«Մետաֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

 
{{վիքիֆիկացում}}'''Մետաֆիզիկա''' ({{lang-grc|τὰ μετὰ τὰ φυσικά}} — «այն, ինչ ֆիզիկայից հետո է»), փիլիսոփայության բնագավառ, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու ամբողջությամբ վերցրած աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։
 
[[Արիստոտել]]ի գործերը դասակարգելիս «Մետաֆիզիկա» անունը (հունարենից թարգմանաբար նշանակում է բնության մասին գիտությունից՝ ֆիզիկայից հետո) տրվել է նրա «առաջին փիլիսոփայությանը» վերաբերող գործերին՝ նկատի ունենալով, որ դրանցում հետազոտվում է այն, ինչ կարող է ճանաչվել բնությունից հետո, որովհետև ընկած է նրանից այն կողմ, նրա հետևում՝ կազմելով նրա հենքը։ Հայ միջնադարյան փիլիսոփաները [[Դավիթ Անհաղթ]]ի միջոցով ժառանգել են այս անտիկ ավանդույթը։ Միջնադարում, կորցնելով կապն աշխարհի գիտական հետազոտության հետ, մետաֆիզիկան աստիճանաբար մերվեց [[Աստվածաբանություն|աստվածաբանությանը]]՝ որպես աշխարհի հոգևոր նախասկզբի, աստվածային էության բնական ըմբռնման եղանակ։ Նոր ժամանակում փորձնական բնագիտության և փիլիսոփայության դասականները մերժեցին միջնադարյան մետաֆիզիկան և առհասարակ արտափորձային վերացական «թաքնված էությունների» ու մտահասու «վերջնական պատճառների» գաղափարը՝ միաժամանակ ընդունելով «բնական փիլիսոփայության» կազմում, ֆիզիկայի հետ միասին, «առաջին փիլիսոփայության» անհրաժեշտությունը, որը հետազոտում է աշխարհի անվերջ բազմազանությունը միասնության հանգեցնող վերջավոր պարզագույն ձևերը ([[Ֆրենսիս Բեկոն]]), վերացական հասկացությունները ([[Թոմաս Հոբս]], [[Բենեդիկտ Սպինոզա]]) և այլն։ Մետաֆիզիկական համակարգեր կառուցեցին [[Ռենե Դեկարտ]]ը և [[Գոթֆրիդ Լայբնից]]ը։ Նույն ժամանակին են վերաբերում նաև Ստեփանոս Լեհացու կողմից Արիստոտելի «Մետաֆիզիկայի» հայերեն թարգմանությունը և մեկնաբանությունը, որոնք կրոնափիլիսոփայական գաղափարախոսության տիրապետության պայմաններում նպաստեցին աշխարհիկ փիլիսոփայության միտումների զարգացմանը։
 
Բնագիտության ինքնուրույն զարգացումը XVIII դարից սկսած առարկայազուրկ դարձրեց մետաֆիզիկայի գոյաբանական նկրտումները։ Սակայն մետաֆիզիկան գոյատևեց զանազան տարբերակներով (գերմ․ դասական փիլիսոփայության մետաֆիզիկա, է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիան, Ն․ Հարտմանի «նոր գոյաբանությունը», Մ․ Հայդեգերի «հիմնարար գոյաբանությունը» և այլն), որքանով որ մարդկային ճանաչողությունից սկզբունքորեն անբացառելի է մտահայեցողությունը, որպես գիտությունների աշխարհայացքային սինթեզի միջոց։ Այս իմաստով «մետաֆիզիկա» տերմինը երբեմն օգտագործվում է որպես «փիլիսոփայության» համանիշ։ XIX դ․ գերմ․ դասական իդեալիզմի ոգով մետաֆիզիկական համակարգեր են ստեղծել Պ․Պողոս Էմմանուելյանը և Ա․ Գուրգենյանը (տես նաև [[Գոյաբանություն]])։
 
Մետաֆիզիկան նաև դիալեկտիկային հակադիր մեթոդն է։ «Մետաֆիզիկա» տերմինը հակադիալեկտիկայի իմաստով գործածել է [[Հեգել]]ը՝ նկատի ունենալով XVIII դ․ մետաֆիզիկայի, հատկապես Ք․ Վոլֆի համակարգի առանձնահատկությունները։ Մարքսիզմի դասականները, մատերիալիստական դիալեկտիկան մշակելով պատմության մատերիալիստական ըմբռնման և բնագիտության արդյունքների ընդհանրացման հիման վրա, այն հակադրել են մետաֆիզիկային որպես մտածողության այնպիսի եղանակի, որը հավակնում է նախապես ընտրված սխեմայի միջոցով տալու աշխարհի մեկընդմիշտ ավարտուն պատկերը։ Մետաֆիզիկան բացառում է հակասությունները, աշխարհի որակական բազմազանությունը կամ համարում է կողք-կողքի տրված, առանց անցումների [բույսերի և կենդանիների տեսակների անփոփոխականության, բնության և մարդկության պատմության «շրջապտույտի» և «հավերժական վերադարձի», կատակլիզմների (կատաստրոֆների) տեսություններ են], կամ էլ հանգեցնում է մեկ ընդհանուր հիմքի (մեխանիցիզմ, պրեֆորմիզմ, ֆիզիկալիզմ և այլն)։