Սոնիճ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Nigelleae
Ցեղ Սոնիճ (Nigella)
L., 1753

Սոնիճ (լատին․՝ Nigella), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 24 (25), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ սոնիճ դաշտային (N. arvensis), սոնիճ ցանովի (N. sativa), սոնիճ արևելյան (N. orentalis), սոնիճ սրապսակաթերթ (N. oxypetala) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, կավոտ լանջերին, թփուտներում, ճամփեզրերին, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Ցողունը ճյուղավորվող է, գեղձային մազիկներով ծածկված, բարձրությունը՝ 40-60 սմ։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են։ Ծաղիկները մեկական են, երկնագույն կամ դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմատերևապտուղ է կամ տուփիկ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են և պարունակում են եթերայուղեր, գլիկոզիդներ, ճարպայուղեր, հեղուկ ալկալոիդներ։ Սննդարդյունաբերության մեջ սերմերն օգտագործում են որպես համեմունք։ Գեղազարդային և մեղրատու բույս է։

Նկարագրություն խմբագրել

30 սմ բարձրությամբ կրկնակի կամ եռակի փետրաձև գծային հատվածների մասնատված տերևներով, միամյա, մեղրատու, գեղազարդային ճյուղավոր խոտաբույս է։ Հնգանդամ կանոնավոր ծաղիկները աճում են ճյուղերի գագաթներին։ Բաժակաթերթիկները բաց երկնագույն են, երկարավուն, բութ գագաթով և եղունգով։ Նեկտարանոցների վերափոխված հինգ պսակաթերթիկները կարճ են բաժակաթերթիկներից։ Ունեն բազմաթիվ առէջներ։ Սև, կողավոր և կնճռոտ սերմերով բազմատերևիկ պտուղը կազմված է ամբողջ երկարությամբ միաձուլված տերևապտուղներից։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ցանքսերում, այգիներում և չոր աղբավայրերում։ Հազվադեպ հանդիպում է Արմավիրի, Վայոց ձորի մարզերում և Երևանում։ Երբեմն աճեցվում է որպես համեմունքային բույս[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են տերևներն ու սերմերը, որոնք պարունակում են գլիկոզիդ մելանթին, եռտերպենային սապոնիններ, ստերոիդներ, սիտոստերոլ, խոլեսթերին, կումարիններ, ալկալոիդ նիգելին, ճարպային և եթերային յուղ, լիպազա ֆերմենտ, օրգանական թթուներ, դաբաղանյութեր և այլն։ Տերևներում կուտակվում է ասկորբինաթթու։ Սերմերը օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, կաթնամուղ, ինչպես նաև լուծողական, ճիճվամուղ միջոց։ Սերմերից պատրաստում են թեյ, որն օգտագործում են փքվածության դեպքում, ստամոքսի և աղիքների գործունեությունը բարելավելու նպատակով։ Սոնիճի սերմերը և դրանցից ստացվող յուղն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար (դրանք ամրացնում են իմունիտետը) և օճառի ու օծանելիքի արտադրության մեջ[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնիճ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնիճ» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.

Արտաքին հղումներ խմբագրել