Սուպեր մամա 2
Սուպեր մամա 2, հայկական արտադրության ռոմանտիկ կատակերգություն։ Սուպեր մամա 1-ի շարունակությունը։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2017 |
Պրեմիերա | 2017, հոկտեմբերի 4 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Արման Մարության Վահագն Խաչատրյան |
Պրոդյուսեր | Հայկ Մարության |
Սցենարի հեղինակ | Արման Մարության Ռոբերտ Մարտիրոսյան |
Դերակատարներ | Հայկ Մարության Գարիկ Պապոյան Լիլի Էլբակյան Անի Խաչիկյան Արման Մարտիրոսյան Իննա Մամիկոնյան |
Օպերատոր | Մկրտիչ (Արգո) Բարոյան |
Երաժշտություն | Միշո |
Պատմվածքի վայր | ԿՈՒԳ |
Նկարահանման վայր | ԿՈՒԳ |
Կինոընկերություն | Kargin studio, Eskiz studio |
Տևողություն | 1 ժամ 46 րոպե |
Բյուջե | 400 հազար դոլար |
Նախորդ | Սուպեր մամա |
Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2017 թվականին, 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել շնորհանդեսը, 2017 թվականի հոկտեմբերի 5-ից ցուցադրվել է կինոթատրոններում և 2017 թվականի դեկտեմբերի 31-ին հեռաձարկվել է Արմենիա հեռուստաընկերության եթերում։
Սյուժե
խմբագրելՍոնայի բարեգործական ընկերության հաշվապահ Սեդան ընկերության հաշվից կանխիկացրել է մեկ միլիոն դոլար գումար։ Սեդան գումարը կանխիկացնելուց հետո փախուստի դիմելիս վրաերթի է ենթարկում մի ծեր մարդու, որի հետևանքով հայտնվում է կանացի ուղղիչ գաղութում (ԿՈՒԳ), իսկ գումարն էլ, բնականաբար, թաքցնում է։ Այդ մասին Սոնայի ամուսինը՝ Կարենը, տեղեկանում է գլխավոր հաշվապահ Սեդայի գլխավոր օգնականից՝ Սարգսից։ Նա Կարենին ասում է, որ այդ գումարը նախատեսված էր բարեգործական նպատակներով, և եթե գումարը ետ չբերվի, ապա Սոնային կբանտարկեն։ Այդ խոսակցությունը լսում է Կարենի որդին՝ Տիգրանը և ամեն գնով փորձում օգնել հորը։ Կարենը և տղան երկար մտածելուց հետո հասկանում են, որ գումարը ետ բերելու միակ եղանակը կանանց բանտում հայտնվելն է։
Եվ Կարենը որոշում է նորից Սուպեր մամայի՝ Կարինեի կերպարանքն ընդունել և ինչ-որ հանցագործություն անել ԿՈՒԳ-ում հայտնվելու համար։ Սկզբում չի ստացվում, բայց ի վերջո ոստիկանի գլխարկին կրակելուց հետո հայտնվում է ԿՈՒԳ-ում։
Սարգսից Մենուան (Մենուան Սոնայից բաժանվելուց և աշխատանքը կորցնելուց հետո աղքատացել էր) տեղեկանում է այդ նույն մեկ միլիոն դոլարի մասին։ Դա Մենուայի համար հիանալի հնարավորություներ էր կրկին հարստանալու համար։ Այսպիսով, և՛ Մենուան, և՛ Կարենը հայտնվում են բանտում որպես Կարինե և Մոնիկա։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է որպեսզի ինքը տիրանա այդ մեկ միլիոն դոլարին։
Կարինեն ԿՈՒԳ-ում ուներ բազմաթիվ խնդիրներ Ցողիկի և Երանուհու հետ։ Կարինեն Լիլիթիկին ասում է, որ Սեդան իր մորաքույրն է, և Լիլիթիկը սկսում է օգնել Կարինեին։
Օրիորդ Հրանուշը, որը ԿՈՒԳ-ի պետն էր, նույնպես իմանում է գումարի մասին և Մանվելի օգնությամբ բազմաթիվ կտտանքների է ենթարկում Սեդային, այդ թվում նաև էլեկտրաշոկի, ինչի արդյունքում Սեդան հոգեկան ցնցումների մեջ է ընկնում։
Մենուան, որը հայտնվել էր ԿՈՒԳ-ում Մոնիկայի կերպարով, նույնպես ասում է, որ Սեդան իր մորաքույրն է։ Մոնիկան ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա տիրանալ մեկ միլիոն դոլարին։
Մոնիկան և Կարինեն միասին դուետ երգով հանդես գալուց և էլեկտրաշոկի ենթարկվելուց հետո ի վերջո հաշտվում են, և նրանց նպատակը դառնում է Սոնային փրկելը։ Սակայն նրանք կկարողանային հասնել իրենց նպատակին միայն այն դեպքում, եթե բոլորին ճիշտը պատմեին (աղջիկները համատեղ բասկետբոլ խաղալուց հետո բավականին մտերմացել էին)։ Ի վերջո ճշմարտությունը բոլորին պատմելուց հետո Լիլիթիկը, Կարենը, Մենուան և իհարկե հոգեկան ցնցումների մեջ գտնվող Սեդան փախուստի են դիմում ԿՈՒԳ-ից։ Նրանց օգնում են Շեֆը, Զմեն և Զուբը։
Պարզվում է, որ Սեդան իրականում հոգեկան ցնցում չէր ստացել, պարզապես ձևացնում էր։ Սակայն Մենուան և Կարենը կարողանում են նրա մոտից վերցնել գումարը, իրենց հերթին Մանվելը և Հրանուշը գումարը խլում են Կարենից և Մենուայից։ Հրանուշը և Մանվելը վերադառնում են ԿՈՒԳ, սակայն այստեղ տեղի է ունենում անհավանականը. պարզվում է, որ զուսպ ու համեստ Լիլիթիկն իրականում ոստիկան է և հատուկ առաջադրանքով էր հայտնվել ԿՈՒԳ-ում։ Նա ձերբակալում է Հրանուշին և Մանվելին, իսկ գումարը վերադարձնում է Կարենին։
Ֆիլմն ավարտվում է այսպես. Կարենի և Սոնայի ընտանիքում կատարյալ համերաշխություն է տիրում, իսկ Մենուան ի վերջո գտնում է իր տեղն այս կյանքում և սկսում հանդիպել Լիլիթիկի հետ։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՍուպեր մամա 2 ֆիլմի համար Հայկ Մարությանը վաճառել է իր թանկարժեք մեքենան։ Ֆիլմում հնչում է Մայքլ Ջեքսոնի "Jam" երգը, որտեղ նույնպես կան բասկետբոլ խաղալու տեսարաններ։
Դերերում
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Հայկ Մարության | Կարեն / Կարինե |
Գարիկ Պապոյան | Մենուա / Մոնիկա |
Լիլի Էլբակյան | Լիլիթիկ |
Անի Խաչիկյան | Սոնա |
Ռուզան Մեսրոպյան | Սեդա |
Արսինե Նավասարդյան | Ցողիկ |
Էվա Խաչատրյան | Սյուզի |
Ելենա Եսայան | Երանուհի |
Տաթև Մելքոնյան | Հրանուշ |
Սեպուհ Ապիկյան | Մանվել |
Արման Նավասարդյան | Աշոտ |
Իշխան Ղարիբյան | Սարգիս |
Հրաչ Մուրադյան | Վասակ |
Նարինե Ոսկանյան | Անտուանետա |
Լևոն Հարությունյան | Շեֆ |
Ռաֆայել Երանոսյան | Զմե |
Անդրանիկ Հարությունյան | Զուբ |
Արման Մարտիրոսյան | Տիգրան |
Իննա Մամիկոնյան | Կառչկա |