«Հովհաննես Զ Սսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Հովհաննես Զ Սսեցի - Ամենայն Հայոց Կաթողիկոս 1203-1221թթ.: Ծննդյան թվականը եւ վայրն անհայտ են: Որդին է Լամբր...
(Տարբերություն չկա)

11:42, 10 Մայիսի 2011-ի տարբերակ

Հովհաննես Զ Սսեցի - Ամենայն Հայոց Կաթողիկոս 1203-1221թթ.: Ծննդյան թվականը եւ վայրն անհայտ են: Որդին է Լամբրոնի տեր Կոստանդին Օշինյանի: Եղել է Արքակաղնի, ապա Դրազակի վանքերի վանահայրը, այնուհետեւ դարձել է մայրաքաղաք Սսի արքեպիսկոպոս: Հաջորդել է Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսին:

Ընտրությունը

Գրիգոր Զ Ապիրատի մահվանից հետո կաթողիկոսական ամենահավանական թեկնածուները երկուսն էին` Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսը և Սեբաստիայի արքեպիսկոպոս Անանիան: Սակայն Սսում հավաքված ժողովը, Լևոն Բ-ի կամքին հնազանդ, Կաթողիկոս է ընտրում Հովհաննես արքեպիսկոպոսին: Ընտրությունից հետո նորընտիր Հայրապետը քայլեր է ձեռնարկում շահելու Հայաստանի հոգևորականության համակրանքը: Այդ քայլերից էր այն, որ արգելեց Հայ Եկեղեցում լատինների նմանությամբ կատարված որոշ նորամուծություններ` մասնավորապես ճոխ և զարդարուն սպասքի ու հագուստի գործածությունը: Նա ճոխ սպասքները վաճառում է և գումարն օգտագործում է Հռոմկլայի բերդի ամրությունները վերանորոգելու համար:

Սեբաստիայի հակաթոռ կաթողիկոսության առաջացումը

Հովհաննես Զ Սսեցու Կաթողիկոս ընտրվելուց խիստ դժգոհ էր Սեբաստիայի առաջնորդ Անանիան, որ լինելով Մոկացիների տնից` ժառանգական իրավունքով պնդում էր Հայոց Հայրապետական գահի նկատմամբ ունեցած իր իրավունքը: Սեբաստիան այդ ժամանակ գտնվում էր Իկոնիայի սելջուկյան սուլթանության տարածքում, որն այնքան էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ չէր գտնվում իր հարևան Կիլիկյան Հայաստանի հետ: Անանիա Սեբաստացին, օգտվելով այդ հանգամանքից և կաշառելով Իկոնիայի սուլթանին, իրեն հռչակում է կաթողիկոս: Նորահռչակ կաթողիկոսության կենտրոնը դառնում է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: Անանիա Սեբաստացու իշխանությունը տարածվում էր Իկոնիայի սելջուկյան սուլթանության տիրապետության տակ գտնվող բոլոր հայերի վրա: Այսպիսով` այդ ժամանակաշրջանում Հայոց Եկեղեցում կային չորս կաթողիկոսներ` օրինական Կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին և Անիի, Աղթամարի, Սեբաստիայի կաթողիկոսները:

Հովհաննես Զ Սսեցու գժտությունը Լևոն Բ Մեծ արքայի հետ և Դավիթ Արքակաղնեցու կաթողիկոսանալը

Այդ նույն ժամանակ, ինչպես հաղորդում են Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի և Հեթում պատմիչները, Լևոն Բ-ն և Հովհաննես Զ Սսեցի Հայրապետը գժտվում են: Պատճառը Լևոն Բ-ի կողմից անհավատարմության մեղադրանքով Հովհաննես Զ Սսեցու քրոջորդի Կոստանդին Կամարտիաս իշխանի և նրա որդիների` Ճոսլինի և Պաղտինի բանտարկությունն էր: Հովհաննես Կաթողիկոսն իր ազգականներին ազատելու համար դիմում է Լևոն Բ-ին, սակայն մերժվում է: Դրանից Հետո Կաթողիկոսը, Լևոն Բ-ի նկատմամբ թշնամական դիրք բռնելով, քաշվում է Հռոմկլա բերդ: Գժտության պատճառով և Հովհաննես Զ Սսեցու` Հռոմկլայում փակվելուց դրդված Լևոն Բ-ն ձեռնամուխ է լինում նոր կաթողիկոս ընտրելու գործին: Արդյունքում Կաթողիկոս է ընտրվում Արքակաղնի վանքի վանահայր և Մամեստիայի արքեպիսկոպոս Դավիթը, որի նստավայրը դառնում է Սիսը: Սակայն օրինական Հայրապետ շարունակում էր մնալ Հովհաննես Զ Սսեցին: Հայոց կաթողիկոսության այս պառակտված իրավիճակը շարունակվեց մինչև 1211 թ, երբ Սսում մահացավ Դավիթ Արքակաղնեցին: Լևոն Բ-ն և Հովհաննես Զ Սսեցի Հայրապետը հաշտվեցին և Կաթողիկոսը սկսեց լիիրավ կերպով վարել իր իշխանությունը: Մինչ այդ մահացել էին Անիի Բարսեղ (Զաքարե իշխանը ցանկանալով թուլացնել Արևելյան հոգևորականության դիրքերը Բարսեղի մահից հետո չէր թույլատրել նոր Կաթողիկոս ընտրել) և Սեբաստիայի Անանիա Կաթողիկոսները: Լևոն Բ-ն իր մահից քիչ առաջ Հովհաննես Զ Սսեցուն նշանակել էր Կիլիկյան գահի թագաժառանգ, իր մանկահասակ դուստր Զապելի խնամակալներից մեկը: 1221 թ. վախճանվում է Հովհաննես Զ Սսեցի Հայրապետը:

Հայ-վրաց եկեղեցական հարաբերությունները

Սելջուկյան լայնածավալ պետության տրոհումից հետո Այսրկովկասում ստեղծված սելջուկ-թուրքական ամիրայությունների և օրըստօրե հզորացող Վրացական թագավորության միջև ԺԲ դարի սկզբներից սկսվում է համառ պայքար, որն ընդմիջումներով շարունակվում է ավելի քան մեկ հարյուրամյակ: Հայ իշխանական տների շատ ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն չափով պահպանել էին իրենց գոյությունը հատկապես Հյուսիսային Հայաստանում, դիմում են Վրաց թագավորության հովանավորությանը: Վրացական բանակում սկսում են կազմավորվել հայկական զինվորական միավորումներ: ԺԲ դարի 90-ական թվականներին մեծ թափով սկսվում է Հայաստանի ազատագրման գործը` վրաց արքունիքում հզոր դիրք գրաված Սարգիս Զաքարյանի և նրա երկու որդիների` Զաքարեի և Իվանեի ձեռամբ: Նրանք 1196 թ. մեկը մյուսի ետևից ազատագրում են Ամբերդը, Շամքորը, Գանձակը, Արցախը, Գարդմանը, Պարտավը, Սյունիքը, Շիրակը, Կարսը և այլ շրջաններ: Հայկական ազատագրված հողերի վրա հիմնվում է Զաքարյան իշխանությունը, որը վասալական կախման մեջ էր գտնվում վրացական թագավորությունից: Ավելի քան մեկ դար տևած հայ-վրացական քաղաքական և ռազմական համագործակցության ընթացքում բնական էր, որ սկսեին նաև եկեղեցական շփումներ, առաջ գային տարաձայնություններ զանազան ծիսական և դավանաբանական հարցերի շուրջ: և, իրապես, առկա բազմաթիվ տարբերությունների շուրջ վիճաբանություններ ու հակամարտություններ էին ծավալվել հայերի ու վրացիների միջև: Իրական հիմք ունեցող անհամաձայնությունների վրա գումարվել են բազմաթիվ մեղադրանքներ, որոնք ավելի են բորբոքել կրոնական անհանդուրժողություն: Այսպես, օրինակ, 1197 թ. Ծռազատկի հետ կապված վրացիները հրի են մատնում հայկական եկեղեցիներից մեկը, որի արդյունքում կենդանի-կենդանի այրվում են 40 հայ հավատացյալ: Վրաց եկեղեցականները բացարձակապես քաջալերում էին հայերի դավանափոխությունը և նրանց Վրաց Եկեղեցու գիրկն ընդունելիս անհրաժեշտ համարում կրկնամկրտությունը: Հաղթանակներով արբեցած վրացիները սկսում են կործանել հայկական եկեղեցիների Ավագ խորանների խաչերը, քանի որ իրենց մոտ խաչի փոխարեն սրբապատկերներ էին դրվում Ս. Սեղանների վրա, ավերում եկեղեցիները: Ստեղծված այս վիճակը բարվոքելու նպատակով Մխիթար Գոշը առանձին նամակներով (ՙԱռ Վիրս՚) դիմում է ինչպես Վրաց Եկեղեցու ղեկավարությանը, այնպես էլ Զաքարե և Իվանե իշխաններին: Քննարկելով տարաձայնությունները` բացահայտում է բազմաթիվ մեղադրանքների անհիմն լինելը, ջատագովում Հայ Եկեղեցու որոշ սովորություններ: Մյուս կողմից խնդրում է Զաքարե և Իվանե իշխաններին, որ խնդրեն Թամար թագուհուն (1178-1212 թթ.) արքայական իշխանությամբ արգելելու վրացիներին, որ այլևս Հայոց եկեղեցիները չավերեն և խաչերը չայրեն: Եկեղեցական հարցերի շուրջ տարաձայնություններն ու տարբերությունները զբաղեցրել են ոչ միայն Մխիթար Գոշին, այլ նաև հենց իրեն Զաքարեին: Վրաց բանակում նա տեսնում էր, թե ինչպես վրացիները Ս. Պատարագ էին մատուցում շարժական սեղանի վրա, իսկ հայոց մոտ այդ սովորությունը չկար: Այդ պատճառով էլ վրացիները մեղադրում էին հայերին, որ նրանք, պատերազմական գործողությունների ժամանակ եկեղեցի չունենալով, անհաղորդ են մնում և զրկվում սրբերի և տերունական այլ տոները կատարելուց:

Սսի 1204 թ. Եկեղեցական ժողովը

Այս խնդրով Զաքարեն դիմում է Մխիթար Գոշին, որ իր խոստովանահայրն էր: Նա պատասխանում է, որ շարժական սեղան ունենալու սովորությունը հնում եղել է նաև հայոց մեջ, սակայն քանի որ այդ սովորությունը այլևս գոյություն չունի, վերականգնելու համար անհրաժեշտ է կաթողիկոսական արտոնություն, և խորհուրդ է տալիս դիմել Հայոց կաթողիկոսին: Զաքարե իշխանը ինչպես այս, այնպես էլ այլ հարցերի կարգավորման համար առանձին նամակներով դիմում է Հովհաննես Զ Կաթողիկոսին և Լևոն թագավորին: Ինչպես վերևում նշել էինք` Լևոն Բ-ն և Հովհաննես Զ Կաթողիկոսը գժտվել էին և այդ պատճառով է, որ Լևոն Բ-ն Դավիթ Արքակաղնեցի Կաթողիկոսի նախագահությամբ է ժողով գումարում 1204 թ Սսում, որի որոշումները հետևյալներն են. ա. Ս. Պատարագը մատուցել դպիրներով և սարկավագներով, ինչպես օրենքն է: բ. Ս. Աստվածածնի Ավետյաց տոնը տոնել ապրիլի 6-ին, ինչ օր էլ որ ընկնի, Ս. Կույսի վերափոխման օրը` օգոստոսի 15-ին, Ս. Խաչի տոնը` սեպտեմբերի 14-ին (նույնպես և վկաների տոները, որ օրը որ ընկնեն) և ոչ թե մոտակա կիրակի օրը, որ սովորություն էր հայերի մոտ: գ. Ս. Հայտնության և Ս. Զատկի ճրագալույցները պահել մինչև երեկո, և պահքը լուծել ձեթով ու ձկով: դ. Ընդունել սրբապատկերները: ե. Ս. Պատարագ մատուցել նաև ողջերի համար: զ. Կրոնավորներին արգելել միս ուտել: է. Նախ ձեռնադրել դպիր, ապա որոշ ժամանակ անց` սարկավագ և կատարյալ հասակի հասնելուց հետո միայն քահանա: ը. Կրոնավորները պետք է մնան վանքերում և սեփականություն չունենան և այլն: Սսի ժողովը այս որոշումները ընդունելիս հաշվի է առել նախ այն, որ Զաքարեն էլ իր եղբոր` Իվանեի նման քաղկեդոնական չդառնա, և որ այդ սովորությունները հնում եղել են Հայ Եկեղեցում և ապա խաթարվել են արաբական և հաջորդող դժնդակ ժամանակների հետևանքով: Անշուշտ սա բոլոր կետերին չի վերաբերում: Իսկ Հովհաննես Կաթողիկոսը Զաքարեին է ուղարկում մի պերճաշուք պատարագի վրան, մարմարե սեղանով, գեղեցկաձայն քահանաներով, սարկավագներով ու դպիրներով:

