«Երևան անվան ծագումը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Armin Karapetyan Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Նրա տարածքում կատա...»:
(Տարբերություն չկա)

06:08, 19 Մայիսի 2018-ի տարբերակ

Armin Karapetyan Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100 000 – 35 000 տարի առաջ): Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա: Դրանցից են Շենգավիթը, (մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ), Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն, Արեշ (Կայարանամերձ հրապարակ) թաղամասեր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Կարմիր- բերդ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), Կարմիր-բլուր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ), Արին բերդ (Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ), Ավան- Առինջ (մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր), վաղ միջնադարյան Երևան (Կենտրոն), Երևանի բերդ (7-րդ դար, 16-րդ դար) և այլն[1]:

Երևանյան քարայր, մ.թ.ա. 100.000-35.000 տարի առաջ

Ուսումնասիրողներին (Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան) և Երևան այցելած օտարերկրյա ճանապարհորդներին (Ժ. Շարդեն, Ռոբերտ Կեր Փորտեր, Ուիլյամ Աուզլեյ, Լինչ) հետաքրքրել է հատկապես Երևան անունը: Երևան անունը (յերեւան ձևով) հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում[2]: Երևանի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 607 թվականին, երբ Դվինում հրավիրված եկեղեցական ժողովին մասնակցել են նաև Դավիթ Երեցը և Ջոջիկ անունով վանականը Երեւանից [3]: VII դարի պատմիչ Սեբեոսը ևս վկայություն ունի Երևանի մասին, կապված 642-643թթ. արաբական արշավանքների հետ [4]: Հովհ. Դրասխանակերտցու (IX-X դդ.) «Պատմութիւն Հայոց»/, (Ս. Անեցու (XII) դար, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Ստ. Օրբելյանի (XIII դար), «Պատմութիւն նահանգին Սիսական» և այլ մատենագիրների աշխատություններում ևս հիշատակություններ կան Երեւանի մասին: Հայ մատենագրության մեջ Երևանը հիշատակվում է Երեւան, Էրեւան, Էրվան, Էրուան, Երեւան, Արեւան և այլ ձևերով[5]:

Օտարերկրյա ճանապարհորդների և ուսումնասիրողների աշխատություններում Երևանը հիշատակվում է Erivan, Irvan, Iravan, Эриван, Ереван, Иреван և այլ ձևերով[6]: Ենթադրվում է, որ հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (II դար) «Աշխարհագրություն» աշխատության մեջ նշված Tervan բնակավայրը Երևանն է[7], և Irvan անվան I-ն թյուրիմածաբար գրվել է T ձևով, քանի որ Tervan-ը քարտեզում նշված է նույն աշխարհագրական լայնության վրա, ինչ Երևանը:


Բացատրություններ

Գոյություն ունեն Երևան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ և ավանդություններ: Ամենահին և ամենատարածված բացատրությունը կապված է Նոյ նահապետի անվան հետ: Ժողովրդի մեջ տարածված ավանդության համաձայն, ջրհեղեղից հետո, երբ ջրերը ետ են քաշվել, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան: Այս ավանդությունը հին է և միշտ տարածված է եղել ժողովրդի մեջ: Այդ են վկայում Երևան այցելած օտարերկրյա ճանապարհորդները, որոնց տեղացիները պատմել են այդ ավանդությունը: Առաջիներից մեկը, ով վկայում է այդ մասին ֆրանսիացի ճանապարհորդ ժան Շարդենն է[8], որը 1672-73 թթ. եղել է Երևանում: Տեղի հայերը Շարդենին պատմել են, որ Երևանը Նոյի բնակության վայրն էր մինչև ջրհեղեղը և կառուցվել է նույն տեղում ջրհեղեղից հետո[9]: Երևան անունը և քաղաքի հիմնադրումը Նոյի հետ են կապում նաև Ուիլյամ Աուզլեյը, Ռոբերտ Քեր Փորթրը,6 Ա. Հաքստհաուզենը, Լինչը[10] և ուրիշներ: Հայ պատմագրության մեջ վերոհիշյալ ավանդությանը անդրադարձել են Ղ. Ինճիճյանը, Մ. Սմբատյանը և ուրիշներ[11]: Այս տեսակետը այսօր էլ մնում է որպես ժողովրդական ավանդություն և վկայում է, որ Երևանը շատ հին բնակավայր է:

