«Շարմիլա Թագոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շարմիլա Թագոր''' (հինդի` शर्मिला टैगोर, ամուսնական անունը` բեգում Այեշա Սուլթանա Պատաո...»:
(Տարբերություն չկա)

22:50, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Շարմիլա Թագոր (հինդի` शर्मिला टैगोर, ամուսնական անունը` բեգում Այեշա Սուլթանա Պատաուդի, ծնվ. 1944թ. դեկտեմբերի 8, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի, նկարահանվել է մոտ 100 հինդի և բենգալերեն լեզուներով ֆիլմերում: Հնդկաստանի Ազգային կինոմրցանակների և կանացի լավագույն դերի համար Filmfare Awards մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական բարձրագույն Պադմա Բհուշան պարգևով և Ֆրանսիայի Արվեստների և գրականության բարձր աստիճանի շքանշանով:

2004-2011 թվականներին Շարմիլա Թագորը հանդիսանում էր կինոցենզուրայի հարցերով Կենտրոնական հնդկական հանձնաժողովի նախագահը: 2009թ-ին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր: 2005թ-ին Շարմիլա Թագորը ընտրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Կենսագրությունը

Շարմիլա Թագորը ծնվել է բենգալյան բրահմանների ընտանիքում ` ներկայիս Անդհրա-Պրադեշ նահանգում: Նրա պապը հայտնի նկարիչ Գագանենդրանաթ Թագորն էր: Մայրը ուներ ասամյան արմատներ: Շարմիլա Թագորի երկու ծնողներն էլ ծագում էին Թագոր ընտանիքից և ազգակցական կապ ունեին հնդիկ գրող և բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի հետ: Շարմիլան ուներ ևս երկու քույր:

Երբ Շարմիլան յոթ տարեկան էր, ծնողները նրան ուղարկել են Կալկաթայում ապրող պապի մոտ, որտեղ նա անց է կացրել իր մանկության մեծ մասը: Նա սովորել է Սուրբ եպիսկոպոս Հովհաննու իգական միջնակարգ դպրոցում: Սակայն երբ սկսեց նկարահանվել կինոյում, դպրոցի տնօրենը խնդրեց նրան լքել դպրոցը, որպեսզի նա վատ ազդեցություն չթողնի մյուս աշակերտուհիների վրա: Այնուհետև նա տեղափոխվել է Ասանսոլի Լորետո վանական համալիրին կից դպրոց, սակայն դերասանական կարիերայի պատճառով ստիպված էր կրկին թողնել ուսումը: Հետաքրքիրն այն է, որ այժմ Շարմիլա Թագորը հանդիսանում է Էդինբուրգի Նապիեր համալսարանի արվեստների պատվավոր դոկտոր:

Շարմիլա Թագորը առաջին անգամ էկրանին հայտնվեց 1959թ-ին` Սաթյաջիտ Ռայի «Ապուի աշխարհը» ֆիլմում: Այդ ժամանակ նա ընդամենը 13 տարեկան էր: Ռեժիսորը նրան հրավիրեց նկարահանվելու նաև իր հաջորդ` «Աստվածուհին» ֆիլմում, որտեղ նա խաղում էր երիտասարդ կնոջ դերը, ում ամուսնու հայրը հավատացրել էր, որ նա հանդիսանում է Կալի աստվածուհու երկրային մարմնացումը:

Շարմիլա Թագորի բարեկազմ արտաքինի և ոչ տիպիկ բենգալուհու տեսքի համար, շուտով նրան հրավիրեցին աշխատելու Բոլիվուդում: 1964թ-ին նա նկարահանվեց «Քաշմիրի գեղեցկուհին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Շամմի Կապուրը: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և նա դարձավ ամենաշատ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը: Դրանից հետո նա նկարահանվեց «Փորձություն ժամանակի միջոցով» և «Անուպամա» ֆիլմերում: Այդ տարիներին նա Բոմբեյի ամենազբաղված դերասանուհին էր և չնայած դրան, ժամանակ էր գտնում բենգալյան ֆիլմերի համար:

1967թ-ին Շարմիլա Թագորը նկարահանվել է «Երեկոն Փարիզում» կինոնկարում, որտեղ կատարում էր կրկնակի դեր: Այս ֆիլմում Շարմիլա Թագորը հնդկական կինոյի առաջին դերասանուհիներից մեկն էր, որ էկրանին հայտնվեց լողազգեստով: Լողազգեստով նա հայտնվեց նաև Filmfare ամսագրի կազմին: Այն տարիներին դա Հնդկաստանում բավականին համարձակ քայլ էր: Երբ ամսագիրը հանվեց վաճառքի, Շարմիլայի լուսանկարները իսկական իրարանցում առաջացրին: Լուսանկարների հարցը քննարկվեց նույնիսկ Հնդկաստանի կառավարությունում: Այդ հանգամանքը նրան ինչ որ չափով դարձրեց սեքս-խորհրդանիշ:

1969թ-ին Ռաջեշ Կհաննայի հետ նա նկարահանվեց «Հավատարմություն» ֆիլմում, իսկ 1972թ-ին «Անմահ սեր» կինոնկարում: Հետագայում նրանց համագործակցությունը շարունակվեց «Ճանապարհորդություն» (1970թ.), «Աստծուց բարձր» (1972թ.) և «Քարը սրտում» (1973թ.) ֆիլմերում: «Հավատարմություն» ֆիլմի համար նա ստացավ իր միակ Filmfare Awards մրցանակը:

Շարմիլա Թագորը նկարահանվել է բոլիվուդյան այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Դհարմենդրան, Դիլիպ Կումարը և Շաշի Կապուրը: 1975թ-ին նկարահանված «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») ֆիլմի համար Շարմիլա Թագորը դարձավ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի դափնեկիր: 1979թ-ից հետո, երբ արդեն երեք երեխաների մայր էր, հազվադեպ էր նկարահանվում: 1990-ական թվականներին հիմնականում խաղում էր երկրորդական դերեր:

Անձնական կյանքը

1969թ-ին Շարմիլա Թագորը ամուսնացել է Հնդկաստանի կրիկետի հավաքականի ավագ, Պատաուդիի նաբոբ Մանսուր Ալի Խանի հետ և ընդունել իսլամ ` վերցնելով Այեշա Սուլթանա անունը: Ամուսնության ընթացքում ունեցել է երեք երեխա` դերասան Սաիֆ Ալի Խանը, ոսկյա զարդերի դիզայներ Սաբա Ալի Խանը և դերասանուհի Սոհա Ալի Խանը: Շարմիլայի ամուսինը` Մանսուր Ալի Խանը մահացել է 2011թ-ին: