«Ազգագրական խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ազգագրական խումբ''', ազգի կամ ազգության ստորաբաժանում, որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի...»:
(Տարբերություն չկա)

15:53, 15 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ազգագրական խումբ, ազգի կամ ազգության ստորաբաժանում, որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշ առանձնահատկություններ։ Ազգագրական խումբն առաջանում է պատմական տարբեր պայմանների ազդեցությամբ և կարող է հարատևել (օրինակ, ռուս ժողովրդի կազմում այժմ էլ կան հյուսիսային, միջին և հարավային ազգագրական խմբեր, հայ ժողովրդի կազմում՝ արևմտյան և արևելյան) կամ ձուլվել, անհետանալ մայր ժողովրդի ընդհանրության մեջ (օրինակ, բրիտանցիները՝ Ֆրանսիայում)։ Հնարավոր է Ազգագրական խմբի ստորաբաժանում ավելի փոքր խմբերի։ Կարող են ազգագրական խմբերի վերածվել տվյալ ազգի հետ ձուլված, բայց իրենց էթնիկական որոշ գծերը պահպանած ցեղեր կամ այլազգի բնակչության առանձին խմբեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով մայր ժողովրդից մեկուսացած որոշ հատվածներ։ Վերջիններս ձեռք են բերում լեզվական, սովորութային, կրոնական կամ զբաղմունքային նոր երանգներ ու առանձնահատկություններ։ Այդպիսի ուրույն ազգագրական խմբեր են, օրինակ, տարբեր վայրերում հաստատված հայկական ֆռանգները, զոկերը, ռուսական կազակները, մալականները ևն։ Սակայն ազգագրական խումբը էթնիկական կայուն ամբողջություն չէ։ Ազգերի համախմբման պրոցեսի խորացման հետ ազգագրական խմբերը, աստիճանաբար կորցնելով իրենց առանձնահատկությունները, ձուլվում են մայր ժողովրդին։ Կյանքի առանձնահատուկ պայմաններում հայ ժողովրդի կազմում հարատևել են բազմազան ազգագրական խմբեր։ Միաժամանակ արտաքին գործոնների ազդեցությամբ դրանք հաճախ տեղաշարժվել, միախառնվել ու ենթարկվել են զանազան ազդեցությունների։ Այդ երևույթը հստակորեն արտահայտվել է 19-րդ դարում (արևմտահայերի և պարսկահայերի ներգաղթը Արևելյան Հայաստան), մանավանդ Մեծ Եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանից ամբողջությամբ տարագրվեց հայ բնակչությունը, և նրա վերապրող ազգագրական խմբերը, ցրվելով աշխարհով մեկ, նոր միջավայրում աստիճանաբար կորցրին իրենց նախկին տեղային առանձնահատկությունները՝ պահպանելով, սակայն, հայ ժողովրդի գլխավոր էթնիկական գծերը։ Զգալիորեն փոխվել է ազգագրական խմբերի կազմն Արևելյան Հայաստանում։ Ներգաղթերի ու բռնի տեղաշարժերի հետևանքով այստեղ բնակություն են հաստատել վանեցի, սասունցի, մշեցի, բայագետցի և այլ հայեր, ովքեր, խառնվելով տեղական հայերին, ստացել են էթնիկական նոր որակ։ Համեմատաբար «անաղարտ» են մնացել Սյունիքն ու Արցախը։ Յուրօրինակ ազգագրական խմբեր են Սև ծովի Կովկասյան ափերին բնակվող համշենցիները և Հյուսիսային Կովկասի հայերը, ինչպես նաև հայերին ձուլված հայ բոշաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։