Երևան անվան բացատրության այլ տեսակետի համաձայն Երևան անունը կապվում է Երվանդյան հարստության վերջին թագավոր Երվանդ 4-րդի անվան հետ (մ.թ.ա. 220-201թթ.): Հ. Նալյանը ենթադրում է, որ Երևանը Երվանդի կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքն է, այլ ուսումնասիրողներ`, որ Երվանդավան քաղաքն է և այլն: Օտարերկրյա ճանապարհորդները ևս վկայում են, որ Երևան անունը ըստ հայոց մեջ տարածված այլ ավանդության կապվում է Երվանդ թագավորի անվան հետ[12]: Բացատրությունների շարքում պարզապես կարելի էր անտեսել թուրք-պարսկական մի ավանդություն, ըստ որի Երևան անունն առաջացել է պարսիկ խան Ռևան-Ղուլիի անունից: Դա անընդունելի է հենց միայն այն պատճառով, որ այդ խանը Երևանում իշխել է 16-րդ դարի սկզբներին, իսկ Երևանը և նրա անունը հազարամյակների պատմություն ունեն:

19-20-րդ դարերում Հայաստանի տարածքում հայտնաբերված հայոց հնագույն Արարատ-Ուրարտու (Բիայնիլի, Վանի թագավորությու) պետության արքաների սեպագիր արձանագրությունների հայտնաբերումն ու ընթերցումը հնարավորություն տվեցին ոչ միայն ճշգրտել մի շարք աշխարհագրական անուններ, այլև նոր ձևով բացատրել դրանց իմաստը: Ուրարտական արձանագրություններում ընթերցվում են Էրիանի, Էրիախի, Էրեբունի անունները: Ռուսա 1-ն (735-713 թթ.) թագավորի արձանագրության մեջ, որ հայտնաբերվել է Սևանա լճի ափին գտնվող Ծովինար գյուղում, 22 երկրանունների հետ հիշատակվում է նաև Էրիաինի անունը[13]:

Ծանոթագրություններ

  1. Ե. Շահազիզ, Հին Երևան, Երևան, 1931թ., էջ 7
  2. «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի», Կ. Պոլիս, 1874
  3. «Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901
  4. Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639
  5. Ղ. Ալիշան,Այրարատ, էջ 259: Հանդէս ամսօրեայ, 1934 թ., թիվ 5-7, էջ 327-328:Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը, հ. 1, Երևան 1969թ., էջ 96-99
  6. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Զ., Երևան 1934թ.: Թ. Հակոբյան, հ. 1, էջ 96-99
  7. Ռ. Գալչեան, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Երևան, 2005թ.
  8. Շարդենը անհավանական է համարում այդ ավանդությունը, քանի որ ըստ նրա հայերենը նոր լեզու էր և 700 տարի առաջ իբրև թե նույնիսկ հայտնի չէր: Նա անհավանական է համարում նաև Պտղոմեոսի քարտեզում նշված Tervan բնակավայրը Երևանի հետ նույնացնելը, քանի որ ըստ նրա, Երևանում հնագույն հուշարձաններ չկան: Путешествие Шардена по Закавказью в 1672-1773гг., Тифлис, 1902г., с. 243-245: Թ. Հակոբյան, հ.1, էջ 99 /ծանոթագրություն 3/
  9. Chardin edit Paris, 1811, Ց.2, ր.169, Х. Ф. Б. Линч, Армения, Тифлис, 1910 г., т.1, с. 273
  10. Х.Ф.Б. Линч, Армения, т.1, с. 273
  11. Ղ. Ինճիճյան, Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 1, Վենետիկ, 1835թ., էջ 273-274
  12. Х.Ф.Б. Линч, Армения, т.1, с. 273: Հ. Հակոբյան,Ուղեգրություններ, էջ 453-454
  13. Б. Пиотровский, Ванское царство, /Урарту/, М., 1959г., с. 91: Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, /այսուհետ՝ ՀԺՊՔ/, Երևան, 1981թ., էջ 85