«Կոթի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 110.
* [[Կոթիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)]]
* [[«Սահմանապահ Կոթի» զարգացման հիմնադրամ]]
 
== Ստեղծման պատմություն ==
Մտորումներ Կոթի գյուղի հիմնադրման խնդրի շուրջ
 
Սկզբից ևեթ նշեմ, որ նպատակս գիտական հայտնագործություն անելը չէ և կամ էլ պատմական լուրջ աշխատություն գրելը, քանի որ նախևառաջ մասնագիտությամբ պատմաբան չեմ: Սակայն որոշեցի իմ մտորումները կիսել ընթերցողների հետ` հույս ունենալով, որ այն հետաքրքրություն առաջ կբերի: Ցանկալի են նաև գիտական արձագանքները ` իհարկե պատմական հիմնավորումներով: Ըստ էության խնդիրն ավելի լուրջ է սիրողական տեսանկյունից մոտենալու համար, բայց թող սա լինի առաջին քայլը: Չեմ անտեսում նաև այն հանգամանքը,որ տարիներ առաջ (1984թ.),երբ տեղի է ունեցել երևանաբնակ կոթեցիների համընդհանուր հավաք, հրատարակվել է <<Տեղեկագիրք>>, որի առաջաբանում համառոտակի կանգ է առնվել գյուղի պատմական անցյալի վրա, սակայն այնտեղ նույնպես չի շեշտվում գյուղի հիմնադրման տարեթիվը կամ ժամանակահատվածը: Գյուղի անցյալին վերաբերող պատմական խոսակցությունները սահմանափակվում են նրանով,որ նշվում է, թե գյուղը խիստ հին է, բայց կոնկրետ թե ինչքա՞ն, առայսօր էլ պարզ չէ:
 
Կոթի անվան առաջին հիշատակումները հանդիպում են Սարգիս Ջալալյանցի <<Ճանապարհորդություն ի Մեծ Հայաստան >> (1842թ.) և Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի <<Արցախ, Բագու>> (1895թ.) աշխատություններում:
 
Բարխուդարյանցը մասնավորապես նշում է. <<Գյուղը շինված է մի խոր ու լայնագոգ ձորում, բնակիչները բնիկ են…>> (Արցախ, էջ 392): Ավանդությունն ասում է, որ յոթ ամայացած ու մոխրացած գյուղերի ծվեներից է հառնել ու շենացել ներկայիս Կոթին: Ավանդությունն ավանդություն, սակայն անհերքելի ճշմարտություն է այն, որ գյուղի շրջակայքում սփռված բազմաթիվ գյուղատեղիներից են հավաքել ու ներկա վայրում հիմնել Կոթին: Անվանումն ունի երկու հիմնական ստուգաբանություն: Կարծիք կա, որ Հայաստանի ծայրամասում գտնվելու համար է կոչվել Կոթի, քանի որ մեր խոսակցականում կոթը նույնացնում են վերջնամասի հետ, սակայն սա այնքան էլ տրամաբանական չի հնչում: Ավելի ընդունված է այն տեսակետը, որ վաղնջական հնում մեր նախնիները տան երդիկների վրա փայտե կոթեր են դրել, որ ծուխը լավ քաշի, ու այդ կոթերի առատությունից էլ գյուղը կոչվել է Կոթերի գեղ, Կոթի գեղ, Կոթի: Լսել եմ նաև Կողթ տարբերակը,որը առաջ էր քաշել գրող Բենիկ Սեյրանյանը, բայց ստուգաբանությանը ցավոք տեղյակ չեմ: Տարբեր առիթներով և իհարկե ոչ առանց հպարտության շեշտում ենք Կոթիի հին գյուղատեղիների անուները` Գեղատեղ, Կոթգեղ, Ձորիգեղ, Ամրխանանց տներ, Ճոլանց խմատ,Ղդմալու և ոչ պակաս հպարտությամբ շեշտում, որ Կոթգեղից են տեղափոխվել Բաբանք, Ամրխանանց տներից` Օնանանք և այլն, սակայն գրեթե անտեսվում են երկու այնպիսի պատմական տեղավայրերի դերն ու նշանակությունը, որպիսիք են Գագ և Գավարզին սահմանային ամրոցները: Ավելի ստույգ մոռանում ենք, որ հիշյալ երկու ամրոցների բնակչությունը կազմել է Կոթիի հիմնադիր բնակչության մի մասը և համալրել է կոթեցիների առանձնահատուկ գենոֆոնդը: Այն, որ նշված ամրոցների ու նրանց բնակչության մասին քիչ է խոսվում և քիչ տեղեկություններ գիտենք, պատճառները տարբեր լինելով հանդերձ կարող է լինել երկուսը: Առաջինը, որ երկու ամրոցներն էլ անցյալ դարի սկզբից անցել են Ադրբեջանի վարչական տարածք և երկրորդ, որ երկու բերդերում էլ կյանքը դադարել է վաղ և մինչև մեր օրերը չեն հասել ու պահպանվել տեղեկություններ նրանց բնակիչների մասին: Կուզեի մեծահասակներից լսած տեղեկությունների, ինչու չէ նաև ստույգ փաստերի վրա հենվելով մի քանի դատողություններ անել: Գագը և Գվարզինը շրջապատված են թուրքաբնակ մի քանի գյուղերով: Գվարզինը գտնվում է Աբասբեյլի, ՈՒրկմազլի, Ալփոուտ և Դամիչիլար գյուղերի հարևանությամբ, իսկ Գագին խիստ մոտ, Գագ լեռան արևելյան ստորոտին են տարածվում Դաշ – Սալահլի և Չայլու մարդաշատ գյուղերը: Հիմա մի քիչ հանգամանորեն այդ գյուղերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների ու սովորույթների մասին: Շրջակա գյուղերի բնակրությունը Դաշ – Սալահլվեցիների ու Դամիրչիլարցիներին անվանում են <<կըլջ մուսուլման>>, որը թարգմանաբար նշանակում է թրի տակով անցածներ: Հարկ չկա շեշտելու ,որ դրանք բռնի մահմեդականացվածներն են: Ըստ տեղեկությունների նրանք մահմեդականացվել են Շահ – Աբասի արշավանքի ժամանակ`1606թ.: Գրեթե անխտիր այդ գյուղերը խնամիական կապեր չեն հաստատում թե դաշսալհալվեցիների, թե դամիրչիլարցիների հետ: Այսինքն ոչ տալիս են, ոչ առնում: Չայլվեցին, կամ դաղքյասամանցին իր ջրի բաժակով դաշսալալվեցուն ջուր չի տա, որքան էլ որ նա ծարավ լինի: Նույնը կանեն դամիրչիլացու հանդեպ: Բայց նախկինում, երբ գոյություններ ունեին որոշակի բարիդրացիական հարաբերություններ, այս երկու գյուղերի բնակիչները իրենց բաժակով հային ջուր կտային` դրա մեջ ոչինչ չտեսնելով իրենց սովորույթին դեմ: Իմ և շատերի կարծիքով դաշսալահլվեցիները և դամիրչիլարցիները Գագ և Գվարզին բերդերի նախկին բնակիչների մի մասի շառավիղներն են, որոնք, բռնի մուսուլմանացված լինելով հանդերձ, այնուամենայնիվ մնացած մահմեդականների հետ որոշակի հարաբերություններ են պահպանում: Ինչու շեշտեցինք մի մասի, որովհետև, ըստ որոշ տեղեկությունների, նրանց մյուս մասը տեղափոխվել ու բնակություն է հաստատել ներկայիս Կոթի գյուղի հարակից տարածքներում, նաև հանդիսանալով գյուղի հիմնադիր տոհմերից: Պահպանվել են տեղեկություններ Դարբնանց` Գվարզին ամրոցից գյուղ տեղափոխված լինելու մասին: Տոհմի ավագները բերնեբերան փոխանցել են իրենց Գվարզին ամրոցից տեղափոխված լինելու պատմությունը և նույնիսկ պահպանվել է իրենց Հախվերդյան կոչվելու ավանդությունը, ըստ որի իբր մի ջահել հարս, որի մանկանը սպանել էին թուրք – սելջուկները, վրեժով լցված Գվարզին ժայռի գագաթից ցած է գցում թուրքին և հանգստացած ասում է, թե հախը վեր դրի: Ըստ այս ավանդության էլ ազգը կոչվել է Հախվերդյան, չնայած այն բանին, որ մինչև այսօր էլ պահպանվում է նրանց <<Դարբնանց>> տոհմանունը: ԵՎ ինչն է այստեղ զարմանալի և մտորումների տեղիք տվողը. այն , որ Գվարզինից հարավ – արևելք տարածվող գյուղը, որ կոչվում է Դամիրչիլար, թարգմանաբար նշանակում է դարբինների գյուղ: Հարևան գյուղերը դամիրչիլարցիներին նույնպես վերաբերվում են որպես ոչ լրիվ մուսուլմանների: Ի տարբերություն վերոշարադրյալի, չի պահպանվել ավանդույթներ Գագից Կոթի տեղափոխված տոհմերի մասին, բայց ամենայն հավանականությամբ նրանց տեղափոխությունը նույնպես հավաստի է, որի օգտին ունենք մի քանի փաստարկներ: Կոթիում կա Բայրամյան տոհմ: Բայրամյանները պնդում են, որ իրենք բնիկ են ու ազգակցական կապ ունեն Հարությունյանների հետ: Մի քանի հարյուր տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի մարդիկ մոռացության տային իրենց տեղափոխված լինելը ու իրենց բնիկ համարեին նաև չմոռանանք, որ Գագը շատ մոտ է Կոթիին ( ընդ ամենը 7 -8 կմ) և կարելի է նրանց եկվոր չհամարել: Բոլոր այն ազգերը իրենց նախկին ապրելավայրերից, գյուղատեղիներից տեղափոխվել են գյուղ ու հիմնադրել պատմական Կոթին, գրեթե առանց բացառության բնակություն են հաստատել իրենց բնակավայրերին հարող տարածքներում: Իմ պրպտումների ընթացքում ես չկարողացա պարզել Ղդմալլվի նախկին բնակիչների որ տոհմին պատկանած լինելը: Հնարավոր եմ համարում Գագի բնակիչների այդտեղ, այնուհետև գյուղ տեղափոխված լինելը: Երկու դեպքերում էլ (թե անմիջապես, թե Ղդմալու հետո գյուղ) նրանց ներկա բնակավայրը հարում է այն տարածքին, որտեղից հնարավոր ենք համարում նրանց գյուղ տեղափոխվելը: Նախկինում գյուղը բաժանված է եղել երկու մեծ թաղերի` վերին և ներքին: Կարելի է ասել, որ գրեթե բացառվում էր, որ Ամիրխանանց տներից կամ Կոթգեղից տեղափոխվածները գային և բնակություն հաստատեին ներքին թաղում, քանի որ ամենապարզ տրամաբանությամբ վտանգի ժամանակ ավելի դյուրին կլիներ իրենց նախկին բնակավայրերում թաքնվելը, որոնք բոլորն էլ անտառների մեջ էին: Նույն կերպ նկատելի է ներքևից եկած տոհմերի ներքին թաղում բնակված լինելը` մասնավորապես խոսքս վերաբերվում է Հախվերդյաններին, Բայրամյաններին և նրանց ազգակից Հարությունյաններին: Չի բացառվում, որ Բայրամյանները Գագի Վահրամյանների շառավիղն են, պարզապես դարերի ընթացքում Վահրամյանը դարձել է Բայրամյան, ինչպես հետագայում Բայրամյանը փոխվեց Բաղրամյանի: <<Պապը` Կարապետ Բայրամյանը, Հայաստանի Իջևան – Շամշադին գավառի Բարանայի (այժմ Նոյեմբերյան) շրջանի Կոթի գյուղից էր…>> (Ա. Մնացականյան, Մարշալ Բաղրամյան, Երևան 1978, էջ 9): Կոթիում Բաղրամյաններ երբեք չեն եղել, դրանք նույն Բայրամյաններն են, որ ինչ – որ մի անգրագետ գրագրի պատճառով դարձել են Բաղրամյաններ, ինչը պատմել է մարշալը ինքը: Աղերսներ են տեսնում տաղանդավոր զորավարի ու նրա զորական նախնիների` գագեցի Վահրամյանների ազգակցական կապվածության մեջ, քանի որ, ինչպես ընդունված է ասել, գենը չի կորչում:
 
Ինչու այսքան երկար կանգ առանք այս տոհմերի տեղափոխման խնդրի վրա: Կարծում եմ, որ սրանց տեղափոխման ժամանակահատվածը համընկնում է ներկայիս բուն Կոթիի հիմնադրմանը: Ասվածը թող այնպես չհնչի, թե Կոթիի ներկա տարածքում բնակչություն մինչ գյուղի հիմնումը չի եղել: Իհարկե եղել է, նույնիսկ նախնադարյան մարդու գործիքներ ու բրոնզեդարյան դամբարաններ են ի հայտ եկել տարբեր շինարարական աշխատանքների ժամանակ: Բայց որքանո՞վ են նրանք մեր անմիջական նախնիները. Այս հարցին սպառիչ պատասխան կարող են տալ միայն հիմնավոր պեղումները: Ինչպես տեղեկացանք պատմական աղբյուրներից, Գագի մասին վերջին պատմական հիշատակությունը վերաբերում է 13 –րդ դարին, ավելի ստույգ 1243 թ. : (Գրիգոր Ակնեցի, Պատմութիւն թաթարաց, Երուսաղեմ 1974, էջ 28 – 29), իսկ դրանից հետո պատմական աղբյուրները լռում են:
 
Հավանաբար մոնղոլների կողմից գրավվելուց հետո այն կորցրել է իր ստրատեգիական նշանակությունը, աստիճանաբար լքվել է բնակիչների կողմից, որոնք էլ հետագա ժամանակահատվածում բնակություն են հաստատել հարակից տարածքներում: Ցավոք Գագից արևմուտք տարածվող դաշտում գտնվող գերեզմանատան բոլոր տապանաքարերը անթվագիր են ու առանց արձանագրությունների, որպեսզի կարողանայինք փոքրիշատե ստույգ տեղեկություններ ունենալ, թե վերջին բնակիչները երբ են լքել այն: Մասնագետների բնորոշմամբ գերեզմանատունը նույնպես 13 – րդ դարի է: Գվարզին ամրոցում կյանքը համեմատաբար ավելի երկար է շարունակվել, քանի որ պատմական հիշատակություն կա, որ 1436 թ. դեռևս բնակություն է եղել: Այդ մասին վկայում է Հովհաննես գրիչը (Լ. Խաչիկյան, Ժե դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երևան 1955, հ. Ա, էջ 461): Ըստ խոսակցությունների, ներկայիս Կոթին հիմնադրվել է վեց – յոթ հարյուր տարի առաջ: Դա մոտավորապես համընկնում է այն ժամանակահատվածին, երբ Գագն ու Գվարզինը լքվել են բնակիչների կողմից: Չեմ ուզում հայտնագործություն արած լինեմ և պնդեմ, որ Կոթին իրոք վեց կամ յոթ հարյուր տարեկան է, քանի որ դրա համար հիմնավոր փաստարկներ չունեմ: ՈՒ նաև, որ հիմնադրել են սոսկ այդ ամրոցներից տեղափոխվածները: Պարզապես կարծես թե վերը շարադրվածներում ինչ – որ օրինաչափություններ կան, որոնք ավելի լուրջ մտորումների տեղիք պետք է տան ու ցանկալի կլինեն ավելի լուրջ արձագանքներ: Միանշանակ է, որ վերջին խոսքը պատմաբաններինն է, իսկ պեղումներ անպայման պետք է կատարվեն:
 
Սարատիկյան Անդրանիկ
 
Նյութը վերցված է <<Երիտասարդ Կոթի >> ամսաթերթի 2006 թ. հունվար ամսվա համարից:
 
 
== Հայտնի կոթեցիներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոթի» էջից