Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծինանդալ)

եկեղեցի

Ծինանդալ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Ծինանդալ գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Ծինանդալ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ծինանդալ գյուղի հայ համայնքը 1808 թվականից ունեցել է իր ծխական եկեղեցին՝ Սբ. Աստվածածին անվամբ։ Կառուցման վերաբերյալ հայտնի են որոշ մանրամասնություններ՝ «Աստ գոյ մատուռ մի սագաշէն կառուցեալ քարիւ և բռամբ, ի վերա հանգըստարանի, յանուն սրբոյ Աստուածածնայ, յամի 1808, արդեամբ վերոյիշեալ ազգին Լուարսաբեանց»[1]։

1852 թվականին եկեղեցին ունեցել է նորոգման կարիք՝ նախատեսվում էր ճակտոնի գագաթին զանգակատան կառուցել և եկեղեցու շուրջ պարսպապատել՝ «Ի գիւղն Ծինանդալ գտանին 4 տուն հայազգիք և ունին զեկեղեցի քարաշէն, բայց հնացեալ, զոր խոստանան նորոգել և կառուցանել ի յետ կոյս ըստ առաջնոյն զնորոգ, զանգակատուն՝ սեպհական ծախիւք, նոյնպէս և պարսպատ առնել քարուկրիւ զգաւիթ եկեղեցւոյն միայն այնու, զի տացի նոցա իրաւունք թաղելոյ զմեռեալս իւրեանց ի գաւթի անդ...»Հ[2]։

1853 թվականի մեկ այլ վավերագրից պարզ է դառնում, որ եկեղեցին հնությունից քայքայված է եղել, իսկ զանգակատունը նախատեսվել էր կառուցել ավելի վաղ գոյություն ունեցած ու քանդված զանգակատան տեղում՝ «Գիւղն Ծինանդալ հայազգի չորս տունք բնակիչք ունին զեկեղեցի քարաշէն հնացեալ և ուխտէն նորոգել զայն և յետկոյս գմբեթի շինել զզանգակատուն, որպէս և եղեալ է ի հնոց անտի և պարսպիլ զգաւիթ նորա քարուկիր պարսպաւ, եթէ ունիցին իրաւունս թաղելոյ զմեռեալ իւրեանց ի գաւիթ եկեղեցւոյն»[3]։

Գյուղի հայերի եկեղեցու բակում գերեզմանոց ունենալու ցանկության պատճառը եղել է հետևյալը՝ «Ծինանդալ գեղջ հայազգի ժողովուրդք խնդրագրով ծանուցեալ են նմա, թէ յառաջ քան զայս ունեցեալ են նոքա զգերեզմանատան տեղի առ եկեղեցեաւ իւրեանց հեռաւորութեամբ ի բնակչաց տեղւոյն երկու ասպարիզաւ, ուրանօր թաղեալ են մինչև ցայսօր ժամանակն զննջեցեալս իւրեանց, բայց վրացիք արգելեալ են նոցա թաղիլ զհանգուցեալս այնու պատճառաւ, թէ ի Ծինանդալ չգտանի յարմարաւոր տեղի հանգստարանի առ ի գնել, վասնորոյ վրացիք առնուն ի հայոց ժողովրդենէ առ իւրաքանչիւր ննջեցեալն 10 և երբեմն 15 մանէթ և այսպիսի եղանակաւ վարելով ընդ մերազնայս արկեալ են զնոսա ի մեծ նեղութիւն, այսու աղագաւ ժողովուրդք մեր ուխտին շրջապատել զնոյն գերեզմանատան տեղի և վերանորոգել զի նոյն տեղւոջ եղեալ եկեղեցին իւրեանց սեպհական ծախիւք և ապա թոյլ տացի նոցա անարգել թաղել անդ ի միջի պարսպին զմեռեալս»[3]։

1902 թվականին տեղի ունեցած հետևյալ դեպքը՝ «Ապրիլի 7-ին, Ծաղկազարդի տօնի օրը, Ծինանդալ գիւղում մի քանի վրացիներ, առաւօտեան ժամերգութեան ժամանակ դրսից կողպում են հայոց եկեղեցու դուռը և աղօթողներին քահանայի հետ ամբողջ մի ժամ բանտարկված պահում։ Իրանք հեռանում են։ Բանտարկված երկսեռ բազմութիւնը ճարահատեալ, եկեղեցու փոքրիկ պատուհանից իջեցնում է մի երեխայի, որի միջոցով գալիս են մարդիկ և այդ կալանաւորներին ազատում։ ...դէպքի առիթով գիւղի տանուտէրը ոչ արձանագրութիւն է կազմել և ոչ իշխանութեանը հաղորդել»[4]։

Եկեղեցին գործել է մինչև 1924 թվականի մարտի 16-ը, որից հետո փակվել է և դարձել անօգտագործելի[5]։

Եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին թաղածածկ միանավ կառույց է, կառուցված է անմշակ քարով, աղյուսով ու կրաշաղախով։ Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է։ Արևելյան կողմում խորանն է, առանց ավանդատների։ Արևմտյան ճակտոնի գագաթին նկատվում են զանգակատան մնացորդները։ Եկեղեցու որմերին արձանագրություններ չեն պահպանվել։ Արտաքին չափերն են՝ 7,18 x 5,20 մ։

Քահանա խմբագրել

Գյուղում ապրել ենփոքրաթիվ հայեր, որոնք քահանա չեն ունեցել, ինչպես մոտակա Տողնիան, Կոնդոլ և Շալաուր գյուղերի հայերը։ Նրանց բոլորին էլ հովվել են Թելավ քաղաքի քահանաները։ Այսպես, 1818 թվականին ծինանդալցի հայերի հոգևոր կարիքները հոգացել է Տեր Մարտիրոս Տեր-Սահակյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 16
  2. ԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2207, թ. 6
  3. 3,0 3,1 ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3166, թ. 4
  4. «Մշակ», 1902, № 88, էջ 3
  5. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ. 8

Արտաքին հղումներ խմբագրել