«Հումանիստական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հումանիստական հոգեբանություն''', արևմտյան (առավելապես ամերիկյան) հոգեբանական հայտնի ուղղությու...»:
(Տարբերություն չկա)

15:34, 6 փետրվարի 2016-ի տարբերակ

Հումանիստական հոգեբանություն, արևմտյան (առավելապես ամերիկյան) հոգեբանական հայտնի ուղղություններից մեկը, որի ուսումնասիրության առարկան անձն է՝ որպես եզակի ամբողջական համակարգ, որին հատուկ է ինքնաիրացման հնարավորությունը [1]: Հոգեբանական այս ուղղության շրջանակներում վերլուծության ենթարկվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ բարձրագույն արժեքներ, անձի ինքնաիրացում, ստեղծագործականություն, սեր, ազատություն: Հումանիստական հոգեբանություն տերմինն առաջադրվել է մի խումբ պերսոնոլոգների կողմից, ովքեր 1960-ական թվականների սկզբին Աբրահամ Մասլոուի ղեկավարությամբ միավորվեցին՝ ստեղծելու կենսունակ տեսական այլընտրանք՝ ի հակակշիռ հոգեբանական երկու խոշոր ուղղությունների՝ հոգեվերլուծությանը և բիհեյվիորիզմի: Հումանիստական հոգեբանությունը խիստ կազմակերպված տեսական համակարգ չէ, այն կարելի է դիտարկել որպես շարժում: Այս ուղղությունը իր տեսական հիմքով բխում է էքզիստենցիալ փիլիսոփայությունից՝ մշակված եվրոպական այպիսի մտածողների կողմից, ինչպիսիք են՝ Սյորեն Կիերկեգորը, Կառլ Յասպերսը, Մարտին Հայդեգերը, Ժան Պոլ Սարտրը: Այս ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Աբրահամ Մասլոուն, Կառլ Ռոջերսը, Գորդոն Օլպորտը, Վիկտոր Ֆրանկլը, Ռոլո Մեյը, Ջեյմս Բյուջենտալը և այլոք:

Հումանիստական հոգեբանությունը ձևավորվել է 20-րդ դարի կեսին՝ առաջադրելով անձի և նրա զարգացման վերաբերյալ նոր հայեցակետ: Ուղղության կենտրոնը ԱՄՆ-ն է: Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ մարդը լավն է իր բնույթով և ընդունակ է ինքնակատարելագործման: Հումանիստական հոգեբանության տեսանկյունից՝ մարդու էությունը նրան անընդհատ տանում է անձնային աճի, ստեղծագործականության և ինքնաբավության, եթե միայն, ուժեղ հանգամքները չեն խանգարում: Մարդիկ մեծ չափով գիտակցական և բանական էակներ են՝ առանց դոմինանտող անգիտակցական պահանջմունքների և կոնֆլիկտների: Այսինքն՝ հումանիստական հոգեբանության ներկայացուցիչները մարդուն դիտում էին՝ որպես սեփական կյանքի արարիչ՝ օժտված սեփական կյանքի ոճն ընտրելու և զարգացնելու ազատությամբ, երը սահմանափակված է միայն ֆիզիկական և սոցիալական ազդեցություններով: Մարդու կյանքը հնարավոր չէ հասկանալ, եթե ուշադրություն չդարձնենք նրա բարձրագույն ձգտումներին: Աճը, ինքնաիրացումը, առողջության ձգտումը, նույնականության և ինքնավարության որոնումը պետք է համարել լայնորեն տարածված՝ նույնիսկ համընդհանուր միտում[1] [2]:

Տեսական դրույթներ

Մարդու նկատմամբ էքզիստենցիալ մոտեցումը սկիզբ է առնում առանձին մարդու կեցության եզակիության գիտակցումից, ով ապրում է ժամանակի կոնկրետ պահի և որոշակի տարածության մեջ: Ժխտելով այն փաստը, որ մարդը կամ ժառանգական գործոնների կամ շրջակա միջավայրի պրոդուկտ է, էքզիստենցիալիստները ընդգծում են, որ յուրաքանչյուրը պատասխանտու է նրա համար, թե ինչ է դառնում: Հումանիստ տեսաբանները նույնպես ընդգծում են, որ յուրաքանչյուր մարդ իր վարքի և կենսափորձի ստեղծողն է: Մարդիկ մտածող էակներ են՝ իրենց գործողություններն ազատորեն ընտրող, ապրող և որոշող: Հետևաբար հումանիստական հոգեբանությունը որպես հիմնական մոդել՝ ընդունում է պատասխանատու մարդուն, ով ազատորեն ընտրում է ներկայացված հանգամանքներից[3]:

Առավել կարևոր հայեցակարգը, որ հումանիստական հոգեբանները դուրս են բերել էքզիստենցիալիզմից, կայացման հայեցակարգն է: Մարդը երբեք ստատիկ չէ, նա միշտ գտնվում է կայացման գործընթացում: Այս կերպ որպես ազատ էակ ՝ մարդը պատասխանատու է, ինչքան հնարավոր է, շատ հնարավորությունների իրացման համար: Հետևաբար էքզիստենցիալ-հումանիստական տեսանկյունից՝ իսկական գոյությունը պահանջում է ավելի շատ, քան միայն կենսաբանական, սեռական և այլ պահանջմունքների բավարարումը: Մարդիկ պետք է պատասխանատու լինեն իրենց ճակատագրի ընտրության և ուղղվածության համար, քանի որ ցանկանում են նրանք, թե ոչ, ծնվել են և պատասխանատու են մեկ մարդկային կյանքի՝ իերնց սեփականի համար:

Միակ իրականությունը, ըստ էքզիստենցիալիստների, սուբյեկտիվ իրականությունն է կամ անձնային, բայց ոչ օբյեկտիվը: Այս հայացքը կարելի է բնութագրել որպես ֆենոմենոլոգիական կամ «այստեղ և հիմա» ուղղություն [4]:

Անհատը՝ որպես ամբողջականություն

Յուրաքանչյուր մարդու պետք է ուսումնասիրել՝ որպես միասնական, եզակի, կազմակերպված ամբողջ: Մարդկային օրգանիզմը իրեն պահում է որպես միասնական ամբողջ, այլ ոչ թե տարբերակված մասերի հավաք, և այն, ինչ տեղի է ունենում մի մասի հետ, ազդում է ամբողջ օրգանիզմի վրա: Կա միայն անհատի պահանջմունք, ընդ որում բավարարումը տրվում է ամբողջ անհատին, այլ ոչ թե նրա առանձին մասերին: Մարդու կենտրոնական բնութագիրը միասնությունն է և ամբողջականությունը:

Կենդանիների հետ անհամատեղելիություն

Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչները ընդունում են մարդկանց և կենդանիների վարքի խորը տարբերությունները: Նրանց համար այն ավելին է, քան ուղղակի կենդանի: Նա միանգամայն առանձնահատուկ կենդանի էակ է: Այսպիսի մոտեցումն էապես տարբերվում է արմատական բիհեյվիորիզմից, որը մեծ չափով հիմնվում է կենդանիների վարքի ուսումնասիրության վրա: Մարդուն դիտարկվում է կենդանիներից տարբեր, անկախ: Դրա համար էլ կենդանիների ուսումնասիրությունն անընդունելի է մարդուն հասկանալու համար, քանի որ այս դեպքում անտեսվում են միայն մարդուն հատուկ բնութագրերը (օրինակ՝ իդելաներ, արժեքներ, սեր, հումոր, մեղք) [5]:

Մարդու ներքին բնույթ

Հումանիստները պնդում են, որ մարդու բնությունն իր էությամբ լավն է, ծայրահեղ դեպքում՝ չեզոք: Սակայն, ըստ Մասլոուի՝ մարդկանց մեջ կործանարար ուժերը ֆրուստրացիայի կամ հիմնական չբավարարված պահանջմուքների արդյունք են: Բնությունից յուրաքանչյուր մարդու մեջ դրված են պոտենցիալ հնարավորություններ՝ դրական աճի և կատարելագործման համար: Այսպիսին է հումանիստների օպտիմիստական վերաբերմունքը մարդկության նկատմամբ[6]:

Մարդու ստեղծագործական պոտենցիալ

Մարդու ստեղծագործական կողմի առաջնության ընդունումը հումանիստական հոգեբանության նշանակալից հայեցակարգն է: Ստեղծագործականությունը մարդկանց առավել ունիվերսալ բնութագիրն է, որն ի ծնե գոյություն ունի յուրաքանչյուր մարդու մոտ: Ստեղծագործականությունը մարդու հիմնարար գործառույթն է, որը հանգեցնում է ինքնաարտահայտման բոլոր ձևերին[4]:

