Սերյոժա Բեժանյան

հայ մանկավարժ

Սերյոժա Գարեգինի Բեժանյան (1923, Օձուն, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Սերյոժա Բեժանյան
Ծնվել է1923
ԾննդավայրՕձուն, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սերյոժա Բեժանյանը ծնվել է 1923 թվականին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Զինվորական ծառայությունն սկսել է հայկական 409-րդ դիվիզիայում՝ որպես ռադիոկայանի պետ։ 1942 թվականի դեկտեմբերին նրանց զորամասը կռվել է Հյուսիսային Կովկասում, Մոզդոկ քաղաքի մատույցներում։ 1943 թվականի օգոստոսին Բեժանյանը փոխադրվել է 157-րդ հրաձգային բրիգադ, ուր նույնպես նշանակվել է ռադիոկայանի պետ։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ 1944 թվականի աշնանը Չորրորդ ուկրաինական ռազմաճակատում կռվել է Վորոշիլովգրադ քաղաքի ազատագրման մարտերին։ Մարտերից մեկում Սերյոժան վիրավորվել է և Սալսկի հոսպիտալում երկու ամիս բուժվելուց հետո կրկին մեկնել է ռազմաճակատ, 346-րդ դիվիզիա։ Ղրիմի ազատագրման համար Բեժանյանն իր ջոկատով անցել է Սիվաշը։ Ղրիմն ազատագրելուց հետո Սերյոժան գործուղվել է սպայական դպրոց, ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով 1944 թվականի սեպտեմբերին վերադարձել է 346-րդ դիվիզիա։ 1944 թվականի ամռանը դիվիզիան Մերձբալթիկայում ջախջախել է գերմանական զորախմբերին։ Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Սեպտեմբերի 11-ին Սերյոժան ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո, 1945 թվականի մարտին, զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո Բեժանյանը երկար տարիներ աշխատել է Ալավերդու Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում, եղել է զինղեկ, դասավանդել է նաև աշխարհագրություն։ Ռազմահայրենասիրական աշխատանքներն օրինակելիորեն կազմակերպելու համար Բեժանյանը պարգևատրվել է ԴՕՍԱԱՖ-ի Կենտկոմի, ԽՍՀՄ պատերազմի վետերանների կոմիտեի, «Ուչիտելսկայա գազետայի», ՀԽՍՀ լուսավորության նախարարության պատվոգրերով և դիպլոմներով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել