«Մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերի կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերի կերպարվեստ''' == Կերպարվեստը Հայկական լեռնաշխարհում == Հայկական լեռնաշխարհ...»:
(Տարբերություն չկա)

13:40, 7 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերի կերպարվեստ

Կերպարվեստը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհի մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում գեղարվեստական մշակույթը զարգացել է Արարատյան թագավորության (Ուրարտու) ձևավորման և հզորացման, ինչպես նաև հայկական ցեղերի տերիտորիալ քաղաքական համախմբման և հայ ժողովրդի կազմավորման պայմաններում։

19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Վանա լճի շրջակայքում կատարված պեղումներով հայտաբերված արվեստի հուշարձաններն աչքի են ընկնում ինքնատիպությամբ՝ որոշակիորեն տարբերվելով նույն ժամանակաշրջանի ասորեստանյան մշակույթի հուշարձաններից։

Հնագիտական նյութեր

Հնագիտական նյութի մեծ մասը օտարերկրյա հետազոտողների միջոցով ընկել է աշխարհի տարբեր թանգարաններ (Լոնդոնի, Բեռլինի, Տռոմի, Անկարայի, նաև Պետերբուրգի, Մոսկվայի և այլն) կամ մասնավոր հավաքածուներ, չի համակարգվել, մի մասն էլ սխալմամբ վերագրվել է ասորեստանյան մշակույթին։ Լույս են տեսել միայն մի քանի հրապարակումներ պեղածո առանձին առարկաների վերաբերյալ։ Բ․ Պիոտրովսկու «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» (1944 թվականին, ռուս․) աշխատության մեջ նաև նկարագրվել են տվյալ ժամանակաշրջանի արվեստի առանձին տեսակները՝ շատ հարցերում նախանշելով արարատյան (ուրարտական) արվեստի հետագա համակարգման և ուսումնասիրության մեթոդը։

Խորհրդային Հայաստանում

Խորհրդային Հայաստանի տարածքում ծավալված պեղումների արդյունքները, սովետական հեղինակների ուսումնասիրությունները այլ երկրներում նույնպես հետաքրքրություն առաջ բերին՝ հայտնաբերելու և հետազոտելու ուրարտական արվեստի հուշարձաններ։ Լույս տեսան հրապարակումներ Բրիտանիայի և Բեռլինի թանգարաններում պահվող ուրարտական արվեստի նմուշների, Երզնկայում պեղված բրոնզե իրերի վերաբերյալ է Ակուրգալի, Մորիս Նանինգ վան Լունի և այլ հետազոտողների աշխատությունները։

Բ․ Պիոտրովսկու «Ուրարտուի արվեստը մ․ թ․ ա․ 8-6-րդ դարեր․» (1962 թվականի, ռուսերեն) աշխատությունը ամփոփեց բոլոր հրապարակված հուշարձանները՝ ընդգրկելով նաև մեծաքանակ նոր նյութ։ Ուրարտական կերպարվեստը ներկայանում է մոնումենտալ որմնանկարչությամբ, բազմատեսակ քանդակագործությամբ, պաշտամունքային, մարտական, կենցա– ղային կիրառական իրերի գեղազարդման արվեստով, բարձր կուլտուրայի սեպաձև գրերով։ Մոնումենտալ որմնանկարչության մնացորդները (Կարմիր բլուր, Արին բերդ, Ալթնթեփե, Ազնավուրթեփե) և դրանց հիման վրա գիտական վերակազմությունները (Լ․ Դուռնովո, Կ․ Հովհաննիսյան, ի․ Լոսևա, Վ. Գազազյան, Ն․ Տրուխտանովա) բացահայտեցին ուրարտական կերպարվեստի այդ ճյուղի զարգացման բարձր աստիճանն ու նրա մեծ նշանակությունը ճարտարապետական համադրության մեջ։

Ուրարտական որմնանկարներ

Ուրարտական որմնանկարները պրոֆեսիոնալ մոնումենտալ արվեստի հնագույն ստեղծագործություններից են։ Որմնանկարներով զարդարված են եղել միջնաբերդերի պալատական դահլիճներ ու սյունազարդ բակեր, տաճարներ, հանդիսավոր և այլ բնույթի սենյակներ։ Որմնանկարները եղել են զարդադեկորատիվ և թեմատիկ՝ աշխարհիկ, մարտական և կրոնապաշտամունքային բովանդակության։ Ինչպես բնորոշ է Հին Արևելքի արվեստին, թեմատիկ շարքերը պատկերել են պալատական տոնակատարություն, խնջույք, հաղթարշավ, կրոն, ծիսակատարություն, որսի, խաղաղ կյանքի տեսարաններ։ էրեբունիի հանդիսասրահի կենտրոնում պատկերված է եղել թագադրության տեսարան, հզոր առյուծի վրա կանգնած Խալդի աստվածը արքայական իշխանության խորհրդանշանն է հանձնում, հավանաբար, Արգիշտի Ա արքային։ Արքայի և աստծո պատկերման մեջ նմանություն կա, սակայն, ի տարբերություն ասորեստանյան արվեստի, ուրարտական որմնանկարներում, հարթաքանդակներում, դրվագապատկերներում աստվածների դիմագծերը զերծ են պատկերագրական միօրինակումից (դա հատկապես նշմարելի է Կարմիր բլուրում գտնված բրոնզե գոտու դրվագապատկերներում)։

