Սուրբծննդյան հաշտություն

Սուրբծննդյան հաշտություն (ֆր.՝ Trêve de Noël, անգլ.՝ Christmas truce), ռազմական գործողությունների ոչ պաշտոնական ընդհատման կարճ, բայց մեծ արձագանք գտած դեպք, որը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի Արևմտյան ճակատում, 1914 թվականին, ճրագալույցին և Սուրբ ծնունդին։ Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ (1914 թվական, դեկտեմբերի 25-ին) անգլիացի ու գերմանացի մի քանի զինվորներ սկսում են խրամատների միջով միմյանց հետ սուրբծննդյան շնորհավորանքներ ու երգեր փոխանակել, առանձին դեպքերում լարվածությունն այնքան է իջել, որ զինվորներն անցում էին սահմանագիծը, իրենց հակառակորդների հետ զրուցելու ու նրանց նվերներ փոխանցելու համար։ Ճրագալույցին ու Սուրբ Ծննդին երկու կողմերի զինվորները, ինպես նաև` փոքրաթիվ ֆրանսիացիներ, ինքնակամ դուրս են եկել չեզոք գոտի, որտեղ միմյանց են փոխանցել սննդամթերք ու հուշանվերներ։ Անց են կացվել նաև զոհվածների համատեղ թաղումներ, որոշ հանդիպումներ ավարտվել են համատեղ սուրբծննդյան երգերով։ Երկու կողմերի զինվորներն այնքան սիրալիր էին միմյանց հանդեպ, որ անգամ միասին ֆուտբոլ էին խաղում չեզոք գոտում։ Սուրբծննդյան հաշտությունն այդ պահին դիտարկվում էր որպես խաղաղության և մարդկության խորհրդանշական պահ և ժամանակակից պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկը։ Այն չէր տարածվում բոլորի վրա, ռազմաճակատի որոշ հատվածներում ռազմական գործողությունները շարունակվել էն նաև Սուրբ ծննդյան օրերին, իսկ որոշ հատվածներում հաշտեցումը շատ կարճ է եղել և դուրս չի եկել զոհվածներին թաղելու համար անհրաժեշտ օրերի ժամկետից։ Հաջորդ, 1915 թվականին զինվորների որոշ խմբեր նորից են համաձայնության եկել հակառակորդների հետ` Սուրբ ծննդյան օրերին կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն 1914 թվականի իրադարձությունների կրկնությունն արդեն չի եղել, մասամբ` երկու կողմերում հաստատված խիստ հրամանատարական վերահսկողության պատճառով, որով կտրուկ արգելվել է եղբայրացման ցանկացած դեպք։ Հաշտեցումները հատուկ էին ոչ միայն Սուրբ ծննդյան օրերին և ցույց էին տալիս «ապրիր և ուրիշներին թույլ տուր ապրել»-ու տրամադրությունները, երբ անմիջական մոտիկության վրա գտնվող հետևակ զորքերը դադարեցնում էին բացահայտ ագրեսիվ պահվածքն ու հաճախ սկսում էին փոքրիկ «եղբայրացումներ»` զրուցելով միմյանց հետ կամ իրար ծխախոտ փոխանցելով։ Որոշ հատվածներում պատահել են ռազմաճակատի որոշ հատվածներում կրակի դադարեցման դեպքեր, երբ մի կողմից դուրս են եկել չեզոք գոտի` զոհված զինվորների մարմինները վերցնելու։ Որոշ դեպքերում լուռ համաձայնություն է եղել չկրակելու հանգստացող, վարժություններ անող կամ տեսադաշտում աշխատող հակառակորդի վրա։

Բելգիայում, Իպրի մոտ տեղակայված խաչ` ի հիշատակ 1914 թվականի սուրբծննդյան հաշտության, 1999
Բրիտանացի և գերմանացի զինվորները չեզոք գոտում, սուրբծննդյան հաշտության ժամանակ

Նախապատմություն խմբագրել

Պատերազմի առաջին ամիսները հաջող էին Բելգիայի տարածքով Ֆրանսիայի վրա հարձակված գերմանական զորքերի վրա։ Գերմանացիները հասել էին Էնա գետի հովիտ, որտեղ ստեղծել էին պաշտպանողական դիրքեր։ Հաջորդ ճակատամարտում դաշնակիցների զորքերն ի վիճակի չէին ճեղքել գերմանական պաշտպանական գծերը, և ռազմական գործողություններն արագորեն դառնում են ռազմավարական փակուղի. կողմերից ոչ մեկը պատրաստ չէր զիջել, և երկու բանակներն էլ արագորեն սկսում են ամրացնել խրամատային համակարգերը։ Հյուսիսում, գերմանական բանակի գծից աջ, որոշակի ռազմաճակատային գիծ գոյություն չուներ, և երկու կողմերն էլ մի քանի անգամ փորձել են օգտագործել այդ «անցքը», որպեսզի միմյանց շրջանցեն, իսկ դրան հաջորդած Վազք դեպի ծով գործողության ժամանակ երկու կողմերն էլ մի քանի անգամ բախվել են, և յուրաքանչյուրը փորձել է առաջ շարժվել` սպառնալով ճակատի ծայրում գտնվող հակառակորդին։ Մի քանի ամսվա պայքարից հետո, որի ընթացքում բրիտանական զորքերը հեռացվել էին Էնա գետից ու շարժվել էին դեպի հյուսիս, Ֆրանդրիա, հյուսիսային կողմը վեր էր ածվել նույնանման փակուղու։ Նոյեմբերին ձևավորվել է չընդհատվող ռազմաճակատ, որն անցնում էր Հյուսիսային ծովից մինչև շվեյցարական սահման, երկու կողմում հակառակորդ զորքերը պատրաստում էին պաշտպանական դիրքեր[1]։

Սուրբծննդյան պատրաստություն խմբագրել

1914 թվականի Սուրբ ծննդյան նախօրերին եղել են մի քանի խաղաղ նախաձեռնություններ։ Սուրբծննդյան բաց նամակները, ուղղված «Գերմանիայի և Ավստրիայի կանանց», հանրայնորեն խաղաղության կոչ էին անում։ Դրանք ստորագրված էին 101 բրիտանացի կին-սուֆրաժիստների կողմից[2][3]։ Հռոմի պապ Բենեդիկտ 15-րդը 1914 թվականի դեկտեմբերի 7-ին պաշտոնական հաշտեցման կոչ է արել պատերազմող երկրների կառավարություններին[4]։ Նա ասել է, որ «զենքերը կարող են լռել գոնե մեկ օր, երբ երգում են հրեշտակները»[5]։ Այս փորձն, ամեն դեպքում, պաշտոնական մերժում է ստացել։

1914 թվականի Սուրբ Ծնունդ խմբագրել

Չնայած հաշտության վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել, մոտ 100 հազար բրիտանացի և գերմանացի զինվորներ մասնակցել են ռազմական գործողությունների ոչ պաշտոնական դադարեցմանն Արևմտյան ռազմաճակատի ամբողջ երկայնքով[6]։ Առաջին հաշտությունն սկսվել է 1914 թվականի դեկտեմբերի 24-ին, Սուրբ ծննդյան նախօրեին, երբ գերմանացի զորքերն սկսել են զարդարել Իպրի շրջանում գտնվող խրամատի հրապարակը։ Երկու կողմերից զինվորները տանից բազմաթիվ ծանրոցներ էին ստացել, որոնց մեջ բացի տաք հագուստը, կային նաև սուրբծննդյան նվերներ ու անգամ եղևնու ճյուղերով ծաղկաշղթաներ։ Գերմանացիներն սկսել են նրանից, որ մոմեր են դրել իրենց խրամատների ու զարդարված եղևնիների վրա (այդ գործընթացի լուսանկարները պահպանվել են) և շարունակել են տոնակատարությունը սուրբծննդյան երգերով։ Բրիտանացիները պատասխանել են իրենց երգերով։ Կողմերը շարունակել են միմյանց սուրբծննդյան բարեմաղթանքներ բացականչել։ Գերմանացի զինվորները հակառակորդներին շնորհավորել են անգլերենով. «A happy Christmas to you, Englishmen!» («Շնորհավոր Սուրբ Ծնունդ, անգլիացիներ»)։ Պատասխանը հնչել է այսպես. «Same to you, Fritz, but dinna o’er eat yourself wi' they sausages!» («Ձեզ նույնպես, Ֆրիցներ, շատ երշիկ չուտեք»)։ Դրանից հետո զինվորներն սկել են անցնել չեզոք գոտի, հանդիպումներ են եղել, որտեղ զինվորները կիսվել են փոքրիկ նվերներով` ուտելիքով, ծխախոտով, ալկոհոլով և հուշանվերներով։ Այդ երեկո հրետանին լռել է տարածքում։ Հաշտությունը հնարավորություն է տվել չեզոք գոտուց վերցնել զոհված զինվորների մարմինները` դրանք իրենց գոտիներում թաղելու համար։ Զինվորները զոհվածների համատեղ թաղումներ են կազմակերպել։ Եղբայրացումն, ամեն դեպքում, միանշանակ անվտանգ չի եղել, որոշ դեպքերում հակառակորդը կրակել է զինվորների վրա։ Շատ հատվածներում հաշտեցումը տևել է միայն սուրբծննդյան գիշերը, որոշ դեպքերում այն ձգվել է մինչև Նոր տարի[7]։ Այդ ժամանակ բրիտանական բանակում ծառայող Բրյուս Բարնսֆատերը գրել է[8]. «Ես հանուն որևէ բանի չէի կարող բաց թողնել այդ յուրահատուկ ու տարօրինակ Սուրբ Ծնունդը։ Ես նկատեցի մի գերմանացի սպայի` լեյտենանտի։ Ես կոլեկցիոներ եմ և նրան ակնարկեցի, որ հավանել եմ իր քորոցներից մի քանիսը։ Ես ունելիով մի քանի քորոց հանեցի նրա հագուստի վրայից ու դրեցի դրանք գրպանս։ Փոխարենը ես նրան տվեցի իմ քորոցներից երկուսը։ Ի վերջո, ես տեսա, որ մեր գնցարորդներից մեկը, որ մի քիչ վարսավիր է, կտրում է գերմանացի զինվորներից մեկի անբնական երկար մազերը»[9][10]։ Գեներալ սըր Հորացիո Սմիթ-Դորենը, բրիտանական 2-րդ կորպուսի հրամանատարը, իրադարձությունների մասին տեղեկացվելուց հետո խիստ նկատողություն է արել և հրաման է արձակել խստորեն արգելել ցանկացած ընկերական շփում գերմանական զորքերի հետ։ Հաշտեցման դեմ է եղել նաև այն ժամանակ բավարական 16-րդ պահեստային հետևակային գնդի երիտասարդ եֆրեյտոր Ադոլֆ Հիտլերը։

Հաշտությունից հետո խմբագրել

Հաջորդ ամիսներին հաշտության մի քանի փորձ է արվել. գերմանացիները փորձել են սպիտակ դրոշով լքել իրենց խրամատները 1915 թվականի Զատկի կիրակին, սակայն կանգնեցվել են բրիտանացիների կողմից նախազգուշացնող կրակոցներով, իսկ տարեվերջին, նոյեմբերին, սաքսոնյան զինվորները կարճաժամկետ բարեկամացել են լիվերպուլյան գումարտակի հետ։ Դեկտեմբերի սկզբին ի հայտ են եկել դաշնակիցների հրամանատարության հստակ հրամանները, որոնք արգելում էին ամեն տեսակ բարեկամությունները հակառակորդի հետ։ Առանձին բաժանմունքներին հրահանգ է տրվել արշավներ կազմակերպել և հարձակումներ կազմակերպել հակառակորդի դիրքերի վրա այդ օրը, իսկ հրետանին այդ օրը պետք է հատկապես ակտիվ աշխատեր ամբողջ ռազմաճակատով` հնարավորություն չտալով թշնամու հետ որևէ շփման։ Արգելքն ամբողջությամբ արդյունավետ չի եղել և որոշ կարճ հաշտեցումներ ամեն դեպքում եղել են։ Հաշտեցման ականատեսներից Լլեվելին Վին Գրիֆիտն ասում է, որ սուրբծննդյան երգերի գիշերային փոխանակումից հետո, Սուրբ ծննդյան լուսաբացին նա տեսել է «տղամարդկանց խմբեր երկու կողմերից, ովքեր տենդագին հուշանվերներ էին փոխանակում», ինչից հետո զինվորները կապվել են իրենց ղեկավարության հետ և առաջարկել այդ օրը դադարեցնել ռազմական գործողություններն ու ֆուտբոլ խաղալ։ Դա որևէ բանի չի հանգեցրել, բրիգադի հրամանատարը սպառնացել է կարգի խախտման հետևանքների համար և պնդել է վերսկսել փոխհրաձգությունը ցերեկային ժամերին։ Մեկ այլ ականատես, Բերտի Ֆելսթեդն ավելի ուշ հիշել է, որ մի մարդ թիմ է հավաքել ֆուտբոլի համար, խաղը բաց է եղել բոլորի համար, «այնպես որ, յուրաքանչյուր կողմից կարող էր խաղալ 50 հոգի»։ Հարևան հատվածում չեզոք գոտում զոհված զինվորներին թաղելու համար հաստատված կարճատև հաշտությունը պաշտոնական հետևանքներ է ունեցել. շոտլանդացի գվարդիականների հրամանատար սըր Իեն Կալխունը հանձնվել է ռազմադաշտային դատարանին` կանոնակարգը խախտելու համար։ Այն ժամանակ, երբ նա մեղավոր է ճանաչվել և մահվան է դատապարտվել «թշնամուն աջակցելու համար», դատավճիռը չեղյալ է հայտարարվել Գեորգ V թագավորի անձնական հրամանով, և Կալխունը շարունակել է պաշտոնավարել։ Պատերազմի հետագա տարիներին, 1916-1917 թվականներին, գերմանացիների հաշտության փորձերն անգլիացիների հետ որևէ հաջողություն չեն ունեցել։ 1916 թվականի Սուրբծննդյան հաշտության վկայությունը նախկինում հայտնի չէր պատմաբաններին և վերջերս է բացահայտվել։ 23-ամյա Ռոնալդ Մակինանն իր նամակում պատմել է հայտնի իրադարձության ժամանակ, որը տեղի է ունեցել 1916 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ գերմանացի ու կանադացի զինվորները միմյանց ուղղությամբ են ձգվել ու փոխանակել սուրբծննդյան շնորհավորանքներ ու նվերներ։ «Մենք նորից այստեղ ենք, ինչպես երգի մեջ է ասում», գրել է երիտասարդ զինվորը։ «Ես բավականին լավ Սուրբ Ծնունդ եմ անցկացրելէ հաշվի առնելով, որ ես ռազմաճակատում եմ։ Սուրբ Ծննդյան նախօրեն բավականին դաժան էր, ժամապահները մինչև գոտկատեղը ցեխի մեջ էին... Մենք Սուրբ Ծննդյան օրը չէինք կրակում, և մեր գերմանացի զինվորները բավականին սիրալիր էին։ Նրանք մոտենում էին մեզ, և մենք փոխանակում էինք մսի պահածոները ծխախոտով»։ Նամակն ավարտվում է Մակինանի խոսքով, որով նա նշում է, թե «Սուրբ Ծնունդը շատ լավ է անցել»։ Մակինանը կարճ ժամանակ անց սպանվել է Վիմի-Ռիջի ճակատամարտում։ Հետագա տարիներին Սուրբ Ծննդյան նախօրեին հրաման էր լինում ուժեղացնել հրետանու կրակողները` արգելելու ռազմական գործողությունների դադարեցումը։ Զինվորներն ուղարկվում էին տարբեր հատվածներ` արգելելու համար թշնամու զորքի հետ մտերիմ ծանոթությունը։ Ամեն դեպքում, ռազմական գործողությունների մեղմացման դեպքեր գրանցվում էին։ Օրինակ, հրետանին որոշակի ժամերին կրակում էր որոշակի ուղղությամբ` երկու կողմերից զոհերից խուսափելու համար։

