Սզնի հայկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի հայկական
Լատիներեն անվանում
C. armena A. Pojark.


Սզնի հայկական (լատին․՝ C. armena A. Pojark.), վարդազգիներ ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է 2—2,5 մ բարձրությամբ։ Ընձյուղները մազմզուկապատ են, բազմամյա ճյուղերը՝ մերկ։ Կեղևը սկզբում մուգ բալագույն է, հետագայում ընդունում է մոխրագույն կամ մոխրաշագանակագույն գունավորում։ Փշերը սակավաթիվ են։ Տերևները երկու կողմից ծածկված են կարճ աղվամազով, ձվաձև են, սեպաձև հիմքով, 3—5-աբլթակ, սրածայր։ Ծաղիկները սպիտակ են, հավաքված վահանաձև ծաղկաբույլերում։ Պտուղները գինեկարմիր են, 1—1,2 սմ երկարությամբ, դեղին, հյութալի պտղամսով, սովորաբար մեկ կորիզ են պարունակում։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տիպիկ հայկական բույս է, որը հանդիպում է միայն Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում, գետերի կիրճերում, արիդային նոսրանտառներում, լեռնալանջերի վրա ծովի մակերևույթից 1300—2500 մ բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Պտուղները պարունակում են գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, խնձորաթթու, լիմոնաթթու, դաբաղանյութեր։ Ունեն յուրահատուկ բուրմունք, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում, դրանցից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, հյութեր։ Բավականին քչապահանջ բույս է, աճում է բոլոր տեսակի հողերում, լուսասեր է, խոնավասեր, սակայն կարող է աճել նաև չոր վայրերում, հեշտությամբ տանելով ժամանակավոր երաշտը։ Բավականին ջերմասեր է, սակայն սառնամանիքներից չի տուժում։ Որպես հայկական էնդեմ, ամենուրեք անհրաժեշտ է պահպանել ու տարածել։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ Յա, 7—14, 17—32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 378։