դարպաս[34]։ Նա կառուցել է Ամունի սրբազան բարկի մատուռը ալաբաստրից և Սենուսրեթ III-ի Սպիտակ մատուռի պատճենը: Ամենհոտեպը նաև կառույցներ է հիմնել Կառնակում իր «Սեդ» փառատոնի համար․ փառատոն, որով փարավոնի ուժն ու եռանդը վերականգնվում էր 30 տարի թագավորելուց հետո, բայց հավանական է, որ նա մահացել է նախքան դրանք օգտագործելը[փա՞ստ]։ Նուբիայի Սաի կղզում նույնպես տաճար է կառուցել[9], որից հետո տաճարներ է կառուցել նաև Վերին Եգիպտոսի Էլեֆանտին, Կոմո Օմբո, Աբիդոս քաղաքներում, ինչպես նաև կառուցել է Նեխբեթի տաճարը։ Որքան հայտնի է, Ամենհոտեպը Ստորին Եգիպտոսում որևէ նշանակալի բան չի կառուցել, ինչպես իր հայրը[30]։

Մահվան տաճարային համալիր

Ամենհոտեպ I-ը Եգիպտոսի առաջին փարավոնն էր, որն առանձնացրել է իր մահվան տաճարն իր դամբարանից՝ հավանաբար փորձելով դամբարանն ապահովագրել թալանից։ Այս տաճարը գտնվում էր Դեյր էլ-Բահարիի հյուսիսային ծայրում[35]։ Դեյր էլ-Բահարին, ըստ երևույթին, ինչ-որ նշանակություն է ունեցել Ամենհոտեպի համար, քանի որ մոտակայքում հայտնաբերվել է նաև Թեբեի 358 դամբարանը, որը նրա թագուհի Ահմոս-Մերիտամոնի գերեզմանն էր[36]։ Ամենհոտեպի մահվան տաճարը հիմնականում քանդվել է, որպեսզի ճանապարհ բացվի մոտավորապես 50 տարի անց Հաթշեփսութ թագուհու կողմից իր տաճարային համալիրի ստորին սանդղափուլի կառուցման համար[37] ու պահպանվել են միայն մի քանի աղյուսներ՝ Ամենհոտեպի անունով[35]։ Տաճարի ներսում գտնվող արքայական արձանները տեղափոխվել են մոտակայքում գտնվող Մենտուհոտեպ II-ի տաճար[36]։

Դամբարան և հուղարկավորություն

Ամենհոտեպի դամբարանի սկզբնական տեղն ապահով կերպով չի հայտնաբերվել: Ռամզես IX-ի օրոք պատվիրված թեբեյան նեկրոպոլիսի թագավորական դամբարանների անվտանգության մասին զեկույցում նշվում է, որ այն այդ ժամանակ դեռ անեղծ էր, սակայն գտնվելու վայրը չի նշվում[9]։ Երկու տեղ է առաջարկվել Ամենհոտեպ I-ի դամբարանի համար. մեկն արքաների հովտում՝ KV39, իսկ մյուսը՝ Դրա Աբու Էլ-Նագայում[12]։ KV 39-ի պեղումները ցույց են տալիս, որ այն օգտագործվել կամ վերօգտագործվել է Դեյր էլ-Բահրի դամբարանի մումիաները պահելու համար, որոնց թվում էր այս փարավոնի լավ պահպանված մումիան՝ մինչև վերջինիս վերաթաղումը[փա՞ստ]։ Սակայն Էլ-Նագայի դամբարանն ավելի հավանական է համարվում[9][30], քանի որ այնտեղ հայտնաբերվել են փարավոնի ու իր ընտանիքի անդամների անունները կրող առարկաներ[38]։

Մումիա

 
Ամենհոտեպ I-ի մումիան

20-րդ կամ 21-րդ արքայատոհմի օրոք ինչ-որ ժամանակ Ամենհոտեպի սկզբնական գերեզմանը կա՛մ կողոպտվել է, կա՛մ համարվել է անապահով և դատարկվել, իսկ նրա մարմինն անվտանգության նկատառումներով տեղափոխվել է՝ հավանաբար ավելի քան մեկ անգամ։ Այն հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիի դամբարանում, Հատշեպսուտ թագուհու տաճարային համալիրից վերև՝ Նոր Թագավորության թագավորների և ազնվականների բազմաթիվ մումիաների հետ թաքցված[9]․ այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում։ Մինչև 21-րդ արքայատոհմը նրա մումիան հավանաբար չի պղծվել, իսկ նրա մումիայի մասին հոգ տարած քահանաները փորձել են քարտոնաժն անաղարտ պահել։ Այդ նրբագեղ դիմակի շնորհիվ Ամենհոտեպը միակ թագավորական մումիան է, որը չի բացվել և չի հետազոտվել ժամանակակից եգիպտագետների կողմից[9]։ 1932 թվականին նրա մարմինն ուսումնասիրվել է ռենտգենյան ճառագայթներով․ մահվան պահին փարավոնը եղել է 40-50 տարեկան։ 1967 թվականին նրան նորից ենթարկել են ռենտգեն ուսումնասիրության, որի արդյունքում լավ պահպանված ատամների վրա հիմնվելով հաստատվել է, որ փարավոնը մահացել է 25 տարեկան հասակում։

2021 թվականի ապրիլին մումիան 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան՝ փարավոնների ոսկե շքերթ կոչվող միջոցառման ժամանակ[39]։

 
Համակարգչային շերտագրությամբ ստացված Ամենհոտեպ I-ի դեմքի ու ձախ կիսադեմի եռաչափ պատկերը

Թվային փաթաթանազերծում

2019 թվականի մայիսի 4-ին մումիան ուսումնասիրվել է համակարգչային շերտագրության միջոցով ու թվային եղանակով փաթաթանազերծվել՝ արտաքին տեսքի, առողջության, մահվան պատճառի և մումիֆիկացման ոճի մասին պատկերացումներ ձեռք բերելու համար: Դիմակի, փաթաթանների և մումիայի երկչափ և եռաչափ պատկերներ են ստեղծվել այս տեխնիկայի միջոցով ու պարզվել է, որ մահվան պահին Ամենհոտեպը եղել է 35 տարեկան։ Ներքին օրգանները հեռացվել են ուղղահայաց զմռսման կտրվածքով, իսկ մարմնի խոռոչը լցոնվել է քաթանով։ Կրծքավանդակում սիրտն առկա է։ Ուղեղը հեռացնելու փորձ չի արվել։ Աչքի խոռոչներում կտորներ չեն դրվել, մարմնի վրա ոչ մի ենթամաշկային լիցք չի երևում: Յուրաքանչյուր քթանցք խցանված էր խեժով մշակված սպիտակեղենի գլանափաթեթներով: Փաթաթանների տակ առկա են համայիլներ և ոսկյա զարդեր, կոնքերից վերև հավանաբար ոսկուց պատրաստված ուլունքավոր գոտի է կապած։ Դին հետմահու վնասվել է ավազակների ձեռքով․ նրա գլուխը, ձախ ձեռքը, աջ ձեռքը և աջ ոտքը կտրված են, կա նաև մեծ անցք նրա իրանի առջևում։ Նրա վերափաթաթման և պահման ընթացքում դիակի վերականգնման համար ջանքեր են գործադրվել: Նրա գլուխն ու վերջույթները նորից ամրացվել են, իսկ ոտքի տակ տախտակ է դրվել[40]։

