Սմբատ Մելիք-Ստեփանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Ստեփանյան (այլ կիրառումներ)
Սմբատ Բեկ, իսկական անունը Սմբատ Անդրեասի Մելիք-Ստեփանյան (օգոստոսի 1, 1879, Առաջաձոր - օգոստոսի 24, 1940, Կանսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային-հասարակական, քաղաքական և տնտեսական գործիչ, լեռնային ինժեներ։ 1911-1919 թթ. Ղափանի Ազգային խորհրդի նախագահ, ապա Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհրդի անդամ, 1919 թվականի կեսերից Զանգեզուրի շրջանային խորհրդի նախագահ, չքավոր գյուղացիներին օգնող բարեգործական ընկերության նախագահ, 1921 թվականից Զանգեզուրի արտակարգ կոմիսար։ 1906-1916 թթ. եղել է Ղափանի լեռնաարդյունաբերական ընկերության հանքերի վարիչ, ապա տնօրեն, 1933 թվականից Զանգեզուրի Ս. Շահումյանի անվան պղնձահանքերի վարիչ։
Սմբատ Անդրեասի Մելիք-Ստեփանյան | |
---|---|
Օգոստոսի 1,1879 թվական- Օգոստոսի 24,1940 թվական | |
Ծննդավայր | ![]() Ելիզավետպոլի նահանգ Զանգեզուր Առաջաձոր |
Մահվան վայր | ![]() Կանսկ |
Քաղաքացիություն | ![]() |
Տոհմն ու անձնական կյանքըԽմբագրել
Ծնվել է 1879 թ. Օգոստոսի 1-ին՝ Առաջաձոր գյուղում։ Խառնակ ժամանակներում է ապրել՝ համընդհանուր թշվառություն, կոտորած, հեղափոխություն, տոհմական թշնամություն, որի հողի վրա էլ սպանվեց հայրը՝ Անդրեաս Մելիք-Ստեփանյանը՝ Ելիզավետպոլի նահանգի նոտարական գրասենյակի պետը։ Մայրը՝ Աբիհայաթը, հայ ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի մորաքույրն էր։ Ամուսնու մահից հետո չէր հրաժարվել իր բեկական իրավունքներից։ Շուշիի թեմական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Գերմանիայում՝ սաքսոնական Ֆրայբերգ քաղաքի լեռնային ակադեմիայում, լեռնային ինժեների մասնագիտությամբ։ 1905 թվականին վերադարձել է հայրենի Կապան։ Վարժ տիրապետել է գերմաներենին, ֆրանսերենին, թուրքերենին և ռուսերենին։
Քույրը՝ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանը, զբաղվում էր Ստեփանոս Օրբելյանի պատմագրական ժառանգության ուսումնասիրությամբ, բայց գործն անկատար մնաց, նա առաջիններից էր, որ արձագանքեց Գևորգ Ե կաթողիկոսի կոչին՝ «օգնել ազգի թշվառներին» և երկրորդական պլան մղելով ուսումը՝ վերադարձավ Երևան։ Հայ որբերի հիվանդանոցում, աշխատելով որպես գթության քույր, վարակվեց տիֆով և մահացավ։ Սմբատ Բեկը գյուղի Խաչին Խութ բարձունքի վրա կառուցեց մատուռ և այնտեղ ապակե ծածկով բետոնե սարկոֆագում ամփոփեց Վարսենիկի մարմինը։
Ամուսնացել է Տաթևի քահանա Իվան Տեր-Հակոբյանի դուստր՝ Սառայի հետ։ Սառան, ըստ հավաստի աղբյուրների, աշխատել էր Ստեփան Շահումյանի հետ, նպաստել նրա հեղափոխական գործունեությանն ընդհատակյա հրատարակչություններում [1]։ 1925 թ. ծնվեց նրանց առաջնեկը՝ Վահիկը։ Սառան, կուլ գնալով երկարատև, անբուժելի հիվանդությանը, որբ թողեց 6 ամսական որդուն։ Սմբատ Բեկը մոր խորհրդով ամուսնացավ համագյուղացի Կինյայի հետ և ծնվեցին Բեկի մյուս երեք զավակները՝ Բելան, Բյուրակնը և Ռոլանդը։
Հասարակական, քաղաքական և տնտեսական գործունեությունըԽմբագրել
1906-1917 թթ.Խմբագրել
1906 թվականին մոլեգնեցին հայ-թաթարական բախումները, որոնք ընդգրկեցին Սյունիքը ծայրեծայր։ Սյունիքում թուրք տարրն առաջնորդներ ուներ։ Կապանում հայերի համար առաջնորդ էր Սմբատ Մելիք-Ստեփանյանը [2]։ 1906 թվականի հուլիս-օգոստոսին ժամանեց նոր նշանակված գեներալ-գնդապետ Պրինց Նապոլեոնը։ Կապանում նրա հետ հանդիպմանը հրավիրվել էին ադրբեջանական հայտնի բեկական գերդաստանները, հայերից՝ տեղական արդյունաբերողները, նրանց մեջ երիտասարդ ինժեներ՝ եվրոպական կրթությամբ, լեզուների գիտակ, 27-ամյա Մելիք-Ստեփանյանը։
Այդ շրջանի իրադարձությունների լուսաբանման համար կարևոր դեր ունեն Բեկի տանը խնամքով պահ տված և տարիներ առաջ պատահականությամբ հայտնաբերված թղթերը[1]։ Փաստաթղթերի մի մեծ խումբ, թվով 72 նամակ, մեծ մասամբ ուղղված է իրեն՝ Սմբատ Մելիք-Ստեփանյանին, ընդգրկում է 1906 թ. հայ-թաթարական ընդհարումների շրջանը։ Դրանք առնչվում են Կապանի գյուղերի ինքնապաշտպանական կռիվներին, որտեղ կազմակերպական խոշոր դեր է ունեցել Գերմանիայից նոր հայրենիք վերադարձած 25-ամյա լեռնային ինժեները։ Նամակները հայկական զորախմբերի հրամանատարներից են, դիրքապահներից և այլ անձանցից։ Կան ստացված երկտողեր, ահազանգեր և այլ կարգի թղթեր, որոնք վերաբերվում են զենք-զինամթերք հայթայթելուն, թշնամու գրոհները կասեցնելու, մարտական գործողությունների նկարագրմանը և այլն։ Դրանք Մելիք-Ստեփանյանի, Գասպար Տեր-Մարգարյանցի, Սեբաստացի Մուրադի, Կորյունի, Յապոնի, Խեչոյի, Շիրինի, Պողոսի, Պետոյի, Թադևոս Անտոնյանի, Անդրանիկի, Աշոտ Մելիք-Մուսյանի, Արսեն Շահմազյանի, Իվան Մելիք-Քարամյանի և այլոց ձեռագրերն են։ Այս նամակագրությունների օրինակներ են․
Սեբաստացի Մուրադ․ «Սիրելի՛ս, մենք այսօր գնում ենք Հանդ... Կորյունի խմբի համար մաքուր պատրոն շուտով ղրկի՛ր 15000 հատ կնքված խուրջինով, որ ճանապարհին չպակասի»։
Կրկին Սեբաստացին. «...Եկել են բազմաթիվ ձիավորներ և հետևակ, իջել են Խալաջ և Ղարաչիման։ Ուղարկե՛ք մի տասնյակ Սևաքար, մի տասնյակ Բարաբաթումբ։ Առավոտը մի գուցէ մի բան անենք»։
Թադևոս Անտոնյան. «...Այս երկու գյուղերը մնացել են անպաշտպան և արտերը մնացել են հնձելու, Գենուազը ոչ մի օգնություն չի անում, ես էլ միայն հինգ օր եմ սպասելու, եթե մեր կողմից զինվոր և ինձ փամփուշտ չլինի, ես էլ եմ գալու։ Շուտով կարգադրություն արեք»։
Տեր Գրիգոր. «...Շրջակա թուրքերի գյուղերում մեծ բազմություն կա, և խլրտումներ են տիրում։ Խստիվ կարգադրեք Շահարջիկի սահմանները պահելու»։
Հովհաննես Մելիք-Քարամյան. «Խորին շնորհակալություն Ձեր ջանքերի համար։ Խնդրում եմ՝ որքան Ձեր ուժերը ներեն, աշխատեցեք»։
Վերին Ձորից. «Բայց մենք էլ շատ երկյուղի ենք մատնված։ Խնդրում ենք՝ մեզ համար օգնություն հասցնեք... Մեր հասարակության թուրքերը բոլոր հավաքված են սարերը, ժամանակ առ ժամանակ հրացանաձգություն են անում դեպի մեզ։ Պատրաստություն չունենք, վերջացել է, մեր դրությունն անելանելի է։ Այլ ի՞նչ։ Խնդրում եմ. թե մտաբերիս մեր Վերին Ղափանու հայ ազգային իշխանության կողմից եկող լինի՝ տուք էլ հետը կգաս մեր դրության մեջ մտնելու»։
Անանուն խմբակապետ. «...Մուրադը մեր գյուղովն անցավ. Ալմալըղի խութումը դիրքապահներն ասացին, որ Ձեզ հայտնենք. օգնություն է ուզում. մեր մարդիկ բոլորը գնացած են։ Կռիվը շարունակվում է, թուրքերը հարձակվելու են Եղվարդ և Վժանիսու վրա... Օգնությու՛ն»։
Յապոն․ «...Ես անցա Եղվարդ, լսելով, որ Եղվարդը պաշարված է։ Բայց խնդրում եմ վիրավոր տղերանց համար ճար ու Գրիգորին ուղարկեք»։
Այս ամենին որպես պատասխան եղել են Սմբատ Բեկի կարգադրությունները, հրահանգները, հանդիպումները, խորհրդակցությունները, դիրքից դիրք, գյուղից գյուղ անցնելը, կրքերի զսպման և հաշտեցման համար թաթար և հայ զինյալների հետ հանդիպումները և մտորումները.
«Հովհաննե՛ս, հանքի գործերը երկրորդ տեղն են բռնում։ Երկրի բախտը նկատի ունեցեք»։
«Ծանրացած է օդը եւ մեզ մոտ, չնայած այնքա՜ն աշխատել ու դարձյալ աշխատելու է խաղաղության համար։ Ես դրա հույսը չեմ կորցնում եւ դեռ հավատում եմ, որ կարող ենք խուսափել «վատից»»։ Երկար խոսելու տեղը չէ, ժողովեցեք ի մի, ուժերի չափ անելին արե՛ք, իհարկե ամենալավ նշանաբան լինելն է. «եթե հնար է խուսափել ընդհարումից, գոնե ազատված լինի ավերումից Ղափանը»։
«Բանէ «վատը» սկսելու լինի, եղի’ր նահատակ»։
«Милостивый Государь Г. Джабарг бек!
Давно слышал о Ваших миролюбивых почитаниях в это крайне плачевное время, хотя и не знаком с Вами, но будучи уверен, насколько желательно бы было для Вас, чтобы и наш, а с нами и весь район рудников не был заряжен общей плачевной братоубийственной войной».
«Դրությունը այստեղ օրեցօր վատթարանում է, Ղափանը ուրիշ տեղերի հետ համեմատելի չէ, եթե այստեղ ընդհանրանա, զարհուրելի է լինելու, նախ հայեր համեմատաբար քիչ կան, երկրորդը` ինքնապաշտպանության համար անպատրաստ, երրորդը՝ ամենագլխավորը՝ ժողովուրդը բռի է, անհասկացող, կոպիտ, վայրենի... Հեղինակավոր թուրք բէկերը, պետք է ասել, որ առաջները շատ նպաստել են այստեղ խաղաղությիւն պահպանելուն (փաստեր ունեմ), գուցե նրա համար, որ նոքա համարիայ բոլորն էլ մասն և օգուտ ունի այսպիսի պղնձիայ մի հարուստ երկրից, գուցե շահն է պատճառը։ Այժմ մի տեսակ նկատվում է indeferent (անտարբեր) դրութիւն, գուցե և ավելի վատ, և այսպես երկիրը մի սպասողական դրութիան մեջ է, ու՞ր կըտանէ, չգիտեմ...
Ասում են, որ Պարսկաստանից խաներ են իջած ույժով և ուրիշ շատ բաներ։
....Գորշացած, անիծված այսպիսի ժամանակներում։
Արդեն 20-րդ օրն է, այնքա՜ն հօգնած Ս.Մելիք-Ստեփանյան»[2]
Ընդհարումներն, ի վերջո, դադարեցին. մարդկային կորուստներ, խաղաղ, անմեղ բնակչության ողբերգություն, տնտեսական զգալի վնաս։ Սա ցարական միապետության քաղաքականության հետևանքն էր, մի բան, որը չի խուսափել դատապարտել խաղաղարար հանձնախմբի անդամ Բեկը և մեկ անգամ ևս չի թաքցրել իր մտքերը բախումներն ուսումնասիրող Ա-Դոյի հետ հանդիպման ժամանակ.
