Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, քանդված հայկական եկեղեցի Ուկրաինայի արևմտյան հատվածում՝ Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։ Սկզբնական շրջանում գտնվում էր հայ առաքելական եկեղեցու վերահսկողության և տնօրինության տակ և ծառայում առաքելական համայնքին։ 17-րդ դարից այն վերածվում է կաթոլիկ եկեղեցու։ Նույն դարում եկեղեցուն կից կառուցվել է զանգաշտարակ։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՈւկրաինա Կամենեց-Պոդոլսկ
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճԳոթիկա
Կառուցման սկիզբ15-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 St. Nicholas Armenian church complex, Kamianets-Podilskyi Վիքիպահեստում

1767-1920 թվականներին կաթոլիկ և առաքելական հայերը այստեղ պահպանել էին հայկական սուրբ Տիրամոր սրբապատկերը։ Այն ստեղծվել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում և այնտեղ են տարել Լեհաստան և Ուկրաինա արտագաղթած հայերը։ Սրբապատկերը կարևոր է ոչ միայն հայերի,այլև լեհերի, ուկրաինացիների, մոլդավների, ռուսների և այլոց համար։ Այն այժմ գտնվում է Կիևի Բոգդանի և Վարվարայի թանգարանում։ Այդ առթիվ եկեղեցին երբեմն կոչում էին սուրբ Աստվածամայր[1]:

Հայրենական Մեծ պատերազմից հետո Արևմտյան Ուկրաինան միանում է Ուկրաինական ԽՍՀ-ին։ Խորհրդային Միության տարիներին եկեղեցին պայթեցվում է։ Կանգուն է մնում միայն 17-րդ դարում կառուցված զանգաշտարակը և եկեղեցու մուտքի կամարները։

Պատմություն խմբագրել

 
Կամենեց-Պոդոլսկի ամրոց

Կամենեց-Պոդոլսկում հայկական գաղթավայրի հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ։ Տարբեր գնահատումներով՝ հայերը այստեղ հաստատվել են 11-րդ դարից սկսած, երբ կործանվել է Բագրատունիների հայկական թագավորությունը[2]։ Դեպի Ուկրաինա և Լեհաստան հայկական նոր խմբեր են հաստատվում Զաքարյան Հայաստանի անկումից հետո՝ 13-րդ դարում[3]։

17-րդ դարում քաղաքում կար 1200 հայկական ընտանիք[4]։ Կազմելով Կամենեց-Պոդոլսկի բնակչության զգալի մասը[3]՝, հայերը կարևոր դեր են խաղում նրա մշակութային, տնտեսական և ռազմական կյանքում։ Նրանք բնակվում են գլխավորապես քաղաքի հարավարևմտյան հատվածում։ Մինչ այժմ պահպանվում է հայկական թաղամասը որը հայտնի է որպես «Армянский»։ Այստեղ գտնվում էր հայկական շուկան՝ «Армянский рынок», ինչպես նաև հայկական վանքեր ու դպրանոց, որոնք չեն պահպանվել մինչև մեր օրերը[4]։

Հայկական շուկայից բացի հայ համայնքի հետ քաղաքը կապված է այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Հայկական միջնաբերդն ու Հայկական ջրհորը։

Եկեղեցու պատմություն խմբագրել

 
Հայկական սուրբ Տիրամոր սրբապատկերը

Սուրբ Նիկողայոս եկեղեցին (13-14-րդ դարեր), որը Կամենեց-Պոդոլսկի ամենաառաջին հայկական եկեղեցին էր, չէր կարողանում բավարարել հայկական աճող համայնքի հոգևոր կարիքները։ Այն չափերով փոքր եկեղեցի էր, և հայերը փորձում են կառուցել նոր եկեղեցի։ 15-րդ դարում հայկական թաղամասի կենտրոնում՝ որտեղ խաչվում էին երկու հայաբնակ փողոցներ, կառուցվում է հայկական նոր եկեղեցի, որին դարձյալ տրվում է հրաշագործ սուրբ Նիկողայոսի անունը։

Եկեղեցու վրա գրված էր[4].

 
- Սինանը սկսեց կառուցել այս սուրբ տաճարը՝ հանուն հրաշագործ պատրիարք Նիկոլայ հրաշագործի։ Ապա Ղըրըմ բեյը կառուցում է գմբեթ և տեղադրում ոսկեզօծ խաչ՝ եկեղեցու վրա, իսկ Խաչիկը մեծացնում է եկեղեցին
 

Եկեղեցու գոյության ընթացքում այն պարբերաբար վերակառուցվել ու վերանորոգվել է։ 1565 թվականին կառուցվում է Սուրբ Ստեփանոս զանգակատունը կամ ժամատունը, որը այդպես էր կոչվում՝ համանուն հայկական եկեղեցու շնորհիվ։ Այն ուներ երկու մեծ զանգ, որոնցից մեկը եկեղեցուն էր նվիրել Խաչատուր եպիսկոպոսը, իսկ մյուսը՝ Գրիգորը, ով շարունակում էր զանգակատան կառուցումը։ 1577 թվականին Միհնո անունով դատավորը Կաֆայի հայ վաճառական Անդրեաս խոջայի և Գրիգոր վարդապետ Վարագեցու միջոցներով կառուցում է տաճար՝ ներքին պատկերասրահով ու քահանայի կացարանով։ 1601 թվականին ընդլայնվում են եկեղեցու տարածքները ու շինությունները։ Մեկ տարի անց եկեղեցու շուրջ քարե պատնեշ է շարվում[4]։

 
Զանգակաշտարակը և կամարները. ժամանակակից տեսք

1602 թվականին քաղաքում տեղի է ունենում մեծ հրդեհ, որը այրում է գրեթե ամբողջ Կամենեց-Պոդոլսկը։ Դրա արդյունքում ավերածություններ է կրում նաև հայկական եկեղեցին։ Հայկական համայնքի միջոցներով եկեղեցին շուտով վերականգնվում է։ Բարեգործ հայերի անունները փորվում են մարմարե սալիկների վրա, որոնք ամրացվել են եկեղեցու պատերին։ Որպես նվիրատվություն հանձնվել են ոչ միայն խաչեր ու զարդեր, այլև ոսկյա իրեր ու սրբապատկերներ։ Եկեղեցուն նվիրվում են նաև ձեռագիր գրքեր, որոնք հարստացնում են նրա գրադարանը[4]։

1666 թվականին Լեհաստանում տարածվող կաթոլիկացման քաղաքականության հետևանքով եկեղեցին անցնում է հայ կաթոլիկներին[5]։ 1672 թվականին քաղաքը գրավում են թուրքերը։ Թուրքական տիրապետությունը տևում է ավելի քան քառորդ դար՝ մինչև 1699 թվականը, որի ընթացքում հայկական եկեղեցին լրջորեն տուժում է։ Վերականգնողական աշխատանքները սկսվում են 1756 թվականի հունիսի 28-ին և ավարտվում 1767 թվականի հուլիսի 1-ին։ Հայկական տարբեր համայնքների միջոցներով վերակառուցված եկեղեցին տեղացի հայ եպիսկոպոս Յակով Թումանցին 1791 թվականի հուլիսի 27-ին եկեղեցին որպես կաթոլիկ է օծում։

Եկեղեցին ուներ ութանկյուն գմբեթ, գլխավոր խորանը գտնվում էր արևելյան մասում։ Այն զարդարված էր հունահռոմեական ոճով։ Եկեղեցու շենքը երեք կողմից շրջապատված էր փակ պատկերասրահով, որը միաժամանակ տեղի հայերի հավաքատեղին էր։

Այստեղ պահվում են համայնական նշանակության կարևոր փաստաթղթեր, լեհական թագավորների կողմից ստացած պատվոգրեր, ձեռագիր մատյաններ, որոնք 1891 թվականին տեղափոխվում են Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ[6]։

Խորհրդային իշխանությունների ժամանակ եկեղեցին պայթեցվում է, և թողնվում են միայն զանգաշտարակը և կամարները[7]։

2014 թվականի հունիսի 27-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանս, որտեղ քննարկվել են կազմակերպության մի շարք կարևոր հարցեր։ Կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել Սուրբ Նիկողայոսի մայր տաճարի հանձնումը հայկական կրոնական համայնքին։ Հայ Առաքելական Եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը Սուրբ Ստեփանոս զանգակատանը մատուռի օծման արարողություն է անցկացրել[8]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Григорян В. Р. «История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии). Ер.: Издательство АН Арм. ССР, 1980—292 с
  2. «Дроздовська А., Вірменська дзвіниця, Хмельницький, 1983». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  3. 3,0 3,1 Григорян В. Р., «История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии), Ер.: Издательство АН Арм. ССР, 1980
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Шкурко С., Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске, Ереван, 1968» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Н.Б.Петров Отчет об археологических исследованиях армянского Николаевского храма XV-XVIII в.в. в г.Каменце-Пoдольском (рус.). — Хмельницький. Архивировано из первоисточника 24 января 2013.
  6. «Сецинский Е. И. «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» (Каменец-Подольск, 1895); стр. 80-81». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Կամենեց-Պոդոլսկի հայկական հուշարձանները այլազգիների աչքերով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Ուկրաինական Կամենեց-Պոդոլսկում Սուրբ Ստեփանոսի զանգակատանը մատուռ է օծվել