Մարի Մադլեն-Սոֆի Բլանշար առավել հայտնի՝ Սոֆի Բլանշար (ֆր.՝ Sophie Blanchard, մարտի 24, 1778(1778-03-24)[1], Իվ, Aunis, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 6, 1819(1819-07-06)[2][3], Փարիզ, Բուրբոնների վերականգնում), ֆրանսիացի օդագնաց, օդագնացության պիոներներից մեկի՝ Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարի կինը։ Սոֆի Բլանշարը եղել է առաջին արհեստավարժ կին օդագնացը, ամուսնու մահից հետո շարունակել է նրա գործը՝ կատարելով ավելի քան 60 թռիչք։ Եվրոպայում ճանաչում է ձեռք բերել իր թռիչքներով։ Սոֆի Բլանշարը թռիչք է կատարել Նապոլեոն Բոնապարտի պատվերով, որի ժամանակ կատարել է «պաշտոնական միջոցառումների օդագնացի» դերը՝ փոխարինելով Անդրե-Ժակ Գերներինին։ Բուրբոնների միապետության վերականգնման շրջանում 1814 թվականին նա թռիչք է կատարել՝ ի պատիվ Լյուդովիկոս XVIII-ի, որը նրան անվանել է «Վերականգնման շրջանի պաշտոնական օդագնաց»։

Սոֆի Բլանշար
ֆր.՝ Sophie Blanchard
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1778(1778-03-24)[1]
ԾննդավայրԻվ, Aunis, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 6, 1819(1819-07-06)[2][3] (41 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Բուրբոնների վերականգնում
ԳերեզմանՊեր Լաշեզ[4][5] և Grave of Blanchard
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունballoonist
ԱմուսինԺան–Պիեռ Ֆրանսուա Բլանշար
 Sophie Blanchard Վիքիպահեստում

Օդագնացությունը ռիսկեր ուներ պիոներների համար։ Սոֆի Բլանշարը մի քանի անգամ կորցրել է ինքնագիտակցությունը, որը պայմանավորված է եղել ցածր ջերմաստիճանով, և հրաշքով է փրկվել խեղդվելուց, երբ նրա գունդը վայրէջք է կատարել ճահճում։ 1819 թվականին նա դարձել է առաջին կինը, որ մահացել է ավիավթարում, երբ Փարիզում Թյուիլրիի այգիների վրա ցուցադրական ելույթի ժամանակ հրավառությունից այրվել է նրա օդապարիկը, և պայթյուն առաջացել։ Թռչող սարքն ընկել է տներից մեկի տանիքին, որն էլ դարձել է Սոֆի Բլանշարի մահվան պատճառ։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն և կարիերայի սկիզբ խմբագրել

Սոֆի Բլանշարը (ծննդյան ազգանունը՝ Մարի Մադլեն-Սոֆի Արման) ծնվել է Լա Ռոշել քաղաքից ոչ հեռու՝ Տրուա Կանոնսում, բողոքական ընտանիքում։ Նրա մանկության ու մինչև Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարի հետ ամուսնությունը շրջանի մասին քիչ բան է հայտնի։ Նրա ամուսնության ժամանակը նույնպես հստակ հայտնի չէ․ աղբյուրները այն վերագրում են 1794 կամ 1797 թվականներին, սակայն աղբյուրների մեծ մասը նշում է 1804 թվականը, երբ Սոֆին առաջին անգամ թռել է օդապարիկով[6][7]։ Բլանշարն ամուսնալուծվել էր առաջին կնոջից՝ Վիկտորյա Լաբրանից, նրա չորս երեխաներն ուղեկցել են իրեն Եվրոպայում ուղևորությունների ժամանակ, սակայն հայտնի է, որ Վիկտորյան մահացել է աղքատության մեջ[7]։ Սոֆիին տարբեր կերպ են ներկայացրել։ Սկզբում նշել են, որ նա «փոքրիկ, տգեղ ու նյարդային կին» էր, «փոքրիկ կին՝ թռչնային սուր դիմագծերով», ավելի ուշ՝ «փոքրիկ ու չքնաղ»[8]։ Սոֆին երկնքում իրեն զգացել է ինչպես տանը, որտեղ եղել է գրգռված ու խոցելի[8]։ Նա վախեցել է բարձր ձայներից և կառքով ճանապարհորդությունից, սակայն անվախ է եղել օդում[8]։ Նա ամուսնու հետ վթարի է ենթարկվել համատեղ հենց առաջին թռիչքի ժամանակ 1807 թվականին (դա եղել է Սոֆիի 11-րդ, իսկ ամուսնու՝ հավանաբար 61-րդ թռիչքը), որի ժամանակ նա գլխի վնասվածք է ստացել։ Ամեն դեպքում, որոշ ժամանակ անց նա դուրս է եկել ցնցումից[9]։

Օդապարիկով իր առաջին թռիչքն ամուսնու հետ նա կատարել է 1804 թվականի դեկտեմբերի 27-ին Մարսելում։ Ամուսնական զույգը եղել է սնանկության առաջ, քանի որ ամուսնու բիզնեսը վատ է ընթացել, և նրանք որոշում են կայացրել, որ կին օդագնացը կգրավի հասարակության ուշադրությունը և կօգնի նրանց լուծելու ֆինանսական խնդիրները։ Սոֆին իր զգացումները ներկայացրել է որպես «ոչ մի բանի չհամեմատվող սպասում» (ֆր.՝ sensation incomparable)[6]։ Նա երկրորդ թռիչքն իրականացրել է ամուսնու հետ, իսկ երրորդ թռիչքը 1805 թվականի օգոստոսի 18-ին արդեն եղել է ինքնուրույն․ այն տեղի է ունեցել Թուլուզի դոմինիկյան եկեղեցու այգում[6][10]։

Իրականում Սոֆի Բլանշարը չի եղել առաջին կինը, որ օդ է բարձրացել օդապարիկով։ 1784 թվականի մայիսի 20-ին կոմսուհի Մոնտալեմբերը, կոմսուհի Պոդենը և Դե Լեգարդը Փարիզում օդ են բարձրացել իրար կապված օդապարիկներով։ Սոֆին չի եղել նաև առաջին կինը, որ օդ է բարձրացել չկապված օդապարիկով․ այդպիսի առաջին թռիչքը վերագրվել է Անրիին, որ թռիչքն իրագործել է Անդրե-Ժակ Գարներինի հետ 1798 թվականին, չնայած այդ այդ պատիվը փաստացի վերագրվում է Էլիզաբեթ Թիբլին։ Թիբլը եղել է օպերային երգչուհի և առաջին թռիչքն իրակացրել է 1784 թվականի հունիսի 4-ին Լիոնում շվեդ արքա Գուստավ III-ի ներկայությամբ․ դա եղել է Անրիի թռիչքից 14 տարի առաջ։ Սոֆի Բլանշարը, սակայն, եղել է առաջին կին օդագնացը սեփական օդապարիկով, որի համար օդագնացությունը եղել է իր մասնագիտությունը[11]։

1809 թվականի Սոֆի Բլանշարի ամուսինը մահացել է վնասվածքից, որ ստացել է Հաագայում օդապարիկի ընկնելուց ու դրանից հետո տարած սրտի նոպայից։ Նրա մահից հետո Սոֆին շարունակել է նրա գործը՝ մասնագիտանալով գիշերային թռիչքների ոլորտում և հաճախ ամբողջ գիշերն անցկացնելով օդապարիկում[10]։

Ինքնուրույն թռիչքներ խմբագրել

 
Օդապարիկի թռիչքը Մարսյան դաշտում, հունիսի 24, 1810

Սոֆին փորձարկումներ է կատարել անկարգելներով, որոնք սկսել էր իր ամուսինը։ Այսպես՝ նա անկարգելի մեջ վերցնում է շնիկներ, ծրագրի ընթացքում հրավառություն է կազմակերպում և հրավառությամբ լի փոքր օդապարիկներ է բաց թողնում[7]։ Ուրիշ օդագնացներ հայտնիություն են ձեռք բերել օդապարիկից անկարգելով թռչելով, օրինակ՝ Անդրե-Ժակ Գարներինի ընտանիքը, որի կինը, դուստրն ու զարմուհին կանոնավոր ձևով այդպիսի թռիչքներ են իրականացրել[12]։ Նրա զարմուհին՝ Էլզա Գարներինը, եղել է Սոֆի Բլանշարի գլխավոր մրցակիցը՝ որպես կին օդագնաց, և այդ ժամանակ դժվար էր առաջնությունը ինչ-որ մեկին տալ[10]։ Հնարավոր է, Սոֆի Բլանշարը՝ որպես կին օդագնաց, օդապարիկից անկարգելով թռիչքներ է կատարել, սակայն նրա հիմնական հետաքրքրությունը եղել է օդապարիկով օդ բարձրանալը[13]։

Ամուսնու մահից հետո Բլանշարի ընտանիքը եղել է պարտքերի մեջ, այդ պատճառով ծախսերը նվազագույնի հասցնելու համար Սոֆին պետք է ընտրեր օդապարիկի շահագործման տնտեսող տեսակ։ Նա կիրառել է օդապարիկը ջրածնով լիցքավորելու եղանակը, քանի որ այն թույլ է տվել օդ բարձրանալ ավելի փոքր օդանավակով և պահանջկոտ չի եղել օդապարիկի նյութի նկատմամբ՝ ի տարբերություն օդով լցվող մոնգոլֆիերի։ Բացի այդ, ջրածնով լցված օդապարիկը չի պահանջել առանձին տաքացուցիչ, իսկ Սոֆիի քաշը փոքր է եղել, ինչը թույլ է տվել գազի լրացուցիչ խնայողություններ կատարել[6]։ Մինչ այդ Սոֆին օգտագործել է կամ նրան է պատկանել տաք օդով լցվող օդապարիկը․ գնդապետ Ֆրանց Մակերոնին իր հուշերում մատնանշել է, որ 40 ֆունտով նրան այդպիսի օդապարիկ է վաճառել 1811 թվականին[14]։

Սոֆի Բլանշարը դարձել է Նապոլեոնի սիրելի օդագնացը՝ 1804 թվականին փոխարինելով Անդրե-Ժակ Գարներինին։ Գարներինը մի անհաջող թռիչք է կատարել Փարիզում Նապոլեոնի թագադրման արարողությանը՝ կորցնելով օդապարիկի կառավարումը։ Դրա արդյունքում օդապարիկը հայտնվել է Հռոմում և ընկել Բրաչիանո լճի մեջ։ Այս իրադարձությունը Նապոլեոնի հասցեին արված մի շարք կատակների առիթ է հանդիսացել[15]։ Նապոլեոնի՝ Սոֆի Բլանշարին տված տիտղոսը մինչև վերջ մեկնաբանված չէ՝ «պաշտոնական արարողությունների օդագնաց» («Aéronaute des Fêtes Officielles»), ինչը ենթադրում է, որ նրա պարտականությունների մեջ է մտել մեծ տոների ժամանակ կազմակերպել ցուցադրական թռիչքներ, սակայն հնարավոր է, որ նա նշանակվել է օդագնացության գլխավոր նախարար, որի դերում որոշ տեղեկություններով Սոֆին կազմել է Անգլիայի օդային տարածք ներխուժելու պլաններ[6][16]։

 
Սոֆին օդապարիկով օդ է բարձրանում Միլանում, օգոստոսի 15, 1811

Սոֆին Նապոլեոնի պատվին թռիչքներ է կատարել 1810 թվականի հունիսի 24-ին Մարսյան դաշտից և Նապոլեոնի ու Մարիա-Լուիզա Ավստրիացու ամուսնության կապակցությամբ։ Նապոլեոնի որդու ծնունդից հետո Բլանշարը թռիչք է կատարել Փարիզի Մարսյան դաշտից, որի ժամանակ նետել է կատարված իրադարձության մասին թռուցիկներ[17]։ Հետագայում նա թռիչքներ է իրականացրել 1811 թվականի հունիսի 23-ին Սեն Կլուում Նապոլեոնի որդու մկտության առիթով՝ օդապարիկից հրավառություն կազմակերպելով, այնուհետև՝ Միլանում 1811 թվականի օգոստոսի 15-ին[18]։ Սոֆին վատ եղանակին թռել է Նեապոլում՝ հետախուզելու և կոորդինացնելու համար Մյուրատի գրոհը[14]։ Երբ Լյուդովիկոս XVIII-ը Բուրբոնների վերականգնումից հետո 1814 թվականի մայիսի 4-ին մտել է Փարիզ, Սոֆի Բլանշարը թռիչք է կատարել Պոն Նյոֆի (Նոր կամուրջ) վրա, որը հաղթական արարողակարգի մի մաս է կազմել։ Լյուդովիկոս XVIII-ն այնքան տպավորված է եղել թռիչքով, որ նրա նույն ձևով նշանակել է «Վերականգնման պաշտոնական օդագնաց»[19]։

Եվրոպայում ճանաչում ստանալով՝ Սոֆին մեծ բազմություն էր հավաքում իր ցուցադրական թռիչքների ժամանակ։ Ֆրանկֆուրտում նրա թռիչքը Վեբերի «Սիլվանա» օպերայի առաջնելույթի վատ ընդունելության պատճառ է դարձել․ օպերայի առաջնելույթի օրը՝ 1810 թվականի սեպտեմբերի 10-ին, հանրությունը գերադասել է դիտել Սոֆի Բլանշարի թռիչքը[20]։ Ցուցադրական շատ թռիչքներ են եղել Իտալիայում։ 1811 թվականին նա Հռոմից Նեապոլ է թռել՝ 60 մղոն (97 կմ) հետո կանգ առնելով, ապա Հռոմում կրկին բարձրացել է 12,000 ֆուտ (3,660 մ), որտեղ նա իր իսկ պնդմամբ քնել է մինչև Տալիակոցոյում վայրէջքը[21]։ Նույն թվականին նա իր գիտակցությունը կորցրել է Վինչենեսի մոտ, երբ փորձել է խուսափել կարկուտով փոթորկից։ Արդյունքում նա 14,5 ժամ անցկացրել է օդում[22]։ Սոֆին օդապարիկով հատել է Ալպերը և Թուրին հասել 1812 թվականի ապրիլի 26-ին, երբ օդի ջերմաստիճանն այնքան է նվազել, որ քթից արյուն է հոսել և նրա դեմքին ու ձեռքերին սառցի լուլաներ են առաջացել[10][23]։ Սոֆին հազիվ է մահից փրկվելել 1817 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Նանտում (իր 53-րդ թռիչքն է եղել) ճահիճն ընդունել է որպես վայրէջքի համար հարմար վայր։ Նրա օդապարիկի լարերը փաթաթվել են ծառին, որի հետևանքով օդանավակը մի կողմ է նետվել։ Բլանշարը կարող էր խեղդվել ճահճում, սակայն վայրէջքից հետո օգնությունը չի ուշացել[10]։

Համակրելով Մարիա-Թերեզա դե Լամպուրին, որը Բորդոյում «ընկած կանանց» (La Miséricorde) հաստատություն էր պահում՝ նա համաձայել է իր թռիչքներից մեկի եկամուտը նվիրաբերել նրա հաստատությանը։ Դե Լամուրը հրաժարվել է՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ չի կարող ընդունել գումարը, որ Սոֆին վաստակել է իր կյանքը վտանգելով[24]։

Մահ խմբագրել

 
Տիկին Բլանշարի մահը, 19-րդ դարավերջի նկարազարդում

1819 թվականի հուլիսի 6-ին իր ցուցադրական 67-րդ ելույթի ժամանակ Փարիզի Տիվոլի այգում Սոֆի Բլանշարի օդապարիկը՝ լցված ջրածնով, այրվել է, և նա, խճճվելով լարերի մեջ, ընկել է օդապարիկից ու ջարդվել[25]։ Հայտնվել է, որ թռիչքից առաջ կինն անսովոր նյարդայնացած է եղել։

Բլանշարը Փարիզում եղած ժամանակ շաբաթը երկու անգամ կանոնավոր կերպով թռել է Տիվոլի այգու վրա[7]։ Նրան բազմիցս զգուշացրել են ցուցադրական ելույթների ժամանակ հրավառություն կիրառելու վտանգավորության մասին։ Այս թռիչքը հատկապես տպավորիչ է եղել․ պետք է կիրառվեին հրավառության՝ սովորականից ավելի մեծ քանակությամբ նյութեր։ Որոշ հանդիսատեսներ խնդրել են հրաժարվել ռիսկային թռիչքից, սակայն այլ հանդիսատեսներ էլ խրարուսել են թռիչքի իրականացումը։ Կա վկայություն, որ մինչ օդանավակ մտնելը Բլանշարն ասել է․ «Լավ է, բայց սա վերջին անգամն է» («Allons, ce sera pour la dernière fois»)[26]։

Ժամը 22։00-ին (աղբյուրները տարբեր ժամանակ են մատնանշում) Սոֆին սկսել է իր թռիչքը՝ բարձրացնելով սպիտակ դրոշ։ Նա հագել էր սպիտակ զգեստ և դրել ջայլամի փետուրներով սպիտակ գլխարկ։ Ուժեղ քամի է փչել, և թվացել է, թե այն օդապարիկը օդ կհանի։ Ցած նետելով ծանրությունը՝ Բլանշարը կառավարել է բարձրացման արագությունը, սակայն օդապարիկը ամրացել է ծառին։ Երբ գունդը բարձրացել է ծառերից վեր, Բլանշարը սկսել է ցուցադրությունը՝ թափահարելով դրոշակը։ Օդապարիկը լուսավորվել է զամբյուղներով, որոնք պարունակում էին բենգալյան կրակներ, դանդաղ վառվող գույնզգույն միջոցներ[27]։

 
Սոֆի Բլանշարի մահը (1869)

Ցուցադրությունը սկսելուց կարճ ժամանակ անց օդապարիկը բռնկվել է։ Ներկաները հաղորդում են, որ օդապարիկը վայրկենաբար ծածկվել է ամպով և երբ կրկին երևացել է, արդեն եղել է կրակի մեջ։ Բլանշարը սկսել է արագորեն ցած իջնել, սակայն օդապարիկը քամուց քշվել է Տիվոլի այգիների կողմն ավելի արագ, քան այն կիջներ։ Որոշ հանդիսատեսներ մտածել են, որ կատարվածը ցուցադրության մաս է և խրախուսական բացականչություններ են ուղղել Սոֆիին[28]։ Օդապարիկը չէր բարձրացել բավական բարձր, և չնայած գազն այրվում էր, նրա ծավալը, այնուամենայնիվ, բավարար չէր ևս որոշ ժամանակ բարձրանալու համար, ինչը թույլ չէր տալիս, որ օդանավակն ընկնի։ Արագ նետելով ծանրությունը՝ Սոֆի Բլանշարը կարողացել է դանդաղեցնել անկումը։ Ներկաների մեծ մասը հաղորդում է, որ վայրէջքի պահին Սոֆին բավական հանգիստ է եղել, սակայն գետնին մոտենալու ժամանակ զգացվել է, որ նա հուսահատությունից բռունցքներն է սեղմում[26]։ Հետագայում տարածում գտած լուրերի համաձայն՝ նա այնքան ամուր է կառչել օդանավակից, որ «նրա երակները պայթում էին գործադրված ջանքերից»[29]։

Միայն Ռյու դե Պրովանսի տանիքների վրա օդապարիկի գազը վերջացել է և այն ընկել է տներից մեկի տանիքին։ Թվում է, թե Բլանշարը կենդանի կմնար, և դժբախտությունը հետևում է մնացել, սակայն օդանավակը պահող ճոպանները վառվել են դեռևս կրակի մեջ գտնվող օդապարիկից, իսկ Սոֆի Բլանշարը հայտնվել է ճոպանների թակարդում, ինչի հետևանքով էլ տանիքից ընկել է կամրջակին։

  Սոսկալի դադար եղավ, երբ տիկին Բլանշարը, խճճվելով իր օդապարիկի ճոպանների մեջ, ընկավ Ռյու դե Պրովանսի տներից մեկի տանիքին, ապա կամրջակին, որտեղից հետո դուրս բերվեց նրա ջարդված մարմինը։
-
 

Որոշ ներկաներ Սոֆիի «օգնությու՜ն» («À moi!», բառացի՝ «դեպի ինձ») բղավոցը վերագրում են այն պահին, երբ նա ընկել է տանիքին[31]։ Չնայած այն բանին, որ շատերն են նետվել օգնության՝ փորձելով փրկել կնոջը, Սոֆին մահացել է ընկնելուց անմիջապես հետո կամ ամենաշատը տասը րոպե անց։

Դժբախտ պատահարի առավել հավանական պատճառը, ինչպես ենթադրում են, եղել է հրավառությունը։ Բացի այդ՝ նրա օդապարիկը, ամենայն հավանականությամբ, ծառերից վնասվել է դեռևս օդ բարձրանալիս։ Հնարավոր է նաև, որ օդապարիկը շատ է բարձված եղել և չի կարողացել բավականաչափ արագ վեր բարձրանալ։ Երբ նա վառել է պատրույգը, հրավառությունն ուղղվել է օդապարիկին, փոխանակ նրանից հեռանալու։ Կայծն այդ պահին կարող էր ընկած լինել կտորի մակերևույթին, որի հետևանքով էլ գազն այրվել է։ Հանդիսատեսներից մեկը, որոշ վկայությունների համաձայն, նկատել է խնդիրը և բղավելով ասել նրան այդ մասին, սակայն նրա ձայնը խլացել է ամբոխի հիացական բացականչությունների մեջ[26]։ Ավելի ուշ ենթադրվել է, որ Սոֆին բաց է թողել փողրակը, ինչի հետևանքով էլ կրակի կայծերն ընկել են գազի մեջ, կամ նրա օդապարիկն ունեցել է թերություն, և գազը թռիչքի ժամանակ արտահոսել է[6]։

Հետևանքներ խմբագրել

Նորիջ Դաֆը, որ եղել է Սոֆի Բլանշարի թռիչքի ու մահվան վկան, գրել է․

  Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի տպավորություն է գործել այս սարսափելի դժբախտ պատահարը, որ տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ, որոնք տոնական տրամադրություն ունեին և հավաքվել էին զվարճանալու ակնկալիքով։
-
 

