«Արտաքսում դրախտից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|200px|[[Մազաչչո|Մազաչչոյի որմնանկարը Բրանկաչի կապելլա|Բրանկաչչի կապել...»:
(Տարբերություն չկա)

11:17, 27 Ապրիլի 2019-ի տարբերակ

Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից, աստվածաշնչյան ավանդության՝ մեղսանկմանը հաջորդող դրվագ Ծննդոց գրքից:

Մազաչչոյի որմնանկարը Բրանկաչչի կապելլայում, 1426-1427

Սկզբնաղբյուրները և մեկնաբանությունները

Համաձայն ապոկրիֆ Հոբելյանների Գրքի, մինչև մեղսանկումը Ադամն ու Եվան դրախտում ապրել են յոթ տարի:

Մեղսանկումից հետո Աստված նզովում է (Ծննդ. 3:14-19).

  • Օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծյալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ: Քո լանջի ու որովայնի վրա սողաս, ողջ կյանքումդ հող ուտես: Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:»
  • Եվային. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները: Ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա:»
  • Ադամին. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս:»

Մեղսանկումից հետո Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք, որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը: Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց: (Ծննդ. 3:20-21): Այնուհետև Ադամն ու Եվան դուրս եկան երկիր:

  Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին և չարը: Արդ, գուցե նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնա»: Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր: Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները:
- Ծննդ. 3:22-24
 

Միդրաշ Ռաբբայի մի մեկնություն ասում է[1]. Ասաց ռաբբի Աբա բար Կագանան. Բացեց նրան Սուրբը, օրհնյալ է Նա, ապաշխարության դռները: «Եվ հիմա՞», հարց տրվեց, ասես՝ «Իսկ հիմա ի՞նչ»: Աստված ակնարկում է, որ իրավիճակը դեռ վերականգնելի է, սպասելով, որ մարդը ապաշխարություն կցուցաբերի; Սրան Ադամը բացասաբար է պատասխանում, ինչի հետևանքով նրան արգելվում է ուտել Կենաց ծառից: Միայն ապաշխարությունից հրաժարվելուց հետո (և ոչ թե հենց մեղքից հետո) Ադամը դադարեց հավիտենական կյանքին արժանի լինելուց:

Միրչա Էլիադեի կարծիքով ոսկեդարի առասպելաբանությունը ծագում է նեոլիթյան հեղափոխության ժամանակներից, երբ մարդկությունը հավաքչությունից ու որսորդությունից անցում կատարեց երկրագործության ու անասնապահության[2]:

Փոխաբերական իմաստով՝ արտաքսում իդեալական վայրից կատարած հանցանքի համար:

Քրիստոնեական ավանդության մեջ

Հրեղեն սրով հրեշտակ

 
Ջիովաննի դի Պաոլո, «Արտաքսում դրախտից», Մետրոպոլիտեն թանգարան, 1445

Երբեմն համարվում է, որ սրով զինված քերովբեն եղել է Միքայել հրեշտակապետը: Ուղղափառ սրբապատկերներում այս դրվագը ներառված է նրա վարքաբանական խորհրդանշանների մեջ[3]: Սրբապատկերներում Միքայել հրեշտակապետի լուսապսակը բաղկացած է բույսի տեսքով զարդարանքից, որը խորհրդանշական կերպով ցույց է տալիս, որ նա երկնային պահապան է՝ կանգնած դրախտի դարպասների մոտ[4]: Ջոն Միլթոնը իր «Կորուսյալ դրախտ» պոեմում հետևում է միևնույն մեկնությանը՝ Միքայելին՝ որպես քերովբեների խմբի գլխավորի, ուղարկելով նախածնողներին դրախտից արտաքսելու առաքելությունը կատարելու[5]:

 
 
Ջ. դե Մենաբուոնի, որմնանկար Պադուական մկրտարանում, 1376-1378
Հրեշտակապետը ակնթարթորեն ճամփա ընկավ,
Իր հետ Քերովբեների շողշողուն զորքը,
Եվ ամեն Քերովբե՝ քառադեմ,
Ինչպես կրկնակի Յանուսը, բոլոր մարտիկները
Բազմաչյա են, նրանց մարմիններն ամենուր
Պատված են անհամար աչքերով
 

Այս ավանդության ակունքները այդքան էլ պարզ չեն: «Նիկոդեմոսի ավետարանում» Միքայելը հիշատակվում է որպես մեկը, ով դրախտի դարպասների առջև երևացել է Սեթին, բայց չի գրված, որ նա դրախտի դարպասների պահապանն է: Միքայելի՝ Սեթին երևալու մասին գրված է նաև «Ոսկե առասպելում»[6]:

Բացի այդ, ըստ ուղղափառ Եկեղեցու Ավանդության, մեղսանկումից և Աստծո կողմից Ադամի արտաքսումից հետո Դրախտը հսկելու նշանակվեց Ուրիել հրեշտակապետը, որի անունը նշանակում է «Աստծո կրակ»: Ուղղափառ եկեղեցու սրբանկարչության կանոնով այդ հրեշտակապետը «պատկերվում է աջ ձեռքում, կրծքի առջև պահած մերկացած սուրը , իսկ ձախում՝ հրե բոցը»[7]:

Մի շարք ավանդություններում որպես նախածնողներին դրախտից արտաքսած և բարու ու չարի իմացության ծառը հսկելու կարգված հրեշտակ է հիշատակվում հրեշտակապետ Հոփիելը[8]

Միջնադարյան խորհրդաբանության մեջ Արտաքսման խորհրդանշանները դարպասներն էին:

Հայ Առաքելական եկեղեցում

 
Խելամիտ ավազակը դրախտում: Ավազակին դիմավորում են Ենոքը և Եղիա մարգարեն. աջից՝ հրեղեն սրով քերովբեն, որը հսկում է դրախտը

Հայ Առաքելական եկեղեցում դրախտից արտաքսումը հիշատակվում է Մեծ պահքի ընթացքում՝ Բուն բարեկենդանին հաջորդող կիրակի օրը: Այդ օրը կոչվում է Արտաքսման կիրակի: Բարեկենդանը խորհրդանշում է դրախտային, երջանիկ կյանքը, որին հաջորդում է մարդու անկումը և արտաքսումը[9]: Կոստանդնուպոլսի հայոց պտրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը գրում է.

  Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները՝ սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար մարդու և Աստծո միջև և ապա՝ բնության և մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը՝ գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան:
- Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»
 

Ուղղափառության մեջ

Ռուս Ուղղափառ եկեղեցում Ներման Կիրակին (Մեծ պահքից առաջ վերջին կիրակին) կոչվում է նաև Ադամի արտաքսման հիշատակում: Այդ օրը գիշերային հսկման երգեցողություններում երգվում է այն մասին, թե ինչպես էր Ադամը նստել դրախտի դիմաց և լալիս իր մեղքերն արդեն ուշացած արցունքներով[10]:

Մեսիական մարգարեությունը

 
Բյուզանդական խճանկար, Պալերմո, Սիցիլիա

Այս դրվագում ձևավորված է Քրիստոսի մասին հինկտակարանյան ամենավաղ մարգարեությունը.

  Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:
- Ծննդ. 3:15
 

Այս արտահայտությունը մեկնվում է որպես Աստծո կողմից սատանայի դատապարտում և նախածնողների մխիթարություն՝ խոստումով, որ ինչ-որ մի ժամանակ «Կնոջ սերունդը» (այսինքն Քրիստոսը) կջախջախի օձի՝ նրանց գայթակղեցնողի «գլուխը»: Սակայն այդ ամենով հանդերձ հենց Կնոջ սերունդը կտուժի օձից, որը պիտի «խայթի Նրա գարշապարը», այսինքն՝ պատճառի ֆիզիկական տանջանքներ: Քրիստոնյա աստվածաբանները այստեղ ընդգծում են այն, որ Մեսիան կոչվում է «Կնոջ սերունդ», որն, իրենց կարծիքով, արդեն ցույց է տալիս նրա ոչ սովորական ծնունդը կնոջից, որը Մեսիային ծնելու է առանց տղամարդու մասնակցության (այսինքն՝ Կույս Մարիամը): «Օնկելոսի և Հովնաթանի թարգումների (Մովսեսի գրքերի հնագույն մեկնություն-վերապատումներ) վկայությամբ հրեաները Կնոջ սերնդի մասին մարգարեությունը միշտ վերագրել են Մեսիային»: Ինչպես ընդունված է քրիստոնեությունում, այդ մարգարեությունն իրականացել է այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոս, մարմնապես չարչարվելով խաչի վրա, ջախջախեց սատանային՝ այդ «հին օձին», այսինքն նրանից վերցրեց մարդու վրա ունեցած ամեն իշխանություն[11]:

