Սերգեյ Տերյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 12-ին Արցախի Բանանց գյուղում,բազմանդամ գյուղացու ընտանիքում։

Սերգեյ Տերյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1925(1925-04-12) (99 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսանել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-էներգետիկի մասնագիտական որակավորում։ Աշխատանքային գործունեությունը Սերգեյ Տերյանը սկսել է պատանի հասակում՝ Ադրբեջանի «Դաշկեսան-Կոբալդ» արդյունաբերական ձեռնարկությունում՝ որպես հանքափոր բանվոր, այնուհետև՝ դիզելային էլեկտրակայանի հերթապահ էլեկտրիկ։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է Օսեթիայի «Գիզոլդենի ՀԷԿ»-ում՝ հերթափոխի ինժեներ, որտեղ դրսևորել է իրեն որպես բարձրակարգ մասնագետ և դարձել մի քանի տեխնիկական խնդիրների լուծումների հեղինակ, որոնք հանգեցրել են ձեռնարկության աշխատանքի արդյունավետության զգալի աճին։

1951-1974 թվականներին աշխատել է Երևանում՝ ստանձնելով ԽՍՀՄ-ի քիմիական արդյունաբերության «Պոլիվինիլացետատ» արտադրական խոշոր ձեռնարկության գլխավոր էներգետիկի պարտականությունը։ Համատեղության կարգով եղել է նաև՝ Հայաստանի հակահրդեհային ծառայության անվտանգության կազմակերպման ուսումնապրոֆիլակտիկ կենտրոնի տնօրեն, Հայաստանի կիբերնետիկայի կոմիտեի անդամ, Հայաստանի գիտատեխնիկական ընկերության նախագահի տեղակալ՝ արդյունաբերական էներգետիկայի գծով, Հայաստանի Բարձրագույն կրթության նախարարության մեթոդ-խորհրդի նախագահի տեղակալ՝ աշխատանքի անվտանգության գծով, Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումի պետական քննական հանձնաժողովի նախագահ։

Տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Տերյանը 1974 թվականին ընտրվել է Երևանի գյուղատնտեսական համալսարանի գյուղատնտեսության էլեկտրաֆիկացիայի ամբիոնի վարիչ, որտեղ աշխատել է մինչև 1978 թվականը։ Բուհում աշխատելու ընթացքում նրան շնորհվել է դոցենտի կոչում։

Սերգեյ Տերյանը 29 գիտական աշխատությունների, երեք գիտական գրքերի, 5 գյուտերի և 98 ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ է, որոնց կիրառումը զգալիորեն բարձրացրել է արտադրության արդյունավետությունը, իսկ գյուտերից մեկի հիման վրա ստեղծված «Արտադրության անընդհատ տեխնոլոգիական պրոցեսների պաշտպանության համակարգն» արմատական նշանակություն է ունեցել արդյունաբերությունում անընդհատ տեխնոլոգիական ցիկլով գործող արտադրությունների զարգացման գործում։ Տերյանն արժանացել է պետական բարձր պարգևների։ Նա անմոռանալի ներդրում ունի նաև հայ ազգի օրինական իրավունքները ոտնահարումից և անտեսումից պաշտպանելու գործում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Արցախի Բանանց գյուղում կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Բանանցի մարտիկների հիշատակի հուշարձանը, որի հեղինակն էր հանրահայտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Վերջինիս մտահղացմամբ ստեղծված հուշակոթողն իրենից ներկայացնում էր բազալտ քարից պատրաստված տասներկու մետրանոց սյուն, երեք մետրանոց արծիվ, որին նայելիս, շնորհիվ Իսրայելյանի տրված ճարտարապետական լուծման, թվում էր՝ այն իր հայացքով ուղեկցում է դիտողին՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից։ Այդպիսով, հուշարձանը միաժամանակ խորհրդանշում էր զոհվածներին՝ որպես արծիվների, որոնք մահացու վտանգի պահին թռչել են արծվաբնից թշնամուն ընդառաջ՝ հերոսաբար պաշտպանելով իրենց բույնը՝ հայրենիքը և հավերժությունը, որում ոչինչ չի կորչում անհետ։ Այսպիսի հուշարձանի կառուցմամբ Տերյանը հակադրում էր բնիկ հայերի պայքարը Ադրբեջանի վարած հայկական տարածքների հայաթափման քաղաքականությանը։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը պատճառաբանելով՝ իբր արծիվը դաշնակցական զորավար Անդրանիկի խորհրդանշանն է, խափանում է հուշարձանի բացման արարողությունը։ Այս քաղաքականության իրագործման արդյունքում տեղի ադրբեջանցիների կողմից հուշարձանն ավերվում է։

 

Տերյանը, տեղեկանալով եղելությանը, անհապաղ և առանց վարանելու, համակված հուշարձանը վերականգնելու վճռականությամբ, մի քանի բանանցեցիների ուղեկցությամբ մեկնում է Բաքու՝ Ադրբեջանի հանրապետության ղեկավար Ալիևի մոտ ոչ թե խնդրատուի, այլ չզիջող պահանջատերի կեցվածքով։ Այս պարագան անակնկալի է բերում վերջինիս։ Ներկայացված փաստարկները, կապված զորավար Անդրանիկի անվան հետ, Տերյանի կողմից փաստացիորեն հերքվում են, և Ալիևին այլևս ոչինչ չի մնում, քան խոստանալ անել իրենից կախված ամեն ինչ՝ հուշարձանը վերականգնելու համար։ Հետագայում հուշարձանը վերականգնվեց։ Տերյանին հաջողվեց իրագործել ամենագլխավորը՝ անհրաժեշտ պահին դրսևորել ազգի աննկուն ոգին և ճշմարտությանը հասնելու անկոտրում կամքը։

1960-ական թվականներին Տերյանը նույն նպատակասլացությամբ ու եռանդով շարունակում է պայքարն ազգային նպատակների համար՝ խորամուխ լինելով իր «Համահայկական կենտրոն» ստեղծելու մտահղացմանը։ Համահայկական կենտրոնը չպետք է ունենար ազգային շովինիստական ուղղվածություն, այլ պետք է զբաղվեր հայ ժողովրդին հուզող և հեռանկարային հարցերով, ինչպիսիք էին՝

  • Բարձրակարգ ուսուցման կազմակերպում. դպրոցներից ընտրել լավագույն շրջանավարտներին և սատարել նրանց՝ ուսումը շարունակելու Միության առաջատար բուհերում,
  • Զբաղվել հայոց լեզվի պահպանման ու անաղարտության հարցերով, ինչպես նաև մեթոդական և այլ օգնություն ցուցաբերել բոլոր հայաբնակ վայրերի բնակիչներին,
  • Օժանդակել տաղանդավոր երիտասարդներին՝ գիտությամբ զբաղվելու և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հարցերում.
  • Օգնություն ցուցաբերել ծանր հիվանդների բուժմանը Խորհրդային Միության լավագույն կլինիկաներում.
  • Բարձրացնել հայրենասիրական և ազգային մտածելակերպի մակարդակը։

Այս խնդրի լուծմանը նա ընդգրկում է հրապարախոս-գրողներ Պարույր Սևակին, Սիլվա Կապուտիկյանին, մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին, որոնք պետք է ապահովեին և պահպանեին կազմակերպության գործունեությունը քաղաքական որևէ ազդեցությունից ու ներգործությունից և ակտիվ մասնակցեին նրա նպատակների իրականացմանը։

Կազմակերպության անդրանիկ հավաքին, որը կայանում է Մոսկվայի «Արմենիա» հյուրանոցի դահլիճում և որին մասնակցոմ էին Մոսկվայում բնակվող նշանավոր հայ մտավորականներ, արհեստավորներ, գիտության ու արվեստի գործիչներ, մարշալներ Հ. Բաղրամյանի և Բաբաջանյանի առաջարկով որոշվում է գործել զգույշ, բայց հաստատակամ կերպով, որին բոլոր ներկաները համաձայնում են և որոշում ակտիվացնել գործունեությունը միայն համապատասխան նպաստավոր պայմանների առկայության դեպքում՝ միևնույն ժամանակ չընդհատելով կազմակերպչական աշխատանքները և տեղեկատվությունը կազմակերպության ծրագրերի մասին հասարակության լայն շրջաններում։

Խորհրդային իշխանությունն իր գոյության ողջ ընթացքում անողոք պայքար էր մղում այսպիսի կազմակերպությունների դեմ։ Որոշ ժամանակ անց աննուղղակի կամ ուղղակի ձևով այդ պայքարի զոհ են դառնում մի շարք հայեր, որոնց Խորհրդային իշխանությունը մեղադրում է ահաբեկչության և ազգայնամոլության մեջ ու դատապարտում մահապատժի և երկարաժամկետ ազատազրկման։ Առեղծվածային իրավիճակոմ զոհվում են նաև Պարույր Սևակը, Մինաս Ավետիսյանը և ուրիշներ։ Միայն Խորհրդային իշխանության փլուզման նախավերջին ժամանակաշրջանում հնարավոր է դառնում հրապարակայնորեն խոսել ազգային խնդիրների լուծման մասին, որն էլ, վերջին հաշվով, Արցախի ազատագրմամբ բերում է իր հաղթական պտուղները։