Սոֆի Բլանշարի մահվան լուրն իմանալուց հետո Տիվոլի այգու սեփականատերերը հայտարարել են, որ մուտքի համար վճարված գումարը կփոխանցվի Սոֆիի երեխաներին։ Բացի այդ՝ որոշ հանդիսատեսներ սկսել են նվիրաբերություն հավաքել Տիվոլի այգու մուտքի մոտ[32]։ Արդյունքում հավաքվել է 2,400 ֆրանկ, սակայն շուտով պարզվել է, որ Սոֆին երեխաներ չունի, և հավաքված գումարը օգտագործել են Պեր Լաշեզ գերեզմանատանը նրա դամբարանին այրվող օդապարիկով ու իր պատկերով արձան կանգնեցնելու համար։ Պատվանդանին գրված է․ «Իր արվեստի ու խիզախության զոհը» («victime de son art et de son intrépidité»)[6]։ Գումարի մնացորդը՝ մոտ 1,000 ֆրանկ, նվիրաբերվել է լյութերական եկեղեցուն, որի հետևորդն է եղել Սոֆին[10]։ Նա հարուստ չի դարձել, չնայած մահվան պահին արդեն ամուսնուց մնացած պարտքեր չուներ և նյութապես ապահովված էր։ Նրա ամեն թռիչքը մոտ 1,000 ֆրանկի եկամուտ է բերել՝ չհաշված հենց օդապարիկի ու նրա շահագործման արժեքը։ Սոֆին 1,000-50,000 ֆրանկի չափով գումար է թողել իր ծանոթներից մեկի դստերը[10][33]։ Իր կյանքի ընթացքում Սոֆի Բլանշարն իրականացրել է 67 թռիչք։

Սոֆի Բլանշարի մահվան պատմությունը հայտնի է դարձել ողջ Եվրոպայում։ Ժյուլ Վեռնը նրան հիշատակել է իր «Հինգ շաբաթ օդապարիկով» վեպում, իսկ Դոստոևսկին իր «Խաղամոլը» վեպում ազարտային խաղի ժամանակ ունեցած տպավորությունները համեմատել է այն նույն ապրումների հետ, որոնք, հնարավոր է, ունեցել է Սոֆին թռիչքի ժամանակ։

Շարժիչներով օդպարիկների ի հայտ գալուց հետո Սոֆի Բլանշարի պատմությունը հետզհետե մոռացվել է՝ մտնելով ավիացիայի պատմության մեջ։ 2006 թվականին հրատարակվել է Լինդա Դոնի «Փոքրիկ օդագնացը» վեպը՝ Սոֆի Բլանշարի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb16544031x
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Beaumont F. M. Manuel et itinéraire du curieux dans le cimetière du Père la Chaise (ֆր.)Paris: 1828. — P. 128.
  5. Paix C. Mère Lachaise (ֆր.): 100 portraits pour déterrer le matrimoine funéraireParis: Cambourakis, 2022. — 128 p. — ISBN 978-2-36624-648-3
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Marck 2006, p.70-1.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Lynn 2006, p.132.
  8. 8,0 8,1 8,2 Walker 2004, pp.50-3.
  9. Brown 1801, pp.207-8.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Michaud 1854, pp.415-6.
  11. Walsh 1913, pp.11-12.
  12. Turgan 1831, p.170.
  13. Figuier 1859, p.239.
  14. 14,0 14,1 Maceroni 1838, p.41.
  15. Hoefer 1857, p.499.
  16. Martin 200, p.135.
  17. Smucker 1857, p.249.
  18. de Saint-Amand [1890] 2004, p.270.
  19. Peltier 1814, p.391.
  20. Newman 1945, p.513.
  21. Select Reviews 1812, p.176.
  22. Wason 1897, p.82.
  23. Shayler 2005, p.10.
  24. Yonge 1858, p.57.
  25. «Бланшар, Франсуа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  26. 26,0 26,1 26,2 Ireland 1822, p.402.
  27. Gentleman’s Magazine 1819, p.76.
  28. Marion [1870] 2004, p.99.
  29. Mathews 1839, p.65.
  30. Poole 1838, p.80.
  31. Turgen 1831, p.145.
  32. 32,0 32,1 Duff 1819.
  33. Lesur 1820, p.651.

Գրականություն խմբագրել

  • De Saint-Amand, Imbert The Happy Days of the Empress Marie Louise. — Kessinger Publishing Co., 2004. — С. 396.
  • Figuier, Louis Les Grandes Inventions Scientifiques et Industrielles Chez les Anciens et les Modernes. — Paris: Hachette, 1859. — С. 304.
  • Hoefer Nouvelle Biographie Générale. — Paris: Firmin Didot freres, 1857. — С. 960.
  • Ireland, William Henry France for the Last Seven Years. — London: G. and W. B. Whittaker, 1822. — С. 439.
  • Lesur, C. L. Annuaire Historique Universel Pour 1819. — Paris, 1820. — С. 768.
  • Lynn, Michael R. Popular Science And Public Opinion in Eighteenth-century France. — Manchester University Press, 2006. — С. 177.
  • Maceroni, Francis Memoirs of the Life and Adventures of Colonel Maceroni. — London: John Macrone, 1838. — С. 509.
  • Marck, Bernard Le Rêve de Vol. — Toulouse: Le Pérégrinateur Editeur, 2006. — С. 216.
  • Marion, Fulgence Wonderful Balloon Ascents Or The Conquest Of The Skies. — Kessinger Publishing Co, 2004. — С. 124.
  • Martin, J. The Almanac of Women and Minorities in World Politics. — Harper Collins, 2000. — С. 466.
  • Mathews, Charles Memoirs of Charles Mathews, Comedian. Volume III. — London: Richard Bentley, 1839. — С. 650.
  • Mellen, Grenville Sad Tales and Glad Tales. — Boston: S. G. Goodrich, 1825. — С. 185.
  • Michaud, Louis Gabriel Biographie Universelle Ancienne et Moderne. — C. Desplaces, 1854. — С. 700.
  • Newman, Ernest Stories of the Great Operas and Their Composers. — Philadelphia: Blakiston, 1945. — С. 889.
  • Poole, John Crotchets In the Air; or; an (Un) Scientific Account of a Balloon-Trip. — London: Henry Colburn, 1838. — С. 98.
  • Saunders, Frederick Salad for the Solitary. — Lamport, Blakeman and Law, 1853. — С. 284.
  • Shayler, David J. Women in Space - Following Valentina. — Springer, 2005. — С. 410.
  • Smucker, Samuel Mosheim Memorable Scenes in French History: From the Era of Cardinal Richelieu to the Present Time. — Miller, Orten, and Co., 1857. — С. 385.
  • Turgan, Julien Les Ballons: Histoire de la Locomotion Aérienne Depuis son Origine jusqu'a nos Jours. — Plon Frères, 1831. — С. 208.
  • Walker, Mike Powder Puff Derby: Petticoat Pilots and Flying Flappers. — Wiley, 2004. — С. 304.
  • Walsh, William A Handy Book of Curious Information. — London: Lippincott, 1913. — С. 942.
  • Wason, Charles William Annual Register. — Baldwin, Cradock and Joy, 1897.
  • Yonge, Charlotte Mary Marie Thérèse de Lamourous, a Biography. — London: John W. Parker and Son, 1858. — С. 131.

Աղբյուրներ խմբագրել

  • Brown, Charles Brockden The Literary Magazine, and American Register (und). — Philadelphia: Thomas and George Palmer, 1808. — Т. VIII. — С. 336.
  • Canadian Aviation Museum (2004). «The Balloon Era» (PDF). Canadian Aviation Museum. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին.
  • Dickens, Charles Household Words: A Weekly Journal (und). — New York: Dix and Edwards, 1853. — Т. 7.
  • Duff, Norwich (1819 թ․ հունիսի 7). «Extract from the journal of Norwich Duff». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
  • Gentleman's Magazine Abstract of Foreign Occurrences (und) // Gentleman's Magazine. — F. Jefferies, 1819. — Т. LXXXIX. — № 12. — С. 96.
  • Peltier, Jean-Gabriel Entrée Solennelle de Louis XVIII dans sa Capitale (French) // L'ambigu. — London: Schulze and Dean, 1814. — Т. XLV. — № 400.
  • Select Reviews of Literature Miscellaneous: Madame Blanchard (und) // Select Reviews of Literature, and Spirit of Foreign Magazines / Enos Bronson. — Philadelphia: John F. Watson, 1812. — Т. VIII. — № XLIV. — С. 184.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Բլանշար» հոդվածին։