«Յուպիտեր (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Յուպիտեր''', երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ: Յուպիտերը նախ և առաջ լույսի ա...
(Տարբերություն չկա)

10:28, 17 փետրվարի 2012-ի տարբերակ

Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ: Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին` «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»): Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը: Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան: Յուպիտերը, որպես Յուպիտեր Ստատոր (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը: Յուպիտեր Վերսորը (Խափանիչ) թշնամուն մատնում էր փախուստի: Յուպիտեր Վիկտորը (Հաղթական) հաղթանակ էր պարգևում: Հաղթական զորահրամանատարի հաղթահանդֆեսը կրոնական ակտ էր հռոմեական պետության պաշտպան Յուպիտերի պատվին: Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր: Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները: II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին): Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտեր տաճարը: Հելիուպոլիս քաղաքի (այժմ` Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ): Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը: Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ: Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից: Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է` գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ: