Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ)

հայկական եկեղեցի Գառնահովիտ գյուղում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի, 7-րդ դարի հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում։ Ընդգրկված է Գառնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳառնահովիտ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Կազմված էԽաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint George, Garnahovit Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կառուցված է հավանաբար Ներսեհ պատրիկ Կամսարական հայոց իշխանի հովանավորությամբ, իսկ ճարտարապետը եղել է Վարդեսը, ով հավանաբար Մամիկոնյան նախարարական տանից էր։ Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում[2]։

Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ[2]։

Խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները եկեղեցու դեկորատիվ հարդարանքի մաս են կազմում[3]։

Նկարագրություն խմբագրել

Թորոս Թորամանյանը՝ տաճարի, տաճարի արտաքին եզրագծի իր չափագրությունը, արևմտյան ճակատի սեղանաձև հիմքով խորշերից մեկի և վերջինիս խորքում առկա զույգ սյունների մանրամասն գծագիրը, իր հայտնաբերած քարտաշ վարպետների 12 տիպի նշանների մասին, գրում է

  «Արագածի հարավ-արևմտյան բարձունքներուն վրա Թալինի շրջանի Փոքր գյուղի մեջ կանգուն է մի հոյակապ եկեղեցի անվրեպ 7-րդ դարու գործ. անհայտ է շինողը. արձանագրություններ չկան. ներքուստ խաչաձև է և անսյուն, լայնանիստ գմբեթ ունի։»
- Թորոս Թորամանյան, Աշխատությունների երկրորդ ժողովածու, Երևան, 1948 թվական, էջ 111
 
  «Ադիամանի եկեղեցին ներքին կողմեն շատ նմանություն ունի Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին, նույնիսկ գմբեթի մեջ շուրջանակի ունի մուլյուրներով շինված բոլորակ վարդաձևներու շարքը, շուրջանակի, արտաքուստ ամմեն կողմէ ունի խորշեր, բայց արևմտյան կողմը խորշերուն մեջ կեսեն քիչ ավելի բարձրությամբ կան զույգ սյուներ վրաները խոյակներով, խոյակներեն անմիջապես վերևը ուղիղ կիսաբոլորակ գոգավոր խորշ շինված է, կարծես արձաններ դնելու հատուկ, որոնց պատվանդաններ պիտի լինեին զույգ սյուները։ Այս կիսաբոլորակ խորշերեն մեկ հատ ալ շինված է արևելյան կողմը միջին ֆրանտոնին ներքև։ Քիվեր և պատուհաններու պսակներ ըստ ամենայնի 5-7-րդ դարու հատկանիշներեն ունին. հետաքրքրական են քիվի ճակատին վրա քանդակված զարդաքանդակները, որոնք շուշանածաղկի նմանություն ունին, իսկ այդ քանդակի ներքև երկրորդ մուլյուրի թեք հարթության վրա քանդակված է բարձրաքանդակ երկրաչափական մի ձև. որ ստալակտիտի երևույթն ունի։

Հարավային և արևմտյան կողմեն ունի երկու դուռ, որոնք արտաքուստ զույգ որմնասյուներու վրա պսակված աղեղներ ունին, զույգ սյուներու խոյակները և խարիսխները, նույն տիպն ունին, ինչն որ ուրիշ առհասարակ 7-րդ դարու շենքերուն վրա գտնված ձևերը։ Գմբեթն ալ ունի խորշեր։ Այս ձևին կպատկանի Մաստարայի եկեղեցվո գմբեթը, որը հազիվ 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Հավանորեն մեկզմեկե աղդված։ Արձանագրություններ չեն երևիև, հավանաբար կորած զանազան նորոգություններու ժամանակ, սակայն այնքան ալ լուրջ նորոգությանց հետքեր չեն երևեր. արևելյան ճակատին վրա կան քանի մը փակագիր արձանագրություններ։

Իսկ հարավային կողմը դռան աջ կողմի եռանկյունի խորշին մեջ կա շատ եղծված և անընթեռնելի դարձած արձանագրություն, որուն տառերուն ձևեն կենթադրվի, որ մոտավորապես 12-13-րդ դարերու տառեր են»
- Թորոս Թորամանյան, Աշխատությունների երկրորդ ժողովածու, Երևան, 1948 թվական, էջ 162-163
 

Ճարտարապետություն խմբագրել

Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին իր չորս խորաններով, չորս 3/4 խորշերով ու անկյունային չորս սենյակներով ամփոփված է 19,5 մետր երկարության և 15,7 մետր լայնության հատակագծային չափեր ունեցող ուղղանկյուն ծավալի մեջ։ Արևելյան և արևմտյան նախախորանները ունեն փոքր խորություն, երեք քարորդ խորշերը՝ մեծ տրամագիծ, գմբեթատակ քառակուսին՝ զգալի չափեր։

Անկյունային սենյակները ճիշտ քառակուսիներ են և իրենց արևելյան պատի վրա չունեն խորանաձև կլորացումներ։ Հարավ-արևելյան սենյակի հյուսիսային պատի վրա կա քառակուսի փոքր խորության խորշ, հյուսիս-արևելյան սենյակի հարավային պատի վրա նույնպիսի մի խորշ, որի հատակը, սակայն խորանում է հոծ պատի ներսում (այն եղել է գաղտնարան կամ գանձարան)։

Տաճարի մուտքերը երկուսնն են՝ արևմուտքից և հարավից։ Բոլոր խորաններն ունեն մեկական պատուհան։ Անկյունային սենյակներից արևելյան կողմիններն ունեն երկուական, արևմտյան կողմինները՝ մեկական պատուհան (արևնտյան պատի վրա)[4]։ Պատուհանները դեպի ներս առանձնապես շատ չեն լայնանում։

Արևելյան խորանում սեղանն ունի միջին բարձրություն․ տաճարի կենտրոնական մասի սալահատակից այնտեղ են բարձրանում երեքական աստիճաններով։ Բուն խորանը առաջանալով դուրս է գալիս խորանի և նախախորանի սահմաններից, ավելի քան մեկ մետրով։ Արևելյան խորանի առջևում առկա է «դաս» կոչվող հարթակը, որը մինչև տաճարի կենտրոնը հասնող մի կիսաշրջանաձև տարածություն է, ընդհանուր հատակից բարձրացած տասը սանտիմետրի սահմաններում։

Արևելյան կողմի սենյակների ու տաճարի կենտրոնական մասին հատակներն ունեն նույն բարձրությունը, մինչ արևմտյան կողմի սենյակների հատակները վերոհիշյալներից ցածր են 50-55 սմ։ Այդ սենյակների և 3/4 խորշերի միջև առկա է քսան սանտիմետր բարձրության և լայնության միջնորմ (այդտեղ աստիճանների հետքեր չկան)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 49. ISBN 99941-0-121-8.
  3. Սուրբ Գևորգ եկեղեցի
  4. Еремян А.Б. Храм Рипсиме, 1952 г., cтр 101

Արտաքին հղումներ խմբագրել