Ադիլջևազում գտնված 3 մ բարձրությամբ (6 քարե բլոկների վրա) բարձրաքանդակը պատկերում է ուրարտական դիցաբանի՝ նշանակությամբ երկրորդ աստծուն՝ ցուլի վրա կանգնած Թեյշեբային։ Նրա ոճավորված ծաղկազարդ հագուստը տարբեր է Խալդիի զգեստից, եղջյուրազարդ խույրն ավելի ցածրիկ է և պսակված աստղով։ Հին Արևելքի արվեստներին բնորոշ պայմանականության գծերն ու կանոնականությունը հատուկ են նաև ուրարտական արվեստին։ Որմնանկարչական հորինվածքները ենթարկվել են որոշակի կանոնի, աստվածների, արքաների, զինվորների, պալատականների, քրմերի պատկերումը հարթության վրա կատարվել է ըստ համապատասխան աստիճանավորման։

Կանոնի է ենթարկվել նաև կոլորիտը, թեմաների հերթականությունը, կրկնվող մանրամասների և պարագաների ընտրությունը։ Ստեղծման ժամանակաշրջանով միմյանց մոտ էրեբունիի և Ալթնթեփեի որմնանկարների համեմատումից բացահայտվում է, որ գոյություն է ունեցել բազմագույն որմնանկարչության որոշակի միասնական համակարգ, որը սակայն չի խանգարել ստեղծագործական ինքնատիպության դրսևորմանը։

Զարդադեկորատիվ հորինվածքներ

Զարդադեկորատիվ հորինվածքների հիմքում եղել է միմյանցից զարդաերիզներով սահմանազատված պատկերագոտիների հաջորդական համադրումը, որ հավանաբար խորհրդանշական իմաստ է ունեցել։ Գոտիների ռիթմիկորեն շարակարգված բաղկացուցիչ տարրերը, պահպանված օրինակներում երկրաչափական և բուսական զարդանկարներից բացի, պատկերում են խորհրդանշական «քառակուսու» երկու կողմերին կանգնած առյուծներ, ծնրադիր խոնարհված ցուլեր, սրբազան ծառի կողմերին կանգնած քրմեր, առասպելական, կենդանական և այլ մոտիվներ։ Հորինվածքների առարկայական կառուցումները միապլանային են, սակայն հարթության վրա տարածական հեռանկարային էֆեկտը ձեռք է բերվել գոտիների ու նրանց բաղկացուցիչ տարրերի համաչափական և ռիթմիկ շարակարգման, տարբեր խտության և ինտենսիվության գույների կիրառման միջոցով։ Հորինվածքներում կիրառվել է նաև տարրերի համակենտրոն շրջանագծային առանցքներով շարակարգումը (Կարմիր բլուրի որմնանկարի մնացորդը, սրբազան վահանների դրվագապատկերները և այլն)։

Աշխարհիկ թեմաներով հորինվածքներ

Աշխարհիկ թեմաներով հորինվածքներում պատկերումները կատարված են անկաշկանդ վարպետությամբ, գծերի ու ծավալների յուրահատուկ մեկնաբանությամբ, նկարչի անհատական մոտեցմամբ։ Թեմատիկ որմնանկարներում մեծ սիրով է պատկերված բնությունը՝ միահյուսված մարտարշավների, արքայական որսի, խաղողագործների և հովիվների խաղաղ կենցաղային տեսարաններին։ էրեբունիի պահպանված որմնանկարներում օրգանապես ներդաշնակված են նաև ճարտարապետություն ու բնապատկերը։ Մարդկանց, կենդանիների ոճական մեկնաբանումները տարբեր են՝ պայմանավորված նրանով, թե պատկերվողը իրական միջավայրում է, թե խորհրդանշական հորինվածքի տարր է։

Նախշազարդերի և թեմատիկ հորինվածքներ

Նախշազարդերի և թեմատիկ հորինվածքների սիրված տարրերից են խաղողի որթը և նռնենին։ Որմնանկարչության ներկապնակը աչքի չի ընկնում հարուստ բազմազանությամբ։ Puig հիմնաներկի վրա կիրառվել են կապույտը, կարմիրը, դեղինը, կանաչը, սևը՝ իրենց տարբեր երանգներով։ Օգտագործվել են ինչպես բնական, այնպես էլ արհեստական ներկեր։ Ուրարտական տաճարների և պալատների դեկորավորման մեջ գեղարվեստորեն կիրառվել է տարբեր երանգի քար (հատակների, որմերի ձևավոր ներդրվագում և այլն)։

Ռուսախինիլիի (Թոփրախկալե) պեղումներից հայտնաբերվել է կարմիր մարմարե որմնագոտու մնացորդ՝ սրբազան ծառ, ցուլեր ներդրվագված հորինվածքով։ Մեծածավալ բոլորաքանդակի հայտնաբերված նմուշները սակավ են։ Վանում գտնված բազալտե արձանի իրանը (Վստարանի պետական թանգարան) ձևակերտմամբ ընդհանրացված է, խաչաձևված ձեռքերին՝ մական, նետ-աղեղ, ուսից կախված սուր։

Ասորեստանյան աղբյուրներից հայտնի է, որ ուրարտական քանդակագործները կերտել են մեծածավալ ձուլածո արձաններ։ Մուսասիրի գրավման վերաբերյալ Սարգոն 2-ի արձանագրության մեջ նկարագրվում են ուրարտական արքաների հափշտակված արձանները․ Սարդուրին՝ «աղոթքի արքայական կեցվածքով», Արգիշտին՝ «աստվածների աստղազարդ խույրով», «օրհնական աջով», Ուրսան (Ռասա)՝ իր երկու ձիով և կառավարով՝ պատվանդանի վրա։ Սարգոնի պալատում պահպանված Մուսասիրի տաճարի կործանումը պատկերող ռելիեֆում տաճարի ճակատը զարդարում են բրոնզաձույլ արձաններ, զոհաբերման կաթսաներ, սրբազան վահաններ և այլն։ Արարատյան թագավորությունում մոնումենտալ քանդակագործության հետ բարձր մակարդակի է հասել նաև մանր պլաստիկան և դեկորատիվ-կիրառական արվեստը։

Բարձրարվեստ նմուշներ են բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրյա բազմաթիվ կերտվածքները՝ պեղված վանում, ձիու բրոնզե գլուխ (մարտակառքի զարդամաս, Կարմիր բլուր, մ․ թ․ ա․ 8-րդ դար, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան) Թոփրախկալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում։ Մարդկանց և երևակայական կենդանիների արձանիկները (հաճախ՝ մարդու դեմքով, նաև գրիֆոններ)՝ պատված թերթավոր ոսկով, զարդարված գունախճիկի կամ այլ քարերի ընդելուզումով, եղել են նաև շքեղ գահերի զարդամասեր։


Կիրառվել է մոմե բնօրինակով ձուլման բարդ եղանակը, որի շնորհիվ քանդակը հասցվել է արտակարգ նրբին ձևակերտման։ Բրոնզի քանդակագործության, դրվագման, փորագրության բարձրարվեստ նմուշներ են վահանները, կապարճները, սաղավարտները, բրոնզե գոտիները, որոնց վրա պատկերված են առյուծներ և ցուլեր, հեծյալներ, մարտակառքեր։ Արգիշտի Ա–ի և Մարդուրի Բ–ի արձանագրություններով սաղավարտների վրա պատկերված են կենաց ծառի առջև կանգնած աստվածություններ, առյուծագլուխ վիշապներ։

Ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ

Ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշները, որմնանկարների, իրերի վրա պատկերված հագուստը, խեցեղենն ու մետաղյա կարասին վկայում են ուրարտական կենցաղի բարձր կուլտուրայի և ճաշակի մասին։ Ուրարտական կերպարվեստը ամբողջության մեջ, նմանություններ ունենալով ասորեստանյան և առհասարակ Հին Արևելքի արվեստների հետ, ոճով և կերպարային բովանդակությամբ մնում է միանգամայն ինքնուրույն ու ինքնատիպ։ Արարատյան թագավորության մշակույթը զգալի ազդեցություն է ունեցել մի կողմից սկյութացիների, մյուս կողմից՝ Աքեմենյան Իրանի մշակույթների վրա։ Հնագիտական նյութերով ամրապնդվել է նաև միջերկրածովյան մշակույթի վրա նրա ունեցած ազդեցության վերաբերյալ կարծիքը։ Ուրարտական Արարատյան արվեստն իր հարուստ ավանդույթներով հարատևեց հայ ժողովրդի մշակույթի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։