Սիսեռ անատոլիական

բույսերի տեսակ
Սիսեռ անատոլիական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Սիսեռ անատոլիական
Լատիներեն անվանում
Cicer anatolicum


Սիսեռ անատոլիական (լատին․՝ Cicer anatolicum), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

25-70 սմ բարձրությամբ, գեղձային թավոտությամբ, ուժեղ ճյուղավորված ցողուններով կիսաթփիկ բույս է։ Տերևները զույգ փետրաձև են, բեղիկով վերջացող։ 4-9-ական զույգ տերևիկները կեսից վերև ատամնավոր եզրերով են։ Ծաղկակիրները 1-2-ական ծաղիկներով են։ Պսակը մուգ կապտմանուշակագույն է և ունի 17-21 մմ երկարություն։ Առէջաթելերը գագաթի մոտ լայնացող են։ 18-33 մմ երկարությամբ և 7-13 մմ լայնությամբ ունդերը էլիպսաձև են, փքված, 2-3 հատ, սև և կնճռոտ սերմերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Գեղամի (Ուղտու ակունք), Դարեղեգիսի (Մարտիրոս, Գնդեվազ) և Մեղրու (Բուղաքար, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում, Արևմտյան և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2550 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ժայռոտ տեղերում, քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա և թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խիստ մասնատված արեալով վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է ինտենսիվ յուրացնող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման ապառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Արևիկ» ազգային պարկի տարածքներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.