Հոգեկան առողջության շեշտադրում

Մասնլոուն պնդում էր, որ վարքի ուսումնասիրմամբ զբաղվող ոչ մի հոգեբանական ուղղություն նշանակալից ուշադրություն չի դարձրել առողջ մարդու գործառնությանը, նրա կենսաձևին կամ կենսական նպատակներին:Նա ուշադրությունը կենտրոնացրել է հոգեպես առողջ մարդու վրա և այդ մարդու հասկացմանը՝ այլ դիրքերից, ոչ թե հոգեկան հիվանդների հետ համեմատությամբ: Նա պնդում էր, որ հոգեպես առողջ, ինքնաիրացվող մարդկանց ուսումնասիրությունը՝ որպես հոգեբանության առավել ունիվերսալ հիմք: Հետևաբար, հումանիստական հոգեբանությունը գտնում է, որ ինքնակատարելագործումը մարդու կյանքի հիմնական թեման է, որը չի կարելի դուրս բերել՝ ուսումնասիրելով միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց[7] [4] [8]:

Ներկայացուցիչներ

Գորդոն Օլպորտ

Օլպորտն իր կողմից ստեղծած հայեցակարգը դիտարկում էր որպես վարքային մոտեցման և հոգեվերլուծության կենսաբանական, բնազդային մոտեցման այլընտրանք: Օլպորտը հակառակվում էր և հիվանդների հետ կապված փաստերի տեղափոխելուն առողջ մարդու հոգեկանի վրա: Օլպորտն անհրաժեշտ էր համարում ոչ միայն հավաքել և նկարագրել դիտարկվող փաստերը, այլև համակարգել և բացատրել դրանք:

Օլպորտի տեսության գլխավոր դրույթներից մեկն այն է, որ անձը բաց է և ինքնազարգացող: Մարդն, առաջին հերթին, սոցիալական էակ է, և դրա համար էլ չի կարող զարգանալ՝ առանց շրջապատողների, հասարակության հետ կապերի: Դրա հետ մեկտեղ՝ Օլպորտը պնդում էր, անձ և հասարակության հաղորդակցությունը միջավայրի հետ հավասարակշռության հաստատման ձգտում չէ, այլ անընդհատ փոխազդեցություն: Այս կերպ, նա խիստ հակադրվում էր համընդհանուր այն դրույթին, որ զարգացումը ադապտացիա է, շրջապատող աշխարհի նկատմամբ հարմարում՝ ապացուցելով, որ մարդուն հատուկ է հավասարակշռությունը խախտելու պահանջմունքը և բարձրունքների հասնելը [1]:

Օլպորտն առաջինն է խոսել յուրաքանչյուր մարդու եզակիության մասին. յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և անհատական, քանի որ նրանում համադրվում են յուրահատուկ պահանջմունքներ, որակներ, որոնք Օլպորտն անվանել է գծեր: Այդ գծերը նա բաժանել է հիմնականների և գործիքայինների: Հիմնական գծերը խթանում են վարքը, գործիքայինները կազմում են վարքը և ձևավորում կյանքի գործընթացում, այսինքն՝ համարվում ֆենոտիպի կազմավորումներ: Գծերի այդ հավաքն էլ կազմում է անձի միջուկը[9]:

Օլպորտի համար կարևոր է և այդ գծերի ինքնուրույնությունը, որը զարգանում է ժամանակի ընթացքում: Երեխան չունի այդ ինքնուրույնությունը, քանի որ այդ գծերը դեռ կայուն չեն և ամբողջականորեն ձևավորված չեն: Միայն սեփական անձը, որակներն ու անհատականությունը գիտակցող հասուն մարդու մոտ են գծերը դառնում ինքնուրույն և կախված չեն ոչ կենսաբանական պահանջմունքներից, ոչ հասարակության ճնշումից: Անձնային գծերի ինքնուրույնությունը հնարավորություն են տալիս մարդուն՝ բաց մնալու հասարակության համար, պահպանելու իր անհատականությունոը: Այս կերպ, Օլպորտը լուծում է նույնականացման և օտարման խնդիրը, որը ամենակարևորներից է հումանիստական հոգեբանության համար [10]:

Օլպորտը ոչ միայն մշակել է անձի իր տեսական հայեցակարգը, այլև առաջադրել է հոգեկանի համակարգային ուսումնասիրման բազմագործոնայի մեթոդներ:Ժամանակի ընթացքում Օլպորտը եկել է այն եզրակացությանը, որ հարցազրույցը ավելի շատ ինֆորմացիա է տալիս և ավելի հուսալի մեթոդ է, քան հարցաթերթը, քանի որ թույլ է տալիս զրույցի ընթացքում փոխելու հարցերը, դիտելու փորձարկվողի վիճակն ու ռեակցիաները: Չափանիշների օբյեկտիվությունը, համակարգայնությունը տարբերում են Օլպորտի մշակած մեթոդները հոգեվերլուծական դպրոցի սոըբյեկտիվ պրոյեկցիոն մեթոդներից[1]:

Աբրահամ Մասլոու

Խոսելով հոգեկանի հասկացման նոր մոտեցման մասին՝ Մասլոուն ընդգծում է, որ չի ժխտում հին մոտեցումներն ու հին դպրոցները, այլ հանդես է գալիս նրանց կողմից փորձի բացարձակեցման դեմ: Հոգեվերլուծության առաջին թերություններից մեկն, ըստ նրա, ոչ այնքան գիտակցության դերը նվազեցնւոելն է, որքան միտումը՝ դիտարկելու հոգեկանի զարգացումը միջավայրի նկատմամբ օրգանիզմի հարմարման տեսանկյունից: Ինչպես Օլպորտը, նա գտնում էր, որ այդպիսի հավասարակշռությունը մահ է անձի համար, այն բացասական է ազդում անձի ինքնաիրացման ձգտման վրա, որն էլ մարդուն դարձնում են անձ: Հոգեկանում ամենաարժեքավորը ինքնազարգացման նկատմամբ ձգտումն է: Մասլոուի հումանիստական հայեցակարգի կենտրոնական հասկացություններից մեկը ինքնաիրացումն է: Մասլոուն գտնում է, որ մարդկային բնությունը հետազոտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա «լավագույն ներկայացուցիչներին»: Միայն այս եղանակով կարելի է հասկանալ մարդկային հանրավորության սահմանները, մարդու իսկական բնությունը[4] [1]:

Մասլուի հետազոտությունները հանգեցրել են այն մտքին, որ գոյություն ունի մարդու պահանջմունքների որոշակի հիերարխիա: Վերջինիս կազմի մեջ մտնում են.

  1. Ֆիզիոլոգիական պահանջմունքներ. սնունդ, ջուր, քուն:
  2. Անվտանգության պահանջմունք. կայունություն, կարգուկանոն:
  3. Սիրո և պատկանելիության պահանջմունք. ընտանիք, ընկերություն:
  4. Հարգանքի, պահանջմունք. ընդունում, ինքնահարգանք:
  5. Ինքնաիրացման պահանջմունք. ընդունակությունների զարգացում
[11]: 

Մասլոուի տեսության թույլ տեղերից մեկն այն է, որ նա պնդում է, որ այդ պահանջմունքները մշտապես գտնվում են խիստ հիերարխիայում. և առավել բարձր պահանջմունքները ծագում են տարրականների բավարարումից հետո: Ոչ միայն Մասլոուի քննադատները, այլև նրա հետևորդները ցույց են տվել, որ շատ հաճախ ինքնաիրացման պահանջմունքը կամ ինքնահարգանքինը գերակայող է և որոշում է մարդու վարքը՝ անկախ նրա ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման: Արդյունքում, հենց Մասլուն հրաժարվել է խիստ հիերարխիայից՝ բոլոր պահանջմունքները միավորելով երկու դասերում՝ կարիքի և զարգացման կամ դեֆիցիտի և ինքնաիրացման պահանջմունքներ[12]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ярошевский М.Г. Гуманистическая психология: История психологии от античности до середины ХХ века. [1] (ստուգված է 06.02.2016.):
  2. LeMay M., Damm V. (1968). The Personal Orientation Inventory as a measure of self-actualization of underachievers. Measurement and Evaluation in Guidance, 110-114.
  3. Durant W. (1977). Humanism in historical perspective. The Humanist, January/February. 37.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Хьелл Л., Зиглер Д. Теории личности. СПб.։ Питер, 2003. - 608 с.
  5. Maddi S. R. (1988). Personality theories: A comparative analysis (5th ed.). Chicago: Dorsey Press.
  6. Maddi S. R. (1988). Personality theories: A comparative analysis (5th ed.). Chicago: Dorsey Press.
  7. Maslow A. H. (1950). Self-actualizing people: A study of psychological health. Personality symposia: Symposium #1 on values (pp. 11-34). New York: Grune & Stratton.
  8. Maslow A. H. (1956). A philosophy of psychology. In J. Fairchild (Ed.). Personal problems and psychological frontiers. New York: Sheridan House.
  9. Олпорт Г. Личность в психологии, 1998.[2] (ստուգված է 06.02.2016.)
  10. Олпорт Г. СТАНОВЛЕНИЕ ЛИЧНОСТИ. Избранные трулы. Под обшей редакиией П.А.Леонтьева. Москва Смысл 2002.
  11. Маслоу А. Мотивация и личность. — СПб.: Питер, 2008.
  12. Maslow A. H. (1967). A theory of metamotivation: The biological rooting of the value-life. Journal of Humanistic Psychology, 7.