Լոռիի 1205 թ. և Անիի 1207 թ. եկեղեցական ժողովները

Որպեսզի Զաքարեն ստանար նաև արևելյան վարդապետների համաձայնությունը, 1205 թ. ժողով է գումարում Լոռիում, որին մասնակցում էին Գրիգոր Տուտեորդին, Անիի Սարգիս, Բջնիի Վրթանես, Կարսի Հովհաննես եպիսկոպոսները, Մխիթար Գոշը, Դավիթ Քոբայրեցին և ուրիշներ: Զաքարեն կամենում էր, Հովհաննես Կաթողիկոսի նվիրած պատարագի սեղանին Ս. Պատարագ մատուցվեր և ներկաները, ի նշան համաձայնության, հաղորդվեին, բայց նրանց մեջ տարաձայնություն է ծագում, և ոմանք գիշերով փախչում են, իսկ ոմանց էլ Զաքարեն ստիպում է մնալ և հաղորդվել: Զաքարեի գլխավոր ընդդիմադիրն իր քեռորդին էր` Գրիգոր Տուտեորդին` Հաղբատի վանահայրը, որին բանտարկել է տալիս: Քանի որ չկար ամենաուժեղ հակառակորդը, ապա Զաքարեն հույս ուներ հաջողության հասնել և 1207 թ. Անիում ժողով է գումարում: Մխիթար Գոշը չի ցանկանում մասնակցել ժողովին և պատճառաբանում է, թե հիվանդ է, բայց Զաքարեի ստիպմամբ ներկայանում է ժողովին և կարողանում է համոզել նրան, որ իր կամքը չթելադրի ժողովական հայրերին, այլ թույլ տա, որ նրանք ծեսն անեն այնպես, ինչպես առաջ էր, իսկ ինքը վարվի սեփական հայեցողությամբ, քանզի ուներ Կաթողիկոսի և արքայի ժողովական որոշումները: Դրանից հետո Զաքարեն Մխիթար Գոշից ծածուկ ընդդիմադիրներին աքսորում է, բայց երբ խոստովանահայրն իմանում է այդ մասին, ստիպում է նրանցից շատերին վերադարձնել աքսորից: Զաքարեի մահով (+1212 թ.) մի որոշ ժամանակ դադարում են այդ տարաձայնությունները, թեպետև աստիճանաբար Սսի ժողովի կանոններից շատերը ընդունվում և որդեգրվում են Հայ Եկեղեցու կողմից և պահպանվում մինչև այսօր:

Աղբյուրներ

  • Հեթում պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վենետիկ, 1842:
  • Միքայել Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871:
  • Սամուել Անեցի, Հաւաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893:
  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956:
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961:
  • Վարդան Արևելցի, Տիեզերական պատմութիւն, Երևան, 2001:
  • Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա., Ս. Էջմիածին, 2001:
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008:

Այցելեք նաև


Նախորդող՝
Գրիգոր Զ Ապիրատ
Կաթողիկոս
1203–1221
Հաջորդող՝
Կոնստանդին Ա Բարփրբերդցի