«Հակոբ Ա եպիսկոպոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հոգևորական | Ավազանի անունը = Հակոբ Ա եպիսկոպոս | Պատկեր = | անվանումը = | Եկեղեցի = {{դրո...»:
(Տարբերություն չկա)

12:42, 14 Հունիսի 2021-ի տարբերակ

Հակոբ Ա եպիսկոպոս, հայ հոգևորական՝ Սյունաց եպիսկոպոս։ Աթոռակալել է 918-958 թվականներին:

Հակոբ Ա եպիսկոպոս
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հակոբ Ա եպիսկոպոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Տաթևի վանք
Տիտղոս Եպիսկոպոս
Կառավարման սկիզբ 918 թվական
Կառավարման ավարտ 958 թվական
Ծնվել է 9-րդ դարի վերջ
Մահացել է 958 թվական


Կենսագրություն

Հակոբ Ա եպիսկոպոսը Տեր Հակոբը Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի (898–929) ազգականներից էր՝ եղբորորդին[1]: Նա Դվինից էր և մինչև Սյունյաց մետրոպոլիտական աթոռի հովվապետ ձեռնադրվելը ծառայում էր Դվինի կաթողիկոսարանում որպես սենեկապետ, կաթողիկոսի գործակալ և համարվում էր շարքային կրոնավորների ավագ:

Կարծիքներ

Հայ եկեղեցական պատմագրության մեջ արժանացել է հակասական գնահատականների՝ ծայրահեղ վտանգավորից մինչև իմաստունն ու հանճարեղը: Մի շարք հեղինակների երկերում նա հորջորջվում է «ապստամբ», «հերձուածող» «խռովարար» մականուններով[2][3][4][5]: Մեղադրվում է նույնիսկ Թոնդրակյան շարժմանը և քաղկեդոնականությանը հարելու մեջ: Մեկ այլ տեղ էլ մեծարվում է «այր անձնեայ և սեգ, բնութեամբ ազատ և բանիւ ճոխ, հանճարով պայծառ» խոսքերով[6]:

Ստեփանոս Օրբելյանը նրան բնութագրում է որպես արտաքին ակնառու բարեմասնություններ և հարուստ ներաշխարհ ունեցող անձնավորություն.

  «Այր բարձրահասակ և գեղեցկատեսիլ, հանճարեղ և իմաստուն քաղցրաբարոյ և հեզամիտ, լի ամենայն առաքինութեամբ»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ184
 

:

Սյունյաց գահերեց իշխան Սմբատի[7][8] խնդրանքով, Սահակ իշխանի եղբայրն էր, Հակոբը մետրոպոլիտ է ձեռնադրվել հենց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի կողմից 918 թվականին և աթոռակալել է մինչև 958 թվականը[9]` այդ պաշտոնում փոխարինելով Տեր-Հովհաննեսին[10][11][12][13]:

Շինարարական գործունեություն

 
Ցաքուտի եկեղեցի

10-րդ դարի առաջին տասնամյակներին Սյունյաց եպիսկոպոսարանը Հայաստանի ավատական խոշոր կազմակերպություններից մեկն էր: Տիրանալով Տաթևի վանքի շրջակա գյուղերին` Սյունյաց եպիսկոպոսները ձեռնամուխ են լինում խոպան հողերի մշակմանը: 932 թվական Հակոբ եպիսկոպոսը բանակցություններ է վարում Փիլիպե 2-րդ գահերեց իշխանի հետ և նրանից 12 հազար դրամով ու մեկ «մեծագին գոհարով» գնում է Վարարակի ակունքը[14][15]: Կառուցելով մոտ 29 կմ երկարություն ունեցող Վարարակի ջրանցքը՝ ոռոգելի է դարձնում Որոտան գետի ձախ ափին գտնվող Ցաքուտ անունով խոպան դաշտի, այնտեղ գտնվող եկեղեցու հողերը[16]: Արձանագրության մեջ Փիլիպեն շեշտում է, որ Հակոբը

  «վճարեաց զամենայն գինն ողջամբ»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 18
 

:

 
Շատիվանք

Կառուցված ջրանցքի շնորհիվ այդ փշածածկ վայրը դառնում է «վարդուտ»: Այդ առթիվ Օրբելյանը արձանագրում է.

  «Տնկեաց բազում այգիս և որթս սորեկս, էարկ տունկս զանազան պտղաբերաց՝ ձիթենիս և թզենիս և նռնենիս և յամենայն մրգաբերաց արար դրախտս զարմանալիս, և զարդարեալ զբոլոր վայրն ընդարձակագոյն թանձրախիտ ծառովք և քաջուղէշ որթովք ի վայելումն եղբայրութեանն և ի պէտս ամենայն կարօտելոց և աղքատաց[17]»  

:

Կարևորելով իր կառուցած ջրանցքի նշանակությունը՝ Հակոբ եպիսկոպոսն արձանագրության մեջ սահմանում է նաև ջրանցքից օգտվելու կարգը և նշում շրջակա այն գյուղերի անունները, որոնք իրավունք չունեն օգտվել վանքապատկան ջրանցքից.

  «Եւ չկայ այս ջրոյս հաշիւ ոչ Նորեցեաց, ոչ Խոտանեցեաց, ոչ Շնհէրացեաց կամ Հալեցեաց, ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիզի ջուր տալ՝ զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անասնոյ[18]»  

:

Այս որոշումը ուժի մեջ է մնում նաև Հակոբից հետո պաշտոնավարած առաջնորդների օրոք:

 
Հերմոնի վանք

Տեր Հակոբը շինարարական գործունեություն է ծավալում նահանգի տարբեր գավառներում, բայց եկեղեցաշեն գործունեության առանձնահատուկ ասպարեզ է դառնում Վայոց Ձորը՝ Սյունիքի իշխանանիստ կենտրոններից մեկը: 929 թվականին Վայոց Ձոր գավառում` Եղեգիսի հովտում` Ոստինք գյուղից քիչ վերև, Հակոբը Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի և նրա տիկին Սոփիայի աջակցությամբ ձեռնարկում է եկեղեցու շինարարություն[19]: Տեղանքը շատ հարմար էր և անվտանգ: Սյունյաց իշխանը նորակառույց հաստատությանն է նվիրաբերում բավականաչափ կալվածքներ, ծաղկանոցներ և արտեր: Եկեղեցին զարդարում է զանազան երանգներով ու գեղեցիկ պատկերներով

  «և կոչէ զՍմբատ և զՍահակ ի նաւակատիս տաճարին»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 188-189
 

:

 
Գնդեվանք

10-րդ դարի կեսերին Սյունյաց լեռներում կային բազմաթիվ ճգնավորներ, որոնք բնակվում էին քարայրներում ու ծերպերում: 936 թվականին գահանիստ Եղեգիս գյուղաքաղաքի շրջակայքում որս անելիս Սմբատ իշխանը Քարեվանքի մոտ հանդիպում է ճգնավորների՝ «ղօղեալ ի ծերպս»: Հակոբ եպիսկոպոսի միջնորդությամբ Սմբատն ու իր տիկին Սոփիան նրանց համար կառուցում են եկեղեցի` սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ: Հերմոնի վանքի նշանավոր միաբանները մեծ դեր խաղացին 1441 թվականին հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայից Էջմիածին փոխադրելու գործում: Նախկին ճգնավորների համար հիմնադրվում է վանական նոր միաբանություն: Սոփիա իշխանուհին նորակառույց Հերմոնի վանքին նվիրատվություններ է անում, ընծայում հասութաբեր հաստատություններ.

  «Եւ բարեպաշտ տիկինն Սոփիա գնէ զգիւղն Հաւու, որ հանդէպ վանիցն կայ իւր սահմանովն՝ և տայ ի ժառանգութիւն եկեղեցւոյն, և այլ ևս այգիս և ծաղկոցս յԵղեգիս: Եւ կոչեն զտեղին յանուն ծերոյն Ահերմոնի վանք»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 188-189
 

:

 
Տաթևի վանք

Ճգնակյացների մի մեծ խումբ էլ ծվարել էր Գնդեվանք կոչված անմատչելի ձորերում: Նրանք ամբարել էին սուրբ նահատակների մեծաթիվ նշխարներ և հրաշագործություններ էին կատարում՝ բժշկելով անբուժելի համարվող հիվանդներին: Իշխանուհի Սոփիայի հանձնարարությամբ տեր Հակոբը 936 թվականին ձեռնարկում է նոր վանքի շինարարությունը.

  «Կանգնէ զտունն Աստուծոյ և նկարակերտ յօրինուածովք զարդարեն զառաստաղս և զորմունս նորա. և արարեալ նաւակատիս՝ մեծահանդէս ժողովով օրհնեն զնա և անուանեն անուանակոչութեամբ սուրբ վկայիցն. և կացուցանեն ի նմա դասս պաշտօնէից և բազմութիւն կրօնաւորաց»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 190
 

:

Վանքն անվանվում է Գնդեվանք, որի վերակացուն Սահակ քահանան էր, գործակալը՝ Եղիշա նկարիչ քահանան, իսկ ընդհանուր հոգաբարձությունը վարել է Հակոբ եպիսկոպոսը: Գնդեվանքի սքանչելի եկեղեցու կառուցման կապակցությամբ Սոփիա տիկինը փորագրել է տալիս հատուկ արձանագրություն, որն ավարտվում է հետևյալ պերճախոս համեմատությամբ.

  «Մատանի էր անակն Վայոց ձոր, – շինեցի զսա և եդի ակն ի վերայ»»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 190
 

: Ինչպես նախորդ վանքերի և եկեղեցիների դեպքում, այստեղ նույնպես աշխարհիկ իշխանությունները հոգ են տանում եկեղեցու տնտեսական կարիքների համար, և Սոփիա տիկինը վանքին է նվիրում բավարար չափով շարժական ու անշարժ գույք` ազատելով դրանք հարկերից և տուրքերից:

Հակոբ Ա եպիսկոպոսի նշանավոր ձեռնարկներից մեկն էլ 930 թվականին Տաթևի վանքի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վերանորոգումն էր և վերջինիս նոր շուք հաղորդելը.

  «Նմանապէս և զբոլորն համակ զարդարեաց այնքան, զիտեսողաց տեսարանքն շլանային ի նայելն. և երբէք ոչ թուէր ի դեղոց և յերանգոց յօրինեալ, այլ համայն կենդանիք, յորոց զարհուրեալք խուսափէին տեսողքն»
- Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 187
 

:

Ծանոթագրություններ

  1. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ 184
  2. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, գլ. ԾԱ, էջ 200, 201, գլ. ՀԱ, էջ 364
  3. Կիրակոս Գանձակեցի. Պատմություն հայոց, աշխատասիրությամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 86
  4. Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 89
  5. Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից.– «Արարատ», 1897, թիվ Գ, էջ 130, 132, 141
  6. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԾԱ, էջ 201
  7. Ղ. Ալիշան. Սիսական, Վենետիկ, 1893, էջ 17
  8. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԾԸ, էջ 232–233
  9. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ 184, գլ. ՀԱ, էջ 36
  10. Ըստ Սյունիքի եպիսկոպոսական գավազանագրքի՝ Հովհաննես 5-րդ եպիսկոպոսը վերակառուցել է Տաթևի վանքը և աթոռակալել է 885–918 թվականներ
  11. Մ. Օրմանյան. Ազգապատում, հ. Ա, Էջմիածին, 2001, սյունակ 1244,
  12. Ստեփանոս Օրբելյան. Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի, Երևան, 1986, էջ 456, ծան. 487
  13. Ըստ Ղ. Ալիշանի՝ Հովհաննեսը հովվել է 882–918 թվականներին, Ղ. Ալիշան. Սիսական, Վենետիկ, 1893, էջ 20
  14. Դա այժմյան Գորիս քաղաքի Ակներ կոչված վայրից բխող ջուրն է, որ թափվում է Որոտան գետը: Ստեփանոս Օրբելյան. Սյունիքի պատմություն, էջ 475, ծան. 73
  15. Գ. Գրիգորյան. Սյունիքի վանական կալվածատիրությունը IX–XIV դարերում, Երևան, 1973, էջ 112
  16. ս Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ 185
  17. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 18
  18. Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 187
  19. Դա Շատիկի վանքն է` կառուցված Հակոբ Ա-ի կողմից: Այստեղ նա նաև մեկ եկեղեցի է կառուցել, որը վերակառուցվել ու իր վերջնական տեսքն է ստացել 1665 թվական: Այդ եկեղեցին ներկայումս կանգուն Սուրբ Սիոն եկեղեցին է (տե՛ս Ա. Մկրտչյան. Էջեր Սյունյաց աթոռի պատմությունից, Ս. Էջմիածին, 1995, էջ 81)