«Կրծքի երեխա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կրծքի երեխա''', երեխան մինչև կյանքի առաջին տարվա վերջը: Ծնվելու և պորտալարը կտրելու պահից սկ...»:
(Տարբերություն չկա)

18:17, 23 հունվարի 2014-ի տարբերակ

Կրծքի երեխա, երեխան մինչև կյանքի առաջին տարվա վերջը: Ծնվելու և պորտալարը կտրելու պահից սկսվում է կյանքի առաջին՝ նորածնության շրջանը: Երկրորդ ամսից սկսվում է կյանքի երկրորդ՝ կրծքի հասակի շրջանը և շարունակվում մինչև առաջին տարվա վերջը: Այդ շրջանում տեղի է ունենում բոլոր օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիոնալ ունակությունների արագ զարգացում: Կրծքի երեխաի ամենաբնորոշ առանձնահատկությունը հասակի երկարելը և մարմնի քաշի ավելանալն է: Հասուն նորածնի մարմնի երկարությունը միջին հաշվով 50 սմ է, կյանքի առաջին տարում այն ավելանում է 25 սմ-ով: 5-6 ամսում կրծքի երեխան կրկնապատկում է իր սկզբնական քաշը, 1 տարեկանում՝ եռապատկում: Նորածնի ստամոքսի տարողությունը միջին հաշվով 30-35 մլ է: Յուրաքանչյուր ամիս աճում է 20-25 մլ, 3-րդ ամսում հասնում՝ 100 մլ, իսկ 1 տարեկանում՝ 250-350 մլ: Առաջին կաթնատամները ծլում են կյանքի 6-8-րդ ամսում: 1 տարեկան երեխան պետք է ունենա 8 ատամ: Երկու շաբաթից մինչե 6 ամսական երեխաների շնչառության հաճախականությունր 1 րոպեում 40-45 է, 6-7 ամսականներինը՝ 35-40, իսկ 7-12 ամսականներինը՝ 30-35: Կյանքի առաջին տարում երեխայի մարմնի ջերմությունը 0,3-0,4°C-ով բարձր է մեծահասակների ջերմությունից: Կրծքի երեխաին բնորոշ է գլխուղեղի կեղևի ցածր գրգռողականությունը: Համի զգացողությունը զարգանում է արդեն նորածնության շրջանից սկսած, հոտի պարզ տարբերակումը՝ կյանքի 4-րդ ամսում: Նորածնի գլխի շրջագիծը 34-36 սմ է, որը կյանքի առաջին տարվա վերջում հասնում է 46 սմ: Մեծ գաղթունը փակվում է առաջին տարվա վերջում: Կրծքի երեխաի ողնաշարը չափազանց անկայուն է և երեխային վաղ ուղղահայաց դրության տեղավւոխելու կամ նստեցնելու դեպքում ծռվում է: Առողջ կրծքի երեխան 2-րդ ամսում պահում է գլուխը, 6-րդ ամսում նստում առանց օգնության, արտասանում առանձին վանկեր, 9-10-րդ ամսում կանգնում է առանց հենարանի, քայլում ուրիշի օգնությամբ, իսկ 1 տարեկանում՝ ինքնուրույն: 10 ամսականում պարզ արտասանում է բառեր: 1 տարեկանի բառապաշարը 10-12 բառ է: Ճիշտ կազմակերպված սնուցման, խնամքի և դաստիարակության դեպքում կրծքի երեխան աճում և զարգանում է բնականոն: 1,5 ամսական կրծքի երեխաին պետք է կերակրել 3,5 ժամը մեկ, իսկ 3 ամսից հետո՝ 4 ժամը մեկ: 1 ամսական հասակից երեխան պետք է ստանա բնական հյութեր (սկսում են մի քանի կաթիլից և 3-րդ ամսում հասցնում օրը 3 անգամի, 1-ական թեյի գդալ, 5-րդ ամսում՝ օրը 50 գ): 4 ամսականում կերակրելուց առաջ տալիս են տրորած խնձոր (սկսում են 1/2 թեյի գդալից, հասցնում մինչե 2 թեյի գդալի): 4,5 ամսական կրծքի երեխան կարող է օրական ստանալ 1/4, հետագայում՝ 1/2 եփած, տրորած ձվի դեղնուց: 5-րդ ամսից տալիս են լրացուցիչ սնունդ (կանաչեղենի պյուրե), 7-րդ ամսից՝ ապուր, 8-րդ-ից՝ աղացած միս: Նպատակահարմար է առողջ երեխային կրծքից կտրել 11-12-րդ ամսում (բայց ոչ ամռանը):Կրծքի երեխայի խնամքը հիմնված է խիստ մաքրության վրա: Մաքուր պետք է լինի այն ամենը, ինչին շփվում է երեխան (սպիտակեղեն, խաղալիքներ, ամանեղեն և այլն): Երեխայի սենյակը մաքրում են խոնավ շորով: Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր մահճակալը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 20-22°C: Աչքերը լվանում են արտաքին անկյունից դեպի քիթը: Քիթը մաքրում են վազելինի յուղով կամ եռացրած ջրով թրջած բամբակով: Կրծքի երեխային պետք է լողացնել ամեն օր (ջրի ջերմաստիճանը 36,5-37°C): Մաշկի ծալքերին քսում են յուղ (վազելին, բուսական՝ անպայման նախօրոք եռացրած), մանկական դիմափոշի (պուդրա): Կրծքի երեխան պետք է կանոնավոր հերթականությամբ քնի, սնվի և խաղա: Երեխայի շնչառական և մարսողական օրգանների լորձաթաղանթը նուրբ է, հեշտությամբ վնասվում է և հաճախակի ախտահարվում: Երբեմն կրծքի երեխայի օրգանիզմում կարող է ի հայտ գալ անսովոր ռեակցիա (էքսուդատիվ կատարային դիաթեզ) մոր կաթի, կովի կաթի, ցիտրուսային բույսերի հյութերի և ձվի դեղնուցի նկատմամբ: 2-3 ամսականում կարող է զարգանալ ռախիտ, որի կանխարգելումը վիտամին D-ով սկսում են 2 շաբաթականից: Կյանքի առաջին 2-3 ամսում կրծքի երեխաները վարակիչ հիվանդությունների նկատմամբ աննկալունակ են, որը հետագայում վերանում է: Կրծքի երեխային կատարում են կանխարգելիչ պատվաստումներ՝ ծննդատանը տուբերկուլոզի, իսկ այնուհետև կապույտ հազի, դիֆթերիայի, ծաղկի դեմ: Արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցության նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը օժանդակում են ֆիզիկական դաստիարակությունը և օրգանիզմի կոփումը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։