Սուրեն Շահվերդյան (բեմադրիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Շահվերդյան (այլ կիրառումներ)

Սուրեն Վահեի Շահվերդյան (ապրիլի 24, 1977(1977-04-24), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բեմադրիչ, ռեժիսոր։

Սուրեն Վահեի Շահվերդյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1977(1977-04-24) (46 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1999)
Մասնագիտությունռեժիսոր
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Ծնողներհայր՝ Վահե Շահվերդյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Շահվերդյանը ծնվել է 1977 թվականին Վանաձոր քաղաքում։ 1994-1999 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում[1]։ 1999 թվականին, որպես դիպլոմային աշխատանք, Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ Ցանկությունը»։ 2000 թվականին այս ներկայացումը մասնակցել է Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացվող «Շերմուկշնիս» փառատոնին և արժանացել մրցանակի։ 2002 թվականին, պարտադիր ծառայությունն անցնելուց հետո, Սուրեն Շահվերդյանը Սունդուկյանի անվ.ան թատրոնում բեմադրել է «Բուրատինոյի արկածներ» մանկական ներկայացումը։ 2002 թվականից Հայկական երկրորդ հեռուստաալիք վարում է «Չէին սպասում», իսկ 2012 թվականից՝ նաև «Քաղցած սպասում էին» հաղորդումները։ 2003 թվականին բեմադրել է «Ցելոֆանե երջանկություն» (ըստ Կարինե Խոդիկյանի) մոնոներկայացումը, որը նույն թվականին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնում արժանացել է մրցանակի։

2004 թվականին Սուրեն Շահվերդյանը Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Սառա Քեյնի «Փսիխոզ 4:48» ներկայացումը։ Այս ներկայացումը մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների. 2004 թվականին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում անցկացվող «Սիբ-Ալտերա» փառատոնին, այնուհետև Իրանի Ահվազ քաղաքում «Իրանզամին» 6-րդ թատերական միջազգային փառատոնին, որտեղ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2005 թվականին մասնակցել է Մոսկվայի «Չեխովյան» միջազգային թատերական փառատոնին, նույն թվականին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում «Սևծովյան երկրների 6-րդ միջազգային թատերական փառատոնին»։ Այնուհետև ներկայացումը «Լավագույն ռեժիսորի» մրցանակին է արժանացել Եգիպտոսում՝ Կահիրեի «Միջազգային փորձարարական թատրոնի» փառատոնում 2006 թվականին։ 2008 թվականին մասնակցել է Ռումինիայում «Բաբել ֆեսթ» միջազգային թատերական փառատոնին։ 2012 թվականին «Փսիխոզ 4:48-ը» ներկայացվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում «Բունտե-Բունե» միջազգային թատերական փառատոնին։

2006 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում Սուրեն Շահվերդյանը բեմադրել է Լուկաս Բերֆուսի «Մեր ծնողների սեռական նևրոզները»։ 2007 թվականին «Թատրոն 8-ի» հետ Շահվերդյանը բեմադրել է «Աղախիններ» պլաստիկ դրաման՝ ըստ Ժան Ժենեի համանուն պիեսի։ Ներկայացումը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների. 2008 թվականին՝ Տրապիզոնի «Սևծովյան երկրների 9-րդ միջազգային թատերական փառատոնին», 2009 թվականին՝ Տռգովիշտեի «Բաբել ֆեսթ» փառատոնին, 2009 թվականին՝ Բելառուսի Բրեստ քաղաքում «Բելավա վեժա» միջազգային թատերական փառատոնին։ 2010 թվականին Պրահայի «Ապոստրոֆ» միջազգային փառատոնում ներկայացումն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2010 թվականին «Աղախինները» մասնակցել է նաև Շտուտգարտի «Բունտե-Բունե» 21-րդ միջազգային թատերական փառատոնին, 2011 թվականին ԱՄՆ-ի Ալբուկերկե քաղաքում մասնակցել է «Ռեվոլուշնզ» միջազգային թատերական փառատոնին, իսկ 2012 թվականին՝ Լիտվայի Ռոկիշկիս քաղաքում «Ինտեր Ռամպա» թատերական փառատոնին։ 2013 թվականին ներկայացումը բեմադրվել է Նիդերլանդների մի քանի քաղաքներում։ 2016 թվականին «Աղախինները» մասնակցել է Տռգովիշտեի «Բաբել ֆեսթ» փառատոնին։