«Իրար ետևից հեռագրում էինք Շուշի` նահանգապետին և Գորիս` գավառապետին, որ գավառում ահագին ընդհարումներ կան, որ գյուղերն երկու կողմից ավերվում, քանդվում են, որ հուզումները ծայրահեղ չափերի են հասել, և տեղի են ունենում կոտորածներ, սակայն զորք չէր ուղարկվում, կարգադրություններ չէր արվում, և ամբողջ շրջանը թողնված էր բախտի կամքին... Եվ զորքը եկավ այն ժամանակ, երբ ընդհարումները բավականաչափ հանդարտվել էին, և պետք էր տուգանքներ գանձել»;
1906-1916 թվականներին լինելով Կապանի լեռնաարդյունաբերության ընկերության հանքերի վարիչ՝ նա բավականաչափ եռանդուն մասնակցություն է ունենում հանքերի հետազոտման աշխատանքներին, աշխատում Ղափանն ընդգրկած գործադուլների և տնտեսական անկման ու քայքայման պայմաններում։ Եվ այս անհանգիստ կենսագրության մի մաս ևս, որի մասին գալիս, վկայում են թե՛ տարբեր հուշեր, թե՛ հրապարակված և դեռ չհրապարակված փաստաթղթերը. դպրոցում ջուր չկա, նրան են դիմում, ուսուցիչներն իրենց չեն արդարացնում, նրան են դիմում, գույք են խնդրում, վեճերը հարթելու համար Առաջաձոր են հասնում... ու էլի որքա՜ն ուժից վեր պարտականություններ... Ու այսքանից հետո տնտեսական գործունեություն, հանքերի վերակառուցում, տեխնիկայի ներդրում և Ղափանում առաջինը մի շարք խնդիրների լուծում. 1908 թվականի մայիսի 20-ին Մելիք-Ստեփանյանի տանը հնչեց հեռախոսի զանգը։ Այն ազդարարեց, որ հեռախոսը մուտք է գործել Ղափան։ Հեռախոսը մեկ լարանի գծով միացված էր հանքի հետ[3]։
1917-1921 թթ.Խմբագրել
1917 թվականի փետրվարին հեղափոխությունը նոր իրադրություն ստեղծեց երկրամասում։ Այս ժամանակ Մելիք-Ստեփանյանը Զանգեզուրում իրականացնում էր ժողովրդական կոմիսարի պարտականությունները և ծավալում հասարական-քաղաքական գործունեություն։ 1918-1919 թվականներին նա Ղափանի Ազգային խորհրդի նախագահի, ապա Զանգեզուրի կենտրոնական Ազգային խորհրդի անդամի, 1919 թվականի կեսերից Զանգեզուրի շրջանային խորհրդի նախագահի պոստերում կանգնում է, երկրամասի անվտանգության, ժողովրդի գոյապահպանության համար պայքարի դիրքերում։ 1918 թվականին Սյունիքի մատույցներում հայտնվում են մուսթավականները՝ փորձելով այն ուժով միացնել Ադրբեջանին։ Հանուն Սյունիքի անվտանգության և գաղթականության փրկության համագործակցում է երկրամասում հայտնված Զորավար Անդրանիկի հետ։ Հայտնի է, որ խորհրդային պատմագիտությունը ազգային խորհուրդների գործունեության միանշանակ բացասական գնահատական է տվել։ Այս առումով որոշակի հետքրքրություն են ներկայացնում Սմբատ Մելիք-Ստեփանյանի արխվում պահվող և Ղափանի Ազգային խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերը։ Նամակներից 12-ը գրված է Գողթանի /Օրդուբադի/ լիազոր ներակայացուցիչ Աշոտ Մելիք-Մուսյանի, մի քանի նամակներ՝ Գողթանի, Փառակայի, Ցղնայի ազգային, զինվորական ու հոգևոր գործիչների կողմից /ընդամենը՝ 29 նամակ/, որոնք ուղղված են Ղափանի, Վերին Հանդի, Քաջանանցի /Քաջարան/ ազգային խորհուրդներին և շոշափում են Գողթանի օրհասական վիճակը և օգնություն կազմակերպելու հարցեր։
1918 թվականի հուլիսի 26-ին Անդրանիկի զորքն ու գաղթականությունը Ղափան հասան, այնտեղ անմիջապես ներկայացավ Ազգային խորհուրդը։ Զորավարը Նախիջևանից անցում էր կատարել Սյունիք` իր հետ տանելով սովյալ և ուժասպառ գաղթականությանը։ Մելիք-Ստեփանյանը հավաստիացրեց Անդրանիկին, որ Ազգային խորհուրդը կաշխատի իր միջոցներով թեթևացնել զորամասի պարենավորման հոգսը և կկերակրի գաղթականությանը։
Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչ»-ում վիպերգի ձևով ներկայացնում է Անդրանիկի և Բեկի հանդիպումը. «Ելանք, գնացինք Պղնձե քաղաք։ Էդ քաղաքի անունը Կապան էր։ Քաղաքը փոսի մեջ էր՝ Ողջի գետի աջ ափին։ Մի հայտնի մարդ կար Կապանի մեջ, անունը՝ Սմբատ։ Սմբատ Բեկ էին ասում։ Լսելով, որ զորավար Անդրանիկը Պղնձե քաղաք է եկել՝ Սմբատ Բեկը եկավ և իր ապարանքը հյուր տարավ»։
Անդրանիկն իր հերթին Ղափանում հենվում էր Ազգային խորհրդի և նրա ղեկավարի վրա, դիմում է Բեկին (1919 թվականի հոկտեմբեր) անցկացնել զորահավաք, ինքն առաջարկում է զորավարին (1919 թվականի հոկտեմբերի 27) օգնել Գողթանի հայությանը։ Այս ժամանակ Բեկին վիճակված էր ղեկավարել ինքնապաշտպանությունը Ղափանում, հաշտեցնել գժտված զինվորականններին, զսպել անկարգությունները, կանխել ազգամիջյան ընդհարումները։ Կռիվ է տալիս Գողթանի հայության պարտվողական տրամադրությունների դեմ (կանխելու գաղթը), այնտեղ ուղարկում է զինված խմբեր, Անդրանիկի անունն օգտագործում է ղափանցիներին ոգի ու կորով ներշնչելու համար (որքան հայտնի է, սա այնքան էլ դուր չի եկել Զորավարին), հրավիրում է հայերի և ադրբեջանցիների խորհրդաժողով Նորաշենիկում (1917 թվական նոյեմբերի 17), Մեղրու և Ղափանի ներկայացուցիչների ժողով հանքերում (1919 թիվ հունվարի 15), պաշտպանության ուժեղացման առթիվ հավաք Ղափանում (1919 թիվ մարտի 22), ղափանցիների երկրորդ արտակարգ ներկայացուցչական խորհրդակցությունը Առաջաձորում (1920 թվական հուլիսի 12), նպաստում է Ագարակ-Եղվարդ ճակատամարտի հաղթանակին, աջակցում է Գեղվաձորի արշավանքին, հանդիպումներ Գորիսում, ծանր բանակցություններ անգլիացիների հետ, պատանդ կարմիրների կողմից, ամիսներ Բաքվի բանտում, վերադառնում է Սյունիք և կրկին որպես առաքյալ՝ չի կոտրվում, չի նահանջում։
«Սիրելի Անդրանիկ,- գրում է Սմբատ Բեկը,- ստացա Ձեր նամակը, «վերջապես տեսա Ձեզ ոգևորված», ինձ վրա սաստիկ ազդեց, - ինչպես թե վերջապես տեսաք ինձ ոգևորված, բաս ես համոզված եմ, որ հասարակական գործերում առհասարակ, ուրեմն՝ քա՜նի–քանի անգամ, մանավանդ ազգային հասարակական գործերում, և այն էլ այսպիսի ժամանակները, ես ոգևորված եմ եղել միշտ, արբածի պես, թե անցյալներում, թե այժմս և թե միշտ-ինչպե՞ս է, որ Ձեր այդ աչքերը նոր են նկատում, այն էլ թղթի կտորից։ …Եթե ուրախ եք, ապա՝ ավելի ուրախացեք, - իմացեք՝ ուրեմն, իմ գործելու ոգևորությունս նաև մտածված, անշահ, անձանազոհ, պատրաստ ամեն ինչի, ինչ օգտակար է հայության համար, առանց երբևիցե հոգնածություն զգալու, նույնքան անսահման է, որքան անվերջ է Անդրանիկի անձնական հերոսությունը և սերը դեպի յուր հայրենիքն ու հայությունը։ Համբույրներով Սմբատ»[4]։
Լինելով դատապարտված Զանգեզուրի ճակատագրով ապրելու՝ կտրականապես դեմ էր Զորավարի՝ երկրամասից հեռանալուն.
-Սիրելի′ Անդրանիկ..., - գրում է նա, - համայն ժողովրդի բուռն ցանկությանը հակառակ է, որ այժմս դուք մեկնեք Զանգեզուրից...գուցե դեռ փոխեք Ձեր վճիռը, ժողովուրդը պատրաստ է ամեն րոպե ընդառաջ գալու... այսօր այստեղ ժողով է հրավիրված ժողովրդի ցանկությամբ, նորից Ձեզ դիմելու՝ դեռ շուտ չթողնելու մեր երկիրը՝ Զանգեզուրը։
Անդրանիկի հեռանալուց հետո նրան փոխարինելու եկան Արսեն Շահմազյանը, Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Գարեգին Նժդեհն իրենց զինակիցներով և իրենց կողմից ստեղծված նոր իրադրությամբ։ «Շահմազյանի գրությունները» անունը կրող ծրարում եղած փաստաթղթերը, որ առանձնացրել և այդպես էլ վերնագրել է Սմբատ Մելիք-Ստեփանյանը, ներառում են 13 նամակ Արսեն Շահմազյանից՝ Զանգեզուրի ռազմական ուժերի հրամանատարից, ուղղված Ղափանի Ազգային խորհրդի նախագահին։ Գրագրությունն ընդգրկում է 1919 թ. մայիս-նոյեմբեր ամիսները, դարձյալ առնչվելով մեր հարևանների ծավալապաշտ ձգտումներին, գավառի ինքնապաշտպանության կազմակերպման հարցերին, Ղարաբաղի ու ռազմական կացությանը, դաշնակից տերությունների հակահայկական գործելակերպին։ Գավառի զինված ուժերի հրամանատարը, հաշվի առնելով Սմբատ Մելիք-Ստեփանյանի հեղինակությունն ու գործադրած ջանքերը երկրամասի ինքնապաշտպանության գործերում, կապերի մեջ է մտնում վերջինիս հետ։
Անդրանիկի հեռանալուց հետո անգլիացիները փորձեցին խաղաղ դիվանագիտական ճանապարհով խլել Զանգեզուրը Ադրբեջանի համար և 1919 թվականի մայիսին Գորիսում գեներալ Շատելվորդի բանակցություններում Սմբատ Բեկը անգլիացիներին հասկացնում է.
«Մեկընդմիշտ թող պարզ լինի Ձեզ, գեներա՛լ, որ Զանգեզուրը ինչ գնով էլ լինի չի ընդունելու Ադրբեջանի վարչակարգը։ Մեր սահմաններում Ադրբեջանի ոտք դնելը կնշանակի երկիրը մատնել անարխիայի և հարկավ այդ ժամանակ Շրջանային խորհուրդը կհրաժարվի պատասխանատվությունից»[5]։
Շահմազյանը 1919 թ. օգոստոսի 19-ի վկայականով, Սմբատ Մելիք-Ստեփանյանին լիազորում էր հսկողություն ունենալ «Զանգեզուրի բոլոր շրջաններից համահավասար չափով զորահավաք կամ օժանդակ զինված ուժեր հավաքելու գործի վրա, ազատ կերպով մուտք ունենալով բոլոր հիմնարկները»։
1919 թվականի սեպտեմբերի 4-ին Գորիսից Կովկասում գտնվող տերությունների ներկայացուցիչներին ուղղված նամակում արտահայտելով սյունեցիների կամքը, Սմբատ Բեկը գրում է.