Ֆրանս-գերմանական հաշտություն խմբագրել

Վոգեզի լեռներից մեկում դիրքեր պահող գերմանական գնդում գտնվող Ռիխարդ Շիրմանը զեկույց է գրել 1915 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ «Երբ որ Վոգեզի գյուղերում հնչեցին սուրբծննդյան զանգերը, ինչ-որ ֆանտաստիկ հակառազմական երևույթ տեղի ունեցավ գերմանացի ու ֆրանսիացի զորքերի հետ, որոնք տարերայնորեն դադարեցրին ռազմական գործողություններն ու հորինված «հոսթելներ» սարքեցին. նրանք միմյանց էին մոտենում լքված խրամատների միջով, իրար գինի, կոնյակ, ծխախոտ, սև հաց, թխվածք ու խոզապուխտ էին փոխանցում։ Դա նրանց այնքան ուժեղր էր ուրախացնում, որ նրանք լավ ընկերներ մնացին նաև Սուրբ Ծնունդից հետո»։ Ռազմական կարգապահությունը շուտով վերականգնվում է, սակայն Շիրման մեկնաբանելով այդ իրադարձությունը, կարծում էր, որ «բոլոր կողմերի մտածող մարդիկ պետք է հանդիպման համապատասխան վայրեր ունենան, որտեղ նրանք կարող են ծանոթանալ միմյանց»։ Հետագայում, 1919 թվականին նա ստեղծել է Հոսթելների գերմանական ասոցիացիան։

Հասարակության արձագանք խմբագրել

Հաշտության մասին հաղորդագրությունները չէին հասնում հասարակությանը հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ մամուլին ոչ պաշտոնապես արգելվել էր լուսաբանել իրադարձությունները։ Արգելքն ի վերջո խախտում է The New York Timesը դեկտեմբերի 31-ին։ Անգլիական թերթերն արագ հետևում են դրա օրինակին` տպագրելով զինվորների բազմաթիվ հաղորդագրություններ` թարգմանություններով, նամակներ` ուղղված ընտանիքներին և խմբագրական հոդվածներ «զարմանալի պատերազմի ամենամեծ անակնկալներից մեկի մասին»։ Հունվարի 8-ին իրադարձության նկարները լայնորեն տարածվել էին մամուլում, իսկ բրիտանական երկու մեծ թերթեր` Daily Mirror-ն ու Daily Sketch-ը օրվա համարի առաջին էջում տպագրել էին միմյանց հետ ծիծաղող ու երգող բրիտանացի ու գերմանացի զինվորներին։ Մամուլի արձագանքն ընդհանուր առմամբ դրական էր. Times-ը հավանություն է տվել երկկողմանի «բարությանը», իսկ Mirror-ը ափսոսանք է հայտնել, որ «աբսուրդն ու ողբերգությունը» նորից են սկսվելու.[11]: Տեղեկատվության տարածումը Գերմանիայում առավել «խուլ» էր, որոշ թերթեր խիստ քննադատության են ենթարկել հաշտությանը մասնակցելը և չեն հրապարակել լուսանկարներ։ Ֆրանսիայում այդ ժանանակ բավականին խիստ էր մամուլի հանդեպ գրաքննությունը, ինչը նշանակում էր, որ տեղեկատվության տարածումը հնարավոր էր միայն զինվորների նամակների կամ հիվանդանոցներում պառկած վիրավորների պատմությունների միջոցով[12] : Ամեն դեպքում, մամուլն ստիպված էր որևէ կերպ անդրադառնալ տարածված լուրերին` վերատպագրելով պետական հաղորդագրություններն այն մասին, որ թշնամու հետ եղբայրացումը դավաճանություն է, իսկ հունվարի սկզբին հրապարակվում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ հաշտեցումը տեղ է ունեցել ռազմաճակատի միայն մի քանի հատվածներում և ըստ էության եղել է պարզապես երգերի փոխանակում, որն արագորեն վերաճել է փոխհրաձգության։ 1933 թվականին Առաջին աշխարհամարտի մասնակից, նացիոնալ-սոցիալիստ գրող Հանս Ստեգուվեյտի կողմից գրված «Պետերմանը խաղաղություն է ստեղծում կամ պատմություն գերմանական զոհի մասին» պատմվածքում գերմանացի զինվորը, որ Սուրբ Ծնունդը նշել էր ընկերների հետ երգելով ու լուսավոր եղևնի էր դրել խրամատների միջև, զոհվում է թշնամու գնդակից։ Ավելի ուշ, երբ ընկերները գտնում են նրան, տեսնում են, որ թշնամու դիպուկահարները խփել են տոնածառի վրայի բոլոր մոմերը։

