«Ծիծաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
(Տարբերություն չկա)

09:06, 20 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Ծիծաղ, մարդկանց և պրիմատների որոշ տեսակներին բնորոշ ռեակցիա, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ ձայներ և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ: Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ)կամ հոգեկան խանգարման հատկանիշ լինել: Համատեղ ծիծաղը սոցիալականացման, հաղորդակցության ակտիվ գործոն է: Ծիծաղը կարելի է բնորոշել և որպես անցումային երևույթ կենսաբանականի և մշակութայինի միջև: Մշակութային բովանդակությունն է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ծիծաղի նկատմամբ:

Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիա

Ծիծաղի և հումորի դրսևումներն ունեն իրենց ուղեղային մեխանիզմները: Բարբարա Վիլդի տեսության համաձայն՝ ծիծաղը հսկողության է ենթարկվում երկու՝ միմյանցից անկախ մեխանիզմներով: Առաջին՝ անկախ, ինքնաբերական ծիծաղը, պայմանավորված է ենթակեղևային ազդակներով, և ֆիլոգենետիկական տեսանկյունից ավելի հին է: Այս անկախ ծիծաղին մասնակցում են տեսաթումբը (thalamus), ենթատեսաթումբը (hypothalamus), ստորին տեսաթումբը(subthalamus) և նշաձև կորիզը (nucleus amygdaloideum): Ծիծաղի երկրորդ ձևը, որը կարելի է համարել ծիծաղի իմիտացիա, գիտակցված ծիծաղն է, որի համար պատասխանատու է գլխուղեղի ճակատային կեղևը: Հումորի ընկալումը ևս կապված է ճակատային կեղևի ձախ հատվածի ակտիվացման հետ:

Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները սերտորեն փոխկապակցված են խոսքի և ձայնային ապարատի կենտրոնների հետ: Նյարդահոգեբան Սերենս Դիկոնը նշում է, որ երբ գրգռվում են ծիծաղի կենտրոնները արգելակվում է խոսքի կենտրոնը: Իր կառուցվածքով, բովանդակությամբ և հնչողությամբ ծիծաղը խիստ տարբերվում է խոսքից: Ծիծաղի ընթացքում իսպառ բացակայում է արտասանությունը: Ձայնային վերլուծությունները ցույց են տվել, որ ծիծաղը կազմված է չեզոք հնչյուններից և չի պարունակում բաղաձայն ու ձայնավոր հնչյուններ[1]:

Կենսաբանական (վարքաբանական և նյարդաֆիզիոլոգիական) փաստերը թույլ են տալիս վերակազմել ծիծաղի ֆիլոգենեզը: Ինքնաբերական ծիծաղը զարգացել է մետակոմունիկատիվ ազդակից անլուրջ խաղային պայքարի ժամանակ: Հոմոլոգիական ազդակ առկա է կաթնասունների վարքում: Ծիծաղի վաղեմությունը հաստատվում է նրանով, որ նրա հսկողության մեխանիզմը տեղայնացված է ուղեղի ենթակեղևում և ենթակա չէ կամքին: Էվոլյուցիոն առումով նոր ճակատային կեղևի դերը կայանում է անկախ ծիծաղի կանխման մեջ: Մարդկային ծիծաղն, անկասկած, ինտենսիվ է կապկային նախածիծաղի համեմատ: Ծիծաղը մարդու մոտ ստացավ մեծ կարևորություն` դառնալով անլրջության մետակոմունիկատիվ նշան [2]

Ծիծաղ և հումոր

Հումորի և գիտակցված ծիծաղի ընդհանրականը կայանում է նրանում, որ երկուսն էլ ինքնաժխտման դրսևորումներ են: Ինքնաժխտումը անհատական, իմաստային, զգայական մակարդակում` հումորն է: Ինքնաժխտումը միջանհատական մակարդակում իրագործվում է ծիծաղի միջոցով: Ծիծաղի վարակիչ բնույթը ստեղծում է ծիծաղի օբյեկտիվության իլյուզիա: Խոսելով հումորի սեմանտիկայի մասին` թվում է, թե ծիծաղը նրա ռեակցիան է, որը չունի ինքնուրույն նշանակություն: Իրականում ծիծաղը ոչ թե արդյունքն է, այլ պատճառը: Ծիծաղը չունի նշանակություն, իսկ հումորն ունի: Անլուրջ հայտարարությունը իմաստ չի հետապնդում, իսկ մետահաղորդագրոությունը` ծիծաղը, ունի որոշակի իմաստ:

Ծիծաղը և հումորը ունեն փիլիսոփայական, հոգեբանական և նշանաբանական ասպեկտներ: Հումորը հակադրված է մարդկային բոլոր զգացումներին: Դա միակ զգացումն է, որn իրատեսական չէ և ամբողջությամբ սուբյեկտիվ է: Հումորը արտաքին աշխարհում ոչ մի օբյեկտ չունի, հետևաբար չունի նաև սեմանտիկա: Կան ուղղակի հումորային տեքստեր, որոնք սեմանտիկական ծանրաբեռնվածություն չեն կրում: Հումորի ողջ իմաստը հենված է հակադրման վրա: Հակադրում, որը գոյություն ունի լուրջի և անլուրջի միջև:

«Ծիծաղելի» հասկացությունը հոգեբանական և լեզվական ֆիկցիա է` զուրկ որևիցե բովանդակությունից: Օբյեկտը սուբյեկտին արտաքին, ձևական առիթ է տալիս՝ անցնելու ոչ լուրջ հարաբերությունների: Հումորի հիմքում սուբյեկտի չեզոքացնող մետահարաբերությունն է դեպի իր սեփական անլրջությունը: Հումորի իրական օբյեկտները մտքերը, զգացումները և բառերն են: Իսկ մեխանիզմը հետապնդում է վերը թվարկածների ոչնչացումը բովանդակային առումով և իրականության հետ կապի խախտումը: Հումորի գործառույթը մտքի ծանրաբեռնվածությունից ազատագրումն է:

Հումորը սուբյեկտիվ դիալեկտիկա է, խաղային ինքնահերքում: Սուբյեկտի ռեֆլեքսիան իր սեփական աշխարհարընկալման դեմ: Հիմնական հակասությունը, որն ընկած է «ծիծաղելիի» հիմքում միանգամայն սուբյեկտիվ է: Այն բխում է հոգեբանական հավասարությունների հաշտեցման անհնարինությունից: Հակասությունները կարող են լինել գեղագիտական, հոգեբանական, ինտելեկտուալ:

Խուտուտից դեպի հումոր

Չարլզ Դարվինը հետևյալ միտքն է արտահայտել. «Հաճախ ասում են,որ ծիծաղելի միտքը խուտուտ է տալիս երևակայությունը, այդ գործողությունը իրենից ներկայացնում է նույն մարմին խուտուտ տալու իրավիճակը»: [3] Իսկ Ուիլյամ Մակ Դուգալը ծիծաղը դիտարկում է որպես հումորի պրիմիտիվ դրսևորում [4]:

Ստացվում է, որ մարմնական ռեակցիան (խուտուտ) կապված է հոգեբանական ֆենոմենի` ծիծաղի և հումորի հետ: Քանի որ խուտուտն անմիջականորեն կապված է ծիծաղի և հումորի հետ և՛ մարդկանց, և՛ կապիկների մոտ, կարող է լույս սփռել ծիծաղի կենսաբանական մեխանիզմների վրա: Հեղինակների մեծ մասը խուտուտից առաջացած ծիծաղը դիտարկում են որպես պարզագույն ֆիզիոլոգիական ռեակցիա: Թվում է, թե խուտուտից առաջացած ծիծաղը կենդանական ծագում ունի, իսկ հոգեբանական գործոններից առաջացած ծիծաղը` մարդկային: Այս հանգամանքից ելնելով՝ կարելի է ծիծաղի հիմքերը փնտրել խուտուտի հետ պատճառական կապում:

Ծիծաղից դեպի հումոր

Ծիծաղն, ըստ Յոհան Հայզինգայի՝ բնածին անգիտակցական մետակոմմունիկատիվ խաղային ազդակ է, որը դրսևորվում է հատկապես «բացասական» խաղի ժամանակ, երբ դիտավորյալ խախտվում են խաղի կանոնները: Այս դեպքում դրսևորվում է նախածիծաղը, որը զարգացել է ծիսականացված մեղմ կծումներից, և, ըստ էության, մարդկային հասարակության մեջ մինչ օրս կրում է ծիծաղի գլխավոր պատճառի «պատվավոր տեղում» իր բազմաթիվ երանգներով: Ծիծաղի սկզբնական և կարևորագույն իմաստն այն է, որ տեղեկացնում է խախտված նորմի անլրջության մասին:

