«Արցախի թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Հայ առաքելական եկեղեցու թեմ
Content deleted Content added
Նոր էջ «'''Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ''', կազմավորվել է 1989-ին` [[Ամենայն հայոց կաթողիկոս]...»:
(Տարբերություն չկա)

12:12, 28 Մայիսի 2013-ի տարբերակ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ, կազմավորվել է 1989-ին` Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը` Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Ընդգրկում է ԼՂՀ տարածքը և հարակից հայկական շրջանները:

Պատմությունը

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը` Ամարաս ավանում: Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը (թաղված է նույն վանքում): Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից, երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը` Կապաղակ, Պարտավ, ապա` Ամարաս, Գանձասար կենտրոններով: XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին` 1311 գործող եկեղեցիներ և վանքեր:

Վանքերին (Հոռեկա, Երիցմանկանց, Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ: Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.): 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց: Գյուլիստանի պայմանագրով (1813) Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով 1815-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության` Շամախու և Ղարաբաղի թեմերով: 1838–1920-ին Շուշիում գործել է թեմական դպրոց: 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ: 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, Գտիչ վանքերում: 1860–70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց: 1930-ին թեմը դադարել է գործել:

Արցախի թեմի տարածքում են գտնվում հոգևոր մշակութային կենտրոններ Ամարասի վանքը (IVդ.), Հոռեկավանքը (V դ.), Մեծառանից Ս. Հակոբավանքը (V դ.), Գանձասարի վանքը, Եղիշե Առաքյալը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (հինգն էլ` XIII դ.), Կատարովանքը (X դ.), ինչպես նաև` Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ (XIX դ.) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ, XIX դ.) եկեղեցիները և այլն:

Թեմի տարածքում գործող եկեղեցիները

Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. Ասկերանի շրջանում` Ս. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), Հադրութի շրջանում` Սպիտակ Խաչը, Ս. Հարությունը (երկուսն էլ` XVII դ.), Մարտակերտի շրջանում` Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Ս. Հովհաննու Կարապետը, Ս. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), Մարտունու շրջանում` Ամարասի վանքի Ս. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), Շուշիի շրջանում` Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչը, Ս.Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց), Ս. Աստվածածինը (երեքն էլ` XIX դ.), Քաշաթաղի շրջանում` Ս. Համբարձմանը և Ստեփանակերտի Ս. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում` Ս. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում` Սրբոց Նահատակաց եկեղեցիները:

1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք: 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց: 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը: 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան): Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում:

Արցախի թեմի առաջնորդն է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (1989-ից):