2009 թվականին Սուրեն Շահվերդյանը աշխատել է Ռումինիայում՝ Տոնի Բուլանդրայի թատրոնում։ Այնտեղ բեմադրել է «Սիրահարված Հիտլերը» ներկայացումը։ 2009 թվականին այն նույնպես ցուցադրվել է Տրապիզոնի «Սևծովյան երկրների 10-րդ միջազգային թատերական փառատոնում»։ Այնուհետև նույն՝ 2009 թվականին «Սիրահարված Հիտլերը» մասնակցել է Պրահայի «Ապոստրոֆ» միջազգային փառատոնին՝ արժանանալով երկրորդ մրցանակի։ Նույն թվականին ներկայացումը մասնակցել է Իտալիայի Հռոմ քաղաքում "Teatro delle Emozioni Performance" փառատոնին, Չինաստանի Շանհայ քաղաքում «Միջազգային ժամանակակից թատերական փառատոնին», Շտուտգարտի «Բունտե-Բունե» 20-րդ միջազգային թատերական փառատոնին։ 2016 թվականին «Սիրահարված Հիտլերը» մասնակցել է Մոսկվայի «Սոլո փառատոնին»։

2009 թվականին Ռումինիայի Տոնի Բուլանդրայի թատրոնում բեմադրվել է Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ Ցանկություն»-ը։ Ներկայացումը 2010 թվականին մասնակցել է Տրապիզոնի «Սևծովյան երկրների միջազգային թատերական փառատոնին»։

2012 թվականին բեմադրել է «Ես կին եմ» (Ա. Գևորգյան) ներկայացումը «Թատրոն 8-ի» հետ։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի տարբեր քաղաքներում։

2015 թվականին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է «Սև դառը շոկոլադ» (Է. Պետրոսյան) ներկայացումը։ Ներկայացումը 2016 թվականին բեմադրվել է Բելգիայի Բրյուսել քաղաքում։ 2015 թվականին մասնակցել է «Հանի-մանի» ֆիլմի նկարահանումներին, եղել ֆիլմի երկրորդ ռեժիսորը, 2017 թվականին՝ «Նա ասաց՝ մայրիկ» ֆիլմի երկրորդ ռեժիսորը։

2016 թվականին Սուրեն Շահվերդյանը Ռումինիայի Տոնի Բուլանդրայի թատրոնում բեմադրել է Ուիլյամ Շեքսպիրի «Օթելոն», որը նույնպես մասնակցել է «Բաբել ֆեսթ» փառատոնին և արժանացել «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2016 թվականին այն մասնակցել է նաև Ռումինիայի Բայա Մառե քաղաքում «Ատելիեր» միջազգային փառատոնին, Կոստանցա քաղաքում՝ "Miturile Cetatii" փառատոնին, Բուխարեստի "FESTin pe Bulevard" փառատոնին, որտեղ նույնպես արժանացել է մրցանակի։ 2017 թվականին Ռումինիայի Ռեսիտա քաղաքում "Theatre as a Street" փառատոնին է մասնակցել, ինչպես նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Անթալիայի միջազգային թատերական փառատոնին», Լեհաստանի Կրակով քաղաքում՝ "ULICA" միջազգային փառատոնին, Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում՝ "ST BOMB" և Տեջոն քաղաքի «Տեջոն» միջազգային փառատոնին։ 2018 թվականին «Օթելոն» մասնակցել է Ռումինիայի Կրայովա քաղաքում անցկացվող «Շեքսպիրյան» փառատոնին, Չեխիայի Օստրավա քաղաքում՝ «Դրիմ ֆաքթորի» միջազգային փառատոնին։

2018 թվականին Սուրեն Շահվերդյանը Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ Ցանկություն» պիեսը բեմադրել է երրորդ անգամ, այս անգամ Երևանի Հ. Ղափլանյանի անվան թատրոնում։ Նույն՝ 2018 թվականին, Ռումինիայում բեմադրել է «Կարմեն» պլաստիկ դրաման Պրոսպեր Մերիմեի համանուն պատմվածքի հիման վրա։

Ընտանիք խմբագրել

Ունի երկու զավակ։

Բեմադրած ներկայացումներ խմբագրել

  • «Տրամվայ «Ցանկություն»
  • «Բուրատինոյի արկածները»
  • «Ցելոֆանե երջանկություն»
  • «Փսիխոզ 4.48»
  • «Մեր ծնողների սեքսուալ նեվրոզները»
  • «Աղախիններ»
  • «Սիրահարված Հիտլերը»
  • «Ես կին եմ»
  • «Սև դառը շոկոլադ»
  • «Տրամվայ «Ցանկություն»
  • «Օթելո»
  • «Կարմեն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Սուրեն Շահվերդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել