Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն

Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն (ՍԴԲՀԿ), նաև հայտնի է որպես՝ Սպեցիֆիկներ, հայ մարքսիստական կազմակերպություն Ռուսական կայսրությունում։ Ձևավորվել է 1903 թվականի վերջին՝ ժնևում (Շվեյցարիա)։ Այնուհետև իր գործունեությունը տեղափոխել է Կովկաս և գործել մինչև Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանի գրավումը և երկրում խորհրդային կարգերի հաստատումը։ Կազմակերպության հիմնական կորիզը կազմել են նախկինում Դաշնակցություն կուսակցությանը պատկանող մի խումբ գրականագետ մտավորականներ։

Իրենց գաղափարախոսության մեջ «սպեցիֆիկ» բառի հաճախակի օգտագործման համար անվանվել են «սպեցիֆիկներ»։

Կազմակերպության հիմնական գաղափարախոսներն էին Բախշի Իշխանյանը, Ալեքսանդր Ռուբենին (ով հետագայում միացավ բոլշևիկներին), Ղազար և Նարիման Տեր Ղազարյանները, Տ․ Իսախանյանը, Ե․ Պալյանը, Դ․ Կուզիկյանը (Եսալիմ), Դ. Տեր-Դանիելյանը (Դավիթ Անանուն)։

«Սպեցիֆիկներն» իրենց գլխավոր սկզբունքն էին համարում պրոլետարիատի ներկայացուցիչներին ըստ ազգությունների բաժանելը։ Ըստ նրանց տեսության ամեն մի ազգություն ներկայացնում է յուրահատուկ («սպեցիֆիկ») միջավայր՝ տարբեր դասակարգային շերտավորումով, այդ պատճառով էլ հարկավոր էին համարում, որ յուրաքանչյուր ազգի բանվորների շրջանում գործերդ տվյալ ազգի ինքնավար բանվորական կազմակերպությունը։ «Սպեցիֆիկները» բունդականների նման պահանջում էին կուսակցության կառուցման դաշնային սկզբունք և իրենց հայտարարում հայ պրոլետարիատի միակ ներկայացուցիչը։ Ազգային հարցում քարոզում էին ազգային-մշակութային ինքնավար։ Բոլշևիկները դեմ են արտահայտվել «սպեցիֆիկների» դեմ։ Դեռևս 1904 թվականին, երբ ՌՍԴԲԿ խորհրդում քննարկվում էր ազգային սոցիալ-դեմոկրատների միավորման հարցը և որոշվեց միջկուսակցական կոնֆերանս հրավիրել, Վլադիմիր Լենինը դեմ արտահայտվեց «սպեցիֆիկների» ներկայացուցիչների մասնակցությանն այդ կոնֆերանսին։ 1905 թվականի սեպտեմբերի 7-ին ՌՍԴԲԿ կենտկոմի անդամներին ուղարկած նամակում Լենինը «սպեցիֆիկների» կազմակերպությունը որակել է որպես «մի զույգ ժնևյան կազմալուծիչների շայկա» և «բունդական կրեատուրա»։

Լենինին համակրող հայ բոլշևիկներ Բոգդան Կնունյանցը, Ստեփան Շահումյանը, Սուրեն Սպանդարյանը, Սարգիս Կասյանը և ուրիշներ նույնպես քննադատում էին «սպեցիֆիկներին», նրանց որակելով որպես «բուրժուազիայի գործակալների բանվորական շարժման մեջ»։

Աղբյուրներ խմբագրել