Սուբյեկտ և օբյեկտ (լատին․՝ subjectusենթակա, լատին․՝ objectum —«առ արկանված»՝ առարկա), փիլիսոփայական կատեգորիաներ, սուբյեկտը հասարակական մարդն է՝ առանձին անհատը, հասարակական խումբը կամ մարդկությունը (մարդն առհասարակ), որքանով որ նա հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից, գիտակցում է իր ինքնությունը (որպես ես) և իրեն հակադրում է ճանաչողության ու գործողության առարկային որպես օբյեկտի։ Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։ Գիտության մեջ արդեն փորձնական ճանաչողությունն անպայման ենթադրում է սուբյեկտի նպատակադիր ներգործություն առարկայի վրա, իսկ տեսական ճանաչողությունն ունի կառուցիչ բնույթ, այն ենթադրում է վերացական և իդեալական օբյեկտների կառուցում, որոնք երբեմն չունեն իրենց փորձնական նախատիպը։ Սակայն գիտական ճանաչողության խնդիրն է տալ օբյեկտիվ իրականության՝ սուբյեկտից օտարված պատկերը, որի մեջ ներառված են ճանաչող առանձին անհատների անձնական տպավորություններն ու գնահատականները, դրան են ծառայում գիտության մեջ պատմականորեն մշակված գիտափորձի և տեսության կառուցման միջոցներն ու եղանակները։ Այսուհանդերձ, գիտելիքի բացարձակ օտարումը ճանաչող սուբյեկտից ընդհանրապես (դասական բնագիտության մեջ ընդունված՝ «բացարձակ բնության» իդեալը) հնարավոր չէ, և դա ցայտուն կերպով դրսևորվեց ժամանակակից գիտության մեջ (օրինակ, ֆիզիկայում՝ հարաբերականության տեսության և քվանտային մեխանիկայի մեկնաբանությունների շուրջը ծավալված բանավեճերում)։ Կան գիտելիքի բացարձակ օտարումն անհնարին դարձնող մի քանի ավելի ընդհանուր գործոններ՝ մարդու զգայական արտացոլման և մարդկային բանականության առանձնահատկությունները, մարդու աշխարհընկալման պատմամշակութային պայմանավորվածությունը և այլն։ Այս բոլոր գործոնների բերումով մարդկային ճանաչողությունը (և աշխարհի գիտական պատկերը) անխուսափելիորեն իր վրա կրում է ճանաչող սուբյեկտի կնիքը, այնպես որ բնականաբար ծագում է գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը հիմնավորելու իմացաբանական խնդիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175