'''Քաղկեդոնի ժողով''', [[451]]թ. [[հոկտեմբերի 8]]-ից առ [[նոյեմբերի 1]]-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]] ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս [[Ստամբուլ]]ի արվարձաններից մեկն է) [[Բյուզանդիա]]յի կայսր [[Մարկիանոս]]ի կողմից [[Լևոն Բ (Հռոմի պապ)|Լևոն Բ պապի]] համաձայնությամբ` Եվտիքեսի ուսմունքը քննելու և [[Քրիստոս]]ի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես [[Տիեզերական ժողովներ|տիեզերական]]: [[Հայ առաքելական եկեղեցի]]ն, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը, որի հիմքում դրված է Լևոն պապի տումարը:
== Եվտիքեսի վարդապետությունը ==
Եվտիքեսի ուսմունքը դարձավ բուռն եկեղեցական աստվածաբանական վեճերի առիթ: Անտիոքի քրիստոնյա աստվածաբանական դպրոցը դեմ դուրս եկավ Եվտիքեսին` հիմնվելով իր վարդապետներ Թեոդորիտոս Կիրոսացու և Թեոդորոս Մոփսուեստացու գաղափարների վրա: Ալեքսանդիրայի աթոռը այս հարցում ավելի չափավոր էր. չպաշտպանելով Եվտիքեսին` այն այնուամենայնիվ դեմ էր Քրիստոսի մարդկային և աստվածային բնությունների տարանջատմանը, երկյուղում էր Եփեսոսի ժողովում դատապարտված Նեստորի ուսմունքի վերածնումից և կասկածներ էր հայտնում Անտիոքիայի վարդապետների գաղափարների ուղղափառության վրա:
448թ. գումարված Կ.Պոլսի պատրիարքության տարեկան ժողովը նզովում է Եվտիքեսի ուսմունքը, զրկում նրան կարգից և վանահայրությունից: Եվտիքեսը դիմում է Ալեքսանդրիայի աթոռին, Հռոմի պապին և այլ եպիսկոպոսական աթոռների: Հռոմի պապը իր դիրքորոշումները հարցի վերաբերյալ արտահայտում է մի գրության մեջ, որը հետագայում ստանում է Լևոնի տումար անունը: Լևոնի տումարը Քրիստոսի մեջ ընդունում էր մի դեմք երկու բնությամբ և էությամբ: Երկու բնությունները չեն խառնվում և չեն շփոթվում միմյանց հետ («Երկու բնութիւնք եկեալ առ իրեարս ի միանձնաւորութիւն»):
== Եփեսոսի 449թ. եկեղեցական ժողովը ==
449թ. [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]]յի կայսր Թեոդոս Բ կարգադրությամբ Եփեսոս քաղաքում գումարվում է եկեղեցական ժողով, որը նախագահում է Ալեքսանդրիայի պապ Դիոսկորոսը: Ժողովը հարկադրում է Եվտիքեսին հրաժարվել իր վարդապետությունից: Միևնույն ժամանակ, ժողովը մերժում է Լևոնի տումարը և դատապարտում Կ.Պոլսի Փլաբիանոս պատրիարքին իբրև երկու բնություն ուսուցանողի: Լևոն Բ պապը, անվանելով Եփեսոսի ժողովը «ավազակային», չի ընդունում դրա որոշումները: Սակայն Թեոդոս Բ կայսրը կարևորություն չի տալիս պապի բողոքներին:
== 451թ. Քաղկեդոնի ժողովի ընդունած բանաձևը ==
450թ. Թեոդոս Բ կայսեր մահից հետո գահ է բարձրանում նրա քույր Պուլքերիան և վերջինիս ամուսին Մարկիանոսը, որոնք եկեղեցական հարցերում հակադիր էին հանգուցյալ կայսեր: 451թ. հոկտեմբերի 8-ին Քաղկեդոնում գումարվում է նոր ժողով, որի նախագահությունը հանձնվում է պապի պատվիրակներին: Ժողովը իբրև դավանության հիմք ընդունում է Լևոնի տումարը, դատապարտում Նեստորին և Եվտիքեսին: Իբրև հավատի ամփոփում ընդունվում է «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» բանաձևը:
== Քաղկեդոնի ժողովի որոշման նկատմամբ հակազդեցությունը ==
Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբանական բանաձևը լուրջ ընդդիմության հանդիպեց և դատապարտվեց Ալեքսանդրիայի և արևելյան մի շարք աթոռների կողմից: Հրավիրվեցին բազմաթիվ տեղական եկեղեցական ժողովներ, որոնք մերժեցին Քաղկեդոնի վարդապետությունը: Այդ ընդդիմությունը հանգեցրեց այն բանին, որ Բյուզանդիայի Զենոն կայսրը 482թ. հրապարակեց Հենոտիկոն անունով փաստաթուղթ, որով հավատքի կանոն էին համարվում Նիկիայի, Կ.Պոլսի և Եփեսոսի տիեզերական ժողովների դավանաբանական որոշումները, իսկ Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տումարը բնավ չեն հիշատակվում:
== Հայ եկեղեցին և Քաղկեդոնի ժողովի որոշումները ==
|