Հաջորդություն և ժառանգություն

Ենթադրվում է, որ Ամենհոտեպ I-ն ունեցել է միայն մեկ որդի, որը մահացել է մանկության տարիներին, թեև որոշ աղբյուրներ ցույց են տալիս, որ նա երեխաներ չի ունեցել[41]։ Նրան հաջորդել է Թութմոս I-ը, որն ըստ երեւույթին բարձրաստիճան զինվորական գործիչ է եղել։ Հստակ չէ, արդյոք այս երկուսի միջև արյունակացական կապ եղել է, թե ոչ, թեև տեսակետ կա, որ Թութմոսն Ամենհոտեպի ավագ եղբոր՝ Ահմոս-Սապաիրի որդին է եղել[42]։ Հնարավոր է, որ Ամենհոտեպը Թութմոս I-ին իր մահից առաջ համառեգենտ է նշանակել, քանի որ հնագետների կողմից Կառնակում հայտնաբերված երրորդ սյան վրա վերջինիս անունը նշված է Ամենհոտեպի անվան կողքին[22]։ Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը կարծում է, որ սա միայն վկայում է այն մասին, որ Թութմոսն իրեն կապել է իր արքայական նախնու հետ[11]։ Արձանագրություններից մեկում նշված է, որ Ամենհոտեպն իր մանկահասակ որդուն է նշանակել համառեգենտ, բայց որդին իրենից շուտ է մահացել[43]։ Գիտնականներն այն համոզմունքին են, որ չափազանց քիչ վկայություն կա այդ համառեգենտությունների վերաբերյալ։

Պաշտամունք

Ամենհոտեպն աստվածացվել է իր մահից հետո ու դարձել Դեյր էլ-Մեդինայում իր հիմնած ավանի հովանավոր աստվածը[11]։ Նրա մայրը, ով ապրել է որդուց առնվազն մեկ տարի ավելի երկար, նույնպես աստվածացվել է իր մահից հետո[8]։ Ինչպես վերևում է նշվել, Ամենհոտեպի արձանների ճնշող մեծամասնությունը հետագա ժամանակաշրջանի այս պաշտամունքի կուռքի տեսքն ունի։ Նրան երկրպագել են որպես «Քաղաքի Ամենհոտեպ», «Ամունի սիրելի Ամենհոտեպ» և «Նախագավթի Ամենհոտեպ» և հայտնի էր որպես աստված, որը պատգամներ էր ստեղծում[11]։ Նրան տրված որոշ հարցեր պահպանվել են Դեյր էլ-Մեդինայի գրառումներում և, ըստ երևույթին, ձևակերպված են այնպես, որ թագավորի կուռքը կարող էր գլխով անել (կամ գլխով անել տալ) պատասխանը[44]։ Նա նաև ունեցել է իրեն նվիրված մի շարք տոնակատարություններ, որոնք անցկացվել են ամբողջ տարվա ընթացքում[11]։ Առաջին ամսվա ընթացքում ի պատիվ Ամենհոտեպի՝ նեկրոպոլիսի բանվորներին հայտնվելու, անցկացվել է տոնախմբություն, ինչը հավանաբար նշանակում է, որ նրա կուռքը տարվել է Դեյր էլ-Մեդինա[45]։ Չորրորդ ամսի երեսունին կազմակերպվում էր մեկ այլ տոնախմբություն, իսկ յոթերորդ ամսին՝ ևս երկուսը[45]։ Մեկ այլ տոնախմբություն կազմակերպվում էր իններորդ ամսի 27-ին, իսկ վերջին հայտնի տոնախմբությունն անցկացվում էր մի քանի օրվա ընթացքում՝ առնվազն տասնմեկերորդ ամսվա տասնմեկերորդից տասներեքերորդ օրերի միջև, որը, ամենայն հավանականությամբ, նշում էր Ամենհոտեպի գահ բարձրանալու ամսաթիվը[45]։

Ամենհոտեփի պաշտամունքի վրա բազմաթիվ փաստաթղթերով լրացուցիչ լույս է սփռվել, որոնք, ըստ երևույթին, մանրամասնում են Ամենհոտեպին նվիրված ծեսերը[46]։ Ռամզես II-ի ժամանակներից երեք պապիրուսներ արձանագրում են քահանաների կողմից օգտագործվող պատարագը, իսկ Կառնակի և Մեդինեթ Հաբուի հարթաքանդակներում պատկերված են ընտրված ծեսեր և կախարդանքներ[46]։ Ծեսերի մեծ մասը վերաբերել է կուռքի համար ամենօրյա ընծաների պատրաստմանը և անցկացմանը, ներառյալ Հին եգիպտական նվիրաբերման դասակարգման արտասանությունը և օրվա վերջում սրբավայրի մաքրումն ու կնքումը[47]։ Ծեսերի մնացած մասը վերաբերում է տարվա ընթացքում տարբեր տոնակատարություններ անցկացնելու ձևերին[48]։ Այս դեպքերում Ամենհոտեպի կուռքը իրականում խորհրդանշել է Ամոնի պաշտամունքը, այլ ոչ թե փարավոնի, ինչը տիպիկ պաշտամունքային պրակտիկա չի եղել Հին Եգիպտոսում[49]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Amenhotep III or Amenhotpe III». Collins Dictionary. n.d. Վերցված է 24 September 2014-ին.
  2. Maspero, Gaston (2017). Egypt: Ancient Sites and Modern Scenes (անգլերեն). Jazzybee Verlag. էջ 8. ISBN 978-3-8496-5019-3.
  3. «Amenophis III». Collins Dictionary. n.d. Վերցված է 24 September 2014-ին.
  4. 4,0 4,1 Dodson & Hilton (2004) p.126
  5. Ahmose, son of Ebana, James Henry Breasted (2001), - Biography of Ahmose, son of Ebana (Ancient Records of Egypt: The eighteenth dynasty), University of Illinois Press, 0252069749. Retrieved 2017-02-14
  6. Manetho - translated by W.G. Waddell, Loeb Classical Library, 1940, p.109
  7. «Amenhotep I». British Museum. Վերցված է 2007-05-20-ին.(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Grimal, p. 201.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Shaw and Nicholson, p. 28.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Grimal, p. 190.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 Bleiberg, p.71.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Grimal, p.202.
  13. Helk, Otto, Drenkhahn, p.969.
  14. Fingerson, Manetho's King List.
  15. Redford, p.114.
  16. von Beckerath, p.189.
  17. Breasted, p. 17-18.
  18. Breasted, p. 18.
  19. 19,0 19,1 James, p. 310.
  20. Steindorff, Seele, p.33.
  21. 21,0 21,1 James, p. 311.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Grimal, p.203.
  23. Breasted, p. 30.
  24. Breasted, p. 28.
  25. 25,0 25,1 James, p. 309.
  26. 26,0 26,1 Freed, p.133.
  27. Aldred, p.146.
  28. Ashton, Spanel, p.58.
  29. Bryan, p.224.
  30. 30,0 30,1 30,2 30,3 Grimal, p. 206.
  31. Helk, pp. 111-112.
  32. 32,0 32,1 32,2 West, p.63.
  33. Breasted, p. 19.
  34. Breasted, p. 20.
  35. 35,0 35,1 Bryan, p.226.
  36. 36,0 36,1 Dodson, p.42.
  37. Dodson, p.43.
  38. Shaw, p. 136.
  39. Parisse, Emmanuel (5 April 2021). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 5 April 2021-ին.
  40. Saleem, Sahar N.; Hawass, Zahi (2021). «Digital Unwrapping of the Mummy of King Amenhotep I (1525–1504 BC) Using CT». Frontiers in Medicine. 8: 2292. doi:10.3389/fmed.2021.778498. ISSN 2296-858X. Վերցված է 29 December 2021-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  41. Dodson p 127
  42. Dodson p 129
  43. Wente, p. 271
  44. Kruchten, p.610.
  45. 45,0 45,1 45,2 Redford, p.115.
  46. 46,0 46,1 Nelson, Certain Reliefs. p.204.
  47. Nelson, Certain Reliefs. p.230.
  48. Nelson, Certain Reliefs. p.232.
  49. Nelson, Certain Reliefs (Concluded). p.344.

Հղումներ

Տպագիր աղբյուրներ

  • Aldred, Cyril. Egyptian Art. Thames and Hudson Ltd., London. 1980.
  • Ashton, Sally; and Spanel, Donald. "Portraiture," The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 3, pp. 55–59. Oxford University Press, 2001.
  • v. Beckerath, Jürgen. Chronologie des Pharaonischen Ägypten. Verlag Philipp von Zabern, 1997.
  • Bleiberg, Edward. "Amenhotep I," The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 1, p. 71. Oxford University Press, 2001.
  • Borchardt, Ludwig. Altägyptische Zeitmessung (Die Geschichte der Zeitmessung und der Uhren) I. Berlin and Leipzig, 1920.
  • Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II University of Chicago Press, Chicago, 1906. 90-04-12989-8.

  • Bryan, Betsy M. "The 18th Dynasty Before the Amarna Period." The Oxford History of Ancient Egypt. Ed. Ian Shaw. pp. 218–271. Oxford University Press, 2000.
  • Clayton, Peter. Chronicle of the Pharaohs. Thames and Hudson Ltd, 2006.
  • Dodson, Aidan. Amenhotep I and Deir el-Bahri. Journal of the Ancient Chronology Forum, vol.3, 1989/90
  • Dodson, Aidan and Hilton, Dyan. The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson, London, 2004
  • Freed, Rita E. "Art," The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 1, pp. 127–136. Oxford University Press, 2001.
  • Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. Librairie Arthéme Fayard, 1988. 90-04-12989-8.
  • Helck, Wolfgang. Historisch-biographische Texte der 2. Zwischenzeit und neue Texte der 18. Dynastie. Wiesbaden, 1975.
  • Helck, Wolfgang; Otto, Eberhard; Drenkhahn, Rosmarie. Lexikon der Ägyptologie I. Wiesbaden.
  • James, T.G.H. Egypt: From the Expulsion of the Hyksos to Amenophis I. in The Cambridge Ancient History, vol. 2, part 1, ed. Edwards, I.E.S, et al. Cambridge University Press, 1965.
  • Kruchten, Jean Marie. "Oracles," The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 2, pp. 609–612. Oxford University Press, 2001.
  • Lilyquist, Christine. Egyptian Art, Notable Acquisitions, The Metropolitan Museum of Art, 1980.
  • Nelson, Harold H. Certain Reliefs at Karnak and Medinet Habu and the Ritual of Amenophis I. Journal of Near Eastern Studies, Vol. 8, No. 3 (Jul., 1949)
  • Nelson, Harold H. Certain Reliefs at Karnak and Medinet Habu and the Ritual of Amenophis I-(Concluded). Journal of Near Eastern Studies, Vol. 8, No. 4 (Oct., 1949)
  • Redford, Donald The Chronology of the Eighteenth Dynasty, Journal of Near Eastern Studies, vol. 25 (1966).
  • Shaw, Ian. Exploring Ancient Egypt. Oxford University Press, 2003.
  • Shaw, Ian; and Nicholson, Paul. The Dictionary of Ancient Egypt. The British Museum Press, 1995.
  • Steindorff, George; and Seele, Keith. When Egypt Ruled the East. University of Chicago, 1942.
  • Wente, Edward F. Thutmose III's Accession and the Beginning of the New Kingdom. Journal of Near Eastern Studies, University of Chicago Press, 1975.
  • West, Stephanie. Cultural Interchange over a Water-Clock. The Classical Quarterly, New Series, Vol. 23, No. 1, May, 1973.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամենհոտեպ I» հոդվածին։