Սեֆյան Պարսկաստան
Սեֆյան պետություն (պարս.՝ دولتْ صفویۀ` դոուլաթ է սաֆավիե), միջնադարյան պետություն Իրանում և նրան հարող տարածքներում 1501-1722 թվականներին։ Հիմնադրել է Իսմայիլ I-ը 1501 թվականին։ Երկիրը կառավարել է Սեֆյանների թագավորական տոհմը[1]։ Տարածքը կազմել է առավելագույնը 3.450.000 քառ. կմ՝ Իսմայիլ I շահի օրոք (1501-1524)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | ||||
Մակերես | 3.450.000 կմ2 | |||
Լեզու | պարսկերեն, քրդերեն, թուրքերեն | |||
Ազգություն | պարսիկներ, ազարիներ, քրդեր, աֆղաններ, հայեր | |||
Կրոն | Շիա իսլամ | |||
Արժույթ | դինար, շահի, աբբասի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Սեֆյաններ | |||
Պետության գլուխ | Շահ | |||
Կառավարիչ | Վեզիր | |||
Պատմություն | ||||
- Միջագետքի և Իրանի գրավում | 1500-1502 | |||
- Աֆղանստանի և Միջին Ասիայի գրավում | 1502-1510 | |||
- Թուրք-պարսկական պատերազմ | 1532-1555 | |||
- Թուրք-պարսկական պատերազմ | 1623-1639 | |||
- Սպահանի գրավում | 1722 |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Թավրիզը (1501-1555), ապա՝ Ղազվինը (1555-1598)։ 1598 թվականից շահ Աբբաս I Սեֆին մայրաքաղաքը տեղափոխում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Սպահան։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Ակկոյունլուների տերությունը և Լենկթեմուրի կայսրությունը, ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Իրանական լեռնաշխարհն ու Միջագետքի դաշտավայրը, Միջին Ասիայի հարավն ու Աֆղանստանը, Կովկասյան լեռները և Հայկական լեռնաշխարհը՝ տարածվելով Հինդուստան և Փոքր Ասիա թերակղզիների միջև։
17-րդ դարի վերջից Իրանը սկսում է թուլանալ. նրա տարածքում առաջացած բազմաթիվ կուսակալությունները, ղեկավարվելով թյուրքալեզու առաջնորդների կողմից, հաճախ սատարում էին Օսմանյան կայսրությանը։ Սեֆյան պետությունը խիստ թուլանում է գոյության իր գրեթե ամբողջ ընթացքում թուրք-պարսկական պատերազմների հետևանքով. 1722 թվականին, երբ սկսվել էին գահակալական կռիվներ, աֆղանական զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։
Սեֆյան պետությունը իսլամական Արևելքի շիադավան հզորագույն թագավորությունն էր, որը հանդիսանում էր պարսիկների՝ դարեր առաջ կորսված պետականության՝ Սասանյան Պարսկաստանի (226-642) իրավահաջորդը։ Թեև փաստացի ղեկավարվում էր թյուրքալեզու ղզլբաշների կողմից, սակայն մշակութային, տնտեսական և քաղաքական վերնախավի տեսանկյունից իրանական պետություն էր։ Իշխող արքայատոհմը, ընդունելով Սասանյանների «շահնշահ» տիտղոսը, աստիճանաբար կորցնում է քրդական արմատները՝ դառնալով պարսիկ ժողովրդի մի մասը։
Անվանում և ծագում
խմբագրելԵրկրի պաշտոնական անվանումը եղել է «Սեֆյան պետություն» (Dawlat-i Safaviyya)[2][3]։ Միջնադարյան արևելքում տարածված էր պետությունը կոչել ոչ թե երկրի, ազգության տեսանկյունից, այլ պետությունը կառավարող ընտանիքի կամ հարստության։ Պատմական, ռազմաքաղաքական և այլ աղբյուրներում երբեմն հանդիպում են նաև այլ անվանումներ, որոնցից առավել հայտնի է «ղզլբաշների պետություն» անվանումը։ Նրանք թյուրքալեզու ռազմատենչ ցեղեր էին, որոնք ապրում էին Կուր և Արաքս գետերի շրջանում, զբաղվում էին քոչվոր կամ կիսաքոչվոր անասնապահությամբ։ Տասներկու իմամների խորհրդով՝ նրանք դնում էին տասներկու կարմիր շերտ ունեցող գլխաշորեր։ Սեֆյանները համախմբել են ղզլբաշներին և հիմնադրել նոր պետություն[4]։
Ծագում
խմբագրելՍեֆյանների ծագումնաբանության մասին պատմող առաջին աշխատությունը գրվել է իբն Բազզազի կողմից՝ 1358 թվականին «Սաֆավաթ ազ-Սաֆա» անվանումով։ Համաձայն վերջինիս՝ նրանք ծագում էին ազգությամբ քուրդ Ֆիրուզ Շահ Զարին Քոլահից[5][6]։ Հետագայում՝ Իսմայիլ I-ի գահակալման տարիներին (1501-1524), Սեֆյանների «պաշտոնական» ծագումը համեմվել էր նաև առասպելական տարբեր պատմություններով։ Դրանց համաձայն՝ Սեֆյանների ծագումը հասցվում էր մինչև յոթերորդ իմամ Մուսա Կազիմի ճյուղին[Ն 1], և դրանով էլ՝ Մուհամմադ մարգարեին ու իմամ Ալիին։
Աղբյուրների մի մասը շարունակում է հանգել այն եզրակացությանը, որ Սեֆյանները ծագել են 14-րդ դարում[7], իսկ մեկ այլ մասի համաձայն՝ նրանց արմատները հասնում են մինչև Եմեն։ Աղբյուրների մի մաս այն նույնիսկ համարում է թյուրքական[8][9] կամ քրդական դինաստիա[10]։ Երբեմն այն անվանվում է «ադրբեջանական» դինաստիա՝ հղումը կատարելով Ատրպատական (արաբ․՝ أذربيجان՝ Ազարբեյջան) տարածաշրջանին, ոչ թե ժողովրդին, քանի որ Ադրբեջան պետությունն առաջացել էր 20-րդ դարում։ Ուսումնասիրությունները հանգում են նրան, որ Սեֆյան ընտանիքը իրանական է ըստ ծագման, սակայն աստիճանաբար թյուրքալեզու է դարձել. դա հետևանք էր Ատրպատականի և բնիկ ազարի բնակչության՝ 16-րդ դարից սկսած թյուրքացման։
Սեֆյանների մայրենի լեզուն ինչպես պարսկերենն էր, այնպես էլ թուրքերենը։ Նրանցից ոմանք ստեղծագործել են այդ լեզուներով[11]։ Մասնավորապես, սաֆիական հոգևոր-ասպետական միաբանության հիմնադիր Սաֆի ալ-Դինը (1252-1334), գրել է թուրքերենով, իսկ առաջին շահ Իսմայիլը համարվում է թյուրքական գրականության դասականներից մեկը։
Սաֆիական հոգևոր-ասպետական միաբանությունը հիմնվել է 13-րդ դարի վերջին՝ Իրանական Ատրպատականի Արդաբիլ քաղաքում։ Դրա հիմքում ընկած էր Սաֆավիա (մաքուր) սուֆիական ուսմունքը։ Դրա հիմնադիրը Սաֆի ալ-Դին Իսհակն էր, ով աշակերտել էր Զահիդ Գիլանիին։ Վերջինիս դստեր հետ ամուսնանալով՝ Սաֆին դառնում է միաբանության ղեկավարը, կատարում է վերափոխումներ, և դրա արդյունքում այն վերանվանում իր անունով։ Զահիդի աշակերտներն ընդունում են նրա գերակայությունը։ Միաբանությունը ունենում է աճող ազդեցություն տարածաշրջանում, երբ այն գտնվում էր թուրքմենական Կարա-Կոյունլու (սև ոչխարներ), ապա՝ Ակկոյունլու (սպիտակ ոչխարներ) ցեղերի տիրապետության ներքո։ Սաֆիի հետնորդները՝ որդին՝ Սադր ալ-Դինը, թոռ Ալին, վերջինիս որդի Իբրահիմը և թոռ Ջունեյդը, զորեղացնում են միաբանությունը։ Ջունեյդը հակասություններ է ունենում Կարա-Կոյոնլու առաջնորդ Ջահանշահի հետ, ով իր վերադասն էր, և փախչում է նրա թշնամի Ակ-Կոյունլու Ուզուն-Հասանի մոտ։ Ջունեյդն ամուսնանում է Ուզուն-Հասանի քրոջ հետ և վերանվաճում Արդաբիլը։ 15-րդ դարում միաբանության շեյխերը սուննիզմից անցում են կատարում շիա իսլամի։ Ջունեյդի զոհվում է Շիրվանշահերի դեմ կռվի ժամանակ, և նրա որդի Հեյդարը դառնում է միաբանության առաջնորդը, ամուսնանում Տրապիզոնի կայսր Հովհաննես IV Կոմնենոսի դստեր հետ։ Այդ ամուսնությունից ծնվում է Իսմայիլը, ով պետք է դառնար Իրանի շահ։
Վաղ շրջան
խմբագրելՍեֆյանների միաբանության մեջ շատ էին թյուրքալեզու ղզլբաշները։ Դրանք Իրանի հյուսիսում հաստատված թյուրքական ցեղեր էին, ովքեր այդտեղ էին ապաստանել Սելջուկյան սուլթանության հիմնադրումից հետո (11-րդ դարի երկրորդ կես)։ 14-րդ դարից սկսած նրանց զանազան խմբեր հավաքվում են միաբանության դրոշի ներքո։ Թյուրքալեզու ցեղերի միավորումը հետևանք էր մոնղոլական արշավանքներին ու Լենկթեմուրի զորքերին դիմակայելու տեսանկյունից։ 15-րդ դարից սկսած նրանք դառնում են շիաներ՝ հակասելով մնացած թյուրքալեզու ցեղերին և վերջնականապես հեռանալով ինչպես սելջուկներից (Ռումի սուլթանություն), այնպես էլ՝ 1299 թվականին Փոքր Ասիայի արևմուտքում մեկ այլ թյուրքական պետության՝ Օսմանյան կայսրության թուրքերից։ Դրանով ղզլբաշները մոտենում են պարսիկներին։
Ղզլբաշների առաջնորդներից Հեյդարը, կրում էր տասներկու կտորից կազմված կարմիր գլխարկ՝ խորհրդանշելով շիական 12 իմամներին։ Սկզբնական շրջանում թյուրքալեզու ցեղերը յոթն էին՝ ուստաջլու, շամլու, ռումլու, աֆշար, զուլքադար, թեքելի և ղաջար[12]։ Ղզլբաշները սափրում էին իրենց գլուխները և դեմքը՝ թողնելով միայն բեղեր։ Ավելի ուշ նրանց միանում են խաշնարած այլ կիսաքոչվոր ցեղեր։
Արդաբիլի շուրջ գտնվող մի քանի գյուղեր գրավելով՝ ղզլբաշների Սեֆյան միաբանությունը տեղական ինքնիշխանություն է ձեռք բերում։ Երբ 14-րդ դարի վերջին Լենկթեմուրը օսմանցիներին հաղթելուց հետո վերադառնում էր Իրան, ճանապարհին գերեվարում է բազմաթիվ թյուրքալեզու ցեղապետերի։ Դրանց մի մասին՝ ռումլու, շամլու և զուլքադար ցեղերին, Լենկթեմուրը վերադարձնում է։ Լինելով Արդաբիլի ղեկավարներ՝ միաբանությունը ձեռք է բերում նորանոր գյուղեր և պարբերաբար հարձակումներ կատարում հարևան պետությունների վրա։ Ղզլբաշների դիրքերը զորեղանում են, երբ Առաջավոր Ասիայում տեղի է ունենում թուրքմենական դինաստիաների փոփոխություն. Կարա-Կոյունլուներին փոխարինում են Ակ-Կոյունլուները։ Ղզլբաշները հարձակվում են Շիրվանշահերի պետության վրա։ Արդյունքում սպանվում են ինչպես Ջունեյդը, այնպես էլ՝ որդի Հեյդարը։ Վերջինիս ավագ որդի Սուլթան-Ալիի և ակ-Կոյունլու սուլթան Ռուստամի միջև հակասության արդյունքում նա նույնպես զոհվում է։ Միաբանության ղեկավար է դառնում մանկահասակ Իսմայիլը։ Ակ-Կոյունլուները գրավում են Արդաբիլը, իսկ ղզլբաշները Հեյդարի զավակներին փախցնում են Գիլան՝ Կասպից ծովին հարող լեռնային գավառ։
Ակ-Կոյունլուների պետության թուլացման ընթացքում, երբ ղզլբաշները կարողացել էին զորեղանալ, այնտեղ սկսում են գահակալական կռիվներ։ Օգտվելով դրանից՝ 1499 թվականին տասներեքամյա Իսմայիլը ուղղվում է Արդաբիլ։ 1500 հոգանոց զորքը նախ հետ է գրավում Արդաբիլը, ապա մեկ տարի անց՝ ղզլբաշների բանակը մտնում է Շիրվան, գրավում Շիրվանշահերի խոշոր քաղաքներ Շամախին ու Բաքուն։ Ղզլբաշները շարժվում են Արաքս գետի հունով ու մտնում Հայկական լեռնաշխարհ. ակ-Կոյունլուների հետ վճռական ճակատամարտը տեղի է ունենում Նախիջևանից ոչ հեռու՝ Շարուրի դաշտում։ 1501 թվականին ղզլբաշները գրավում են Թավրիզը, որտեղ Իսմայիլն իրեն շահ է հռչակում։
1503 թվականին շահ Իսմայիլը ակ-Կոյունլու սուլթան Մուրադին հնազանդության կոչ է անում։ Վերջինս չհամաձայնվելով՝ հարձակվում է ղզլբաշների վրա. 1503 թվականի հունիսի 21-ին Համադանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ղզլբաշները հաղթում են թուրքմեններին և կործանում նրանց պետությունը։ Սեֆյաններին անցնում են Իրանի Ֆարս և Էրաք նահանգները, Միջագետքը և Հայկական լեռնաշխարհը։
Պատմություն
խմբագրելՀիմնադրում
խմբագրելՍեֆյան արքայական դինաստիայի հիմնադիր Իսմայիլն ուներ ինչպես բուն քրդական, այնպես էլ մասնակի թուրքմենական, պոնտական և վրացական ծագում[13]։ Իսմայիլը հայտնի էր որպես խիզախ ու խարիզմատիկ անձնավորություն, որ հավատում էր իր աստվածային ծագմանը։ Այդպես նա համախմբում է ղզլբաշներին իր շուրջ[14]։ 1500 թվականին Իսմայիլը ներխուժեց Շիրվանշահերի պետություն, վրեժխնդրելու իր հոր՝ շեյխ Հեյդարի մահվան համար։ Հաջորդ տարի Իսմայիլը նվաճեց Թավրիզը, որտեղ նա իրեն հռչակեց Ատրպատականի շահ[15][16][17], ապա նաև՝ ամբողջ Իրանի շահ[18][19][20]։ Իսմայիլը շիա իսլամը հռչակեց իր պետության կրոն[21]։ Թավրիզի նվաճումից մեկ տարի անց, Իսմայիլը կործանեց Ակ-Կոյունլուների պետությունը, սկսեց նվաճումներ ամբողջ Իրանի տարածքում, իրեն հռչակելով «փադիշահ Իրան» կոչումը։
1502 թվականին Իսմայիլն իր տիրապետությանն է ենթարկում Շիրվանը՝ Շամախի կենտրոնով, հարավային Դաղստանը՝ Դերբենտ կենտրոնով, Հայկական լեռնաշխարհի հյուսիսը[22]։ Քարթլիի և Կախեթի թագավորությունները հայտարարվեցին վասալներ[23]։ Դրանից հետո շարունակվեցին հարավային արշավանքները. 1503 թվականին նվաճվեց Համադանը, մինչև 1507 թվականը՝ Շիրազը և Քերմանը։ Միևնույն ժամանակ շարունակելով տարածել իշխանությունն արևմուտքում՝ ղզլբաշները գրավում են Դիարբեքիր, Նաջաֆը և Քերբելան (1507), Վանը (1508), Բաղդադը (1509)։ 1510 թվականին Իսմայիլ շահի զորքերը մտնում են Մաշհադ (Խորասան) և Հերաթ (Աֆղանստան)։ Չնայած ուզբեկները շարունակում էին պարբերաբար հարձակվել Խորասանի վրա, Սեֆյան կայսրությունը ի վիճակի էր պահպանել դրանք իր տիրապետության տակ։
Սեֆյանների համար ավելի խնդրահարույց էր հարևան Օսմանյան կայսրությունը, որը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Սուլթան Բայազիդ II-ի (1481-1512) հրամանով հավաքագրվում են Փոքր Ասիայում բնակվող սուննի թուրքմենները, ապա արտաքսում են տեղի շիաներին։ Շահ Իսմայիլի զորքերը մոտեցան Օսմանյան կայսրության սահմաններին, և բախումը դարձավ անխուսափելի։ Նոր թագադրված սուլթան Սելիմ Ահեղը (1512-1520) խիստ վճռական էր տրամադրված Սեֆյանների հզորացման դեմ։ Իր գահակալության երկրորդ տարում՝ 1514 թվականին նրա զորքերը կտրեցին անցան ամբողջ Հայկական լեռնաշխարհը, հասան Խոյ քաղաքի մոտակայքում գտնվող Չալդրանի հարթավայր։ Օսմանյան բանակն առնվազն կրկնակի գերազանցել է եղել Իսմայիլի զորքերին, զինված եղել հրետանիով։ Նրանք նախատեսում էին ձմեռել Թավրիզում և ավարտին հասցնել Պարսկաստանի նվաճումը հաջորդ գարնանը։ Օսմանյան սպաների միջև տեղի է ունենում խռովություն՝ կապված Թավրիզում ձմեռելու ծախսերից հրաժարվելու հետ։ Չալդրանի ճակատամարտն ավարտվեց օսմանցիների հաղթանակով և Թավրիզի գրավմամբ։ Պարտությունը ոչնչացրեց Իսմայիլի հավատն առ այն, որ նա ուներ աստվածային ծագում[21]։ Նրա փոխհարաբերությունները ղզլբաշների հետ նույնպես փոխվեցին։ 1524 թվականին Իսմայիլի մահից անմիջապես հետո ղզլբաշները քաղաքացիական պատերազմ էին սկսել սեֆյանների դեմ (1524-1533)։ Շահի տասնամյա որդին՝ Թահմասպը, որ ի սկզբանե Խորասանի կառավարիչն էր[24], վերադարձրեց վերահսկողությունը պետության ներսում։
1526 թվականից սկսվեցին պարբերական մարտեր հյուսիսարևմտյան Իրանում ու Խորասանում[25]։ Ղզլբաշների վերջին ապստամբ ցեղի գլխավոր հրամանատար Ամիր Հուսեյն Խանը 1534 թվականին մահապատժի ենթարկվեց։ Տասնամյա ներքին խռովությունները լուծելուց հետո Թահմասպը կանգնեց արտաքին վտանգի առաջ. սկսեց թուրք-պարսկական քսանամյա պատերազմ (1532-1555)։ Օսմանյան զորքերը հերթական անգամ գրավեցին Թավրիզը, սակայն նրանք չունենալով հաղորդակցություն՝ որոշ ժամանակ անց դուրս եկան այնտեղից։ Թահմասպը իր նստավայրը Թավրիզից տեղափոխեց Ղազվին։
Պատերազմի տարիներին օսմանցիները գրավել են Երևանն ու Նախիջևանը, Ղարաբաղը։ 1554 թվականի սեպտեմբերին Թահմասպն իր պատվիրակությունն ուղարկում է սուլթան Սուլեյման I-ի (1520-1566) ձմեռային նստավայր՝ Էրզրում[26]։ Մեկ տարի անց երկու կողմերի միջև կնքվում է Ամասիայի պայմանագիրը, որով քսանամյա հաշտություն է հաստատվում երկու երկրների միջև։ Դրանով Օսմանյան կայսրությունը պաշտոնապես ճանաչեց Սեֆյան Պարսկաստանի սուվերենությունը։ Խաղաղության համաձայն, Հայաստանը բաժանվեց երկու մասի. Արևելյան հատվածն անցավ Իրանին։ Սուլեյմանը համաձայնվեց թույլատրել սեֆյան շիաներին ուխտագնացություն կատարել Մեքքա և Մադինա, ինչպես նաև Իրաքում և Արաբիայում գտնվող սրբավայրերը։
Սեֆյան պետության առաջացման հետ մեկտեղ, գրեթե միաժամանակ, Հարավային Ասիայում առաջանում է Մեծ Մողոլների կայսրությունը (1526-1540)՝ հիմնվելով Լենկ Թեմուրի ժառանգորդ Բաբուրի կողմից։ Մողոլները հետևում էին իսլամի սուննի ուղղությանը, իսկ բնակչության մեծամասնությունը հինդուիստներ էին։ Բաբուրի մահվանից հետո նրա որդին՝ Հումայունը, 1543 թվականին փախչում է Ղազվին դատարանում, որտեղ նրան դիմավորում են կայսերավայել[27][28]։ Հումայունն ընդունում է շիա իսլամ։ 1545 թվականին իրանական-մուղալական միացյալ ուժը կարողացավ զբաղեցնել Քաբուլը։ Աստիճանաբար վերականգնվեց Մողոլների կայսրությունը, գոյատևելով ևս երեք հարյուրամյակ (1555-1857)։ Թահմասպ շահը որոշակի բարեփոխումներ մտցրեց Իրանի քաղաքական և տնտեսական կյանքում, աշխուժացրեց առևտուրը Հնդկաստանի և եվրոպական տերությունների հետ։ Երկրի կառավարման մարմիններում բարձր պաշտոնների նշանակվեցին ոչ միայն ղզլբաշները, այլև իրանցիները։ Բարիդրացիական հարաբերություններ հաստատելով հարևանների հետ՝ շահն իր կառավարման հաջորդ տասնամյակներին՝ ընդհուպ մինչև մահը (1576), Իրանին բերեց խաղաղ զարգացման հնարավորություններ։
Զարգացում
խմբագրելԹահմասպ շահի մահվանից հետո գահակալական պատերազմ է սկսում իր ինը որդիների միջև։ Ավագ որդուն՝ Իսմայիլին, աջակցում էր պալատական վերնախավը, իսկ Հեյդարին սատարում էին վրացիները։ 1576 թվականին, Իսմայիլ II-ի գահակալությունից կարճ ժամանակ անց, Հեյդարը գլխատվել է։ Իսմայիլի իշխանության տասնչորս տարիների ընթացքում սպանվեցին գահի բոլոր հավակնորդները։ Կենդանի մնաց միայն կույր եղբայր Մուհամմադ Խոդաբանդան և իր երեք մանկահասակ որդիները (Համզա, Աբբաս, Աբու Տալիբ)։ Ի վերջո Իսմայիլին ընթրիքի ժամանակ թունավորում են, և գահ է բարձրանում իր միակ եղբայրը։ Մուհամմադ Խոդաբանդայի կառավարման ամբողջ ընթացքում (1578-1587) տեղի է ունենում Թուրք-պարսկական հերթական պատերազմը (1578-1590)։ Քուրդիստանի, Հարավային Կովկասի և Լոռեսթանի անկումից հետո 1585 թվականին թուրքերը դարձյալ գրավեցին Թավրիզը։ Պետության պաշտպանության համար օսմանցիների դեմ պայքարելու ելավ քսանմեկամյա գահաժառանգ Համզան, որը մեկ տարի անց մահացավ։ Միևնույն ժամանակ ապստամբություն սկսեց Խորասանում։ 1588 թվականի հոկտեմբերի 1-ին, Մուհամմադը գահը փոխանցեց իր որդուն՝ տասնվեցամյա Աբբասին։
Իշխանության առաջին տասը տարիների ընթացքում Աբբասը կարողացավ զգուշորեն ժամանակավոր, սակայն որոշիչ քայլեր ձեռնարկել՝ ազդելու սեֆյան վարչակազմի և զինված ուժերի վերափոխման վրա, օտար զավթիչներից եղածը հետ վերադարձնելու և իրանական արվեստի ծաղկման համար։ Նրա իշխանության վերականգնման մեթոդն ընդգրկում էր երեք փուլ.
- ներքին անվտանգության վերականգնումը, օրենքի ու կարգի հաստատում
- արևելյան տարածքների վերականգնումն ուզբեկներից
- Օսմանյան կայսրությունից արևմտյան տարածքների վերականգնումը
1590 թվականին նա խաղաղության հասնելու պատրվակով համաձայնվեց ստորացուցիչ պայմանագրի, հրաժարվելով Միջագետքից, Հայկական լեռնաշխարհից, Ատրպատականից, Կովկասից[29][30]։ Աբբասը կարողացավ աստիճանաբար կայսրությունը ցեղային կոնֆեդերացիայից վերափոխեց ժամանակակից կայսերական կառավարություն։ Կայսերական գանձարանը սկսում է հարստանալ վարչական տարբեր միավորներից հարկերի հավաքագրման հաշվին։ Այս առումով հատկապես կարևոր էր Գիլանը և Մազանդարանը, որոնք զբաղվում էին մետաքսի արտադրությամբ։ Այս եկամուտով Աբբասը կարողացավ ստեղծել կենտրոնական, կայուն բանակ։ Թուրք-պարսկական թշնամանքի բորբոքումից խուսափելու համար նա զորակոչեց իր բանակը «երրորդ ուժից»՝ մանկահասակ չերքեզներից, վրացիներից, մասամբ նաև՝ հայերից վերապատրաստվելով ռազմիկների։ Աբբասի ստեղծած կանգնած բանակը բաղկացած է. 10000-15000 էթնիկ կովկասցի հեծելազորից, 12000 իրանցի աշխարհազորից ու հրետանավորներից։ Շահի թիկնազոր գունդը կազմված էր բացառապես կովկասյան ղուլամներից, կտրուկ աճեց մինչև 3,000[31]։ Սա վարձկան բանակ էր, որի քանակը հասնում էր մինչև 40 հազար մարդու։ Շահ Աբբասը նաև կարողացավ հրավիրել ռազմական խորհրդատվություն եվրոպական մի շարք դեսպանների։
Շահ Աբբասը մայրաքաղաքը տեղափոխեց Իրանի խորքերը՝ Սպահան՝ նոր քաղաք կառուցելով հին պարսկական քաղաքի կողքին։ Պետությունը սկսեց ավելի շատ պարսկական բնույթ կրել։ Սեֆյանների պատմության մեջ առաջին անգամ նա պատերազմի ելավ ոչ թե թյուրքախոս ղզլբաշներով, այլ իրանցիներով։ 1598 թվականին նա արշավեց Խորասան և Աֆղանստան, գրավեց Մաշհադը և Հերաթը։ Աբբասի հանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ նրա եվրոպական ուժերի հետ դիվանագիտական կապերի հաստատման քաղաքականության մի մասն էր, փորձելով օգնություն ցուցաբերել իրենց ընդհանուր թշնամու, Օսմանյան կայսրության դեմ պայքարում։ Դեռ շահ Իսմայիլը փորձել էր կապ հաստատել Հաբսբուրգների հետ՝ Օսմանյան կայսրության դեմ։ 1599 թվականին Աբբասը իր առաջին դիվանագիտական առաքելությունն ուղարկել է Եվրոպա։ Խումբը անցավ Կասպից ծովը և ձմեռեց Մոսկվայում, ապա այցելեցին Նորվեգիա, Գերմանիա, Հռոմ և Իսպանիա։ Դրանից հետո դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը մեծացել է։
Հասնելով Մեծ Մողոլների կայսրությանը (Հնդկաստան)՝ նա շրջվեց արևմուտք, 1603-1618 թվականներին գրավելով Կովկասը և Հայկական լեռնաշխարհը։ Վերստին թուրքերին նվաճման հնարավորություն չտալու նպատակով 1603 թվականին շահ Աբբասը ամայացրեց Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքը՝ Արարատյան դաշտի բնակչությանը տեղափոխելով Իրանի կենտրոնական նահանգներ։ 1609-10 թվականներին Շահը պատերազմ սկսեց քրդերի դեմ։ Ճնշելո նրանց ապստամբությունը՝ շահն իրենց արտաքսեց Խորասան, իսկ այդ տարածքում բնակեցրեց թյուրքալեզու աֆշար ցեղին[32]։ 1616 թվականին շահը մտավ Բաղդադ։ Անգլիացիների օգնությամբ գերակայության հասնելով Պարսից ծոցում՝ նա Օրմուզի նեղուցից հեռացրեց պորտուգալացիներին, ապա նաև համագործակցության դաշինք կնքեց դանիական և բրիտանական արևելահնդկական ընկերությունների հետ։ Բաղդադը թուրքերին անցավ միայն 1638 թվականին՝ շահի մահից տասը տարի հետո։ 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի հաշտությամբ ձևավորվեց Իրանի ժամանակակից արևմտյան սահմանը։
Անկում
խմբագրել1639 թվականից թուրք-պարսկական պատերազմները դադարեցին ութ տասնամյակով։ Երկրի ներսում սկսել էին գահակալական կռիվներ։ Ի հավելումն իր բազմադարյա թշնամիների, Իրանը ստիպված էր պայքարել նաև Ռուսաստանի դեմ։ Նրանք մեծացրել էին իրենց ազդեցությունը Եվրոպայում, անցել էին Կովկասյան լեռները և մուտք գործել Կենտրոնական Ասիա։ Արևելյան սահմաններում Մեծ մողոլները ընդարձակվել են դեպի Խորասան և Աֆղանստան։
Հոլանդական և բրիտանական արևելա-Հնդկաստան ընկերություններն օգտագործել են իրենց ծովային ուժի իրենց բարձրակարգ միջոցները՝ վերահսկելու Հնդկական օվկիանոսի արևմուտքում առևտրային երթուղիները։ Արդյունքում, Իրանը հեռացվել է Արևելյան Աֆրիկայի, Արաբական թերակղզու և Հնդկաստանի օտարերկրյա կապերից։ Աբբաս II-ի թագավորության ավարտից սկսում է Սեֆյանների թուլացման շրջանը։ Ամենուր սկսում են ժողովրդական ապստամբություններ։ Սուլթան Հոսեյնը (1694-1722) ճնշում է դրանք, որին ի պատասխան աֆղանների միապետ Միր Հոթաքը, ապստամբեց և սպանեց Սեֆի նահանգապետ Գորգին Խանին։ 1722 թվականին աֆղանական բանակը Միր Մահմուդի գլխավորությամբ թագավորական զորքերին պարտության է մատնել Գոլնաբադի ճակատամարտում։ Այնուհետև նա պաշարեց Սպահան մայրաքաղաքը։ Միևնույն ժամանակ, Պետրոս Մեծի գլխավորությամբ ռուսները նվաճել էին Հյուսիսային Կովկասը և Բաքուն՝ Կասպիական արշավանքի միջոցով (1722-1723)։ Արևմուտքից օսմանցիները ներխուժեցին Սեֆիների հյուսիսարևմտյան տիրույթներ, հայերի ինքնապաշտպանությունից հետո գրավեցին Երևանը, ապա կոտրեցին դիմադրության շարժումները Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731)։ 1724 թվականին Կոստանդնուպոլսում օսմանցիները ռուսների հետ միասին նրանք համաձայնվեցին բաժանել և պահպանել իրենց նվաճած իրանական տարածքները։
Աֆղանները յոթնամյա ինքնավարությունը պարտություն կրեց «Թահմազ Ղուլի» (Թահմասպ II շահի ծառա) Նադիրից։ Նա հեշտությամբ հաղթեց Հոթակիների ուժերին 1729 թվականի Դամղանի ճակատամարտում։ 1729 թվականին Ռաշթի և 1735 թվականին Գյանջայի պայմանագրերով նա համաձայնության է եկել կայսրուհի Աննա Իոանովնայի հետ, որը Կովկասի մեծ մասը հետ վերադարձրեց Իրանին։ Թուրք-պարսկական պատերազմում (1730-36) վերականգնվեցին 1639 թվականի սահմանները։ Նադիրը արդյունավետ վերահսկողություն է ունեցել Շահ Թահմասպ II-ի վրա, այնուհետև եղել է նորածին Աբբաս III-ի գահակալը մինչև 1736 թվականը՝ հետագայում դառնալով Իրանի շահ։
1747 թվականին Նադեր Աֆշարի շահի սպանությունից անմիջապես հետո և նրա կարճատև կայսրության փլուզման հետևանքով գլուխ են բարձրացնում Զանդի տոհմի ներկայացուցիչները։ Իսմայիլ III-ի կարճ իշխանությունն ավարտվեց 1760 թվականին, երբ վերջնականապես դուրս մղեց Սեֆյանների դինաստին։ Աֆշարիների ու Զանդիների իշխանությունն ավարտվեց 1796 թվականին, երբ Իրանում հաստատվեց նոր դինաստիայի՝ Ղաջարիների իշխանությունը։
Պետական կարգ
խմբագրելՎարչական բաժանում
խմբագրելՍեֆյան պետությունը բաժանված էր էյալեթների (կուսակալությունների) միջև։ Տարբեր ժամանակահատվածներում էյալեթների թիվը և դրանց զբաղեցրած տարածքը փոփոխվել է. դա կապված էր ռազմաքաղաքական իրավիճակի հետ։ 16-րդ դարի կեսին, թուրք-պարսկական հերթական պատերազմից հետո, իրանցիները թուրքերին էին զիջել Իրաքի կուսակալությունը՝ Բաղդադ կենտրոնով, ինչպես նաև Դիարբեքիրի ու ու Կարսի կուսակալությունները։ Դա ամրագրվել էր Ամասիայի հաշտությամբ (Հայաստանի երրորդ բաժանում, 1555)։ Մի քանի տասնամյակ անց իրանցիները հօգուտ թուրքերի կորցնում են նաև Ատրպատականը և Հարավային Կովկասը։ Դա տեղի է ունենում ղզլբաշների անհնազանդության պատճառով՝ նոր պատերազմի արդյունքում։ 17-րդ դարի սկզբին շահ Աբբաս I-ը (1587-1629) պետության կենտրոնը տեղափոխում է կենտրոնական Իրան, հետ է գրավում կորցրած տարածքները և դրանք մտցնում վարչական այլ միավորների մեջ։ Մասնավորապես Կարս քաղաքն իր շրջակայքով մտնում է Երևանի կուսակալության (ժամանակակից Հայաստանի կենտրոնական բոլոր մարզերը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը)։ 1639 թվականին կնքվում է Ղասրե Շիրինի պայմանագիրը (Հայաստանի չորրորդ բաժանում), որով ձևավորվում ու գրեթե անփոփոխ է դառնում Իրանի արևմտյան սահմանը մինչ օրս։
16-րդ դարի վերջին ու 17-րդ դարի սկզբին պետությունը բաժանված էր 13 կուսակալությունների, որոնց գլուխ կանգնած էին բեկլարբեկները (պարս.՝ بگلاربگ)։ Հարավային Կովկասի տարածքում ձևավորվել էին 4 կուսակալություններ՝ Երևանի ու Ղարաբաղի (Արևելյան Հայաստան), Շիրվանի (Կուր գետից մինչև Կասպից ծով) և Թավրիզի (Ատրպատական և Պարսկահայք)։ Իրանի տարածքում կային ևս 9 բեկլարբեկություններ՝ Ղազվինի, Համադանի, Ֆարսի, Քերմանի, Աստարաբադի, Մաշհադի, Հերաթի, Մերվի և Քանդահարի։
Բեկլարբեկները նշանակում էին շահին հավատարիմ մարդկանցից՝ հիմնականում զորահրամանատարներից։ Ժամանակի ընթացքում նշանակովի պաշտոնը դարձավ ժառանգական։ Նրանք շահին տրամադրում էին հարկ և զորք, բայց ներքին կառավարման հարցերում գլխավորապես ինքնուրույն էին։ Կուսակալությունները բաժանվում էին կադիների գլխավորությամբ կառավարվող կազաների (պարս.՝ قضاء` մարզ), իսկ դրանք էլ՝ մելիքների կողմից ղեկավարվող մահալների (պարս.՝ محل` գավառ)։ Մելիքներից ցածր էին բեկերը, ովքեր կանգնած էին նահիեների (պարս.՝ ناحية` շրջան) գլուխ, և ունեին ենթակա պաշտոնյաներ՝ գյուղապետեր (պարս.՝ كدخودا՝ քեդխուդա) ու քաղաքապետեր (պարս.՝ كلنتار՝ քալանթար)։ Վերջիններս բանակում զբաղեցնում էին հարյուրապետի պաշտոններ։
Վարչաքաղաքական բաժանումներից բացի, Սեֆյան պետության կազմում էին նաև մի քանի մանր թագավորություններ ու իշխանություններ, որոնք պահպանում էին իրենց ինքնուրույնությունը։ Հարավային Կովկասում դրանք էին Քարթլին և Կախեթը, որոնք հետագայում միավորվեցին։ Վերջինիս կազմում էին Շորագյալը (Շիրակի մարզ), Լոռի-Փամբակը (Լոռու մարզ) և Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)։ Առանձին տեղ էին գրավում Սյունիքի ու Արցախի մելիքությունները։
Բանակ
խմբագրելՍեֆյան պետության կյանքում կարևոր դերակատարություն ուներ բանակը։ Սկզբում այն կազմված էր անկանոն ցեղապետային զորամասերից, որոնք ունեին նույն կառույցը, ինչ Ակ-Կոյունլուների պետության բանակը։ Այստեղ հավաքագրվում էին աշխարհազորային մուլազիմներ (պարս.՝ ملازم՝ կամավորներ), ովքեր զորակոչվում էին կուսակալի կողմից և պահվում իր հաշվին։ Բանակում նշանակալից տեղ էր զբաղեցնում շահի թիկնազոր գունդը՝ ղուրչին (պարս.՝ قورچی)։ Զորամասերն ունեին իրենց դրոշը և ցեղային հրամանատարը։ Թահմասպ I-ի օրոք բանակի թիվը հասնում էր առավելագույնը 60 000 մարդու, թեև շահի ժամանակակից պալատական վերնախավի ներկայացուցիչներն այն հասցնում էին 120000-ի։
Իրանցիների գլխավոր թշնամին Օսմանյան կայսրությունն էր։ Նրանց հետ Սեֆյանները պատերազմներ են մղվել 6 անգամ՝ 1532-1555, 1578-1590, 1603-1618, 1623-1639, 1723-1727, 1730-1736 թվականներին. առավել դյուրին էր հաշվել խաղաղության տարիները։ Քիչ չէին ընդհարումները արաբների, վրացիների և ուզբեկների հետ՝ համապատասխանաբար Պարսից ծոցում, Կովկասում և Միջին Ասիայում իշխող դիրք զբաղեցնելու համար։
Սեֆյան բանակում ռազմական կառուցվածքը հաստատվում էր կենտրոնական, աջ և ձախ գնդերից։ Կենտրոնական գունդը ղեկավարում էր շահը, իսկ իր բացակայության դեպքում՝ ազդեցիկ կուսակալներից մեկը։ Դեռ Իսմայիլ I-ի օրոք ստեղծվել էր մշտական կանոնավոր զորամաս, որի խնդիրը շահի անվտանգությունը պաշտպանելն էր։ Այդտեղ ծառայող զինվորների թիվը հասնում էր 3000 մարդու, իսկ Թահմասպ I-ի օրոք՝ 5000-ի։ Մուլազիմները կարող էին միանալ ղուրչիին՝ թվաքանակը հասցնելով 12000-ի։
Շահ Աբբասի օրոք բանակը վերակառուցվում է։ Վերացվում են ղզլբաշներին տրվող անսահմանափակ լիազորությունները։ Աշխարհազորի թվաքանակը հասցվում է մինչև 40 000-ի, իսկ մշտական բանակն ուներ 18000 զինվոր։ Սեֆյան բանակը բաղկացած էր ծանր ու թեթև աշխարհազորային հեծելազորից։ Հզորացող Օսմանյան կայսրությանը դիմակայելու և նրա ազդեցությունը Իրան ու Հնդկաստան չհասցնելու համար անգլիացիներն ու ֆրանսիացիները օգնում էին շահ Աբբասին։ Նրանք զինում էին իրանական բանակը, որն արդեն ուներ նաև թնդանոթներ և այլ ժամանակակից տեխնիկա։ Այն ղեկավարվում էր 3000-4000 հոգանոց հատուկ զորամասերի կողմից։
Հասարակություն
խմբագրելՍեֆյանների ժամանակաշրջանում պաշտոնատարները նշանակվել են արժանիքների, այլ ոչ թե ազնվական ծագման վրա հիմնվելով։ Հայրերի որդիները համարվում էին իրենց հայրերի հաջորդականությունը հարգանքի նշան, բայց նրանք ստիպված էին ապացուցել դա։ Հաճախ մարդիկ արժանացել են բարձր պաշտոնների՝ իրենց ծառայության դիմաց[33]։ Այդուհանդերձ, դա բրգաձև համակարգով միապետություն էր՝ շահի ղեկավարությամբ։ Բուրգի հիմքում էր սովորական ժողովուրդը՝ առևտրականներն ու արհեստավորները, գյուղացիները և արիստոկրատները։ Վերջիններիս մեջ բուրգի կեսին կրոնական պաշտոնյաներ էին, ովքեր ևս մասնակցում էին պետության կառավարմանը։
Թեև Սեֆյանները շարունակաբար վերահաստատել են իրենց իրանական ինքնությունը, պետության կառավարման կառուցվածքը հիմնականում բաժանված էր երկու խմբի՝ թյուրքալեզու ռազմաքաղաքական և պարսկախոս վարչական վերնախավ։ Այսպես առաջ եկավ «թուրք և տաջիկ» տերմինը, որով բնութագրվում էր միջնադարյան Իրանի ոչ պարսիկ ղեկավարներին՝ սկսած 12-րդ դարից։ Այս երկուսի միջև փոխհարաբերությունները սիմբիոտիկ էին, բայցևայնպես մրցակցային։ Նրանք բնութագրվում էին որպես «սուրի մարդիկ» և «գրչի ժողովուրդ»՝ բարձր պաշտոնները վերապահելով պարսիկներին։ Շահերը թյուրքալեզու սպաների որդիներին տալիս էին պարսկերենով կրթություն։
16-րդ դարի կեսերից դեռ շահ Թահմասպ I-ը նախաձեռնել էր իրանական հասարակության աստիճանական վերափոխում։ Դա վերնականապես իրականացվեց Աբբաս I-ի օրոք։ Նրանք ցանկանում էին նվազագույնի հասցնել ղզլբաշների քաղաքական և ռազմական ներկայությունը, փոխարինել իրանցիներով ու կովկասցիներով։ Վերջիններս հայտնի էին որպես «երրորդ ուժ», և բաղկացած էին հարյուր հազարավոր տեղահանվածներից և ավելի փոքր չափով կամավոր կերպով ներգաղթվածներից (չերքեզներ, վրացիներ և հայեր)։ Թահմասպը գաղթեցրեց ավելի քան 70 հազար քրիստոնյա վրացիներ, չերքեզներ և հայեր[34]։ Քրիստոնյա ղուլամները (ծնողազուրկ մանկահասակ ստրկացած ռազմիկներ) լիովին անտարբեր էին կլանային հավատարմության և ազգականի պարտականությունների համար, ինչը գրավիչ հատկություն էր Թահմասպի իշխանության համար:Նրա որդին՝ Իսմայիլ II-ը, բերեց ևս 30 հազար չերքեզներ և վրացիներ։
Շահ Աբբասի մինչև 15000-անոց մարտունակ այրուձին կազմված էր բացառապես կովկասցիներից։ Նա ամբողջությամբ կրճատեց ղզլբաշների թիվը և կանոնավոր կերպով նրանց տեղափոխեց հեռավոր նահանգներ՝ խոչընդոտելով տեղական համայնքի հետ կապերը և կրճատելով իրենց իշխանությունը։ Կարճ ժամանակում վրացիները, չերքեզները և մասամբ հայերը նշանակվեցին պետության ամենաբարձր գերատեսչություններին։ Օրինակ, 1595 թվականին վրացի Ալահվերդի Խանը նշանակվել էր Իրանի ամենահարուստ նահանգներից մեկի՝ Ֆարսի գեներալ-մայոր։ Երեք տարի անց նա դարձավ զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Ենթադրվում է, որ Աբբասի ժամանակ տասնյակ հազարավոր չերքեզներ, 200,000 վրացիներ և շուրջ 300,000 հայեր[35][36], տեղահանվել և վերաբնակեցվել Իրանի ներքին շրջաններում։ Շահ Աբբասը գիտակցում էր բրիտանական, հոլանդական, ֆրանսիական վաճառականների հետ առևտրով զբաղվելու անհրաժեշտությունը։ Եվրոպայում հատկապես կարևորվում էր մետաքսի արտադրությունն ու առևտուրը։ Դրանով զվաղվում էին Իրանի հյուսիսում՝ Մազանդարան և Գիլան նահանգներում։ Եթե մինչ այդ առևտուրը կատարվել էր թուրքերի եւ պարսիկների կողմից, ապա 17-րդ դարում քրիստոնյա հայերը վերահսկվում էին այն։ Նրանք հաստատեցին Բուրսայում, Հալեպում, Վենետիկում, Լիվոռնոյում, Մարսելում ու Ամստերդամում։ Այդ պատճառով Շահ Աբբասը մեծ թվով հայեր է վերաբնակեցրել Իրան։ Հայերի համար հնարավորություն տրվեց կառուցել Նոր Ջուղան՝ Զայանդեռուդ գետի՝ Սպահանի հանդիպակաց ափին։ Քրիստոնյա հայերը դարձել են առևտրային էլիտա սեֆյան հասարակության մեջ և գոյատևել հնդիկների ու պարսիկների առևտրական խիստ մթնոլորտում, միշտ ունենալով լայնածավալ կապիտալ, ապահովելով մատչելի գներ, քան, օրինակ, իրենց բրիտանական մրցակիցները։
Տնտեսություն
խմբագրելՍեֆյան պետության դրամական համակարգը հիմնված էր արծաթե մոնոմետալիզմի վրա։ Սկզբնական շրջանում պետություն բացակայում էր դրամական միասնական համակարգը և ընդհանուր դրամական միավորը։ Խոշոր քաղաքներն ունեին իրենց դրամահատման կետերը և շուկաները։ Դրանցից առավել հայտնի էին Թավրիզի, Թեհրանի, Սպահանի, Համադանի, Շիրազի ու Մաշհադի կենտրոնները։ Առավել տարածված էին շահին (9.36 գրամ արծաթ) և պղնձե դինարը։ 50 դինարը կազմում էր մեկ շահի, իսկ 200 շահին՝ մեկ ոսկե թուման։ Շահ Աբբասի ժամանակ ավելացվում է նոր դրամական միավոր՝ աբբասին, որն իր արժեքով հավասար էր 4 շահի և 20 դինար։
Գյուղատնտեսություն
խմբագրելՍեֆյան Պարսկաստանի տնտեսությունը հիմնված էր գլխավորապես անասնապահության ու երկրագործության եկամուտներից։ Պետությունը ձևավորվել էր ուշ միջնադարում և գտնվում էր նոր զարգացող եվրոպական երկրներից մեծ հեռավորության վրա։ Այդ է պատճառը, որ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ չէին կիրառվում, հողը պատկանում էր ավատատիրոջը։ Նույն իշխող վերնախավը ծագում էր ոչ վաղ անցյալում կիսաքոչվոր ու քոչվոր խաշնարած ցեղերից։ Նոր նվաճվող տարածքները ղզլբաշների համար առաջին հերթին լեռնային արոտավայրեր էին, որտեղ նրանք զբաղվում էին անասնապահությամբ։ Հաճախ ամռանը ցեղերը բարձրանում էին լեռնային շրջաններ, այնուհետև՝ ձմեռում հարթավայրում։
Խոշոր գետերի հովիտներում շարունակվում էր ավանդական երկրագործությունը։ Տաք կլիման թույլ էր տալիս զբաղվել բամբակի ու բրնձի ցանքով, տարածված էին ցորենի ու գարու դաշտերը, մասնակիորեն զարգանում էին այգեգործությունն ու խաղողագործությունը։ Իրանը հայտնի էր շերամապահությամբ։ Երկրագործությունը կատարվում էր միջնադարում փորված ոռոգման համակարգով։
Արհեստներ և առևտուր
խմբագրելԴարեր շարունակ Իրանի տարածքը եղել է տարանցիկ առևտրի կենտրոն. Հնդկաստանից ու Չինաստանից եկող առևտրական քարավանները Մետաքսի ճանապարհով կապվում էին Հռոմեական, ապա նաև՝ Բյուզանդական կայսրության հետ։ Ուշ միջնադարում իրավիճակը Մերձավոր Արևելքում փոխվում է. նախ՝ ամբողջ տարածաշրջանը վերջնականապես գրավվում է իսլամադավան երկու նորահայտ պետությունների՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի կողմից, դրանով արևելքը դառնում է իսլամի տարածման գոտի։ Մյուս կողմից՝ Եվրոպայից վերջնականապես դուրս են գալիս մուսուլմանները. արաբներից ազատագրվում է Կաստիլիայի թագավորությունը և միավորվում Արագոնի հետ (Իսպանիա), թաթար-մոնղոլներից՝ Մոսկվայի մեծ իշխանությունը, որը միավորում է ռուսական բոլոր հողերը (Ռուսական թագավորություն)։ Քրիստոնեադավան եվրոպացիները վերջնականապես երես են դարձնում իսլամացած արևելքից Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում՝ Ամերիկայի ու Ավստրալիայի հայտնագործումից հետո։
Ուշ միջնադարում՝ սկսած 19-րդ դարից, Իրանը կորցնում է միջազգային տարանցիկ առևտրի կենտրոնի դերն ու նշանակությունը։ Այն կապվում է հիմնականում Հնդկաստանի՝ արդեն ծովային դարձած առևտրի հետ։ Իրանի տարածքում կառուցվում են նոր քարավանատներ ու վերականգնվում են նախկինում գոյություն ունեցող ճանապարհները։ Շահ Աբբասը փորձում է վերականգնել տարածաշրջանի խաղաղությունը և Մետաքսի ճանապարհը, կառուցում կամուրջներ ու ճանապարհներ, հիմնում արհեստանոցներ ու տոնավաճառներ։ Ճանապարհների հսկվում են պետության կողմից։ Առաջավոր Ասիայում հաստատվում է հարաբերական դադար 1639 թվականի պայմանագրի կնքումից հետո, երբ 80 տարով դադարում են պատերազմները։ Այդուհանդերձ, Իրանում առևտուրը նախկին ծավալների այլևս չի հասնում։ Միջազգային առևտուրը զարգացրեց Սեֆյան Պարսկաստանի քաղաքները. հետզհետե խոշորացան և ծաղկում ապրեցին Մերվը (Թուրքմենստան), Հերաթը (Աֆղանստան), Մաշհադը (Խորասան), Թավրիզը և Ղազվինը (Ատրպատական), Սպահանը և Շիրազը (Ֆարս) և այլն։ Բուն հայկական քաղաքներից հայտնի էին Ագուլիսը, Ջուղան, իսկ Երևանում, Նախիջևանում, Գանձակում և Թբիլիսիում մեծ թիվ էին կազմում այստեղ բերված թյուրքալեզու տարբեր ցեղեր։
Մշակույթ
խմբագրելԿրթության զարգացում
խմբագրելՍեֆյան ընտանիքը նախքան պետության կազմավորումը հայտնի էր որպես ուսյալ և զարգացած գերդաստան։ Պահպանվել են շեյխ Սաֆիի՝ թաթական ու պարսկական պոեզիային վերաբերող հատվածներ։ Իսմայիլ I շահը հայտնի էր «Խաթայի» գրական կեղծանվամբ[37]։ Նրա որդին՝ Սամ Միրզան, հայտնի էր ոչ միայն պարսկական, այլև թուրքական գրականության ասպարեզում[38]։ Սեֆյան երկրորդ շահը՝ Թահմասպը, ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, իսկ Աբբաս II-ը հայտնի էր որպես Ադրբեջանի թյուրքերենով ստեղծագործած բանաստեղծ[39]։
Իրանի բարեփոխիչ ղեկավար շահ Աբբաս I-ը վերակառուցել էր երկրի տնտեսությունը, ինչի արդյունքում զարգացել էին նաև արվեստները։ Մասնավորապես բարգավաճել էին մանրանկարչությունը, գեղագրությունը, գորգագործությունը և քանդակագործությունը, և արվեստագործական արտադրանքը մեծ սպառում ուներ շուկայում։ Թավրիզը, Թեհրանը, Սպահանը և Շիրազը դարձան մշակույթի զարգացման կենտրոններ, որտեղ 17-րդ դարից սկսած առավել մասնագիտական եղանակով պատրաստվում էին հռչակավոր պարսկական գորգերը։ 1630 թվականին ավարտին է հասցվում նոր մայրաքաղաք Սպահանում արքայական մզկիթի կառուցումը։ Քաղաքի բնակչությունը հասնում է 400,000-ի[40]։
17-րդ դարում շահ Ռեզա Աբբասին նորամուծություն է մտցնում իրանական մշակույթում. լայնորեն տարածվում են կիսամերկ կանանց, երիտասարդների ու սիրահարների պատկերները։ Գեղանկարչության ու կերպարվեստի այլ ճյուղերում հայտնի էր Սպահանի դպրոցը։ Այս ամենը հետևանք էր Հնդկաստանի միջոցով եվրոպական երկրների հետ աճող առևտրի, ինչպես նաև՝ փորձի փոխանակման և այլ բարեփոխումների։ Սկզբնական շրջանում եվրոպացիները դեմ էին Օսմանյան կայսրության՝ դեպի արևմուտք ընդարձակմանը, ուստի բարիդրացիական կապեր էին հաստատում ու զինում իրանական կողմին։
Զարգանում է դարեր առաջ կասեցված պարսկական գրականությունը։ Նոր ստեղծագործությունները արվում էին դարձյալ իսլամական մշակույթի ավանդույթների համաձայն՝ ստեղծվում էին կասիդաներ ու կիտաներ, ձոներգվում են առաջնորդների ձեռքբերումները։ Նկարազարդվում են Ֆիրդուսիի, Նիզամիի, Օմար Խայամի և պարսիկ այլ հեղինակների աշխատությունները։ Գրականության զարգացմանն օգնում է տպագրության գյուտը. 17-րդ դարում Սպահանն ուներ սեփական տպարանը։ Մայրաքաղաք Սպահանին կից կառուցված Նոր Ջուղա հայկական բնակավայրը նույնպես ունենում է աշխույժ մշակութային կյանք, կառուցվում են եկեղեցիներ, հիմնվում է տպագրատուն ու դպրոց, զարկ է տրվում կերպարվեստի ու կիրառական արվեստների բարգավաճմանը։
Բժշկություն
խմբագրելՖիզիոլոգների ու կենսաբանների դիրքերը Սեֆյանների ժամանակաշրջանում եղել են առավել զորեղ, քան մինչ այդ։ Նախկինում հին հույների ու հին հռոմեացիների մոտ բժիշկները չեն ունեցել հասարակական այդպիսի մեծ գնահատում, և պարսիկները այդ տեսանկյունից օգտագործել են ինչպես սեփական, այնպես էլ՝ Արաբական խալիֆայությունից ու Բյուզանդական կայսրությունից ժառանգած բժշկագիտական ավանդույթները։
Եթե միջնադարում ու հելլենիստական շրջանում բժշկությունը զարգանում էր գերազանցապես որպես փիլիսոփայության մաս՝ աստղագիտության, ալքիմիայի, մաթեմատիկայի, տրամաբանության և այլ գիտությունների պես, ապա այժմ առանձնանում է որպես ինքնուրույն գիտություն[41]։ 16-րդ դարում իսլամական գիտությունը ներկայացված էր գերազանցապես Իրանում, քանի որ Թուրքիայում դրա զարգացման համար բավարար նախադրյալներ չկային։ Դեղագործության և մանկաբուժության ոլորտներում ուսումնասիրվող աշխատությունների շարքում առավել հայտնի էր վաղ միջնադարի պարսիկ բժիշկ ալ-Ռազիի (865-92) գործերը, որոնք մինչ այժմ գործածվում են եվրոպական համալսարաններում, Իբն Սինայի (980-1037) «Բժշկագիտության կանոնը»[42]։ Գիտությունների զարգացումը դարձյալ մեծապես կապված էր եվրոպացիների նվաճողական քաղաքականության հետ, որով նրանք ձգտում էին զորեղացնել Իրանը՝ ընդդեմ Եվրոպա ծավալվող Օսմանյան կայսրության։
Չնայած բժիշկների՝ հասարակության մեջ բարձր դիրք գրավելուն, Սեֆյան Իրանում զարգացել է բժշկագիտության ճյուղերից միայն դեղագործությունը։ Հայտնի է «Տիբ-է Շիֆայի» (պարս.՝ طب ه شفائ՝ ապաքինման բժշկություն) աշխատությունը՝ գրված 1556 թվականին։ 1681 թվականին այս գիրքը թարգմանվում է ֆրանսերեն՝ որպես «Պարսկական դեղագիտություն» (լատին․՝ Pharmacopoea Persica)[43]։
Ճարտարապետություն
խմբագրելԻրանի ճարտարապետության նոր շրջանի պատմությունը կապված է ուշ միջնադարում վերականգնված պետականության հետ։ Դա տնտեսապես ու քաղաքականապես կայուն կարգավիճակ ունեցող ազգային կառույց էր, որպիսին պարսիկները չէին ունեցել մոտ մեկ հազարամյակ։ Երկրի ներքին նահանգների խաղաղ ու կենտրոնացված կառավարումը հանգեցնում է ճարտարապետության ու շինարարության զարգացմանը։ Վերջիններիս բարգավաճումն իրականացվում էր նախորդ դարաշրջաններում ձեռք բերած նվաճումներով։
1598 թվականին Շահ Աբբասը մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխում է Զայանդեռուդ («կենսատու») գետի հովտում գտնվող Սպահան, այն կառուցապատում ու գեղեցկացնում նոր շինություններով։ Այստեղ բացվում է Նաղշե Ջահան հրապարակը, որի շուրջ կառուցվում է Սպահանի շուկան։ Սպահանը գեղեցկանում է տասնյակ շքեղ մզկիթներով (Իմամի, Շեյխ Լոթֆոլայի, Ջամե), պալատներով (Ալի Ղափի, Հաշթ Բեհեշթ, Չեհել Սոթուն)։ Զանդեռուդ գետի վրա կառուցվում են Խաջու, Սիոսեփոլ կամուրջները։ Ավելի են ամրապնդվում իշխանության դիրքերը կենտրոնական նահանգներում և ուժեղացնում վերահսկողությունը Պարսից ծոցի շրջանում, որտեղ հոլանդական, բրիտանական ու եվրոպական այլ առևտրական ընկերությունները զբաղվում էին տարանցիկ վաճառականությամբ[44]։
Սպահանի նոր հատակագծի ու շինությունների գլխավոր ճարտարապետներից էր Շեյխ Բահային (Բահա ալ-Դին ալ-Ամիլի), ով նախագծել էր Չարբաղի (պարս.՝ چهارباغ, չահար բաղ՝ չորս այգիներ) պողոտան, Նակշե Ջահան հրապարակը[45], Շահի մզկիթը, տարբեր այլ կառույցներ։ Սպահանը պետք է լիներ պարսկական մշակույթի ու ղզլբաշների ռազմական հզորության արտացոլումը[46]։ Մայրաքաղաքին կից կառուցվում է հայկական Նոր Ջուղան՝ իր դպրոցներով, եկեղեցիներով, արհեստանոցներով ու շուկաներով։ Հատկապես աչքի են ընկնում Սուրբ Ամենափրկիչ վանքը, Բեթղեհեմ և Աստվածածին եկեղեցիները։ Սպահանում, Թեհրանում, Թավրիզում և այլուր կառուցվում են մզկիթներ, բաղնիքներ, հրապարակներ, հասարակական նշանակության կառույցներ՝ դպրոցներ, քարավանատներ, տոնավաճառների համար՝ հրապարակներ և այլն։ Շինարարական աշխատանքները շարունակվում են նաև հետագայում՝ Ղաջարիների տիրապետության ընթացքում[47]։
Սեֆյանների ժամանակ իսլամական ճարտարապետության հուշարձաններ են կառուցվում նաև Հարավային Կովկասում՝ Թբիլիսիում, Գանձակում, Երևանում, Բաքվում։ 1583 թվականին օսմանյան զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից կառուցված Երևանի բերդում պարսիկները կառուցում են երկու մզկիթ, որոնցից մեկը՝ Կապույտ մզկիթը, կանգուն է այսօր։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Իսլամի վաղ շրջանում՝ 7-րդ դարում, ստեղծվել Արաբական խալիֆայությունը, որը միավորել էր գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը՝ հաղթելով ժամանակի երկու հզորագույն պետություններին՝ ասպարեզից վերացնելով Սասանյան Պարսկաստանը (226-642) և քառատելով Բյուզանդական կայսրության տարածքը։ Իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեից հետո իշխանության էին եկել չորս ընտրովի առաջնորդներ՝ Աբու Բաքրը (632-634), Օմարը (634-644), Օսմանը (644-656) և Ալին (656-661)։ Վերջինս Մուհամմադի հորեղբոր որդին էր և նրա դստեր՝ Ֆատիմայի ամուսինը։ Այստեղ տեղի է ունենում բաժանում իսլամական համայնքում. մուսուլմանների մի մասը պաշտպանում է Ալիի ու նրա սերունդների թեկնածությունը՝ նրանց համարելով իմամ, քանի որ նրանք կրում էին Մուհամմադ մարգարեի առաքելությունն իրենց արյան մեջ (շիաներ), սակայն մեծ մասը համարում է, որ մարգարեական առաքելությունը Մուհամմադի մահից հետո վերացել է, և էական չէ՝ թե ով կղեկավարի իսլամական պետությունը (սուննիներ)։ Ավելի ուշ երկփեղկվում է նաև առանց այդ էլ փոքրաթիվ շիական համայնքը. Մուհամմադի 6-րդ ժառանգը՝ Ջաֆար ալ-Սադիկը, իր որդու՝ օրինական 7-րդ իմամ Իսմայիլի մահից հետո իմամ է նշանակում Մուսա ալ-Կազիմին՝ կրտսեր որդուն։ Շիաների այն մասը, ովքեր համարում են, որ մարգարեական ժառանգությունը Իսմայիլի մահով վերացել է, համարվում են յոթական շիաներ, իսկ մնացածները՝ տասներկուական շիաներ, քանի որ Մուսա ալ-Կազիմին հաջորդել են ևս 5 իմամներ, իսկ վերջինն անհետացել է՝ ապագայում հայտնվելու և մարդկանց փրկելու պայմանով։ Հետևաբար, Սեֆյանները իրենց համարելով Մուսա իբն Կազիմի ժառանգներ՝ տասներկուականներ էին և ըստ իրենց, ծագում էին Մուհամմադ մարգարեից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ṣafavid dynasty, Britannica
- ↑ И. В. Пигулевская, А. Ю. Якубовский А. Ю., И. П. Петрушевский, Л. В. Строева, А. М. Беленицкий. «История Ирана с древнейших времен до конца XVIII века». 1958
- ↑ И. П. Петрушевский. Очерки по истории феодальных отношений в азербайджане и армении в XVI — начале XIX вв.