Հիշատակ խմբագրել

 
Առաջին աշխարհամարտի վետերանների ժառանգները, այն ժամանակվա գերմանական ու բրիտանական բանակների համազգեստով միմյանց ձեռք են սեղմում հաշտեցման հուշարձանի բացման արարողությանը (2008 թվական)

Սուրբծննդյան հաշտեցումը հիշատակվում է շատ տարբեր ստեղծագործություններում, ինչպես նաև` հայտնի է արվեստում։ Հաշտության ժամանակ ռազմադաշտում եղած մթնոլորտը ուղղակիորեն փոխանցում է «Christmas in The Trenches» («Սուրբ Ծնունդը խրամատներում») հայտնի երգը։ Երգը հիմնված է Առաջին աշխարհամարտի Արևմտյան ռազմաճակատում տեղի ունեցած իրական դեպքերի վրա։ Այս իրադարձությունները դարձել են «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» (2005) գեղարվեստական ֆիլմի սյուժեի հիմքը։ Սուրբծննդյան հաշտեցման հուշարձանը բացվել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին, Ֆրանսիայում, Ֆրելինգենում։ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին Սուրբծննդյան հաշտության հիշատակին նվիրված հուշարձան է բացվել Անգլիայում, Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամի և Անգլիայի ազգային հավաքականի մարզիչ Ռոյ Հոգսոնի կողմից[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brown (2005), pp. 13–15
  2. Oldfield, Sybil. International Woman Suffrage: November 1914 – September 1916. Taylor & Francis, 2003. 0-415-25738-7. Volume 2 of International Woman Suffrage: Jus Suffragii, 1913–1920, Sybil Oldfield, 0-415-25736-0 p. 46.
  3. Patterson, David S. The search for negotiated peace: women's activism and citizen diplomacy in World War I. Routledge, 2008. 0-415-96142-4 p. 52
  4. "Demystifying the Christmas Truce" Արխիվացված 2020-06-12 Wayback Machine, Thomas Löwer, The Heritage of the Great War, retrieved 27 December 2009.
  5. "Miracles brighten Christmas", Harrison Daily Times, 24 December 2009
  6. "The Truce of Christmas, 1914", Thomas Vinciguerra, Նյու Յորք Թայմս, 25 December 2005
  7. "Remembering a Victory For Human Kindness – WWI's Puzzling, Poignant Christmas Truce", David Brown, Վաշինգտոն Փոստ, 25 December 2004.
  8. Bridget Harris (2009 թ․ դեկտեմբերի 27). «All Together Now for England». The Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  9. Bullets & Billets by Bruce Bairnsfather, Գուտենբերգ նախագիծ, retrieved 31 December 2009.
  10. Regan, Geoffrey. Military Anecdotes (1992) p. 139, Guinness Publishing 0-85112-519-0
  11. Weintraub (2001), pp. 179–80. The "greatest surprises" quote is from the South Wales Gazette on 1 January 1915.
  12. Weintraub (2001), p. 179
  13. "Prince William hails 'lasting memorial' to WW1 Christmas truce". BBC. Retrieves 12 December 2014
  14. The Football Remembers memorial was designed by ten-year-old schoolboy Spencer Turner after a UK-wide competition

Արտաքին հղումներ խմբագրել