Հումորը օնթոգենետիկական և ֆիլոգենետիկական տեսանկյունից ունի երկու ակունք` կեղծ ագրեսիա (պսևդոագրեսիա) և խաղային հակավարքի ոչ ագրեսիվ դրսևորումներ: Անթրոպոգենեզի վաղագույն փուլերում՝ հավանաբար մինչ խոսքի և մշակույթի ծագումը, կեղծ ագրեսիան շատ մեծ դեր է խաղացել մարդացման գործընթացում: Այդ վարքն է, որ դառնում է խաղային կանոնների խախտման առաջին դրսևորումը: Խոսքի և մշակույթի ձևավորումը նպաստում են խաղային հակաագրեսիայի զարգացմանը` նրան տալով մշակութային դրսևորումների երանգ: Ծիծաղը` էվոլյուցիոն նախնին է, որը ծնվել է խաղի ժամանակ հակաագրեսիայի ձևով խաղային կանոնները խախտելուց և որպես հականորմ՝ պահպանվել է մարդկության գոյության ողջ ընթացքում` մինչ օրս:

Ծիծաղի և հումորի կապը կարելի է դիտարկել որպես բացասական խաղի երկու բաղադրիչների կապ, ինքնահերքման զույգ դրսևորում: Հումորը երկրորդական է ծիծաղի նկատմամբ: Այն սոցիալական խաղի արդյունքն է:

Կարելի է դիտարկել երկու տիպի խաղ` խաղ կանոններով և անկանոն խաղ: Կանոններով խաղը (որտեղ կան դերեր) ինչ-որ առումով հոմանիշ է մշակույթին: Այս խաղը զուտ մարդկային է՝ «արհեստականության» արդյունք: Այն չունի կենսաբանական արմատներ: Առանց կանոննեի խաղը պրիմատների սոցիալական խաղի ժառանգությունն է: Ի տարբերություն նրանց` մարդու մոտ այն դրսևորվում է մետախաղի ձևով` որպես ռեֆլեքսիա մշակույթի և մշակութային դերերի առիթով: Այս առիթով կարելի է նշել հնագույն տոնական ծեսերը, որոնց բոլոր նշանակությունները ժամանակավորապես փոփոխված են: Երկու տիպի խաղերի նախադրյալը խաղային շրջանակն է: Բայց եթե կանոններով խաղի մասին է խոսքը, շրջանակը թափանցիկ է, որի հետևանքով այդ խաղը հիմնված է լիարժեք նշանների վրա, ապա առանց կանոնների խաղի շրջանակը հերմետիկ է: Նշանները, որոնք ներթափանցում են շրջանակի մեջ դադարում են այլևս նշան լինել:

Ծիծաղը ոչ թե «խոսում է», այլ գոռում է: «Այն նշան չէ, ուստի հականշանային իմաստն է ծիծաղի հիմնական բնութագիրը» [5]:

Խոսքային խաղի երկու տիպերի` հեգնանքի (իրոնիայի) և հումորի միաձուլումը մեկ հասկացության` կոմիկականի համակարգում սխալական է: Հեգնանքը կանոններով խաղի տարատեսակ է: Լուրջ ֆանտազիայի և ստի նման այն հիմնված է լիարժեք նշանների վրա: Հեգնանքը փոխում է իր արտահայտման մոդուսը` թողնելով անփոփոխ, անխախտ րեֆերենցիան և պրոպերենցիան: Հումորը անկանոն խաղի տարատեսակ է: Նա ոչնչացնում է ռեֆերենցիան, ինչի շնորհիվ պրոպոզիցիան դառնում է ոչ բարվորակ: Իսկ մոդուսը` ոչ ռելյատիվ: Այսպիսով, հումորի էությունը կայանում է հետևյալում. փոխել կոմունիկացիան` հիմված սիմվոլների վրա: Կարելի է ենթադրել, որ հումորը և ծիծաղը ոչ թե ինդիվիդուալ կամ խմբային ռեակցիա են, այլ` տեսակային: Դա շատ խորքային կոնֆլիկտի արդյունք է: Կոնֆլիկտ, որը գոյություն է ունեցել պրիմատների մոտ ճանաչողական-կոմունիկատիվ հատկությունների և ապագա խոսքի միջև: Խոսքի ծագումը «հեղափոխություն» էր էվոլյուցիայի մեջ, և միանգամայն հավանական է, որ այն հանգեցրել է նյարդահոգեբանական աններդաշնակության: Մարդը խոսող պրիմատ է, ժամանակ առ ժամանակ ընբոստանում է սեմիոզայի դեմ, որն էլ հիմնված է սիմվոլներ վրա: Լեզվի մակարդակում բողոքը դրսևորվում է հումորի ձևով, իսկ խոսքի մակարդակում` ծիծաղի ձևով: Չբավարարվելով լեզվական նշանների հոգեբանական գործառույթներով` ծիծաղը, փաստորեն, դրանք քայքայում է ֆիզիկապես: Այն հակադրվում է խոսքի նկատմամբ, ինչպես հումորը` լեզվի նկատմամբ:

Ծիծաղի ուսումնասիրման ուղղություններ

Մշակութաբանական մոտեցում

Ծիծաղի իրական պատճառը ոչ ավել ոչ պակաս` մարդկային վիճակն է: Ցնցելով մեր մարմինը` ծիծաղը մեզ ազատում է ոչ միայն խոսքից, այլ նաև մտքերից ու զգացումներից` բերելով ժամանակավոր երանելի անգիտակից և անզգա վիճակի, զրկելով գործելու ունակությունից: Այդ «հոգու թափահարումը» կարճատև ու բժշկող հանգիստ է խոսքերից, որոնք մարդը գցել է իր ուսերին անթրոպոգենեզի և մշակութագենեզի գործընթացում: Բնությունը ժամանակավոր «վրեժ է լուծում» մշակույթից և մտնում մրցակցության մեջ:

Ծիծաղը մինչխոսքային հաղորդակցության համակարգի ժառանգումն է: Ենթակեղևի գործառույթը ենթարկվում է կեղևին էվոլյուցիայի ընթացքում, մասնավորապես` լեզվայինի. ծիծաղի իմաստը սեղմված էր հետ` «տոհմականն ու անգիտակցականը»: Սակայն ծիծաղը կոնվենցիալ նշանի վերածելու փորձերը անհաջողությունների են մատնվում, քանի որ լեզվային նշանները պետք է ենթարկվեն կամային հսկողությանը այն ժամանակ, երբ ծիծաղը ակամա է: Մեր նախնիների մոտ ծագելով որպես մետակոմունիկատիվ «հականշան»` ծիծաղը շարունակում է մնալ ինքնուրույն, ապրել իր կյանքով և լինել խոսքի հակադրյալը: Ծիծաղը մարդուն չի վերադարձնում մշակույթից բնություն, այլ նաև հիշեցնում է նրա մշակութային ապաստարանի արհեստականության մասին: Ծիծաղի խորը անգիտակցությունից, անկառավարելիությունից և «անթափանցելիությունից» մշակույթը փորձում է փոխել այդ մետակոմունիկատիվ բարեկարգման ազդանշանի իրական իմաստը՝ տարբեր, արհեսատական իմաստներով: Սակայն հույզերը և բնածին վարքային բարդույթներ, որոնք նախկինում կոչվում էին բնազդային և անկանխելի արտահայտիչ շարժումներ, ունեն էվոլյուցիոն բավական մեծպաշար: Եվ մեր բնության այդ դրսևորումներից մշակույթի կողմից փոփոխման չեն ենթարկվել անճանաչելիության աստիճան. ծիծաղն էլ բացառություն չէ: Ավելի օտար է ծիծաղի էության այն տարածված միտքը, որ նա իր բնույթով խիստ կապված է չարի և բռնության, դատապարտման ու թշնամիների հետ: Այս միտքը խորը արմատավորված է առօրյա գիտակցության մեջ (այստեղից են «քմծիծաղ», «ծաղրանք» հասկացությունները) և ծիծաղի տեսություններում: Իրոք, ծիծաղը եղել է արյունոտ ծիսակատարությունների մաս, սակայն ոչինչ չի մատնանշում, որ այդ ծիսակատարություններն արտացոլում են նրա բնությթը:

Անկախ նրանից, թե մարդն ինչպես է իրեն դրսևորում, նա մշակույթի կողմից սահմանված որոշակի դեր է խաղում: Իր բնածին հատկանիշները մարդը սահմանում է որպես խաղի հատկանիշ, ինչպես դերասանը սահմանում է իր բեմական հագուստը, դիմահարդարումը, դեկորացիաները, սակայն մարդը սխալվում է: Բեմական հագուստ, դիմահարդարում, դեկորացիաներ և այլն, սրանք մշակույթի սեփականությունն են, իսկ ահա հույզերը և բնածին արտահայտիչ զգացումները` ուրիշ առանձնահատկություն ունեն: Սրանք ոչ միայն նշաններ են, սիմվոլներ, գաղափարական մետաֆորաներ: Նրանք ունեն իրենց սեփական էությունը, սեփական կյանքը: Եվ միայն նրանց մշակութային, մասնավորապես` կրոնական մասից դեպի գոյաբանականը տեղափոխվելիս ենք գտնում այն հարցի պատասխանը, թե ինչու է ծիծաղը իրենից ներկայացնում հսկայական առեղծված, լացը՝ ոչ [6]:

Հոգեբանական մոտեցում

Ուրախությունը հրճվանքի համակեցությունն է ծիծաղի հետ: Սակայն, արդյո՞ք, մարդը չի կարող ուրախանալ առանց ծիծաղելու: Եվ արդյ՞ոք ծիծաղն արտահայտում է միան ուրախություն. ուրախությունն այստեղ երկրորդական է:

Ե՛վ ծիծաղը, և՛ լացը մարդու առեղծվածային առանձնահատկություններից են: Ֆիզիոլիգիական տեսանկյունից՝ երկուսն էլ վեգետատիվ ռեֆլեքսներ են, իսկ հոգեբանական առումով՝ արտահայտիչ շարժումներով ուղեկցվող զգացումներ: Նշված երկրորդ ասպեկտին հատկապես մեծ ուշադրություն է դարձրել Դարվինն իր «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտումը» [3] մենագրության մեջ: Նշված աշխատության մեջ էլ Դարվինը նշում է, որ հույզի արտահայտումը դեմքի վրա բնածին և էվոլյուցիոն հարմարվողականության արդյունք է: Տարբեր ռասսաների մարդիկ միևնույն կերպ են արտահայտում ծիծաղի և լացի հույզերն իրենց դեմքի վրա: Նա նշում է նաև, որ էմոցիաների միմիկական արտահայտումները ուժեղացնում են տեսահաղորդակցության հնարավորությունները և նպաստում տեսակի գոյատևմանը:

Ինչ վերաբերում է նախնադարյան հույզերին, այդ հարցը հեշտությամբ է լուծվում էվոլյուցիոն- համեմատական մոտեցաման օգնությամբ [7] [8]:

Հետաքրքրական է Ուիլյամ Ջեյմսի մոտեցումը հույզերի մարմնական դրսևորումների վերաբերյալ. նա տեղափոխել է պատճառը և հետևանքը՝ նշելով, որ առաջնային է հենց «արտահայտչականությունը» (միմիկան), իսկ այն, որը համարվում էր «արտահայտվող»` հույզերը, ընդամենը հոգեբանական արձագանքներ են, միմիկայի արտացոլման հետ ոչ մի նշանակություն չունեն: Եթե այսպես է, ապա հույզերի արտահայտման հարցը մղվում է երկրորդ պլան. («ոչ թե դեմքն է հոգու հայելին, այլ հոգին է դեմքի հայելին»): Ըստ Ջեյմսի՝ հույզերի հետազոտման գլխավոր խնդիրը պետք է կայանա նախ և առաջ դրանց պատճառները գտնելու մեջ, որոնցով էլ որոշակի ազդակներ առաջացնում են մարմանական ռեակցիաներ:

Ընդանուր առմամբ, այդպիսի մոտեցումը դժգոհություն չի առաջացնում: Փոխադարձ կապ կա ուղեղի գործունեության և միմիկայի միջև: Մի կողմից այստեղից հետևում է, որ երկու տարբերակն էլ հնարավոր է` դեմքը` հոգու հայելի, հոգին` դեմքի: Մի կողմից էլ պարզ է, որ «արտահայտիչ շարժումները» իրենց բնույթով բնազդային սոցիալական ազդանշաններ են, մյուս կողմից էլ՝ որ մարդու հոգեկան կյանքը անչափ հարուստ է, քան կենդանիներինը, և ավելի բարձր մակարդակի է` լեզվական, ոչ թե բնազդային [9]:

  1. Wild B. Rodden F. A. Grodd W. Ruch W. Neural correlates of laughter and humour// Brain. 2003, Vol. 126, p. 2121-2138.
  2. Deacon T. The neural circuitry underlying primate calls and human language// Language Origin: A Multidisciplinary Approach/ Eds. Bichakjian B. Nocentini A. Dordrecht: Kluwer, 1992, p. 245-246.
  3. 3,0 3,1 Дарвин Ч. Выражение эмоций у человека и животных, М. 1953.
  4. McDougall W. An Introduction to Social Psychology. L.: Methuen, 1931, p. 395
  5. Хейзинга Й. Homo Ludens, В тени завтрошнего дня. М.: Прогресс, 1992
  6. Козницев А.Г. Феномен «смех-плач»: о различии сходного, Санкт-Петербург, 2010
  7. Козницев А.Г. Смех, плач, зевота: Психология чувств или этология общения? Этология человека на пороге XXI века. М. 1999
  8. Keith-Spiegel, P. C. Early Conceptions of Humor: Varieties and Issues. In Goldstein & McGhee, NY, 1972
  9. Джемс У. Психология, М.: Педагогока, 1991. С. 332-351