«Հռենոսի ոսկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
Անշտապ հոսում է զորեղ [[Հռենոս]]ը: Նրա ալիքներում խայտում են ջրահարսները՝ Հռենոսի անհոգ և զվարթ դուստրերը: Նրանք պահպանում են գետի հատակում հանգչող ոսկե գանձը: Իսկ գետնի տակ, ժայռերի ծերպերում ապրում են կարճլիկ նիբելունգները՝ հմուտ դարբինները: Նրանցից մեկը՝ Ալբերիխը ապարդյուն ձգտում է արժանանալ ջրահարսների սիրուն. Հռենոսի դուստրերը սահելով դուրս են պրծնում նրա ձեռքերից՝ ծիծաղելով նրա դանդաղաշարժության և զայրույթի վրա: Նրանց ուրախ շաղակրատանքից Ալբերիխն իմանում է գանձի գաղտնիքը. նա, ով Հռենոսի ոսկուց մատանի կռի, կդառնա աշխարհի տիրակալը և անհամար գանձերի կտիրանա: Բայց մատանին կռելը հեշտ չէ. դրա համար հարկավոր է հրաժարվել մարդկային լավագույն զգացմունքից՝ սիրուց: Ալբերիխն անիծում է սերը և Հռենոսի ոսկին նրա ձեռքում է:
Անմատչելի լեռնային բարձունքներում վեր է խոյանում աստվածների վսեմ պալատը՝ Վալհալլան: Ոչ մի թշնամի սարսափելի չէ գերագույն աստված [[Օդին (դիցաբանություն)|Վոթանի]] համար: Վալհալլան կառուցել են Ֆազոլտը և Ֆավները՝ զորեղ, բայց պարզհոգի եղբայր հսկաները: Վոթանը պայմանագիր է կնքել նրանց հետ՝ երդվելով, որ իբրև վարձատրություն նրանց կհանձնի երիտասարդության դիցուհի [[Ֆրեյա]]յին, որ պահպանում է աստվածներին հավերժ երիտասարդություն պարգևող կախարդական ոսկե խնձորները: Սակայն, անառիկ ամրոցն ստանալուց հետո, Վոթանը չի շտապում բաժանվել Ֆրեյայից: Կնոջ, որ Ֆրեյայի քույրն է, [[Ֆրիգգ (դիցաբանություն)|Ֆրիգգի]] նախատինքները, նրա եղբայրների՝ երիտասարդ Ֆրոյի և որոտի աստված ռազմաշունչ [[Թոր|Դոնների]] զայրույթը, ավելի ամրապնդում են նրա մերժման որոշումը: Կրակի աստված [[Լոկի|Լոգեն]], որ հրի նման ճկուն է ու անհավատարիմ, և մի ժամանակ աստվածներին նենգաբար խորհուրդ էր տվել պայմանավորվել հսկաների հետ, պատմում է Հռենոսի ոսկու մասին: Հսկաները պատրաստ են հրաժարվել Ֆրեյայից, եթե Վոթանն իրենց հանձնի նիբելունգների մատանին: Իսկ առայժմ նրանք իրենց մոտ են պահում Ֆրեյային՝ իբրև պատանդ: Նույն պահին աստվածները կորցնում են իրենց զորությունը և մեկ ակնթարթում դառնում ծեր ու զառամյալ: Միայն Լոգեն առաջվա պես ուրախ է ու ծիծաղկոտ: Այդժամ Վոթանը որոշում է. ինքը Ալբերիխից կխլի ոսկին, որպեսզի փրկագնի Ֆրեյային: Լոգեի ուղեկցությամբ նա ուղևորվում է դեպի նիբելունգների ստորգետնյա թագավորությունը:
[[Պատկեր:Ring11.jpg|mini|thumb|250px|ձախից|Ալբերիխը և ստրկացած գաճաճ նիբելունգները (նկարիչ՝ Արթուր Ռեքհեմ):]]
 
Արդեն հեռվից լսվում է զնդանի վրա տեղացող մուրճերի հարվածների ձայները, երևում է քուրաներում ցոլցլացող կրակը և լսվում են նիբելունգների ճիչերն ու լացի ձայները: Նրանք օր ու գիշեր կռում են Ալբերիխի գանձերը, ով ստրկացրել է իրենց ոսկե մատանու զորությամբ: Եվ այժմ Ալբերիխը երազում է ամբողջ աշխարհը նվաճելու մասին: Ալբերիխի վախկոտ, անվերջ փնթփնթացող եղբայր Միմեն նրա համար կռել է մի հրաշալի ոսկե սաղավարտ. նա, ով կկրի այն, կարող է ըն դունել ցանկացած կերպարանք և նույնիսկ անտեսանելի դառնալ: Լոգեն, իմանալով դրա մասին Միմեի մոտ, Ալբերիխի հետ գալիս է խորամանկ համաձայնության, և երբ նիբելունգը դնելով այն, դառնում է փոքրիկ դոդոշ, աստվածները բռնում են նրան և կապում:
Որպես փրկագին Վոտանը պահանջում է ոսկին: Ալբերիխը տալիս է այն ամենը, ինչ կռել էին կարճլիկները, նույնիսկ կախարդական սաղավարտը, բայց երբ Վոթանը հանում է նրա մատից կախարդական մատանին, նիբելունգն արտասանում է սարսափելի մի անեծք. այսուհետ նա, ով կկրի մատանին, կբերի մահ և դժբախտություն: Վոթանը միայն ծիծաղում է չար և անուժ կարճլիկի վրա, չէ՞ որ այժմ իշխանությունն ու հարստությունը ի՛ր ձեռքում են: Բայց ոսկով պետք է վճարի հսկաներին, իսկ նրանք ցանկանում են ստանալ այնքան ոսկի, որ Ֆրեյային ոտքից գլուխ ծածկի: Նիբելունգների հարստությունը չի բավականացնում, և [[Օդին (դիցաբանություն)|Վոթանը]] ոսկու կույտի վերն է նետում կախարդական սաղավարտը: Ֆազոլտը, որ սիրահարվել էր [[Ֆրեյա]]յին, ի զորու չէ բաժանվել նրանից: Նա պնդում է, որ արանքից դեռ երևում է աստվածուհու հայացքը: Հսկաները պահանջում են նաև ոսկե մատանին: Վոթանը հրաժարվում է, իսկ վախեցած աստվածների աղերսանքն ի զորու չէ սասանել նրա որոշումը: Վոթանին ստիպում է մատանին հսկաներին հանձնել միայն սարսափելի մարգարեությունը ճակատագրի աստվածուհի Էրդայի, որ հանկարծ հայտնվում է երկրի ընդերքից: Եվ այդ վայրկյանին էլ կատարվում է նիբելունգի անեծքը. ոսկու պատճառով վեճ է ծագում և Ֆավները ծանր լախտով սպանում է եղբորը: Աստվածներին համակում է սարսափը. նրանց լուսավոր աշխարհ սողոսկեցին սպանությունն ու մահը: Որոտի աստված [[Տոր|Դոնները]] հավաքում է ամպերը, ճայթեցնում է ամպրոպը և պարզված երկնակամարում տարածվում է ծիածանը՝ բազմերանգ կամուրջը, որով աստվածները հանդիսավորությամբ ընթանում են դեպի Վալհալլա: Ոչ Հռենոսի խաբված դուստրերի աղիողորմ լացը, ոչ էլ [[Լոկի|Լոգեի]] թունոտ ծաղրը չեն կարող խախտել Վոթանի հրճվանքը. նա արբեցած է իր ամենակարողությամբ ու իշխանությամբ: