«Համիդյան ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ Նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918 թթ.) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։ Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։ Օսմանյան կայսրությունը ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։ Ազգային հարցը պետության մեջ դարձավ այն վճռական խնդիրը, որի հետ էր կապվում արևելյան բռնապետության բախտը։ Ստեղծվեց Օսմանյան կայսրությունը ճգնաժամից դուրս բերելու մանրակրկիտ մշակված, գործունակ, բայց ըստ էության հրեշավոր ծրագիրը, որն ուներ ամուր գաղափարախոսական հենք՝ ի դեմս իսլամիզմի և օսմանիզմի հիմնարար դրույթների միախառնման։ Սուլթանը, միաժամանակ ձգտում էր իր համար հենարան ստեղծել՝ դաստիարակելով եվրոպական կրթության տեր, բայց մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն նոր սերունդ։ Պետք է նշել նաև, որ թուրքական սուլթանները միշտ և ամենուրեք չափազանց բիրտ ու դաժան քաղաքականություն էին վարում իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում և հայերի նկատմամբ։ XIX դարի երկրորդ կեսին, հատկապես Հայկական հարցի արծարծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում, սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքներն ավելի ուժեղացան։
Եվ ահա սուլթան Աբդուլ Համիդը, որը գահ էր բարձրացել 1876 թվականին, ծրագրել էր հայերի մասսայական կոտորածներ կազմակերպել և լկտիաբար հայտարարում էր, թե Հայկական հարցը պետք է լուծել հայերին կոտորելով։ Լուծելով արտաքին բնույթի բազմաթիվ այլ հարցեր, սուլթանը միաժամանակ լուծում էր նաև ներքին խնդիրները։ Հայության դեմ ուղղված իր քաղաքականությունը Աբդուլ Համիդ II-ը սկսել էր իրագործել դեռ 1880-ական թվականներից։ Ինչպես ժամանակին ճիշտ նշել էր Հայկական դատի պաշտպաններից մեկը՝ Մաքքոլմ Մաք Քոլլը, նախ և առաջ պատերազմ հայտարարվեց հայերի կրթական համակարգին, դավանանքին և մշակույթին։ Համիդը գիտակցում էր, որ հայ ժողովրդի ազգային զարթոնքի դեմ պայքարում պետք է վճռվեր լինել-չլինելու համլետյան հարցը։ Այս սուլթանի օրոք էր, որ կառավարության կողմից սկսեց կիրառվել նաև մշակութային ցեղասպանություն։ Ընդ որում, եթե ֆիզիկական բնաջնջման մարտավարությունը հնարավոր էր ժամանակ առ ժամանակ հանել զինանոցից, արտաքին պայմաններից կամ այլ նկատառումներից ելնելով, ապա պետականորեն ղեկավարվող մշակութային ցեղասպանությունը չդադարեց հայ ժողովրդի նկատմամբ և շարունակվում էր ավելի քան հարյուր տարի։ Միաժամանակ, սուլթանը փորձում էր անմիջական հարված հասցնել Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայերին՝ անտանելի պայմաններ ստեղծելով նրանց գոյության համար։ Սովորական են դառնում հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող հալածանքները, խաղաղ բնակչության կողոպուտը, թալանն ու բռնություները։ Հայաբնակ բոլոր մարզերում ստեղծվում է յուրահատուկ հակահայկական վարչակարգ։ Երկիրը վեր է ածվում մի կատարյալ դժոխքի։ «Առաջին քայլը,- գրում էր ժամանակի խոշորագույն հրապարակախոսներից մեկը՝ Էմիլ Դիլոնը,- բնաջնջման ծրագրի իրականացման ուղղությամբ, այն էր, որ պարբերաբար քայքայեն ժողովրդին» : Դա նախ և առաջ իրականացվում էր ամենադաժան հարկային քաղաքականությամբ։ Հատկապես ծանր էին գլխահարկը և ռազմական հարկը։ Սուլթանը տնտեսական ճնշումները զուգակցում էր ամենանուրբ քաղաքական հետապնդումներով։ Պետական քաղաքականության աստիճանի էր բարձրացվել մուսուլմանների բնակեցումը հայաբնակ գյուղերում և շրջաններում։ Ընդ որում, վերաբնակիչները տասը տարով ազատվում էին ռազմական ծառայությունից, ստանում էին անվճար հողատարածություններ և նյութական օժանդակություն։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։ Սուլթանի ծրագրում հատկապես մեծ դեր էր հատկացվում քրդերին։ Եվ ահա այդ նույն քրդերից էլ կազմվում են այսպես կոչված «համիդիե» գնդերը, որոնց ստեղծումով էլ սկսվում են հայության բացահայտ ջարդերը։ Խոսելով համիդյան զուլումի մասին՝ անհրաժեշտ է առավել հանգամանորեն անդրադառնալ ջարդերի մեխանիզմին։ 1890-ական թթ. թուրքական կառավարությունը վերջնականապես մշակեց և հարստացրեց կոտորածներն իրականացնելու դարավոր զինանոցը։ Դա նման ծավալներով բնաջնջման առաջին փորձն էր, ուստի և որոշ վայրերում տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպված իրագործել կենտրոնի հրահանգները։ Ուշադիր քննությունը ևս մեկ անգամ համոզում է, որ 1894 թվականից մինչև 1897 թվականն ընկած ժամանակահատվածի արյունալի իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված են եղել և իրականացվել են սահմանված հաջորդականությամբ։ Սուլթանը նախ փորձում էր հարվածել հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին և Վանին։ Այսպիսով, հայերի մասսայական կոտորածները Թուրքիայում սկսվեցին 1890-ական թվականներից, որի առաջին զոհը դարձավ հերոսական Սասունը։
Սասունը, որն ուներ շուրջ 35 հազար հայ բնակչություն և մեկ տասնյակ գյուղախմբեր, դեռ 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թվականին Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի կազմակերպումն ու ղեկավարումը։ Թուրքական իշխանությունները 1891-1892 թթ. Սասունի դեմ հանեցին քրդական ցեղերին, համիդիե հեծելազորային ջոկատներին ու ոստիկանական կանոնավոր ուժերին։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները.
1.հանձնել հեղափոխականներին, դրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին,
2. հանձնել զենքերը,
3. վճարել այդ տարվա և նախկինում չվճարած բոլոր տուրքերը,
4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից և ըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։ Առաջարկված պայմանները երկընտրանքի առաջ կանգնեցրին սասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էր անձնատվության, մերժումը կընկալվեր որպես ապստամբություն։ Եվ ահա Սասունն ընտրեց պայքարի ուղին։
Թուրքական իշխանությունները, սակայն շուտով Սասունն առան օղակի մեջ, իսկ արդեն 1894 թ. հունիսին կառավարությունը դիմեց վճռական միջոցների։ Սուլթանի հանձնարարությամբ Սասուն արշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան։ Բացի նրա գլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրա շարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կարինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ Սասունի դեմ դուրս է բերվել ժամանակի ռազմական տեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը։ 1894 թ. օգոստոսի սկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարե հրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիները շուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ու անձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։ Սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջել անմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիների ուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունը դիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելու առաջարկ արեց, որը սակայն, մերժվեց սասունցիների կողմից։ Նրանցից մոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը և շարժվեցին թուրքական բանակատեղի, որտեղ նրանց անմիջապես սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նոր հարձակման։ Որևէ տեղից օգնություն չստանալով և մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, Գևորգ Չավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներ գերվեցին և շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղ բնակչության ջարդը։ Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեց ավելի քան յոթ հազար հայ։ 1894 թ. Սասունի աշխարհացունց ջարդերին՝ մեծ տերություններ աչքի առջև հաջորդեցին Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, վանի, Եվդոկիայի և այլ վայրերում տեղի ունեցած կոտորածները։ Սասունի ապստամբությունը ունեցավ գործնական որոշակի հետևանքներ։ Այստեղ տեղի ունեցած դեպքերն ամենուր ցնցեցին հայությանը։ Առաջավոր մարդկության շատ ներկայացուցիչներ բողոքի ու զայրույթի ձայն բարձրացրին սուլթանի ջարդարար քաղաքականության դեմ՝ մեծ տերություններց պահանջելով միջամտություն։ Արգելելով օտարերկրացիների մուտքը Սասուն՝ սուլթանը փորձեց մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը, բայց ի վերջո ստիպված էր տեղի տալ։ Սասունի ապստամբությունը միաժամանակ առաջ մղեց Հայկական հարցը՝ ակտիվացնելով այդ ուղղությամբ տերությունների ձեռնարկած դիվանագիտական քայլերը։ Ցանկանալով խանգարել Հայկական հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրած Անգլիային, որը ջանում էր հայության շրջանում խիստ մեծացնել իր ազդեցությունը, Ռուսաստանը և նրա դաշնակից Ֆրանսիան ստիպված էին համաձայնության գալ նրա հետ։
Տող 16.
Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում։ Ստեղծված ճգնաժամային, սպասողական, ծանր ու տագնապալից իրավիճակում հասունանում է նոր ելույթի գաղափարը։ Նման պայմաններում ռումբի պայթյունի տպավորություն թողեց 1895 թ. սեպտեմբերի 18-ին Կ. Պոլսում հնչակյանների կազմակերպած ցույցը։ Շուրջ 4 հազար ցուցարարներ շարվեցին դեպի Բաբ Ալի՝ թուրքական կառավարության նստավայրը՝ իրենց հետ տանելով սուլթանին և եվրոպական տերություններին ուղղված հնչակյանների կազմած պահանջագիրը, որում նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկվում էր վերջ տալ անօրինություններին և ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը։ Ոստիկանությունը թույլ չտվեց հանձնել խնդրագիրը։ Վաղօրոք տեղյակ լինելով ցույցի մասին՝ կառավարությունը ռազմական պատրաստություն էր տեսել։ Ցույցն ավարտվեց քաղաքում հայերի ընդհանուր ջարդով, որին զոհ գնաց մոտ երկու հազար մարդ։
Բաբ Ալիի ցույցից հետո սուլթանը շտապեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ ամենուրեք ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու և դիվանագիտական խաղաքարտերը կրկին խառնելու նպատակով։ 1896 թվականի հոկտեմբերի 18-ին, նախապես փոփոխություններ կատարելով, նա ստորագրեց Մայիսյան բարենորոգումների ծրագիրը։ Սուլթանի հրապարակած բարենորոգումների հրովարտակը կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացավ։ Սուլթանական կառավարությունը բացահայտորեն պատժիչ միջոցներ սկսեց կիրառել հայ ազատագրական պայքարի հետագա վերելքը կանխելու, հայոց զինյալ պայքարն արմատախիլ անելու համար։
1895 թվականի սեպտեմբերի 30-ին ահավոր կոտորած տեղի ունեցավ Բաբերդում։ 1895 թվականի հոկտեմբերի 5-ին սկսվեց Տրապիզոնի սարսափելի ջարդը։ Սրի քաշվեցին հազարավոր հայեր, ավերվեցին շրջակայքի հայկական բնակավայրերը։ Հոկտեմբերի 7-ին կոտորած է սկսվում Դերջանի գավառում։ Հոկտեմբերի 13-ին յաթաղանի զոհ դարձան Բաղեշ քաղաքի և նրա շրջակա գյուղերի հայ բնակիչները։ Երկու ամսվա ընթացքում կոտորածների ալիքը տարածվեց հայաբնակ համարյա բոլոր մարզերում։ Տասնյակ հազարավոր կանայք, երեխաներ, ծեր և երիտասարդ բնակիչներ ոչնչացվեցին Երզնկայում, Դերջանում, Բիթլիսում, Ուռհայում, Շապին Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, Մալաթիայում, Մարզվանում, Դիարբեքիրում, Սղերդում, Սեբաստիայում, Այնթափում, Մարաշում և այլուր։
Կոտորածը սարսափելի բնույթ է ստանում Եդեսիայում։ Սուլթանի կարգադրության համաձայն, հոկտեմբերի 16-ին թուրքական կանոնավոր զորքը և ամբոխը հարձակվում են հայկական խանութների վրա, կողոպտում ամեն ինչ, ավերում և հրկիզում։ Ավելին, կառավարությունը կրոնական մոլեռանդությամբ վարակված խուժանին զենք է բաժանում և կոչ անում՝ կոտորել հայերին և զավթել նրանց ունեցվածքը։ Սակայն, հայերը հիմնականում ապրելով մեկ թաղամասում, կարողանում են դիմադրություն կազմակերպել և թշնամուն ետ մղել։
Փաստորեն, սա արևմտահայոց ցեղասպանության սկիզբն էր, ցեղասպանություն, որի արդյունքում ոչնչացվեց իր Հայրենիքում ապրող օսմանահպատակ հայությունը։
Տող 47.
 
Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը ինչպես միշտ օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ու շահերը ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներից Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։
Իտալացի Ա. Չիբրանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում են աշխարհը այսօր, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին: Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենց տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին... որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ...Այո, Եվրոպան ձեր սպանդի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ: Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ: Ողբերգական պահին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին: Ձեր արյունը կրկին վաճառքի է հանել գթասիրտ Եվրոպան» :
 
== Պատմություն ==
1894-ին [[Սասուն]]ի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ռուսաստան]]ը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր [[Թուրքիա]]յի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»: Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ [[Տրապիզոն]]ում, սեպտեմբերի 30-ին՝ [[Բաբերդ]]ում, հոկտեմբերի 7-ին՝ [[Դերջան]]ում, հոկտեմբերի 9-ին՝ [[Երզնկա]]յում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ [[Բաղեշ]]ում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և [[Շապին Գարահիսար]]ում, հոկտեմբերի 18-ին՝ [[Կարին]]ում, հոկտեմբերի 23-ին՝ [[Մալաթիա]]յում, հոկտեմբերի 26-ին [[Խարբերդ]]ում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ [[Դիարբեքիր]]ում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ [[Սեբաստիա]]յում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ։
 
Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մուսուլմանական խուժանը՝ վայրագ եղանակներով։
 
== Ինքնապաշտպանական մարտերը ==
Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին ապստամբել է Զեյթունը (Զեյթունի ապստամբություններ 1862, 1877-78, 1895)։ 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մուսուլմանական խուժանը հարձակվել են [[Վան]]ի վրա, հայերը [[Մկրտիչ Ավետիսյան]]ի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը [[Պարսկաստան]], սակայն ճանապարհին 8-10 հազար թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, [[Մալաթիա]]յում, [[Մուշ]]ում և այլուր։
 
Ինքնապաշտպանական մարտերում ծնվել են ազգային հերոսներ [[Գևորգ Չաուշ]]ը, [[Փարամազ]]ը, Հրայրը (Ուրվական), [[Աղբյուր Սերոբ]]ը, Մուրադը և ուրիշներ, ովքեր իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։
 
== Հետևանքները ==
1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100 000 բռնի իսլամացվել, 100 000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։
 
Տող 65.
 
== Տես նաև ==
* [[Դիարբեքիրի ջարդեր (1895)]]
 
== Գրականություն ==
* Կիրակոսյան Ջ.Ս., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք 1, Ե., 1982:
* Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Փաստաթղթերի և նյութերի ժողովածու. Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, Ե., 1991: