«Արաբերենի ձայնանիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հոդվածը արաբական ձայնանիշերի մասին է և գրված է արաբագետների կողմից
(Տարբերություն չկա)

19:41, 25 Մայիսի 2013-ի տարբերակ

Ձայնավորումները (արաբ․՝ حركات‎‎ «շարժում», եզ.թ. حركةհարաքա), տողի վերևում կամ ներքևում դրվող նշանների համակարգ են, որոնք արաբերենում օգտագործվում են կարճ ձայնավոր հնչյունները և արտաբերվող բառի այլ առանձնահատկությունները նշելու համար: Տեքստում այս ձայնավորների տեղադրումը արաբերեն նաև անվանում են թաշքիլ (արաբ․՝ تشكيل‎‎): [1] Քանի որ արաբական այբուբենի տառերով նշվում են միայն բաղաձայներն և երկար ձայնավորները, հետևաբար չձայնավորված տեքստը անհնար է «բարձր կարդալ», կարելի է միայն կռահել այնտեղ գրված բառերի ձայնավորումները: Իսկ ձայնավորված տեքստը բնականաբար իր մեջ է պարունակում բառը ճիշտ արտաբերելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը:

Սևով նշված են արաբական այբուբենի տառերը, իսկ մոխրագույնով`հարաքաները

Պատմությունը

 
Ղուրան X դարի Նասրի և Յահյիի թաշքիլով (կարմիր կետեր)

Սկզբնական շրջանում արաբական գրի մեջ տառերի ներքևի և վերևի մասերում ոչ մի նշաններ չէին դրվում, իսկ արաբական այբուբենը բաղկացած էր ընդամենը 15 տառից, որոնք իրենց մեջ արդեն պարունակում էին մի քանի հնչյուններ: Ըստ ավանդույթի առաջին թաշքիլը հայտնագործվել է քուֆացի Աբու ալ-Ասուադ ադ-Դուալիի կողմից` ուղղափառ խալիֆ Ալիի հրամանով, ով Ղուրանի նմուշը տեսնելուց նկատել էր մի շարք լեզվական վրիպակներ, որոնք անհրաժեշտ էր շտկել: Այսպես սկսվում է Ղուրանի տեքստերի ձայնավորումը, իսկ ձայնավորումները նշվում էին գունավոր կետերի օգնությամբ: Այնուամենայնիվ ձայնավորման այս եղանակը այնքան էլ նոր հայտնագործություն չէր և իրականում ադ-Դուալին չէր դրանց հեղինակը: Ձայնավորման այսպիսի մեթոդ, մասնավորապես, կարելի է տեսնել մի պապիրուսի մեջ, որը ուսումնասիրողները վերագրում են 643 թ.-ին:

 
Ղուրանը ժամանակակից ձայնավորումներով (սկիզբ XX դարի)

Ձայնավորումների համար նախատեսված առանձին նշանները սկսում են հայտնվել VII դարի երկրորդ կեսին, երբ Իրաքի կառավարիչ Ալ-Խաջաջա իբն Յուսուֆի (661-714) հրամանով ստեղծվում է կարճ ձայնավորների նշման համար նախատեսված նշանների համակարգը, որոնք իրենցից տեքստի մոտ դրվող փոքրիկ կարմիր կետեր էին ներկայացնում: Այս նոր համակարգի հիմնադիրները եղան ադ-Դուալիի 2 աշակերտները` Նասեր իբն Ասիմը (մահ. 707) և Յահյա իբն Յամուրը (մահ. 746): Սակայն այս եղանակը ուներ մի շարք թերություններ` հիմնականում կապված ձայնավորների նշման համար անհրաժեշտ տարատեսակ գույների օգտագործման հետ:

Ձայնավորումների ժամանակակից տարբերակը ստեղծվել է 786 թ. օմանացի Խալիլ իբն Ահմադ ալ-Ֆարհադիի կողմից, որը հայտնի է նաև նրանով, որ կազմել է արաբերենի առաջին բառարանը: Նա նաև ստեղծել է համզայի պատկերման համար նախատեսված նշանը: XI դարի սկզբից սկսած ձայնավորման համար նախատեսված այս նշանների օգտագործումն արդեն դառնում է համընդհանուր բոլոր արաբական տեքստերի համար:[2]


Օգտագործումը

Հաճախ արաբերեն տեքստերում ձայնավորումները չեն դրվում: Բացառություն են կազմում Ղուրանը, և այն դեպքերը, երբ հարկավոր են տեքստի միտքը ճիշտ հասկանալու համար, հատկապես մանկական և ուսուցողական գրականության մեջ:[1] Որպեսզի հասկանալի լինի հարաքաների դերը տեքստում, անհրաժեշտ է բերել մի պարզ օրինակ: Վերցնենք հայերեն որևէ բառ և այնտեղից հանենք բոլոր ձայնավորները` տողնելով միայն բաղաձայները, օրինակ` հմլսրն բառը: Այս բաղաձայների խմբից կազմված բառը բնականաբար անհասկանալի կլինի հայերեն լեզվի կրող չհանդիսացող մարդու համար: Մինչդեռ հայերենին տիրապետող մարդը միանգամից կհասկանա, որ խոսքը համալսարան բառի մասին է: Այսինքն նա կվերծանի այս բաղաձայների խումբը`ավելացնելով դրանց համապատասխան ձայնավորները, մինչդեռ լեզվին չտիրապետող մարդը դա անել չի կարող: Ահա այս նպատակի համար էլ ստեղծվել են հարաքաները: Նրանց միջոցով արաբերենին չտիրապետող մարդը կարող է հեշտությամբ կարդալ արաբական գիրը, և խնդիր չի ունենա տեքստի վերծանման հետ կապված, քանի որ ամեն մի բաղաձայնի մոտ որոշակի նշաններով նշված կլինի, թե այս կամ այն տեղում բաղաձայնից հետո ինչ ձայնավոր պետք է կարդալ: Հենց այս նշաններն էլ կոչվում են հարաքաներ:

Բերենք հարաքաների օգտագործման օրինակ Ղուրանից (Ալ Ֆաթիհա 1:1).

بِسْمِ ٱللهِ ٱلرَّحْمٰنِ ٱلرَّحِيمِ 
բ-իսմ ի-լլահ իլ-ռահման իլ-ռահիմ 
բարեգութ և մեծահոգի աստծո անունով 

Նշանները

Հարաքաների նշանները (կարճ ձայնավորները)

Հարաքաները տեքստում տեղադրվում են որոշակի նշանների տեսքով, որոնցով որոշվում է, թե տվյալ բառն ինչպես պետք է ճիշտ կարդալ: Եթե ձայնավորը պետք է երկար արտասանել, օգտագործվում է նաև համապատասխան երկարացված տառը, որը դրվում է բաղաձայնից հետո (հարֆ մադդ):[3]

 
Դամմա, Ֆաթհա, Քասրա
Ֆաթհա
Իրենից ներկայացնում է (ֆաթհա, արաբ․՝ فتحة‎‎ «բացել») տառի ներքևում դրված, դեպի աջ թեքված գիծ - մատնանշում է «ա» ձայնավորը, համապատասխան երկարացված տառը`ا ալիֆ :
Քասրա
Իրենից ներկայացնում է (քասրա, արաբ․՝ كسرة‎‎‎‎ «ջարդել») տառի ներքևում դրված, դեպի աջ թեքված գիծ – մատնանշում է «ի» ձայնավորը, համապատասխան երկարացված տառը`ﻱ (յա):
Դամմա
Իրենից ներկայացնում է (դամմա, արաբ․՝ ضمة‎‎ «միացում») տառի վերևում դրված ստորակետ կամ կեռիկ – մատնանշում է «ու» ձայնավորը, համապատասխան երկարացված տառը` و (ուաու):
Սուքուն
Իրենից ներկայացնում է (սուքուն, արաբ․՝ سكون‎‎‎‎ «լռություն») տառի վերևում դրված փոքրիկ շրջանակ – մատնանշում է ձայնավորի բացակայությունը:

Թանուին

Իրենից ներկայացնում է (թանուին, արաբ․՝ تنوين‎‎‎‎‎‎) բառի վերջում դրվող երկու տարրակողմ ստորակետեր, որոնք ցույց են տալիս բառի անորոշ լինելու հանգամանքը:

Շադդա

 
Սուքուն, շադդա, թանուին քասրա

Իրենից ներկայացնում է (շադդա, արաբ․՝ شدة‎‎‎‎‎‎ «ուժեղացում») տառի վրա դրվող W-աձև նշան, և մատնանշում է տառի կրկնությունը: Դրվում է երկու դեպքում` երբ ցույց է տալիս կրկնավորված բաղաձայնը, և երբ ցույց է տալիս կրկնավորում երկար ձայնավորի և բաղաձայնի համադրության մեջ: Կրկնավորված բաղաձայնի վրա ֆաթհան և դամման դրվում են շադդայի վերևում, իսկ քասրա ձայնանիշը դրվում է շադդայի կամ տվյալ տառի տակ:

Պատկեր:Ուասլա, մադդա.png
Ուասլա, մադդա

Մադդա

Իրենից ներկայացնում է (մադդա, արաբ․՝ مدة‎‎‎‎‎‎‎‎ ‎‎ «երկարացում») տառի վրա դրված ալիքաձև գիծ – մատնանշում է համզա-ալիֆ կամ համզա-համզա համադրությունը, երբ համզայի քերականական օրենքների համաձայն այն դրվում է ալիֆի վրա: Արաբական ուղղագրության կանոնները արգելում են երկու ալիֆ գրել իրար կողք, այդ պատճառով էլ երկու ալիֆին փոխարինելու է գալիս մադդա-ալիֆ համադրությունը:[4]

Մադդան պարտադիր օգտագործվում է նաև չձայնավորված տեքստերում, ինչպես նաև համզան, որին այն փոխարինում է: Դրա համար էլ որոշակի տարաձայնություններ կան, արդյո՞ք այն կարելի է դասել հարաքաների շարքին, թե այն իրենից ներկայացնում է արաբական գրի առանձին նշան:

Ուասլա

Իրենից ներկայացնում է (ուասլա, արաբ․՝ وصلة‎‎‎‎ «միավորում») արաբերեն այբուբենի «սադ» տառին նման փոքրիկ նշան (ٱ), որը դրվում է բառի սկզբում` ալիֆի վրա: Ուասլան շատ քիչ բառերի վրա է հանդիպում և հիմնականում գործածվում է ալ- մասնիկի հետ:[5]

Տողատակային ալիֆ

Իրենից ներկայացնում է ({{lang-ar|ألف خنجرية, ալիֆ խանջարիյա, «թրային ալիֆ») ալիֆ տառի տեսքով նշան – մատնանշում է երկար «ա» ձայնն այն բառերում, որտեղ սովորական ալիֆ տառը չի գրվում ուղղագրական կանոններից ելնելով:[1]

Գրականության ցանկ

  1. 1,0 1,1 1,2 Ковалев А. А., Шарбатов Г. Ш., Учебник арабского языка, 3 изд., Москва, Восточная литература, 1998
  2. The Reform of Arabic Writing
  3. Кузьмин С. А., Учебник арабского языка, Москва, Восточная литература, 2001
  4. Մադդա
  5. http://www.ar-ru.ru/publ/3-1-0-19

Հղումներ