«Թող հայտնի լինի դաշնակցային հրամանատարության ներկայացուցիչներին, գարշելի Ադրբեջանի սարքովի հանրապետության ներկայացուցիչներին, իսլամադավան գյուղացիության զանգվածներին, որ եթե նրանք մտել են Զանգեզուրի տարածքը զոռով իրենց միացնելու...Եթե բթանա պողպատը, այդ դեպքում էլ թշնամին չի կարող վերցնել Զանգեզուրը։ Չի կարող, քանի դեռ մնում են համբերությունից դուրս եկած, բախտի քմահաճույքին մատնված հին հայկական Սյունիք-Զանգեզուրի հայերի ատամներն ու եղունգները»։
«Սիրելի Սմբատ,- գրում է Շահմազյանը, 1919 թ. սեպտեմբերի 22-ի նամակում, - 21-ին եկան այստեղ Ղարաբաղից սուրհանդակներ։ Բերած տեղեկություններից հաստատվում է, որ վերջերս թուրքերի կողմից հաշտության նշանները նրա համար էին, որ մեզ քնացնեն և որևէ տեղից խփեն։ Ղարաբաղում ալան-թալանը ծայր է առել։ Բոլոր նշաններից երևում է, որ Ղարաբաղի խնդիրը վերջնականապես չի որոշվել, և կռիվն անխուսափելի է… Ադրբեջանը մեզ վրա հարձակվելու պատրաստություններ է տեսնում, ռազմամթերք ու զորքեր է կենտրոնացնում… Այդ բոլորից հետո դեռ մտածում է հաշտության մասին։ Քանի այդտեղ եք, աջակցե՛ք Պողոսին ինչ հնարավոր է, որպեսզի այդտեղի բատալյոնը կազմակերպվի և լավ հիմքերի վրա դրվի…»։
Սահմաններում Սյունիքի համար անհավասար կռիվ էր թուրքերի դեմ, ներսում միմյանց էին փոխարինում դաշնակցականն ու բոլշևիկը՝ եղբայրասպան կռվում ավելացնելով ժողովրդի զրկանքներն ու թշվառությունը։ Սմբատ Մելիք-Ստեփանյանը, ներգրավվելով այս իրադարձությունների մեջ, գերապատվություն տվեց ժողովրդին և ոչ թե քաղաքական որևէ ուժի, մնաց իբրև վերկուսակցական գործիչ։ Նրանցից էր, ով մտածում էր Սյունիքը Հայաստանին միացնելու պայմանով պայքարը դադարեցնելու մասին։ Կոչ արեց զուր տեղն արյուն չհեղեղել, ընդունել բոլշևիկների իշխանությունը, վերջ տալ եղբայրասպան պատերազմին։
1921-1936 թթ.Խմբագրել
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սմբատ Մելիք-Ստեփանյանը նվիրվեց ավեր ու քայքայված երկրամասի վերականգնմանը։ Խորհրդային իշխանությունը հաշվի նստեց եվրոպական կրթությամբ հմուտ լեռնային ինժեների, ժողովրդականություն վայելող Մելիք-Ստեփանյանի հետ։ Հանդիպել է Ալեքսանդր Մյասնիկյանին և նրա մանդատով կարճ ժամանակով եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսար, այնուհետև գավառի ժողտնտեսոթյան գերագույն խորհրդի նախագահ, Կապանի Շահումյանի անվան հանքերի, ապա Շահալիի հանքերի վարիչ։
Զանգեզուրի արտակարգ կոմիսարի պաշտոնում նա պայքարում էր կողոպուտի և վատնումների դեմ, կարգուկանոնը վերականգնելու, ցորենը, գումարը, գույքը բաժանելու համար և խստիվ պատվիրում է՝ «կատարվելիքը լինի զգույշ, շիտակ, արդար, անկողմնապահ ու արագ»։
1923 թ. փետրվարի 16-ին զեկուցագիր է հղում Խորհրդային Հայաստանի ժողտնտեսության գերագույն խորհրդին, ներկայացնում կոնկրետ առաջարկություններ Ղափանում պղնձարդյունաբերությունն արագ վերականգնելու համար։
1923 թ. սեպտեմբերին շարադրված «Զանգեզուրը 1940 թվականին» ակնարկում (անտիպ) նա կանխագուշակում է Զանգեզուրի տնտեսական զարգացումն այնպիսին, ինչպիսին որ մեր օրերում է։ Գրել է «Զանգեզուրի ծննդավայրի անցյալը, ներկան և ապագան» աշխատությունը (անտիպ), որում մի շարք հիմնախնդիրների լուծման հետ միասին անհրաժեշտ է համարում գլխավոր հանքուղու կառուցումը։ Կազմել է Կապանի հանքարդյունաբերության հնգամյա պլանը, գլխավոր հանքուղու կառուցման նախագիծը (նախագծին ծանոթացել և հավանություն է տվել ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմ Սերգո Օրջոնիկիձեն, մասնակցել է դրա կառուցման աշխատանքներին։ Սկսել է հիդրոկայանի շինարարություն, կառուցել է կամուրջներ, պոլիկլինիկա, եղել է գյուղերում, հաղորդակից եղել գյուղացու հոգսերին, զբաղվել է գեղանկարչությամբ, գրել է արձակ և չափածո, դասավանդում էր գերմաներեն Ղափանի N1 դպրոցում։ Սաների հիշողության մեջ անմոռաց են մնացել նրա վրձնած «Խուստուփ սարը», «Անձրևաբեր վեսկի» կտավները[6]։
Ձերբակալությունն ու մահըԽմբագրել
N16840 անձնական գործում պահպանվող փաստաթղթերը վկայում են, որ Սմբատ Մելիք-Ստեփանյանը հինգ տարով ազատազրկման է դատապարտվել «հակահեղափոխական-պրովոկացիոն գործունեության համար»։ Ականատես կապանցիները միաժամանակ պատմում են, որ քաղաքի կենտրոնական փողոցում, Վաչագան գետի ափին, հրապարակայնորեն խարույկի է վերածվել Սմբատ Մելիք-Ստեփանյանի արխիվը, մոխիր դարձնելով Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի, նրա Սյունիք և Արցախ գավառների՝ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակին առնչվող ձեռագիր փաստաթղթեր։ Ինչի՞ համար է դատված հարցին պատասխանն է՝ Ֆրանկոֆիլ է։ Ազատազրկման ժամկետը հաշվարկված է ձերբակալման օրվանից՝ 1936 թ. դեկտեմբերի 22։ Թբիլիսիում տեղի ունեցած դատավարությունից հետո էտապով քշվել է Սեվվոստլագ՝ Վլադիվոստոկ, ուր եղել է 1937 թ. հուլիսի 15-ին։ 1938 թվականի ապրիլի 28-ին էտապով ետ է ուղարկվել Երևան, բայց նախ ընկել է Թբիլիսի Մետեխի բանտ։ 1939 թ. հուլիսի 5-ին Երևանի N1 բանտի պետի հրահանգով Մելիք-Ստեփանյանը տեղափոխվել է նորից Սեվվոստլագ։ Սակայն ճանապարհին՝ 1940 թ. փետրվարի 20-ին, իջեցվել է գնացքից և տեղափոխվել Կանսկի առանձին ճամբարային տեղամաս։ Հավանաբար, ճանապարհն ընդհատվել է ծանր հիվանդության պատճառով։ Որպես ժողովրդի թշնամի կալանավորված և բանտից բանտ, ճամբարից ճամբար տեղափոխված Սմբատ Մելիք-Ստեփանյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1940 թվականի օգոստոսի 24-ին Կրասնոյարսկի երկրամասի Կանսկի ճամբարում՝ միայնակ, հիվանդ և անօգնական։ Մելիք-Ստեփանյանը թաղված է Կրասնոյարսկի երկրամասի Նիժնեգաշսկի շրջանի, Նիժնեպոյմանսկի նախկին 10-րդ առանձին ճամբարային տեղամասի գերեզմանատանը[7]։
ԱղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ռ. Գրիգորյան, Փաստաթղթեր, որ լռել են տասնամյակներ, Երեկոյան Երևան, Ν22(9998), 30.01.1991
- ↑ Ռ. Գրիգորյան, Մեծ հայրենասերի արխիվից, Կապան, Ν154(9222), 27.12.1990
- ↑ Գ. Սմբատյան, Սմբատ Մելիք-Ստեփանյանի ժամանակը, Սյունյաց երկիր, Ν22(194), 27.11.2009
- ↑ Ռ. Գրիգորյան, Մեծ հայրենասերի արխիվից, Կապան, Ν153(9221), 25.12.1990
- ↑ Անգլիական միսիան Զանգեզուրում, Ղապան, Ν38(9106), 27.03.1990
- ↑ Շ. Մարտիրոսյան, Ժողովուրդ, սթափվիր, չսխալվես, Կապան, Ν97(9320), 14.09.1991
- ↑ Գ. Սմբատյան, Երկաթե վարագույներից այս կողմ, Երևան, 2009