80-ական թթ. ադրբեջանական իշխանությունների հայաթափման քաղաքականության իրականացման ժամանակ Սերգել Տերյանն Աբովյան քաղաքում կազմակերպել է Հայաստանում ապրող բանանցեցիների հավաք, որի նպատակն էր խանգարել մոտ 1500 տարվա պատմություն ունեցող Բանանց գյուղի հայաթափմանը։ Սակայն Խորհրդային իշխանության երկակի քաղաքականության հետևանքով չհաջողվեց։

Տերյանը իր որդու՝ Արմեն Սերգեյի Տերյանի հետ, որն այժմ դասախոսում է Պետերբուրգի Թատերական ակադեմիայում, անձանբ մասնակցել է Սպիտակի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, իսկ Լեռնանցք գյուղի մի քանի անօթևան կարգավիճակում հայտնված բնակիչների, մինչ իրենց հարցի կարգավորելը, տրամադրել է իր ընտանեկան օջախը։ Նրա օջախում ապաստան են գտել նաև Ադրբեջանից փախած հայեր։

Տերյանին բնորոշ է համամարդկային արժեքների իրագործումը՝ որպես իր գործունեության նախապատվություն։ Այդ իմաստով, օրինակելի ընտանիք կազմելը, երեխաներ մեծացնելն ու դաստիարակելը, տուն կառուցելն ու ծառ տնկելը նրա կյանքի անբաժան մասն են հանդիսացել։ Դեռ դպրոց էլ չէր հաճախում, երբ հայրը Բանանց գետի հովտում հողամաս գնեց, որի այգին բոլորովին մշակված չէր, կային միայն մի քանի ծառեր։ Հայրը մեծ եղբայրների հետ տան հիմքն է փորում, իսկ փոքրիկ Սերգեյը ծառեր ու թփեր էր տնկում։ Հետագայում էլ ծառատունկը նրա գործունեության անբաժանելի մասն է կազմել, որով նա զբաղվել է գործարանի բոլոր ենթակայանների, Արզականի ջրային կապտաժների տարածքներում և Հայաստանի այլ վայրերում, որտեղ էլ որ նա գործուղվել է աշխատանքի բերումով և որտեղ որ այդպիսի հնարավորություն է եղել։ Նրա կազմած ընտանիքն էլ հենց եղավ նրա կյանքի ամենագլխավոր և ամենաբեղմնավոր ծառատունկը՝ հանձին իր կնոջ, դստեր, որդու և թոռների։

Պետական պարգևներ և կոչումներ խմբագրել

Գյուտեր խմբագրել

  1. հեղինակային իրավունք «Государственный комитет СССР по делам изобретений и открытий», № 2015035, 26.04. 1956 թ,
  2. № 261330, 03.11.1969 թ,
  3. № 695686, 21.07.1976 թ,
  4. № 855601, 05.11.1971 թ,
  5. № 1083601, 11.01.1983 թ,
  6. «Հանրապետության Գիտական Ընկերության» խորհրդի տեղեկանք № РС — 29, 20.03.1975 թ։
  7. տեղեկանք Հայաստանի «Կիբեռնետիկայի կոմիտե» - ից,
  8. Выписка из приказа Министерство Химической промышленности СССР от 20.12.1972 года.

Աղբյուրներ խմբագրել

  • Գրիգորյան «Իմ ցավ Բանանց», էջ 115-121; 172-177; 179։ Երևան, 2007 թ, հրատարակություն «Ֆենոմեն»
  • «Всесоюзное общество изобретателей и рационализаторских предложений» «Հասարակական միավորումների աշխատանքի փորձը», էջ 12-22 (ռուս.)
  • «Գարդմանի կանչ» թերթ №4 (166), էջ 5-6
  • «Голос Армении» թերթ, հինգշաբթի, 8 մայիսի, 2014 թ. չօրեքշաբթի 2 փետրվարի 2008 թ.
  • «Ոզնի» 13 մայիսի 2014 թ. էջ 5, 1-15 փետրվարի 2006 թ. (թերթ)
  • Երևանի Ճարտարագիտական բուհի տրված բնութագիր
  • Երևանի Գյուղատնտեսական բուհի տրված բնութագիր
  • Հանրապետական կամավոր հրշեջ ընկերություն
  • Քիմիագործ, №19 (27), 1967 թ.