Պատկերագրական արվեստում

 
Միքելանջելո, որմնանկար, Սիքստինյան կապելլա
 
Ռուսական որմնանկար, XVIII դար, Հովհաննես Նախակարապետի եկեղեցի, Ռոշչենիե

Իտալական վերածննդի արվեստում ամենանշանավորը համարվում է Մազաչչոյի որմնանկարը Բրանկաչիի կապելլայում ոչ միայն նրա համար, որ նա իր ժամանակաշրջանում առաջինն էր, որ համարձակվեց պատկերել մերկ մարմիններ, այլև շնորհիվ իր կերպարների չափազանց զգացմունքային արտահայտման և դիմախաղի:

Ուշ վերածննդի շրջանում այս դրվագը պատկերել է Միքելանջելոն Սիքստինյան կապելլայի պատերին:

Ուղղափառ սրբանկարչության մեջ այս պատմությունը կարելի է գտնել հինկտակարանյան այլ դրվագների կողքին. օրինակ՝ Միքայել հրեշտակապետի և Հինկտակարանյան Երրորդության սրբապատկերում, ինչպես նաև տաճարների որմնանկարային շարքերում[12]:

Այս թեման հանդիպում է նաև պարսկական մանրանկարչության մեջ, որը գալիս է պատմության՝ Ղուրանի փոխադրած տարբերակից[13]:

Արտաքսում դրախտից թեմայով դրվագազարդ թիթեղներ են պատրաստվել լավագույն վարպետ-դրվագողների կողմից. ինչպես Դյուրերի, այնպես էլ՝ Դորեի[14]:

XIX դարի ֆրանսիացի նկարիչ-ակադեմիստները այս պատմությունը մեկնաբանում էին թեթև էրոտիզմի ոգով, որովհետև այն թույլ էր տալիս պատկերել Եվայի մերկ մարմինը (Կաբանել):

XX դարի ռուսական արվեստում արժե նշել Գոնչարովայի[15], Շագալի[16], Պետրով-Վոդկինի[17], Իլյա Գլազունովի[18] նկարները:

Զանգվածային մշակույթում

  • «Արտաքսում դրախտից», անվանում, որը գրողները հաճախ են իրենց գրքերի համար որպես վերնագիր վերցնում (Պավել Զագրեբալնի, Ելենա Բլագովա): Այս վերնագիրն ուներ նաև Արծաթե դարի մի պիես, որն ըստ Ախմատովայի վկայության, դրված էր «Թափառական Շան» մեջ[19]:
  • «Արտաքսում դրախտից», 1994 թվականի ֆիլմ, նույն անվանումով 2004 թվականին նուդիստական ժապավեն չեխ ռեժիսոր Վերա Խիտիլովայից:
  • «Արտաքսում դրախտից», ժամանակակից նկարիչ Անդրեյ Ուստինովի ցուցադրություն:

Ծանոթագրություններ

  1. Мидраш «Берешит Раба» 21:6
  2. Вначале боги голодали, или Мифология пищи
  3. Архангел Михаил, с деяниями в 20-ти клеймах
  4. Ульянов О. Г. Архангел Михаил хранитель святой Троицы (Из наследия преподобного Андрея Рублева)
  5. Мильтон, Потерянный рай
  6. Из «Золотой легенды» Արխիվացված 2012-12-01 WebCite
  7. Собор Архистратига Михаила и всех небесных сил бесплотных: о дате праздника и иерархии ангелов на сайте Православие и мир.
  8. Lawrence, Robert M. (1898), The Magic of the Horse-Shoe, With Other Folk-Lore Notes, Chapter III: The Number Seven
  9. Շնորհք արք. Գալուստյան, Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, Ս. Էջմիածին, 2001
  10. Архимандрит Сретенского монастыря Тихон (Шевкунов) Արխիվացված է Փետրվար 11, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  11. Александр (Милеант). «За сотни лет до Рождества Христова. Пророчества Ветхого Завета о Христе»
  12. Святая Троица в бытии. Сольвычегодский историко-художественный музей, Сольвычегодск, Россия
  13. Успенский собор ростовского кремля
  14. Галерея гравюр
  15. Гончарова Н. С. Изгнание из рая. (1912—1913) Արխիվացված է Փետրվար 13, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  16. М. Шагал «Изгнание из Рая» (1954-67)
  17. Петров-Водкин К. «Изгнание из рая» Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  18. Глазунов И. Изгнание из рая. (1994 год) Արխիվացված է Դեկտեմբեր 16, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  19. Встречи с Анной Ахматовой