- ↑ Վ. Պարսամյան, Հայկական կուլտուրան IX-XIV դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «Հայպետուսմանկ», 1963, էջ 207-208 — 484 էջ։
- ↑ F. Daftary, «Intellectual Traditions in Islam», I.B.Tauris, 2001. pg 147: «But the origins of the family of Shaykh Safi al-Din go back not to Hijaz but to Kurdistan, from where, seven generations before him, Firuz Shah Zarin-kulah had migrated to Adharbayjan»
- ↑ Savory. Ebn Bazzaz. // Encyclopædia Iranica
- ↑ B. Nikitine. Essai d’analyse du afvat al-Safā. Journal asiatique. Paris. 1957, стр. 386)
- ↑ David Ayalon. Gunpowder and Firearms in the Mamluk Kingdom: A Challenge to a Mediaeval Society. Vallentine, Mitchell, 1956. Стр. 109)
- ↑ Zeki Velidi Togan, Sur l’origine des Safavides, в Mélanges Louis Massignon, Institut français de Damas, 1957, стр. 345—357
- ↑ Эдмунд Босуорт. «Мусульманские династии» (Перевод с английского и nримечания П. А. Грязневича), страница 226
- ↑ V. Minorsky. «The Poetry of Shah Ismail», Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 10. No. 4, 1942
- ↑ Н. В. Пигулевская, А. Ю. Якубовский, И. П. Петрушевский, Л. В. Строева, А. М. Беленицкий. История Ирана с древнейших времён до конца XVIII века. — Л.: Изд-во Ленинградского университета, 1958. Стр. 252. В XV в. главной опорой Сефевидов стали тюркские кочевые племена, говорившие на азербайджанском языке. Они были разного происхождения, большая их часть откочевала в Азербайджан и Иран из Малой Азии, из вражды к османским султанам и их централистской политике. Первоначально таких племен было семь: шамлу, румлу, устаджлу, текели, афшар, каджар и зулькадар.
- ↑ Roemer, H.R. (1986). "The Safavid Period" in Jackson, Peter; Lockhart, Laurence. The Cambridge History of Iran, Vol. 6: The Timurid and Safavid Periods. Cambridge University Press. pp. 214, 229
- ↑ Blow, David (2009). Shah Abbas: The Ruthless King Who Became an Iranian Legend. I.B.Tauris. p. 3
- ↑ Richard Tapper. "Shahsevan in Safavid Persia", Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 37, No. 3, 1974, p. 324.
- ↑ Lawrence Davidson, Arthur Goldschmid, A Concise History of the Middle East, Westview Press, 2006, p. 153.
- ↑ Britannica Concise. "Safavid Dynasty", Online Edition 2007.
- ↑ George Lenczowski, "Iran under the Pahlavis", Hoover Institution Press, 1978, p. 79: "Ismail Safavi, descendant of the pious Shaykh Ishaq Safi al-Din (d. 1334), seized Tabriz assuming the title of Shahanshah-e-Iran".
- ↑ Stefan Sperl, C. Shackle, Nicholas Awde, "Qasida poetry in Islamic Asia and Africa", Brill Academic Pub; Set Only edition (February 1996), p. 193: "Like Shah Ni'mat Allah-i Vali he hosted distinguished visitors among them Ismail Safavi, who had proclaimed himself Shahanshah of Iran in 1501 after having taken Tabriz, the symbolic and political capital of Iran".
- ↑ Heinz Halm, Janet Watson, Marian Hill, Shiʻism, translated by Janet Watson, Marian Hill, Edition: 2, illustrated, published by Columbia University Press, 2004, p. 80: "...he was able to make his triumphal entry into Alvand's capital Tabriz. Here he assumed the ancient Iranian title of King of Kings (Shahanshah) and setup up Shiʻi as the ruling faith"
- ↑ 21,0 21,1 RM Savory, Safavids, Encyclopedia of Islam, 2nd ed.
- ↑ Ward, Steven R. (2014). Immortal, Updated Edition: A Military History of Iran and Its Armed Forces. Georgetown University Press. p. 43. ISBN 978-1-62616-032-3.
- ↑ Rayfield, Donald (2013). Edge of Empires: A History of Georgia. Reaktion Books. p. 165. ISBN 978-1-78023-070-2.
- ↑ Colin P. Mitchell, "Ṭahmāsp I" Encyclopædia Iranica (July 15, 2009).
- ↑ H.R. Roemer, "The Safavid Period" in The Timurid and Safavid Periods ed. by Peter Jackson and Laurence Lockhart, volume 6 of The Cambridge History of Iran (Cambridge, U.K.: Cambridge University Press, 1968–1991) ("Roemer"), p. 233-34.
- ↑ Mikheil Svanidze, "The Amasya Peace Treaty between the Ottoman Empire and Iran (June 1, 1555) and Georgia," Bulletin of the Georgian National Academy of Sciences, Vol. 3, pp. 191–97 (2009) ("Svanidze"), p. 192
- ↑ John F. Richards, The Mughal Empire (Cambridge, U.K.: Cambridge University Press, c. 1995), p. 11.
- ↑ Riazul Islam; Indo-Persian Relations: A Study of the Political and Diplomatic Relations between the Mughal Empire and Iran (Tehran: Iranian Cultural Foundation, 1970), pp. 22–47.
- ↑ Savory, Roger (2007). Iran under the Safavids, p. 177: Cambridge University Press. ISBN 978-0521042512.
- ↑ Sicker, Martin (2001). The Islamic World in Decline: From the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire, p. 151-52: Greenwood Publishing Group. ISBN 978-0275968915.
- ↑ Savory, Roger (2007). Iran under the Safavids, p. 78: Cambridge University Press. ISBN 978-0521042512.
- ↑ "Islamic Groups" (JPEG). University of Texas.
- ↑ Sir E. Denison Ross, Sir Anthony Sherley and his Persian Adventure, pp. 219–20.
- ↑ Babayan, Associate Professor of Iranian History Culture Kathryn; Babaie, Sussan; Babayan, Kathryn; McCabe, Ina; Farhad, Massumeh (2004). Slaves of the Shah:New Elites of Safavid Iran. ISBN 9781860647215. Retrieved 1 April 2014.
- ↑ Bournoutian, George A.; A Concise History of the Armenian People: (from Ancient Times to the Present) (original from the University of Michigan) Mazda Publishers, 2002 ISBN 978-1568591414 p 208
- ↑ Aslanian, Sebouh. From the Indian Ocean to the Mediterranean: The Global Trade Networks of Armenian Merchants from New Julfa University of California Press, 4 mei 2011 ISBN 978-0520947573 p 1
- ↑ V. Minorsky, "The Poetry of Shāh Ismā‘īl I", Bulletin of the School of Oriental and African Studies, University of London 10/4 (1942): 1006–53.
- ↑ "Ismail Safavi" Encyclopædia Iranica
- ↑ E. Yarshater, Language of Azerbaijan, vii., Persian language of Azerbaijan", Encyclopædia Iranica, v, pp. 238–45, Online edition.
- ↑ William L. Cleveland and Martin P. Bunton, A History of the Modern Middle East (Westview Press, 2000), 2nd ed., pp. 56-57.
- ↑ Savory, Roger: Iran under the Safavids, pp. 220–5.
- ↑ Savory, pp. 220.
- ↑ Savory, p. 222.
- ↑ Savory, Roger; Iran under the Safavids, p. 155.
- ↑ Sir Roger Stevens; The Land of the Great Sophy, p. 172.
- ↑ Savory; chpt: The Safavid empire at the height of its power under Shāh Abbas the Great (1588-1629)
- ↑ Jodidio, Philip, Iran: Architecture For Changing Societies:Umberto Allemandi (August 2, 2006).
Գրականություն
խմբագրել- Roemer, H. R. (1986). «The Safavid Period». The Cambridge History of Iran, Vol. 6: The Timurid and Safavid Periods. Cambridge: Cambridge University Press
- Vladimir Minorsky. «The Poetry of Shah Ismail», Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 10. No. 4, 1942
- Ronald W. Ferrier, «The Arts of Persia». Yale University Press. 1989.
- Roger Savory. «Iran Under the Safavids». Cambridge University Press, 2007
- И. В. Пигулевская, А. Ю. Якубовский А. Ю., И. П. Петрушевский, Л. В. Строева, А. М. Беленицкий. «История Ирана с древнейших времен до конца XVIII века». 1958